Սիրանույշ Օհանյան | ԱՆՁՐԵՎՈՐԴԵՐ

ճաքճքել է ողջ մարմինս և շնչահեղձ եմ լինում։ Անձրևորդերս հեռացել են խոր, շատ խոր։ Այնտեղ՝ խորքում, դեռ պահպանվել է նախաստեղծ խոնավությանս կենսատու շունչը։ Մինչդեռ երեսս պատվել է խոռոչների խեղդիչ ցանցով՝ նման մարդկային բզկտված շուրթերի։ Ջո՜ւր, իմ սեր, իմ կյանք։  Արի՛։

Այսպես է եղել միշտ, այսպես կլինի միշտ։ Հավերժությունը սկսվում է սպասումով, վերջանում՝ սպասումով։ Հավերժությունը լինում է դատարկ, լինում է լեցուն։ Անպտուղ հողի պես սարսափելի է դատարկ հավերժությունը, անկշտում խարույկի պես սարսափելի է լեցուն հավերժությունը։ Սարսափելի է, երբ վարժվում եմ անձրևի բացակայությանը և անտարբեր քարշ տալիս միանման օրերիս աննկատ շղթան. սարսափելի է, երբ չեմ կարողանում ընտելանալ անձրևի բացակայությանը և  անկամ քարշ եմ տալիս մերժելի օրերիս ծանր շղթան։ Հավերժությունը լինում է դատարկ կամ լեցուն։

Վերածնունդս սկսվում է անձրևի առաջին կաթիլների երգով։ Պապակած ու հոգնաբեկ մարմինս անմնացորդ սիրով հանձնվում է կապույտ անհասանելիից իջնող շոյանքին, և մարդկային բզկտված շուրթերի նմանվող ճաքապատ մակերևույթս անապակ բերկրանքով կլանում է  մի ողջ հավերժություն երազած անձրևը։ Այդ պահին չեմ գիտակցում երջանկությանս խորությունը։ Ժամանակ է պետք՝ վերստին ոգեկոչելու համար անձրևին փարված իմ էության անցյալը, անցյալիս խորունկ ապրումների մշտագոյ արձագանքը. ժամանակ է պետք հասկանալու համար, որ արդեն եկել է նա՝ սպասումիս իմաստը։ Մինչ անմնացորդ տեղում է երազելի անձրևը, ես արտահայտվելու ցանկությունից այրվող համրի նման նրան եմ նայում՝ երեսս հառած դեպի երկինք՝ այնտեղ, որտեղից գահավիժում է անձրևը։ Զգում եմ նվաղած անձրևորդերիս աշխուժացող խլիրտն ու վերջապես հասկանում, որ ա՛յս անգամ էլ չկարողացա դիմավորել նրան երազածիս պես։ Այսպես է եղել միշտ, այսպես կլինի միշտ։

Հավերժությունը լինում է դատարկ կամ լեցուն. հավերժությունն ընդհատվում է անձրևի գալուստով։ Առաջին կաթիլի հետ արդեն վերածնվում է իմ խորքերի խենթ երազանքը. առաջին կաթիլը հազիվ ճաշակած՝ երազում եմ հաջորդ անձրևի մասին։ Հիմար ու անտեղի երազանքիս ծնունդը խանգարում է տրվել ներկա անձրևի խոնավությանը, և ես վերստին չեմ գնահատում այն, ինչ ունեմ հիմա։ Անձրևը թափվում է, թափվում, պապակած երեսիս այրող ճաքերը լցնում կենարար հեղուկով, թափանցում հողային անհամար ծակոտիներս, կլանվում, ներծծվում ավելի ու ավելի խոր։ Կիսամեռ անձրևորդերս երգում են վեհերոտ գալարներով, իսկ ես՝ անշնորհակալս, անձրևի տակ անձրև եմ տենչում։

Նա գալիս և գնում է այնպես, որ ես չեմ հասցնում նկատել սկիզբն ու ավարտը։ Դատարկ կամ լեցուն հավերժությունս ընդմիջվում է անցողիկ ու երջանիկ, չգնահատված մի ներկայով, որ անձրևի խորհուրդն է կրում։ Աննկատելիորեն, ինչպես որ եկել էր, հեռանում է ներկան, և վերսկսվում է իմ անմխիթար հավերժության անհաղթահարելի հոսքը։  Անձրևորդերս ցնծագին վերև են բարձրանում, հիացած լողում ցեխանման իմ մակերևույթին, համարձակ տրվում արևի սարսափելիորեն գրավիչ ճառագայթների իշխանությանը։ Ես թողնում եմ նրանց անտեսված, մոռանում արևի ու երկնքի, անձրևորդերի ու գիշերվա մշտակա գոյության մասին։ Հանձնվում եմ հավերժությանը։

Դատարկ հավերժությունս ընթանում է այսպես. մոռանում եմ, որ եղել է անձրև, որ լինելու է անձրև։ Չգիտեմ՝ ինչ եմ ապրում կամ զգում։ Չեմ նկատում նույնիսկ անձրևորդերիս սողքը՝ միակ բանը, որ ունեմ աշխարհում։  Չեմ նկատում վերջին անձրևիս պարգևած խոնավության համբարձումը, չեմ նկատում երեսիս նոր խոռոչների առաջացումն ու խորացումը։ Չեմ նկատում օրերիս ու գիշերներիս գալն ու գնալը. ժամանակն ու ապրումներս դոփում են անորոշ ու չզարգացող մի կետում։ Երբեմն միայն հիշում եմ, որ կար անձրև, առանց որի, թվում էր, չէի կարողանում ապրել. տարակուսում եմ, քանզի չեմ հասկանում ինքս ինձ, չեմ ըմբռնում իմ էության երկնատուր հակասականությունը։ Զարմանքով եմ վերհիշում անձրևին տված իմ երդումները, անիմաստ թվացող իմ սիրո ծիծաղելի զեղումները։ Այդ պահերին մտածում եմ, որ, հավանաբար,  առօրյա գորշությունից ձանձրացած՝ հորինել եմ անձրևային ու չեղյալ մի սեր և խաղում եմ իմ հոգու հետ։ Հետո կամաց-կամաց սթափվում եմ անորոշության անտարբերությունից, թեթևացման զգացումով հիշում, որ ունեմ անձրևորդեր՝ երկար, ճկուն, հողեղեն էությունս քնքշորեն փխրեցնող բազմախոզանային անձրևորդեր։ Ուշ է արդեն։ Ճաքել, խորացել են դեմքիս անդունդները. խոնավության կարոտ անձրևորդերս սուզվել են էությանս մութ խորքերում, սատկածի անշարժությամբ սպասում են իրենց միակ տիրոջ՝ անձրևի գալուստին. ես ընդամենը թերակատար բնակարան եմ նրանց համար։ Արևահար մակերևույթս պատած մանրաչափ անդունդներում կործանվել է երկնքի կապույտը, և աշխարհը ներկվել է  իմ անպտուղ երաշտագույնով ու պղտորված երկնքի կիզիչ արևագույնով։ Անձրևի ավետաբեր անձրևորդերս թաքնվել են ինձանից իմ էության մութ խորքերում։  Երազում եմ զգալ մինուճար իմ անձրևորդերի կենսաբեր գոյությունը. միայնության սարսափից խենթացած՝ մտածում եմ, թե չորության կոպտությունից խեղդվել, մեռել են անձրևորդերս։ Եվ հիշում եմ հանկարծ, որ գոյություն ունի անձրև՝ թաքնված ինչ-որ տեղ բարձրում, անձրև, որ երևան է հանում անձրևորդերիս։ Մեռնում եմ անձրևի բացակայությունից։ Անձրևորդերս, ասես, զգում են տենչերիս անկեղծությունը, զգում են, որ իրենց կարիքն ունեմ։ Անձրևորդերս մեղմիկ խլրտում են։ Ես գիտեմ՝ նրանց գոյության լիարժեքությունը կզգամ, երբ անձրև տեղա։ Ես երազում եմ անձրևի մասին։ Ո՛չ անձրևի սիրուց, ո՛չ։  Դատարկ հավերժությունում չկա անձրևի կարիք, չկա սիրո կարիք։ Ես իմ անձրևորդերի կարիքն ունեմ. ինձ թվում է, թե սիրում եմ միայն անձրևորդերիս։ Անձրևն անհրաժեշտ է նրանց երևան հանելու համար, նրանց գոյությունը զգալու համար։ Ո՞ւր ես, անձրև՛։

Հետո օրերս վերածվում են սպասումի։ Սպասում եմ անձրևորդերիս երևան գալուն։

Ողջ էությունս քոր է գալիս։ Գիտեմ՝ ինչ է նշանակում։ Անձրև եմ ունենալու։ Հուսավառ անձրևորդերս պարում են անհամբերությունից՝ զգալով հեռավոր օդերում կուտակված ավետաբեր խոնավությունը։ Պայթում է երկինքը, և անձրևի անդրանիկ կաթիլը ծանրորեն սուզվում է իմ գրկում։ Վերջապես կտեսնեմ անձրևորդերիս. մտածում եմ ես։ Անձրևը տեղում է անշտապ, անկաշկանդ, և կամա-ակամա գայթակղելով ինձ։ Անզուսպ հրաբուխի պես ժայթքում է հոգումս թաքնված սերը, ու ես հասկանում եմ, որ իրականում անձրև էի տենչում։ Փոխանակ ապրելու նրանով, ինչ ունեմ, փոխանակ անվերապահորեն տրվելու անձրևիս՝ հիասթափվում եմ ինքս ինձնից, երազում ընկալել անձրևի առաջին կաթիլը՝ անտեսված ու արհամարհված, ընդունված անտարբեր սրտով։  Անձրևը գալիս է ու գալիս, իսկ ես երազում եմ անձրևի մասին։ Նա արդեն չկա, հեռացել է արդեն, զզվելի անձրևորդերս վերև են բարձրացել ու ցուցադրում են իրենց եղկելի գալարները։ Ի՞նչպես է լինում, որ նրանց պատճառով չեմ հասցնում վայելել իմ ունեցած ամենաթանկագինը, չեմ հասցնում գնահատել ինձ տրված շնորհը։ Դաժան սպասումիս հավերժությունը վերսկսում է իր երաշտային երթը։ Սա իմ լեցուն հավերժությունն է՝ անձրևային կարոտով ու սպասումով լեցուն հավերժությունը։ Անտեսված ու սպասումից սարսափած անձրևորդերս փախչում են, թաքնվում իմ մութ խորքերում։ Ես երազում եմ անձրևի մասին։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.