Հրանտ Ալեքսանյան | ՔԱՐՏԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ ԱՄԵՆ ՊԱՀԻ ՀԱՄԱՐ

..

Խելահեղ ամբոխներին դյութանքով տանել
առավոտի ու վարդավառի միջով,
առաջնորդել նրանց Տիրոջ տաճարների խաղաղությամբ՝ որպես
միամիտ-նորադարձ պատանեկիկների,
ոստանների վեհաշունչ անրջանքով, ապա՝
ցեղի բարձրագույն աղոթքով տանել.
«Խելահեղության հողմը Երկրից հեռու տար, Տեր»:-
Մեր միակ փրկությունը մեր խելառներին
հավաքականորեն մկրտելն է դեռ:

Քաղաքականությունը իդեֆիքսերով շրջափակել է
ճախրանքը մտքի եւ հրապարակները համայնական,-
ամենասեւեռուն գաղափարը կրկին իշխանությունն է,
որին հնազանդ են մնացյալ իդեֆիքսք…
Խափանված են փոխկանչի լոկատորներն , ուստի
ես սոխակներին ու փերիներին խորունկ աղաչել եմ,
որ սիրահոժար մաքրեն հայրենիքիս ունկն ու լեզուն:

Իրար լսել երկար՝
սակավ բառերով, անանց ուշիմությամբ:-
Մարդ ծնվում եւ մեռնում է խոսքի անեզրության մեջ.
սահմաններ ճշտող կենդանի ռոբոտի դարձդարձումով:-
Ես միշտ բարբառում եմ սրբազան գաղտնիքներ՝
ասես հարցաքննվող մի կասկածյալ,
բայց, ավաղ, շատ է անասելին:

Հայի հակառակ երեսին կպած կարմրասեւ մի խալ
Նաիրի երկրի սիրտն է կրծում
անտիկ մեթաստազի համառությամբ:-
Մինչդեռ առույգ-անսասան է երկինքը նաիրյան,
քանզի հենված է նա սուրբ լեռների վրա:-
Ես ու դու, հիշիր, հայոց կենսադաշտի կարգված բուժակներն ենք,
եւ թող չկպնի մեզ ոչ մի կասկած-վարակ:

Առաջին անգամ շշնջալ՝ ծով,
նախածին հույզով դրվագել սեր,
առաջին անգամ Աստված կանչել եւ փնտրել նրան,
հետո երկնքի ձայնը որսալ ալեհավաքով ներհայտնության,-
առաջին անգամ ձյունը զգալ,
տարի զարդարել լեռան ոճով,
առաջին անգամ աստղեր գտնել ժամանակի խոր գրպաններում:-
Առաջին անգամ Բանի նավով
հասնել ոստանը արարչության:

Սրտագին մաղթանքներ՝ հաղորդակցության բյուր կայաններով:-
«Հինգաստղանի» հյուրանոց-իջեւանատներ՝
տնազուրկների ու վտարվածների համար —
կապույտ անդորրով ու օջախի կրակով:
Խղճմտանք՝ տերություններին,
եւ դագանակներ` ժողովրդավարությանը —
Ազատության Աստծո հովանու տակ:

Ադամորդիների բազմությունն այս՝ ինչպես
արագ կողմնորոշման խռիվ զորաջոկատ —
աճապարանոք ջանում է գտնել
ապահով տեղակայման վայր ու ժամանակ…
Կարծես մատնիչներ կան նրանց շարքերում —
դրսից մահացու, շեշտակի հաճախ
հարվածներ են տեղում բազմության վրա:
-Դու սոսկ ապագա հարվածներից մեկի զոհերից ես անմեղ:

Պտղատու մտքի գաղտնի որս — ամենուր,
որտեղ հառնում են պալատներ ու հսկիչ աշտարակներ:-
Դու ճանաչում ես քո երազները առեւանգողին,
ուստի աղոթում ես անծիր մենության ու լռության հովտում:-
Տենչում-մտածում ես —
Երկրին Զավակ կոչել, Մեռյալին՝ Արեւ:

Քեզ նսեմացնում են անհունը, գիշերը, սատանան,
երկրաշարժերն ու տիեզերական ձգողականությունը,
անհետացած դինոզավրերը, ուրանի հեգեմոնիան,
մահը, համաշխարհայնացումը,
քեզ վրա ստվեր են նետում անցյալի դաժան գաղտնիքները,
ազատության միմիկրիան…
եւ Սիրով ու Բանով կառուցում ես
ինքնապաշտպանական ձիգ համակարգ.-
բայց նոր աղետներ կան վսեմության դեմ…

Քո ներսի աղաղակը բազմակի նվաղուն է,
քան՝ ներբողները գոհաբանական.-
Տեր, հիասքանչ է կենդանի աշխարհդ,
մահն ու թշվառությունը դավի պարզունակ խաղալիքներ են
լույսի ու սիրո գերարդիական համակարգերի զորության մոտ:-
Մի ցավագին ճիչ եւ յոթ հիացական բացականչություն —
ահա ներձայնային նկարագիրդ:

Արցունքներ՝ մեռած աստվածներիս համար:
Արցունքներ՝ կորուսյալ սիրեցյալներիս:
Սրտիս մեջ նրանց տաճարներ ձոնեմ:
Նրանց տեղափոխեմ հիշողության ծաղկուն դար ու տիեզերք:-
Ողջերի երկիրը ապրում է արցունքով:-
Երկնքին հող ասեմ, հողին՝ երկինք,
մինչեւ ետ կշրջվեն Սիրեցյալ ու Աստված…

Խավարի մեջ փայլում են հուսացողի աչքերը —
ամենատես հեռադիտակի կարողությամբ:-
Որքա՜ն աննշմարելի բան կա լուսահեղ աշխարհում-
սեփական հոգուց մինչեւ ծովը գոհության:

Տխրության մեջ լեռներ են տապակվում.
-դու ով ես,
որ չունենաս թախծահար մաշկ:-
Կոփվածն է տոկում տապին ուրախության:

Գեղեցիկ հեքիաթ`
գլոբալ հանդուրժողականության մասին`
գլոբալ տաքացման համապատկերին:

Քարկոծում-ծաղրում են ավետաբերներին,
նրանց խաբեբա ու խելառ կոչում…
Թաքուն պաշտում են գուժկաններին,
նրանց ունկ դնում խոնարհությամբ:

Բառերի խաղից գունափոխվում են
տեղանքն ու ժամանակը
եւ ձեռք բերում նոր շնչառություն:-
Ունայնության քամին հալածում է դեռ
լավագույն բառերի հեղինակներին:

Յուրաքանչյուր ժամը`
ցածր ինտենսիվությամբ վարվող
վեճ ու պատերազմ`
անձնական ու համաշխարհային մորմոքի դեմ:

Անձնագրվող օրեր, ժամեր կայծկլտուն-
մի չքացած փառահեղ կյանքի փշրանք-արձագանքներ,
կամ` հեռավոր-չքնաղ մի գալիքի նախաբան-տողեր են,
իսկ գուցե` ինտերակտիվ զգուշացումներ,
որ քեզ նախապատրաստում են մի այլ հմայանքի:-
Գոնե մի անգամ տեսնել ինքդ քեզ — ժամանակից դուրս,
որպես զգացմունքի տերմինատոր
կամ` լուսապսակ` անգին անցավորաց:

Այսօր դու ես ճարտարապետն ու ճարտարագետը միակ`
լիազորությունների ամբողջ սանդղակով:-
Միայն մեկ օր` քեզ-
վերակառուցելու ժամանակն ու աշխարհը
քո ամենապանծալի, ընտիր երազներով:

Անցյալը ներգոյիդ մեջ սավառնում է
սեւ բազեի անզոր ազատությամբ:-
Այն, ինչ ջնջելի է հիշողությունից,
դեռ կառաջնորդի անդունդների եզրով:-
Ուղեղը մաղ չէ հուշազտիչ:

Ազնիվ ցավի ու արդար ուրախության
հուշագնդիկներով գլորվում է կյանքդ
լուսավոր ու խավար խաչուղիներին,
ինչպես ճշմարտության գունազարդ մեքենա`
գովազդային խոսք ու նշաններով:-
Քեզ միշտ կանգնեցնում են ինչ-որ տեսուչներ
եւ ստուգում հոգուդ տվյալները…
Թող Աստված տուգանի եւ շնորհի խրախույս պարգեւներ:

Ամբոխի կարճալիք ձայները
ձյունահյուսի ուժով կլանում-տանում են
մարգարեական շշուկները, որ
հղվել են` ունկերիդ մեջ ծովանալու համար:-
(Քո օրը հղի է վարդի սերմերով):-
Հիշիր, սիրով հիշիր Օրորոցայինը,
որ քեզ անձանձիր պաշտպանում էր
աշխարհի նախահարձակ ժխորներից:

Տեսադաշտիս հեռու մշուշներում իմ «եսը» պտտվում է
սիրտ ու զրահաբաճկոն, օրհնություն ու ճակատագիր ընտրելու տենդով:-
Ես նկարահանում եմ նրա դեգերումները փոքրիկ մի տեսախցիկով`
անկոչ վավերագրողի փութաջանությամբ:-
Մի օր ֆիլմ կհանեմ «եսիս» մասին`
Ս.Փարաջանովի լռությամբ սքողված:

,,Թեժ,, ու ճգնաժամային անթիվ կետեր`
Երկրի վրա, Հոգու եւ Բնության,-
դու շարժվում ես, ինչպես` ականապատ դաշտով:-
Կետ առ կետ աճում է արիությունդ,
քանզի ամենուր սպասված քո մահվան առիթով սին
առասպել կա պահված գաղտնածածուկ
եւ ոչ մի օրհներգ` քո կենաց մաքառման մասին:

Քո բախտը` ինչպես
գունաքողարկված ապակիներով ավտոմեքենա,
որ հեռակառավարմամբ սլանում է
կերտած մտաքաղաքիդ փողոցներով:-
Միշտ կա մի ահազանգ եւ մի վթար:-
Օդում ճոճվում է կանխարգելող ձեռքը:

Քեզ առաջնորդում են հրաշք խոսքերը պոեզիայի,
որ հրեշտակն է շշնջում աննկատ.-
լսիր, լսի՜ր դրանք զմայլանքով
քո քաոսի պարապ միջանցքներում:

Սիրտդ տրոփում է տիեզերքի
բաբախյունին ճիշտ համաչափ-
թիկ-թակ, թիկ-թակ, ոչինչ լսելի չէ սակայն.-
աղմուկը չէ, որ հոշոտում է մեզ,
չգաղտնազերծվող լռությո՜ւնն է սպանողը:

Նա, որ զգում է իր ողջ հյուսվածքներով
Երկրում ամփոփված պարն ու երաժշտությունը,
«Ավետիսների գիրքն» է բերելու ետ
եւ ծնծղաների կանչերը բիլ:-
Եւ տաղավարները կահավորվում են գերարդիական ձայնագրիչներով,
որ անխախտ գրառեն համայնի մեջ լռված
խորունկ ռիթմերը նախածննդոց:

Տիեզերքն ընդարձակվում է,
սեղմվում` մեծ հոգին ադամորդու.-
լույսը հեռանում է նրա աչքերից,
չքվում անհունի խոռոչի մեջ:-
Հայացք ունայնական, որ կվերզարթնի,
երբ սիրեցյալի դեմքը շողշողա
արեւի ոսկե սկավառակին:

Ժամանակն ինքը թախծի ծնունդ է,
թե չէ հմայված նա կհիմնավորվեր նույն օազիսում
եւ կվայելեր փողփողուն հրճվանքն իր:-
Դու վազանցում ես ժամանակին
տխրադալուկ սյուքի լալ սլացքով:

Ահասարսուռ` ինչպես հորիզոնի համրությունը,
ինչպես անսերունդ կետ-ձկան արցունքը
օվկիանոսի ծփուն տխրության մեջ:-
Քեզ այլեւս ուղերձներ չեն հղում սոսյաց պուրակը
եւ մանուկների զնգուն շքախումբը:-
Ահասարսուռ` ինչպես մենության ստվերը,
որ քայլ առ քայլ սողոսկում է սիրտը տիեզերքի:

Երբ մի սրտապատառ խոսքը երիցս պայծառ է,
քան լույսն արեգակի, ուրանը բոցավառ,
երբ մի կաթոգին հպումը քառակի ձգողական է,
քան միջաստղային կապը անքակտելի.-
անճառ է զորությունը Աստծո եւ բնության,
բայց դու, մարդ-էակ, բազմակի հլու ես
քո նմանի հոգու ելեւեջին:

Կանխատես մտոք ըմբռնել վերջապես
տիեզերական խաղի հույժ կանոնները —
ամենուր փռվում է մշուշը խորհրդավորության
եւ խտանում են վախի ու անկման ստվերները պաղ:
Մինչդեռ խոր սուզվել ամառվա տապում`
սեւ, արեւհարված մաշկդ ես պոկում
անտեսված հյուրի անձնապաշտությամբ:-
Լսել վերջապես սուգը քրքումի:

Վիշապագորգերի փռփռոց ինչպես`
հին ոստանների մրմունջն է տարածվում
պատմության խառնակ կալվածքներով.-
ներս եկ, կորած արքայատան մոլոր սուրհանդակ,
նոր ժամանակների խաղերով տարվել`
Երկրի պարեկներին չես փոխանցում
գաղտնի երկտողը գահակալի.
«Տագնապ». Ոստանս լայնակի խեղում են
կռապաշտների կլանները գունդ,,:

Իրականությունը չունի կանացի շունչ ու շարժ
եւ զուրկ է այրական հորմոններից:-
Իր տեսակի մեջ խճճված հավք է նա, ծեծված սխտոր,
կամ` մաշկազերծ եկվոր անդրաշխարհից:-
Քանի դեռ չունի մաքուր սեռ ու կիրք,
իրականության ցանցառ բներում
խուլ կռնչում են սպիտակ արծիվները,
եւ մրափում է բնակավայրերի տանջահար հոգին
գիշերային ակումբների ետնասենյակներում:

Մենք «սատանայի անվի»» ինչ-որ զամբյուղում ենք,
վաղուց խափանված է կոճակը «կանգ»,
եւ պտտվում ենք, պտտվում խելահեղ.-
մեզ համար մեռած է վերադարձի փերին
եւ հակացուցված` բնականոն կյանքը:

Անհետացած հոմոզավրի անակնկալ ցատկով`
քո դեմ ծառանում է նույն տագնապը անտի-
համագո շարժումը աղերս ունի սոսկ
քո ողբերգության ծավալման հետ:-
Լազուրում խավարած անթիվ արեգակներ կան:
Վերջին ճարտարապետն ես` հոգուդ եւ մարմնիդ:-
Եւ բացվում է ահա ներաշխարհիդ խորքից
աստղեր հանելու թեժ միջօրեն:

Տիրական ձեռքը դանդաղ շարժվում է երկնակամարով`
ասես Յուրայի դարաշրջանի արտառոց թռչուն,
որ դեռ չգիտե` ինչ անել ներքեւում թրեւողների հետ,
բայց քաղց է զգում հավերժական:-
Դու նայում ես խճանկար ձեռքերին քո
եւ մտամոլոր նայում դեպի երկինք,
որտեղից վիշապ-թռչնի պես բախտը կսուրա ցած`
հոշոտելու ընտիր ցանկություններդ:-
Եւ կամենում ես մոտեցնել ձեռքդ Տիրոջ կամեցումին:

Օգոստոսի նռան ալ հեշտանքով
միտքը ճեղքվում է երեւակայության ու արտացոլանքի`
Մարդու կեսօրվա թատերաբեմին:-
Դեռ չի բացահայտվում-
որ ժամանակի բնակիչն ես ազատ,
ինչ դրոշմ է պետք քո ինքնությունից,-
եւ անցյալ-ներկա-ապառնի թելերը ագուցում ես իրար
անկոչ հյուրի պարապ շարժումներով:

Ճառագայթ լուսո — անվրեպ հերձադանակ,
վիրահատում է հոգին տիեզերքի եւ անհետանում
նրա անծայրածիր մելամաղձի մեջ:-
Անքողարկելի է մենությունդ` անգամ
Ճաճանչների հրավառության տակ,
Երկրի անձկությունը չի փարատում ոչ մի արեւ ու գալակտիկա,
չկա փրկություն Երազի անողոք բռնատիրությունից,-
եւ ինքնահրկիզումը մտքից վանում ես ու
Ճառագայթ լուսոն առնում ներգոյդ իբրեւ հերձադանակ:

Կռունկները դարձյալ բնավորվում են Հիշողության
անքուն բարդիներին, ապա`ծիրանագույն կանչ ու
ավետիսներով սքողում անցյալի խորապատկերը,
որ համաչափորեն փռվում է սրտիդ:-
Դու գիտես` որտեղ են լճանում Երկրի արցունքները,
ով` պտտեցնում դյուրաբեկ հողմաղացը Երջանկության,-
եւ ապագայի լուսամուտներից կախված պարաններով
մերթընդմերթ բարձրանում ես հին օլիմպիականի համբերությամբ:

Դու մերձենում ես կրկին գոյահարվածների հույզերին ու
կնճիռներին, ճյուղավորումներին ու թեւաբախումներին,
նրանց եթերներն ու խորշակներն ես տնտղում
վերջին բնախույզի հաշվենկատությամբ,
բանակներն ու շիրիմներն ես ճշգրիտ տեղադրում
վախճանաբանների գրատախտակներին,-
բայց մտքիդ մեջ կրկին վարդի կոկոնն է-
վաղվա մոխիրներից բույր ներքաշող:

Երբ տաղտուկը պատեց ցամաք ու ծով,
ծառ արարվեց եւ ձուկ,-
եղավ առաջշարժում աշխարհի ընդարձակ հոգու միջով-
ինչպես կանցնեին խոնարհ բանբերները
օտար տարածքների մութ լռությամբ:-
Եւ հասկացավ քարը սլացող ժամանակին —
փափագեց` փոքրիկ ելուստ լինել
շենշող մեգապոլիսի երկնաքերին:

Մտքի ամպերից տեղացող ձյուն ու տաք անձրեւներ-
սրտի անհատակ վիհերի վրա,-
Աստված հաշվում է տագնապներդ եւ տատամսում երկար.-
դու ներծծում ես մշուշն աշխարհի,
ապա ցոլանքի միֆը ընդհատում հարց ու աղերսով —
ով է անխոնջն այն, որ ,,այբի,, լույսից
կհանի մեկ-մեկ խարկված հավքերի աճյունները…

Գրել գարնան բացված ձեռնափերին`
նրա շնչառության ու հիացքի ռիթմով,
գրել ծաղկած դեղձենիների հուշատետրում
եւ ծիրանենու ճերմակ այցեքարտին,-
որպես նորաբնակ ճառագող տիրույթի`
գրել` «Հանուն հոր երկինք ըմպողին տես»:
Հավելել հետո` «Ապրիլը կակաչի պես
ցոլում է տարվա կրծքվանդակին»:

Նորից դուրս ելավ խավարի դայակը-
մոլեխինդ, հերարձակ, հեշտասուն,
մետաղյա ձողերով ու նոր ձեռնարկներով,-
սաներ է փնտրում բաց դասի համար
Մեծ Րաբունուհու անձնատրմամբ.-
Եւ դու` գերազանցիկ, կրկին փակվում ես
այն ճաճանչի մեջ, որ քեզ է հասել
կորած մի աստղի անրջանքով:

Փոքր է աշխարհը Հայոց երկրի համար,-
որտեղ պայթում են ռումբ ու հրթիռ,
վիրավորվում է նա զգայուն էակի պես.-
մի բուռ երկիր է` հսկա հայրենիքին վերահասու:-
Աղետ-ուրվականի հասցեատետրի
առաջին էջում նաեւ հայաստան բառն է խզբզված:
-Թող մեջքդ զրահ լինի թիրախ Երկրիդ …

Արյան հետազոտությունը` պետության հաշվին:
(Քո մարմնի հանդեպ պարտքեր ունեն պատկան մարմինները):
Հոգու զննությունը` Աստծո հաշվին:
(Ինչ վարք էլ ցուցանես` ներում կգտնվի,
բայց առավել խոր անհաշտությամբ են միմյանց դիմակայելու
ճշմարիտ գոհացումն ու դժգոհությունը):-
Թթվածինը` բնության,
կյանքն ու մահը` լիաչափ քո հաշվին:

Ոչ մի կառույց ու բնակավայր,
կամ զինանոցներ ակնառու ու ստորգետնյա —
ռմբահարվում է մարդը` նշանակետը վերին,-
ամենուր նրա արյունն է սղագրում
հակամարտությունների պատմությունը երկար:-
Աշխարհում գերիշխում է համասատանայությունը —
բռնակալի ու արկածախնդրի թիկնոցներով:
2008 թիվ

 

3 comments

    • Anonymous on 21 Օգոստոսի, 2008 at 5:07 ե.
    • Reply

    mets tapi ev hianali katarmamb banastekhtyunner en, ardi epikan e aydtekh

    • hayk on 29 Օգոստոսի, 2008 at 3:03 ե.
    • Reply

    apshum em grogi mtqi metsutyan vra

    • shakeh on 1 Հոկտեմբերի, 2008 at 3:00 ա.
    • Reply

    Sireli Hrand.
    Menq daregirq enq dpooum. Yete hishoom es Tehranoom hradarakchootioon, Sebooh Amirkhanianin. OOxarqir im hasce-in. vorkan shood aynkan lav.

Թողնել պատասխան Anonymous-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.