Սիրանույշ Օհանյան | ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՑ ԵՂԱՎ ՆՈՐԻՑ

* * *

Խորախոր հիմքեր` փորված ձեռքերով,
Եղունգների տակ` արնախառն հող,
Գլխիվայր շրջված երկինքներ ու սով,
Խորախոր հիմքեր` անդունդներ կանչող:

Խորախոր հիմքեր` լեցուն մութ աղբով,
Անհայտ անհուններ աչքերում մթին,
Գլխիվայր շրջված երկինքների հոր,
Պռունկին կանգնած այն մարդու որդին:

Աչքերում մթին` սովեր ու ծարավ,
Հայացքի առաջ` անդնդախոր վիհ,
Վերևում` շրջված երկինքների դավ,
Մութ աղբով լեցուն հիմքերի բավիղ:

Եղունգների տակ` արնախառն հող,
Ծնկած` նայում է աղբահոտ ժահրին.
Անզուսպ կարոտներ ու հույսերի դող`
Անարատ տեսնել հիմքերը խորին:

Փորել, խորացնել անդուլ ու լռին
Կանգնել ու սպասել — տեղ տալ մութ աղբին.
Ծնկել, հավաքել սպասումի լեղին —
Անարա՛տ տեսնել հիմքերը խորին:

— — —

Խոր փորված հիմքեր երկրի երեսին.
Երկնից առաքված աստեղային շող,
Խոր փորված հիմքեր — խրամատներ սին,
Սպասման խոկումներ ու հույսերի դող:

Որձաքարերի լեռներ ու շաղախ`
Երկնից առաքված աստղերի փոշին,-
Վաստակած խոնջանք ու ժպիտ խաղաղ.
Հանգրված օրոր գալիքի հույսին:

 

* * *

Հավերժությունը լաց եղավ նորից

Մութ երկինքներով լուրթ դեմքը փակած,
Գիշերը իջավ՝ սևացած վշտից,
Կապույտ թռչունը գահավիժեց ցած։

Հողը խուլ տնքաց անկման սարսափից,
Մերկ ծառերը լուռ ցնցվեցին հանկարծ,
Թմբիրից ելավ ծաղիկը անբիծ,
Ճեղքեց երկիրը՝ տեսիլքով արբած։

Երկինքը բացեց դեմքը զարմանքից,
Ծաղիկը, ապշած, ձգվեց դեպի նա,
Տխուր ժպիտով ծառը կարեկից
Խոնարհվեց, անբառ խնդրեց՝ մի’ գնա։

Ծաղիկը համառ բարձրացավ կրկին,
Քամին հեգնանքով պարգևեց թևեր,-
Թռչունը թռավ, ճախրեց դեպ երկինք,
Ծառերը ահով նայեցին վերև։

Հավերժությունը լաց եղավ նորից՝
Մութ երկինքներով լուրթ դեմքը փակած,
Գիշերը իջավ՝ սևացած վշտից,
Կապույտ թռչունը գահավիժեց ցած։

2 comments

    • Գայանե on 8 Օգոստոսի, 2011 at 6:48 ե.
    • Reply

    շատ լավն են, հատկապես առաջինից մարմինս փշաքաղվաում. մեջն ինչ-որ երաժշտություն կա:

    • Նունե on 15 Հունվարի, 2012 at 9:24 ե.
    • Reply

    Լրիվ պատկերացրեցի ամեն գրված, հանճարեղ է, no comment

Թողնել պատասխան Նունե-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.