«

»

Օգս 31 2008

Տպել Գրառում

Նաիրա Համբարձումյան | ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ…

***
Օդի կապույտ երակները
Հիմա ինձ օգնում են
ավելի ազատ շնչել.
Հիմա,
Երբ հողաթմբին բացված մենավոր
ծաղկի նման
Արևի ջերմության պակասն ունեմ.
Հիմա,
Երբ անձրևի թափվող կաթիլները
սգակիր նորություն են
հեռարձակում,
Երբ ծաղիկների համբարձման համար
այլևս ուղեգրեր
անհրաժեշտ չեն,
Օդի կապույտ երակները
Օգնում են ինձ ապրել,
Իմ մենության մեջ,
Դեպի հավերժություն է ձգվում
իմ մենությունը…
Ես փորձում եմ ապրել…
Աղոթքի նման,
Որ շշունջի կարիքն ունի՝
Երկինք բարձրանալու համար…
Լսում եմ, սակայն, տերևների
անձայն դողը՝
Հիշողության գիշերներից այս գիշերն էլ
պոկելու համար…
***
Լույսը ավերված կետ է
Երկու զուգահեռների արանքում…
Երբ քայլերդ անվստահ են դառնում,
Ուրեմն իրար մերվել են զուգահեռները…
Ժամանակներ են
ճանապարհներ,
Ուր գողության փողոցներում,
Անպայման,
Փոխհատուցվում է արյան գինը։
Զուգահեռները հատվում են,
Ու բնավ չեն խանգարում իրար
Ձյունն ու կրակը…
Սանդուղքները երկարում են
Ապշանքի ու լռության վերապրումներով…
ճանապարհները միակողմ են դարձել,
Փակուղիները՝ շատացել,
Կանգառներում խտացել են
Տեղ հաստատող պոռնիկների շարքերը…
Ժամանակներ են,
Թթվածին թոքերդ մի կերպ են որսում,
Քանի որ մեզ հանդիպող ծառերը
Հազվադեպ են դարձել,
Դռները բացվելու փոխարեն
Փակվում են հիմա,
Երկնքի արքայության ուղեգիր
ո՞վ պիտի տա…
Ոգևորության սրբատեղին հիմա դարձել է
Սիրո վաճառքի ժամադրավայր,
Սերը՝ կրակի գին է։
Ժամանակներ են,
Հոգնում եմ երբեմն,
Քանի որ օրերով շարունակվող անձրևը,
Սգակիր է դարձնում մայթերը նույնիսկ.
Մահվան թափորները դարձել են
Հրեշտակների ժամանցային խաղերի
հրապարակ
Գիտեմ.
Մտքից մինչև լեզու ընկած ճանապարհը
Փշանուտ է,
Բայց գույների անմահությունը
Ես պահել եմ թռիչքի՛ համար,
Ես երկաթից ու կրակից,
Թշվառությունից
Ու հազվադեպ հանդիպող օդից
Վերելքի ճանապարհ եմ սարքում,
Որպեսզի ծիրանածաղկի բույրերի մեջ
Ընդարձակվեն հավերժության սահմանները։
Վերադարձի սարսափ չկա այնտեղ,
Ուր չես դառնալու,
Այնտեղ,
Գոտկատեղից ներքև
Մտրակվում է կյանքը,
Եվ փշրվում է կրծքավանդակը գիշերվա…
Հաճույքի գրկում թափվող պարտվածների
Մատների հպումո՛վ են բացվում
Դռները բոլոր…
Ժամանակներ են…
***
Մենության տրտմությունն ավելի է մգանում,
Երբ դատարկվում են հայելիները,
Երբ կարմիր տանիքներին
Լուսինը նկարում է սեր
Ու սիրուց շաղախում գիշերվա փեշերը…
Ես լռությունն եմ գերադասում,
Սովորեցրու՛ ինձ լռել,
Այնժա՛մ,
Երբ հեռավոր անապատներում
Անհրաժեշտ է ձայնը.
Ինձ անձրևին մատնիր
Ինձ ամպրոպին հանձնիր
Այնժա՛մ,
Երբ այնքան անհրաժեշտ է կրակը,
Հայելիների սառցաշատ հոգիներում
Երբ դատարկվում են հայելիները
Լուսնի խենթության մեջ
Լռություն եմ լսում
Սովորեցրու դեպի…
դեպի Կյանքը քայլել…
Ինձ արշալույս դարձրու,
Ծառի փթթում, ձմռան արև,
Արևամուտ դարձրու,
Ու անձրևի կաթիլ
Դու ինձ ԳԱՐՈՒՆ դարձրու…
Այնժա՛մ երբ դատարկվում են հայելիները,
Մենության տրտմությունն ավելի է մգանում…
***
Ես կապրեմ մինչև
Դրախտի խնձորի երկրորդ
Կիսումը,
Երբ առավոտ բառի մեջ
Նորից արև կլինի…
***
Հավատում եմ միայն
Մաքրությանը թղթի
Քանզի ճանապարհը ձգվում է՝
Տիեզերքի լույսի միջով…
***
Բոլորը գիտեն,
Աղավնիները նույնպես
Բնության թավշե լռության
Անձայն մրափը
Խախտելն
Անաստվածային
ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ է…
***
Տերևները մառախուղի
Վարսերիս են շարվում
Հայելուն եմ նայում.
Տեսնես՝
Այս տերևի գույնից
Իմ վարսերը
Ի՞նչ գույնի են դառնում…
***
Գիշերվա ոտնաձայնը փշրվեց
Առավոտյան ջրի
Հասուն ալիքներում,
ՈՒ արևը
Գնաց ողջունելու
Արշալույսին…
***
Երբ աղավնիները քնեն
Ծաղիկների հետ,
Աշխարհում կծնվեն
Այն երեխաները,
Որոնք բանաստեղծելու համար
Բառեր չեն փնտրի…

Share Button

2 կարծիք

  1. Հասմիկ

    Շատ գեղեցիկ բանաստեղծություններ են ՝ նուրբ ու միաժամանակ նաեվ ըմբոստ.մեծ բավականություն ապրեցի .

  2. Գարմար

    ես սիեցի քո բանաստեղծությունը` բառը, իմաստը, ոճը: Մեծ թախծի վարպետ ես, մեծ ուրախության նոր բանաստեղծուհի…

Պատասխանել Գարմար-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>