Սիրանույշ Օհանյան | ՑԱՎ

Ծանր էր կրելը։ Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին։ Սիրտն արյունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում։ Բեռնակիրը ճկվում էր անտանելի ծանրությունից, երազում թեթև ազատության մասին, սակայն չէր խիզախում նետել տիեզերամեծ բեռը։ Համոզված էր, որ դրանով ապրելը սպանում է իր կյանքը, համոզված էր, որ առանց դրա չի կարող ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մարմնի։

Իրեն միշտ կորացած էր հիշում։ Մի օր մտածեց, որ երևի բեռն իր հետ է ծնվել, կամ՝ ինքը բեռի հետ։ Չգիտեր իր կյանքն առանց այդ բեռան։ Մինչդեռ նման կյանք ապրել էր առաջներում, երբ մանուկ էր եղել։ Հիմա իր ներսի մանուկը խեղդվում էր ուժերից վեր ծանրության տակ։ Մանուկը, սակայն, իմաստուն էր իրենից. մանուկը սիրում էր այդ բեռը։ Սիրելով՝ փորձում էր թեթևացնել այն, բայց բեռնակիրը չէր հասկանում բեռին ու մանկանը։ Մանուկն իր աչքերում դատարկահույս երազող էր, իսկ բեռը՝ պարտադիր ծանրություն։

Իրականում բեռը մանկանն էր տրվել, բեռնակիրը սոսկ այն կրելու համար ստեղծվեց։ Մանուկը պետք է պահպաներ բեռը, խնամեր այն, հղկեր ու պահեր արևին հանդիման։ Մինչդեռ բեռնակիրն անխոհեմաբար իր սեփականությունը համարեց բեռը, ծածկեց սև, կեղտակուր փալասներով ու սկսեց քարշ տալ գոյության ճամփեքով։ Բեռնակիրը չէր կարող հասկանալ բեռի արժեքը. նրա համար բեռները կարևորվում էին քաշով։ Եվ բեռը սկսեց ճնշել բեռնակրին ու մանկանը. առաջինին՝ իր ծանրությամբ, երկրորդին՝ չօգտագործվող կարևորությամբ։ Բեռնակիրն ու մանուկը տառապում էին իրարից անկախ, իրար համար։

Բեռը սքանչելիք էր։ Արևի պես պայծառ, լույսի պես թեթև, ապագայի պես գրավիչ։ Կյանքի պես կարևոր։ Կյանքի իմաստը բեռան մեջ էր պահված։ Բեռնակրի համար բեռները սոսկ ծանրություն են. և որքան քիչ էր հասկանում բեռանը, այնքան ծանր էր դառնում այն։ Մանկան համար բեռը շնորհ էր, իր էության երկնատուր լրացումն ու ընդլայնումը։ Երբ բեռնակիրն ուսեց բեռն ու սկսեց քայլել ուժերից վեր ճամփեքով, մանկան ապրումները  նույնացան բեռնակրի կրած տառապանքներին։  Երեքն էլ ցավում էին դերերի սխալ ընկալման համար։

 

Մի օր ճամփեքից մեկում բեռնակիրը հանդիպեց հարազատին։ Սա քայլում էր մեջքն ուղիղ, չնայած քիչ ծանրություններ չէր կրում։ Նրա մանուկը կարողացել էր բաշխել բեռները՝ արժեքներին և քաշերին համապատասխան։

Բեռնակիրն ու հարազատը առաջին հայացքից ճանաչեցին միմյանց։ Ճանաչեցին և սկսեցին հասկանալ։ Փոխըմբռնման կամուրջը առհավետ իրար կապեց նրանց, և ամենակուլ սերն իր թևերը փռեց նրանց բազմազբաղ հոգիներում։ Բեռնակիր հարազատները ընկերներ դարձան. ընկերությունը սնվում էր սիրով, որ բոլոր արարածները տածում են իրենց նմանի հանդեպ։  Բեռնակիրն ու հարազատը սկսեցին քայլել կողք-կողքի, զուգահեռ ձգված ճանապարհներով, իսկ նրանց մանուկները չընդհատվող երգ էին դարձել։ Բեռնակրի ուսերը շարունակվում էին փշուր-փշուր թափվել՝ արյուն ու կորուստի ցավ սփռելով սրտում, ճամփեքին։ Հարազատի սիրտը սարսռում էր ընկերոջ ցավին ի տես։

Հարազատին օտար էր բեռնակրին քայքայող ծանրությունը, սակայն նա ցավալի հստակությամբ ապրում էր բեռնակրի ապրածը, զգում նրա զգացած զարհուրանքն ու թախիծը։ Սիրտը փշուր-փշուր էր լինում, երբ տեսնում էր կողքից քայլող ընկերոջ տառապանքները,  ու հարազատը համրանում էր ցավից։ Պարզում էր թևերը նրան գրկելու համար, փորձում սփոփել, բայց վախենում էր ապարդյուն խոսքերի երեսպաշտությունից։ Կարեկցանքի մի բառ անգամ չէր կարողանում արտաբերել. թվում էր, թե բառերը ծաղր են ու անօգուտ ձևականություն։ Տառապանքի ամենածանր տեսակը ճանաչեց. ականատես լինել հարազատ հոգու տառապանքներին ու գիտակցել նրան օգնելու անզորությունը։ Լսել սիրեցյալի ցավի ճիչը և սփոփել կարողանալու փոխարեն արձագանքի պես կրկնել այն՝ լռիկ, ասես ինքն իր համար, վախենալով բարձրաձայն արտահայտել նրա փոխարեն տանջվելու ցանկությունը՝ միակ օգնության ձևը, որը իմաստավորված էր թվում, ցանկալի էր ու անհնարին։

Հարազատն ինչ-որ քայլեր ձեռնարկեց։ Օրեր շարունակ պատկերացնում էր իրեն բեռնակրի վիճակում, տեսնում  նրա չգնահատված բեռն իր ուսերին։ Փորձում էր կրել այն, փորձում էր գեթ մի փոքր թեթևացնել ընկերոջ վիշտը։ Թվում էր, թե երբեմն հաջողվում է։ Մի անգամ համարձակվեց ու խնդրեց, որ մի պահ, ընդամենը մի կարճատև պահ ինքը կրի բեռնակրի բեռը։ Բեռնակիրը չէր ուզում տեսնել ընկերոջն իր սեփական ծանրության տակ կքած։ Հարազատին հաջողվել հասնել ուզածին։

Երկուսն էլ սարսափելի ապրումներ ունեցան։ Բեռնակիրն իրեն ցամաքած աղբյուր զգաց.  հարազատը կարծեց, թե ողջ աշխարհն է հաստատվել իր թիկունքին. ինքն արդեն դուրս էր աշխարհից, աշխարհի կրողն էր ինքը։ Գիտեր, որ ծանր է, սակայն չէր կարող երևակայել կատարվածը։

Երբ բեռնակիրը փորձեց ետ վերցնել վայրկյաններ առաջ ընկերոջ ուսին չկամությամբ դրված ծանրությունը, չկարողացավ։ Ասես ծնված օրվանից անբաժանելի էին։ “Վերադարձրու իմ սեփականությունը”,- հուսահատ պահանջում էր նա։ Հարազատն ինքը չէր կարողանում ուսերից վայր գցել հարմար տեղավորված բեռը։ Երկուսի համար էլ անսովոր էին ապրումները և այդ իսկ պատճառով՝ անտանելի։ Ստիպված եղան համակերպվել։ Բեռնակիրը կամաց-կամաց շտկեց կիսակոր մեջքը, հարազատն աստիճանաբար կռացավ։ Թվաց, թե ոչինչ էլ չի կատարվել. բեռը մի տիրոջից անցել էր մյուսին, զգացմունքներն ու ապրումները փոխանակել էին իրենց տերերին, իսկ տերերը դրա հետ մեկտեղ նոր զգացմունքներ են գտել։  Կատարվել էր անուղղելին, սակայն բեռան համար ի՞նչ տարբերություն։

2 comments

    • Anonymous on 24 Մայիսի, 2011 at 12:55 ե.
    • Reply

    Nikita: baruhjudloo@gmail.com
    Թվաց, թե ոչինչ էլ չի կատարվել. Բեռը մի տիրոջից անցել էր մյուսին, զգացումներն ու ապրումները փոխանակել էին իրենց տերերին, իսկ տերերը դրա հետ մեկտեղ նոր զգացումներ են գտել: Կատարվել էր անուղղելին, սակայն բեռան համար ի՞նչ տարբերություն: Ajs togheric heto cankutjun e arajanum veryntercel Hans Christian Andersen ev Fuentes, isk du karda The Last Unicorn of Peter S. Beagle ev ‘Die unendliche Geschichte’ of Michael Ende

    • Սիրանույշ on 25 Մայիսի, 2011 at 3:15 ե.
    • Reply

    Հետաքրքիր զուգորդություններ են` Անդերսեն-Ֆուենտես 🙂
    Michael Ende-ը “The never endless story”-ի հեղինակն է? Կինոն շատ եմ սիրում, գիրքն էլ փորձեցի անգլերեն կարդալ, դանդաղ էի կարդում, թողեցի 🙂 ժամանակս չի հերիքում:

Թողնել պատասխան Anonymous-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.