Գնել Խաչատրյան | ՈՒԼԻԿԸ

Օրը արևոտ էր և խոստումներով լի։ Ոչխարի հոտը սփռվել էր ողջ արոտավայրով։ Ոչ ոք չէր սպասում ուլիկի ծննդյանը, բացի մորից։ Արոտավայրի խոտը սահմանափակ էր, իսկ ուլիկը ուտելու կարիք կունենար։ Գոնե գառնուկ ծնվեր, ավելի սակավ պահանջներով։

Ինչևէ, ուլիկը ծնվեց, անտեսելով հոտի վերաբերմունքն իր նկատմամբ։ Միգուցե համարեց, որ մոր կարծիքը առավել ծանրակշիռ է, քան մնացած ողջ հոտինը, կամ, որ ավելի հավանական է՝ իր ծնվելը իր ընտրությունից կախված չէր։ Երկրորդ պատճառն առավել ծանրակշիռ կդառնար, եթե նկատեինք որքան վախվորած, թույլ, վտիտ ու մեղմ կերպարանքով հայտնվեց ուլիկը լույս աշխարհում:
Ինչևէ, նա ծնվեց։ Եվ առաջինը, որ տեսավ՝ լույսն էր։ Լույս… ավելի գեղեցիկ ապրում այլևս երբեք չի ունենա։ Հոգ չէ, որ ոչինչ չհասկացավ։ Հոգ չէ, որ հետո մոռացավ այդ պահը, կարծես այն երբեք էլ չէր եղել։ Այդ առաջին լույսը լցվեց աչքերից ներս՝ տարածվելով ողջ մարմնով, կենդանություն տալով վտիտ ոսկորներին։ Ուլիկը ագահությամբ ըմպում էր լույսը՝ վայելելով այդ քաղցր, սննդարար և հրաշալի կերակուրը։ Նա դեռևս չգիտեր որ ուրիշների համար դա կերակուր չէ, այլ կերակուրը տեսնելու միջոց։ Նա նույնիսկ չէր գիտակցում, որ ինքը կերակրում է իր մարմինը՝ մարմին, որն ապրելու համար կերակրվելու կարիք ունի։ Չգիտեր, որ արդեն ապրում է, և որ արդեն մարմնի մեջ լույսը լցրեց մի բան, որին մեծերը կյանք են անվանում։
Փոքրիկ ուլիկը մեղավոր չէր դրա համար։ Նա հենց նոր էր ծնվել և ամեն ինչ իրենից անկախ եղավ։ Նույն անգիտությամբ բերանը ուղղեց դեպի մոր կուրծքը, և նույն վտիտ ագահությամբ սկսեց ծծել կենարար հեղուկը, որի մասին նույնպես ոչինչ չգիտեր…
Ուլիկի ծնունդը և հրաշքը, որ անգիտակցաբար ապրում էր, ոչ մի ազդեցություն չթողեց հոտի վրա, բացառությամբ սովորական դարձած դժկամության, որն ի հայտ է գալիս յուրաքյանչուր ուլիկի ծննդյան ժամանակ։
Պահապան շները վազվզում էին հոտի չորս բոլորը, չնայած ոչխարներից ոչ մեկը փախուստի դիմելու որևէ փորձ չէր անում։ Շները այսպիսով ոչ միայն բացառում էին ոչխարների փախուստը հոտից, այլ նաև պաշտպանում էին հոտը արտաքին թշնամիներից՝ գայլերից։ Վերջինները չափազանց վտանգավոր էին։ Նրանք մշտապես դարանակալ սպասում էին, և բավական էր որևէ ոչխար առանձնանար հոտից, կամ շները կորցնեին զգոնությունը, անմիջապես հարձակվում էին և զոհին տանում խավար և մռայլ անտառ։
Որքան շները զգոն էին դառնում, գայլերը ավելի խորամանկ հնարքներ էին բանեցնում։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ գայլերը մորթազերծ անելով իրենց զոհերին, հագնում էին նրանց մորթին և գաղտնագողի սողոսկում հոտի մեջ։ Դրանից հետո մնում էր միայն գտնել միամիտ ոչխար, գայթակղել նրան մոտակայքում գտնվող հյութեղ արոտավայրով, ուղեկցել դեպի «դրախտ», և շներից գաղտնի դուրս սողոսկել դեպի անտառ։
Միամիտ ոչխար գտնելու խնդիրը թվարկվածներից ամենադյուրինն է, քանի որ հոտի բոլոր ոչխարները, համարյա առանց բացառության, միամիտ են։
Շների բազմաթիվ նախազգուշացումները և հորդորները՝ բուժելու նրանց միամտությունը, դեռևս արդյունք չէին տալիս։ Չնայած դրան՝ շները շարունակում էին իրենց անարդյունք ջանքերը այդ ուղղությամբ։ Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ իրենց պարտականությունների կատարման ընթացքում, շները նույնպես բարձրության վրա չէին: Բայց ոչխարների միամտության և հենց նրանց զոհ դառնալու փաստը շներին իրավունք էր վերապահում ամեն անգամ մեղադրել հոտին, և առավելապես հենց զոհին։
Քանի որ գառան մորթի հագած գայլերը առավել վտանգավոր են քան ուղղակի հոտի վրա հարձակվող գայլերը, ապա շները առավելագույն միջոցներ էին գործադրում նրանց դեմ պայքարելու համար, որոնցից մեկն էլ միամտության դեմ գաղափարախոսությունն էր։ Կար և մյուս միջոցը՝ առավել վտանգավոր, բայց և արդյունավետ։ Քանի որ, գայլերը հրաշալի են ծպտվում, և դժվար է, եթե ոչ անհնարին, նրանց զանազանել հոտի մյուս անդամներից, ապա այն ոչխարները, որոնք կասկածելի էին թվում, անմիջապես հարձակման էին ենթարկվում մի խումբ շների կողմից։ Եվ երբ հարձակման ենթարկվածը անշնչացած փռվում էր գետնին, նրան մորթազերծ էին անում։ ճիշտ է, շատ հաճախ պարզվում էր կասկածի անհիմնությունը, սակայն այս եղանակով գայլեր էլ էին ոչնչացվում, ի տարբերություն գաղափարախոսական մեթոդի վրիպումների։ Որպեսզի բացառվեն սխալները, շները ոչխարներին հորդորում էին սակավ խոսել, որովհետև շատախոսությունը կասկածի տեղիք էր տալիս։ Բայց շատ հաճախ, սակավախոսությունն էլ կասկածելի էր դառնում։ Ինչևէ, ոչխարները աշխատում էին քիչ խոսել, քանզի այդպես ավելի անվտանգ էր։
Առավել վտանգավոր էր այծերի վիճակը. նրանց ոչ ոք չէր սիրում։ Հին ժամանակներից սկսած նրանք առաջնորդում էին հոտը, և այդ առումով առաջինն էին հանդիպում վտանգին, ավելի ցանկալի էին գայլերի համար, ամենակասկածելին՝ շների, և ամենաատելին՝ ոչխարների։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ նրանք սակավաթիվ են, և շները տարածել են լուրեր այն մասին, որ հովիվը նունպես չի սիրում նրանց, ապա այծերի դժբախտ վիճակը առավել պարզ կդառնա։
Այծերի առաջնորդության փաստը հիմնվում էր այն բանի վրա, որ նրանք արածում են միայն մաքուր և չտրորված խոտ, ուստի ստիպված են միշտ առջևից գնալ, և որ նրանք ավռավել ուժեղ ու համարձակ են, հետևաբար ավելի պաշտպանունակ։ Սակայն հենց այդ երկու հանգամանքների պատճառով, ոչխարները այծերին չեն սիրում։ Նախ, որ հաճախ ստիպված են արածել տրորված և կեղտոտ խոտ, և ապա, զգում են իրենց թուլությունը այծերի նկատմամբ, որոնց բաժին է հասնում հյութեղ խոտի մեծ մասը։
Ինչ վերաբերվում է հովվին կամ հովիվներին, ապա նրան կամ նրանց վաղուց ոչ ոք չէր տեսել։ Հովիվների քանակի և կերպարի մասին տարակարծություններ կային։ Նույնիսկ ամենատարեցները վստահ չէին, թե երբևէ տեսել են, և ստիպված էին իրենց հետևորդներին պատմել այն, ինչ իրենք լսել էին ծնողներից և պապերից։ Չնայած դրան, հավատացած էին, որ հովիվը միշտ իրենց հետ է, և ինչ-ինչ նկատառումներից դրդված այնպես է արել, որ աննկատելի մնա։ Այդ առնչությամբ ներկայացվում են մի քանի պատճառներ, և շատ հաճախ այն, որ ոչխարային մտածողությունը ի վիճակի չէ ամբողջությամբ հասկանալու հովվի դիտավորությունները։
Քանի որ հովվին փոխարինում են շները, ապա նրանք համարվում էին հովվի ներկայացուցիչները հոտում՝ ստանալով համապատասխան պարտավորություններ և իրավունքներ։ Շներն էին միակ միջնորդները հոտի և հովվի մեջ։ Միայն շները իրավունք ունեին պատմել հովվի մասին, և միայն այդ նկարագրությունն էր համարվում հավաստի։ Իսկ շների նկարագրությունները առավել քան պայծառ են՝ հովիվը ամենաարդար, ամենաբարի, ամենաուժեղ, ամենաարագավազ, ամենաբրդոտ, ամենաիմաստուն, ամենահոգատար, ամենաշատ արոտավայրեր ունեցող, ամենասուր ատամներով արարածն է ողջ արոտավայրում և անտառում։ Եվ բերում էին բազմաթիվ օրինակներ՝ հիմնավորելով վերոհիշյալ արժանիքները։
Ըստ շների, հովիվը չափազանց հոգատար է հոտի նկատմամբ, և լուսավոր, տաքուկ, թարմ և հյութեղ խոտով լի, անվտանգ և հարմարավետ գոմ է պատրաստել։ Օրինակելի ոչխարներին հենց այդ գոմն են տեղափոխում։ Հավատացած էին, որ գայլերին զոհ դարձածները նույնպես տիրոջ կողմից կենդանացվում և տարվում են գոմ։ Նաև պատմում էին, որ արդարությունից ելնելով, հովիվը առանձին գոմ է պատրաստել այծերի համար։ Այդ գոմը շների պատմելով սառնաշունչ, գազաններով լի, առանց կերի, մութ, մռայլ և դժնդակ վայր է։ Այդ նկարագրությունն էլ սփոփում և մեղմացնում էր ոչխարների զայրույթը այծերի նկատմամբ, ևնունիսկ շատերի մոտ այն վերափոխում էր խղճահարության։
Ոչխարների մի մասը փորձում էր համոզել այծերին ոչխար դառնալ, որպեսզի խուսափեն դժնդակ գոմ տեղափոխվելու սարսափելի հեռանկարից, և վայելեին հրաշալի գոմի բարեմասնությունները։ Սակայն այծերը կամ չէին ցանկանում ոչխար դառնալ, կամ չէին կարողանում։ Նրանց կարծիքով այդպիսի գոմեր չկան և շները իրենց ուղղակի տանում են մորթելու։ Ոչխարին, որը վերադարձել էր գոմից և պատմել այդ հրաշալի վայրի մասին, արդեն ոչ ոք չէր հիշում. դա շատ վաղուց էր; իսկ շներին նրանք չէին վստահում։
Ուլիկը նոր միայն ծնվել էր, և գայլերի, այծերի ու ոչխարների, հովվի միջնորդ հանդիսացող շների, տրորված ու թարմ խոտի, գոմի լինել-չլինելու, նույնիսկ հովվի մասին դեռ ոչինչ չգիտեր, ուստի դա իրեն չէր հետաքրքրում։ Նա շարունակում էր ծծել կենսարար հեղուկը՝ մեծ բերկրանք պատճառելով իր մորը։ Նա արագորեն սովորում էր դառնալ իսկական այծ։ Հրաշալի ընդօրինակող էր, և վաղ հասակում սովորեց արածել, որոճալ, քայլել, ցատկոտել, մկկալ. պոզահարել, և այն ամենը, որ հասու էմիայն այծային ցեղի անդամներին։
Ոչխարների մասին ձեռք էր բերել արհամարական և խղճահարույց վերաբերմունք։ Նրան սովորեցրել էին, որ ոչխարները հոտի ամենահիմար և ամենամիամիտ կենդանիներն են, և միակ բանը, որով նրանք կարող են պարծենալ, նրանց տաք ու փափուկ մորթին է։ Սակայն հետքրքրասիրությունը նրան ստիպում էր շփվել և լսել նաև ոչխարներին։
Հենց այդ թուլություն էլ, իրենց հատուկ բութ ու միամիտ խորամանկությամբ օգտագործեցին ոչխարները, մեկ այծ նույնպես ոչխար դարձնելու սուրբ նպատակը իրագործելու համար։ Նրան առաջին անգամ պատմեցին հովվի ու գոմի մասին, (ամեն պատմության վերջում չմոռանալով հիշեցնել, որ «ոչխար լինել՝ լավ, այծ լինել՝ վատ»), օրինակներ բերելով այն անվանի այծերին, որոնք լսելով իրենց հույժ անհրաժեշտ խորհուրդները ոչխար դարձան։ Հաճախ ոչխարներին օգնության էին հասնում շները, որոնք իրենց սուր ու սարսափազդու ատամներով, արագավազությամբ ու քաջությամբ էլ ավելի էին ընդգծում ասվածի ողջ հավաստիությունն ու օգտակարությունը։
Ուլը իրեն երջանիկ և բախտավոր էր զգում, որ շփվեց ոչխարների հետ, իմացավ ճշմարտությունը՝ խուսափելով այն մոլորությունից, թե ամենալավը այծերն են, իսկ ոչխարները՝ հիմար։ Այժմ նա ուներ ամբողջովին հակադիր համոզվածություն, և այլևս իրեն այծ չէր համարում։ էլ ավելի օգնելու համար, շները նրան ոչխարի մորթի նվիրեցին, որը հրաշալի համապատասխանեց նրա մարմնաչափին։ Այժմ կարող էր հույս ունենալ, որ հովիվը իրեն չի ուղարկի այծերի համար պատրաստված գոմը, այլ մի շատ հարմարավետ ու պատվավոր տեղ կհատկացնի ոչխարների գոմում։ Դրա համար, նախկին ուլը լի էր եռանդով՝ դառնալ ոչ միայն իսկական ոչխար, այլև դառնալ լավագույն ոչխարներից մեկը, մի նպատակ, որին նա զորու էր իր ընդօրինակման մեծ շնորհքի, հրաշալի ըմբռնողականության (որը դրսևորվեց ոչխար դառնալու որոշման մեջ), ուժեղ ոտքերի և մնացյալ բարեմասնությունների շնորհիվ, որով նրան օժտել էր հովիվը։ Այն, որ այծերը կարհամարեն և, նունիսկ կծիծաղեն իր վրա, արդեն իր հոգսը չէր։ Ապագան կհատուցի այդ ողորմելիներին, երբ նրանք ցուրտ ու անկեր գոմից կնայեն ու կտեսնեն իրեն՝ պառկած տաք ու լուսավոր գոմում, հյութեղ խոտի առջև։
Նախկին ուլը լցվել էր ուրախությամբ, երջանկությամբ և սիրով. սիրով առ հովիվը, որն իր համար հրաշալի գոմ էր պատրաստել։ Եվ որպեսզի լցվի այդ ողջ հրաշքներով, դուրս էր մղում արևի լույսը, տեղ ազատելով գոմի ջերմության համար։ Իսկ լույսը դժարությամբ էր լքում: Երբ վերջապես նախկին այծին հաջողվեց դուրս մղել լույսի վերջին պատառիկը, և պատրաստվում էր տոնել իր ջախջախիչ հաղթանակը, նրան մոտեցան երկու տարօրինակ էակ, տարան հոտից դուրս և մորթեցին։

2 comments

  1. Լավն էր, բայց դժվար երկու տարօրինակ էակների մասին պատմած չլինեին խեղջ կենդանիները…

    • Օվսաննա on 12 Փետրվարի, 2009 at 9:13 ե.
    • Reply

    Հիասքանչ, զգացմունքային…

Թողնել պատասխան Օվսաննա-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.