Վարդգես Օվյան | ՏՂԱՆ ԵՎ ՈՍԿԵԶՕԾ ԱՐԿՂԻԿԸ

Տղան սովորում էր չորրորդ կուրսում, աղջիկը՝ երկրորդ, բայց նա աղջկանից մեծ էր վեց տարով: Նա վաղուց ավարտած կլիներ ինստիտուտը, եթե չլիներ պատերազմը, որ նրանից խլել էր հինգ, իսկ իր ասելով, մի հարյուր տարի:
Աղջկան ծանոթացել էր երկրորդ կուրսեցիների կազմակերպած երեկոյի ժամանակ: Նրան պարի է հրավիրել, այնուհետև սկսել են հաճախակի հանդիպել:
Ձմռան մի երեկո, երբ նրանք զբոսնում էին քաղաքի ծայրամասում գտնվող, ասես բոլորից լքված ու մոռացված պուրակում, աղջիկն ասաց.
— Ես ուզում եմ, որ դու պատմես քո մասին:
— Է՜հ, ես շատ եմ պատմել իմ մասին:
— Չէ, դու միշտ ուրիշների մասին ես պատմել: Քո մասին պատմիր:
— Չգիտեմ ինչ պատմեմ:
— Միևնույն է, դու լավ ես պատմում: Ինչ ուզում ես, պատմիր:
— Ես քեզնից վեց տարով մեծ եմ: Երբ ես վեց տարեկան եմ եղել, դու դեռ աշխարհում չկայիր:
— Երբ դու վեց տարեկան ես եղել, ես արդեն ինչ-որ տեղ կայի,- աղջիկը ծիծաղեց:- Ի դեպ, վեցն իմ սիրած թիվն է:
— Ասում են՝ վեցը սատանայական թիվ է: Դու սատանա՞ ես…
— Երևի,- աղջիկը նորից ծիծաղեց,- իսկ դու հավատո՞ւմ ես Աստծո և սատանայի գոյությանը:
— Իմ կարծիքով, Աստված և սատանան մարդու մեջ են լինում: Երկնքում ոչինչ չկա: Մոլորակներ են միայն ու բազմաթիվ աստղեր, որոնց նայում են բանաստեղծներն ու ռոմանտիկները և երազում:
— Դու էլ ես երազո՞ւմ:
— Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, հիշում եմ, ես պառկում էի մեր բակում գտնվող խնձորենու տակ, ճյուղերի արանքից նայում կապու՜յտ-կապույտ երկնքին և երազում: Ինձ թվում էր, թե երբ ես մեծանամ, իմ բոլոր երազանքները կսկսեն իրականանալ: Հետո, երբ մեծացա և ավարտեցի դպրոցը, իմ ձեռքին զենք էր… Բայց իմ երազանքներում պատերազմ և զենք չկար: Հետո… Ես չեմ ուզում այդ մասին պատմել…
— Չէ, պատմիր, հետո ի՞նչ էիր անում:
— Հետո կռվում էի… Բայց ավելի լավ է, դու պատմիր քո մասին:
— Է՜հ, հետաքրքիր բան չկա, իսկ ձերոնք ի՞նչ են անում:
— Ես ոչ ոք չունեմ, մայրս է միայն…
— Իսկ ես շատ հարազատներ ունեմ՝ հայր, մայր, երկու եղբայր և երկու քույր, եղբոր և քրոջ որդիներ…
— Դա շատ լավ է,- ասաց տղան:
— Ձանձրալի է: Ամեն օր մեր տանը այնպիսի աղմուկ, վայնասուն է լինում, ասես կենդանաբանական այգի լինի…
— Ես սիրում եմ փոքրիկ երեխաներին:
— Բայց երբ նրանք աղմկում են, դառնում են անտանելի: Երբեմն ուզում եմ մի լավ ծեծել նրանց:
— Իսկ դու չե՞ս մրսում,- հարցրեց տղան:
— Չէ:
— Ձեռքդ տուր, տեսնեմ,- նա բռնեց աղջկա ձեռքը,- բայց ձեռքդ սառն է, դու մրսում ես:
— Չէ, իսկապես ես չեմ մրսում: Ձեռքերս միշտ սառն են լինում:
— Թող տաքացնեմ,- աղջկա ձեռքը տղան մտցրեց իր բաճկոնի գրպանը և ամուր սեղմեց:
— Այդպես ինձ համար լավ է,- ասաց աղջիկը:
— Ինձ համար էլ,- տղան մտածեց, որ կյանքում առաջին անգամ իր ափի մեջ աղջկա ձեռք կա՝ սառն ու փխրուն, անչափ հաճելի ու հարազատ:
Նրանք շարունակում են քայլել ոտքերի տակ հաճելիորեն ղրթղրթացող փափուկ ձյան վրայով, և չնայած ձմեռ էր, ցուրտ երեկո, աշխարհը թվում էր անսահման գեղեցիկ և կարծես շուրջբոլոր, չգիտես որտեղից, զարմանալիորեն տաք ու պայծառ այնպիսի մի լույս էր փայլատակում, որ աղջիկը մի քանի վայրկյան փակեց աչքերն ու մտածեց, որ երբեք իր մեջ այդքան ջերմություն չի եղել:
— Դու էլ փակիր աչքերդ,- ասաց աղջիկը: Տղան փակեց աչքերը:- Իսկ հիմա կանգնիր, բայց աչքերդ չբացես:
Երկուսով կանգնեցին: Իր դեմքին շատ մոտ տղան զգաց աղջկա շունչը: Հետո շուրթերի վրա զգաց նրա բույրն ու նրան սեղմեց կրծքին:
Աղջկան տուն ուղեկցելուց հետո տղան մտածեց, որ ահա, վերջապես, իր կյանքում կատարվում է կարևոր մի բան, որին ինքը սպասել է մի ամբողջ հինգ, տասը կամ հարյուր տարի:
* * *
— Ես սիրում եմ գարունը,- ասաց տղան,- լսո՞ւմ ես թռչուններն ինչպես են երգում: Աշխարհն ասես արթնացել է ձմռան տևական քնից:
— Այստեղ շատ լավ է: Նայիր,- աղջիկը մատնացույց արեց ոչ հեռվում երևացող քաղաքը,- որքան մոտ է թվում: Բայց մենք մի ժամվա ճանապարհ ենք անցել, չէ՞:
— Ըհը, մոտ մի ժամ կլինի, որ քաղաքից դուրս ենք եկել:
— Դու այստեղ էլի ես եղե՞լ:
— Շա՜տ:
— Ո՞ւմ հետ:
— Գեղեցիկ աղջիկների…
— Գիտեմ, որ ստում ես:
— Մենակ, երբեմն էլ՝ ընկերներով:
— Մենակ ի՞նչ էիր անում:
— Ինձ համար զբոսնում էի, ինչպես պուրակում, երբեմն բարձրանում այն բարձր սարը, իսկ երբ հոգնում էի, մեկնվում էի կանաչ խոտերի մեջ և, երկնքում ճախրող բազեի թռիչքը դիտելով, երազում:
— Ի՞նչ էիր երազում:
— Օ՜, շատ բան էի երազում: Իմ երազներում դու էլ կայիր, չնայած այն ժամանակ ես քեզ դեռևս չէի ճանաչում: Բայց դա շատ առաջ էր, մինչև պատերազմը:
— Համբուրիր ինձ,- կիսադեմով դեպի տղան, կապտականաչ հորիզոնի ուղղությամբ ինչ-որ տեղ նայելով, ասաց աղջիկը:
Տղան սկզբում շոյեց նրա վարսերը, թեթև շառագունած այտերը, դեմքը կամաց շրջեց դեպի իրեն և երկար, շատ երկար համբուրեց աղջկան: Աղջիկը ողջ ուժով սեղմվեց նրան՝ զույգ ձեռքերով ամուր գրկելով տղային:
Կապույտ երկնքում մի բազե էր դանդաղ ճախրում՝ թևերը լայն տարածած: Մի քանի մեծ պտույտներ անելով երկնի լազուրում, թևերը մի քանի անգամ թեթև թափահարեց և անհետացավ մոտակա սարի հետևում: Ներքևի անտառակում թռչուններն ուրախ համերգ են սկսել: Գարնան արեգակը կապտա-կաթնագույն երկնքում ավելի բարձր դիրք է գրավել:
Տղան նստել էր գետնին, աղջիկը պառկել էր՝ գլուխը տղայի ծնկներին:
— Ոնց-որ փոքրիկ երեխա լինես,- ասաց տղան:
— Ինձ համար մի բան պատմիր:
— Իսկ գուցե օրորոցային երգեմ, քնես:
— Չէ,- աղջիկը ծիծաղեց,- մի հեքիաթ պատմիր:
— Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, երբ փոքր էի, սիրում էի հեքիաթներ կարդալ:
— Մեկը պատմիր:
— Ի՞նչ պատմեմ,- տղան փորձեց ինչ-որ բան հիշել:- Մի փոքրիկ տղա է լինում…
— Փոքրիկ, այսինքն՝ քանի՞ տարեկան,- հարցրեց աղջիկը:
— Երևի մի 9-10 տարեկան:
— Չէ, շատ փոքր է, թող մի քիչ մեծ լինի:
— Լավ, 12 տարեկան:
— Թող ավելի մեծ լինի:
— Փոքրիկ սատանա, եթե խանգարես, չեմ պատմելու:
— Լավ,- աղջիկը ծիծաղեց,- այլևս չեմ ընդհատելու:
— Ուրեմն, փոքրիկ այդ տղան սիրում էր երազել և ամեն օր սպասել մի ինչ-որ լավ, շատ լավ բանի: Նա չգիտեր, թե այդ լավ բանն ինչ է, բայց շարունակ սպասում էր մի լավ բանի:
Մի օր, երբ նա իր հոր հետ խանութ էր գնացել, այնտեղ ոսկեզօծ փոքրիկ մի արկղիկ տեսավ: Նա ապշեց գեղեցիկ այդ արկղիկի փայլից և մտածեց մի օր անպայման գնել այն: Ցուցափեղկի տակ գտնվող բոլոր իրերից ամենաթանկն այդ արկղիկն էր, և տղան սիրտ չարեց հորն ասել իր ցանկության մասին: «Բայց մի օր հորս կասեմ, որ գնի»,- մտքում որոշեց տղան: Սակայն այդ մի օրն այլևս չեկավ. հաջորդ օրը հայրը զոհվեց ավտովթարից… Հոր մահով տղայի երազներից շատ թանկագին մի բան հեռացավ…
Անցավ մի տարի: Մայրը փող էր տալիս տղային՝ դպրոցում կարկանդակ ու թխվածք գնելու համար, բայց ամեն անգամ փողի կեսը նա պահում էր իր մոտ: Տղան երբեմն գնում էր այդ խանութը, ստուգելու՝ ոսկեզօծ արկղիկն այնտե՞ղ է, թե՞ ոչ: Եվ ամեն անգամ նա հրճվանքով տեսնում էր, որ այն դեռևս իր տեղում է:
Նա արդեն այնքան փող ուներ, որ կարող էր գնել ոսկեզօծ արկղիկը: Ողջ գիշեր չքնեց… Էհե՜յ, սատանա, դու արդեն քնե՞լ ես…
— Չէ,- աղջիկը բացեց աչքերը,- լսում եմ, հետաքրքիր է, պատմիր:
— Ուրեմն, հաջորդ օրը դասերից հետո նա վազեց խանութ և գնեց երազած գեղեցիկ արկղիկը: Այդ պահին նա իրեն զգում էր որպես աշխարհի ամենաերջանիկ մարդը… Նայիր, ներքևի կածանով երկու հոգի են գալիս մեր ուղղությամբ…
Աղջիկը նստեց և նայեց տղայի մատնացույց արած կողմը:
— Իսկ գուցե մեր դեկանն ու ռեկտորն են,- նա ծիծաղեց,- մեր հետևից են գալիս:
— Չէ, մեկը ռեկտորն է, մյուսը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը,- ասաց տղան, և երկուսով սկսեցին ծիծաղել,- բայց, ափսո՜ս, նրանք ուրիշ ուղղությամբ են գնում: Գյուղացիներ են:
Երկինքն ավելի պարզ ու կապույտ էր: Գարնան արեգակը շուրջբոլոր լցրել էր այդ օրվա համար պահած իր ողջ ջերմությունը: Մոտակա սարի հետևից կրկին երևաց բազեն: Այս անգամ արդեն մենակ չէր. քիչ հետո հայտնվեց երկրորդը: Երկուսով սկսեցին դանդաղորեն սահել երկնքի կապույտ օվկիանում:
Նրանք հայտնվեցին փոքրիկ մի բլրի վրա: Աղջիկը հագել էր տղայի բաճկոնը:
— Այստեղ օդն ավելի սառն ու մաքուր է,- ասաց նա:
— Մրսո՞ւմ ես:
— Չէ, քո բաճկոնով շատ տաք է: Իսկ դու չես մրսո՞ւմ:
— Չէ: Այն բարձր սարը տեսնո՞ւմ ես,- տղան ցույց տվեց երկու բլուրներից և ընդարձակ դաշտից այն կողմ վեհորեն հառնած սարը,- ինձ թվում է, թե հիմա մենք գտնվում ենք այդ սարի՝ Արևասարի գագաթին…
— Դու այնտեղ եղե՞լ ես:
— Մի հինգ-վեց անգամ:
— Այնտեղից ամեն ինչ երևո՞ւմ է,- հետաքրքրությամբ հարցրեց աղջիկը:
— Հա, այնտեղից երևում է նաև այդ սարից այն կողմ գտնվող ամեն ինչ… Եկող շաբաթ կուզե՞ս քեզ տանեմ այնտեղ:
— Վախենում եմ, հոգնեմ:
— Որ հոգնես, քեզ գրկած կտանեմ:
— Ինչպե՞ս:
— Այսպես,- նա գրկեց աղջկան և առավ ձեռքերի վրա:
— Ես ծանր եմ,- աղջիկը ծիծաղեց:
— Չէ՜ մի, հազիվ քսան կիլո լինես: Ուրեմն՝ եկող շաբա՞թ…
— Իսկ դասե՞րը:
— Կփախչենք…
— Դու խելագար ես,- աղջիկը ծիծաղեց,- այս ամիս արդեն երեք անգամ դասերից փախել ենք:
— Չէ, ես խելագար չեմ, ես խենթ եմ…
— Դե, դրանք նույն բանն են,- աղջիկը ծիծաղեց:
— Ոչ, օրիորդ սատանա, դրանք միանգամայն տարբեր բաներ են,- ասաց տղան, և նրանք երկուսով ծիծաղեցին:- Դու ի՞նչ ես մտածում մեր ապագայի մասին:
— Եկ չխոսենք վաղվա, մյուս օրվա մասին,- աղջիկը մատներով քնքշորեն փակեց տղայի բերանը:- Թող ամեն ինչ ինքն իրեն լինի: Միայն այսօրվա մասին խոսենք: Մեր փախուստը չի՞ նկատվի…
— Թքա՛ծ, դա կարևոր չէ: Իսկ այսօր քեզ համար լա՞վ է:
— Եթե վատ լիներ, հիմա ես քեզ հետ չէի լինի:
Այդ օրը տղային ինչ-որ բան դուր չեկավ, բայց նա աշխատեց չմտածել այդ մասին:
* * *
Մայիսյան արևոտ մի օր, երբ մինչև քննություններ մնացել էր մոտ երկու շաբաթ, նրանք երկուսով բարձրացան Արևասարի կատարը:
— Մենք բոլորից բարձր ենք,- աղջիկը երկու ձեռքով օղակ կազմեց բերանի շուրջ և ողջ ձայնով կանչեց.
— Էհե՜յ, լսո՞ւմ եք, մարդիկ, մենք բոլորից բարձր ենք, մենք բոլորից ուժեղ ենք…
Տղան կողքից նայում էր աղջկան ու նրա ուրախությանը և մեղմ ժպտում:
— Դու էլ բարձր կանչիր,- ասաց աղջիկը:
— Չեմ կարող, ես բաղաձայն եմ, դու լավ ես կանչում…
— Բայց նայիր, այն սարն ավելի բարձր է ու ավելի գեղեցիկ,- ասաց աղջիկը:
— Դա միայն թվում է,- ասաց տղան,- հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում: Նրա կատարն էլ եմ բարձրացել: Ամենևին գեղեցիկ չէ և Արևասարից բարձր չէ:
— Իսկապե՞ս… Արևասար… Շատ լավ անուն է… Ես գայլի պես սոված եմ:
— Ցելոֆանե տոպրակում ուտելիք կա,- տղան ժպտաց,- սեղանը դու ես պատրաստելու:
— Չէ, եկ միասին պատրաստենք:
— Դու անուղղելի ծույլ ես:
— Ե՞ս եմ ծույլը… Եվ ես՝ ծույլս, ոտքով բարձրացել եմ Արևասարի գագաթը…
— Ի՞նչ մեծ բան է,- տղան ծիծաղեց: Նրան դուր էր գալիս աղջկան չարացնելը:- Կանայք հիմա տիեզերք են թռչում:
— Թռչո՛ւմ, բայց ո՛չ ոտքով,- աղջիկը հաղթական նայեց տղային:- Միևնույն է, սեղանը միասին ենք սարքելու… Ի՞նչ լավ է, տապակած հավի միս էլ կա:
— Իսկ գուցե նապաստակի միս է, լավ նայիր…
— Ուրեմն, քո նապաստակը թևեր էլ ունե՞ր…
— Գիտության և տեխնիկայի մեր դարում ի՞նչ մի զարմանալու բան է թևերով նապաստակը:
— Սա էլ երևի առյուծի պանիր է,- աղջիկը չարաճճի ժպտաց:
— Չէ, օրիորդ, մի քիչ սխալվեցիր, դա չինական վագրի պանիր է:
— Օհո՜, մենք մոզամբիկյան աղ դրած վարունգ էլ ունենք…
— Ի՜նչ… մոզամբիկյան աղ դրած վարո՞ւնգ,- տղան մեկնվեց խոտերի մեջ և սկսեց քրքջալ,- սատանա, դու հաղթեցիր:
— Մենք այդպես ենք,- հպարտ ասաց աղջիկը,- միշտ հաղթում ենք,- վերջակետեց նա և երկուսով սկսեցին ծիծաղել:
Օրն ավելի տաքացավ: Արեգակն ասես գեղեցիկ ու վեհ հսկա ջահի պես կախված լիներ Արևասարի գլխին: Թեթև զեփյուռից մեղմորեն խշշում են գաճաճ ծառերի տերևները:
— Իսկ գիտե՞ս, առաջ ես քեզ չէի նկատում: Երևի շատ անգամ մենք անցել ենք իրար մոտով, բայց ես քեզ չեմ նկատել: Մինչև այն երեկոն:
— Բայց ես քեզ գիտեի,- աղջիկը ծիծաղեց,- գիտեի, որ դու՝ դու ես: Հիմա ես քեզ դո՞ւր եմ գալիս:
— Հիմա դու աշխարհում ամենաթանկն ես ինձ համար:
— Ես կարողանում եմ այնպես անել, որ տղամարդկանց դուր գամ,- աղջիկը խորամանկ ժպտաց:
— Չէ՜ մի, փչում ես, փոքրիկ սատանա, քեզ մի՛ երևակայիր:
— Այն երեկոյին ես ուզում էի, որ դու ինձ նկատես, և դու ինձ նկատեցիր: Ես ցանկացել եմ, որ այսպես մենք միասին լինենք…
Տղան համբուրեց նրա շուրթերը, վիզը: Աղջիկն աչքերը փակեց, գլուխը ետ գցեց, ավելի բացելով վիզն ու կուրծքը: Հետո նրա զգեստը թեթև սահեց ավելի ու ավելի ցած և ընկավ կանաչ խոտերի վրա:
— Դու խենթ ես,- ասաց աղջիկը:
— Չէ, դա առաջ էր, այժմ ես թագավոր եմ:
— Իսկ ես՝ թագուհի՞…
— Չէ, դու իմ թագավորությունն ես:
— Ինչ լավ է,- աղջիկը ծիծաղեց,- բայց դու խենթ թագավոր ես և ուժեղ: Ես սիրում եմ խենթ և ուժեղ տղամարդկանց…
Բազեի թռիչքի բարձրությունից ներքևում՝ Արևասարի կատարին, խոտերի մեջ երկու հոգի փոքրիկ երեխաների պես թավալվում էին և ուրախ կչկչում:
— Ես ուզում եմ շատ փող ունենալ,- ասաց աղջիկը:
— Հետո՞:
— Ես ուզում եմ հարուստ լինել, ամեն ինչ ունենալ և ոչ մի գործ չանել…
— Բայց դու կարգին ծույլ ես, փոքրիկ թռչնակ:
— Իսկ դու, ի դեպ, փոքրիկ տղայի հեքիաթը կիսատ ես թողել:
— Ի՞նչ փոքրիկ տղա:
— Այն փոքրիկ տղան, որ երազում էր ոսկեզօծ արկղիկ գնել…
— Հա՜… Որտե՞ղ եմ մնացել:
— Տղան արդեն բավականին փող էր կուտակել…
— Հա, վերջապես նա գնաց խանութ և գնեց ոսկեզօծ արկղիկը: Նա հրճվանքով նայում էր արկղիկին, մատներով քնքշորեն շոյում և դեռևս չէր համարձակվում այն բացել: Հասավ տուն, բայց դեռ արկղիկը չէր բացել: Նա մտքում ենթադրություններ էր անում, թե ինչ կլինի արկղիկի մեջ: Մերթ նրան թվում էր, թե այնտեղից կախարդական ջին է դուրս գալու՝ պատրաստ կատարելու իր բոլոր ցանկությունները, մերթ մտածում էր, որ այնտեղ կախարդական փայտիկ կա… Գիտե՞ս, հետաքրքիր բան մտածեցի,- տղան ցատկեց նստած տեղից,- փոքրիկս, վեր կաց, աչքերդ փակիր և ինձ հետ եկ:
Աղջիկն աչքերը փակեց և, տղայի ձեռքը բռնելով, հետևեց նրան:
— Բայց ո՞ւր ենք գնում,- հարցրեց նա:
— Գրողի ծոցը,- տղան ծիծաղեց,- աչքերդ դեռ չբացես, ես կասեմ երբ բացես, լա՞վ…
— Լավ:
Երբ նրանք հայտնվեցին տափակ մի քարաժայռի վրա, տղան ասաց.
— Հիմա բացիր աչքերդ:
Աղջիկն աչքերը բացեց, նայեց ներքև և ճչաց:
— Վախեցա՞ր, փոքրիկս,- տղան ծիծաղեց,- բայց ես պինդ բռնած եմ քո ձեռքից:
— Եկ մի քար գլորենք այստեղից,- ասաց աղջիկը:- Բայց եթե ես սայթաքեմ և ցած գլորվեմ, իմ հետևից կգա՞ս…
— Չգիտեմ, երևի այլևս չէի ցանկանա ապրել:
— Մի ուրիշին կգտնես,- աղջիկը չարաճճի ժպտաց:
— Ուրիշ ոչ ոք ինձ պետք չէ:
— Գիտես ի՞նչ եմ մտածում:
— Ի՞նչ:
— Ինձ թվում է, թե մի օր ես այնպիսի մի վատ բան եմ անելու քո հանդեպ, որ դու ինձ ատելու ես:
— Հիմարիկ, դա հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող եմ քեզ ատել…
— Համբուրիր ինձ,- աղջիկն աչքերը փակեց և ձգվեց դեպի տղան:
Տղան համբուրեց նրան, առավ իր ձեռքերի վրա և ասաց.
— Բայց, ավելի լավ է, հեռանանք այս գրողի տարած անդունդից, թե չէ ուրախությունից կարող եմ քեզ նետել ներքև…
— Իսկ ես, այ այսպես, ամուր կգրկեմ քեզ, և մենք երկուսով կթռչենք ձորը…
— Բայց դա հետո, երբ ապրելուց ձանձրանանք:
— Ճիշտ է,- ասաց աղջիկը և ծիծաղեց:
* * *
Նրանք հանդիպեցին ինստիտուտի բակում, ցայտաղբյուրի մոտ:
— Երեկ ես քեզ շատ սպասեցի, բայց դու չեկար,- ասաց տղան:- Ինչո՞ւ չեկար:
Աղջիկը լուռ էր:
— Ինչ-որ բան է պատահե՞լ:
— Չգիտեմ ինչպես ասեմ… Բայց, խնդրում եմ, չբարկանաս ինձ վրա:
— Ասա՛:
— Մի քանի օր առաջ ես հանդիպեցի նրան…
— Ո՞ւմ:
— Իմ մասին ինչ ուզում ես, մտածիր…
— Ո՞ւմ ես հանդիպել…
— Նրան… Երեկ նրա հետ էի… Նա ավտոմեքենայով եկավ իմ հետևից…
Տղան զգաց, որ իր մեջ շատ մեծ մի բան փշրվեց: Մի ակնթարթ նրան թվաց, թե աղջիկը կատակում է, բայց հետո հասկացավ, որ նա չի խաբում: Նա մտածեց, որ ինքը խաբվել է շատ ավելի առաջ, և որ՝ երբ իր վրա կրակել են, ինքն այնպես վատ չի զգացել, ինչպես այդ պահին: Բայց ոչինչ ցույց չտվեց և հարցրեց.
— Հետո՞…
— Ես գիտեմ, որ հիմա դու ինձ ատում ես,- ասաց աղջիկը:
— Ես քեզ չեմ ատում:
— Մենք կմնանք լավ բարեկամնե՞ր…
— Չգիտեմ:
— Դու ինքնասպան չես լինի, չէ՞:
— Չէ,- նա փորձեց կատակել,- ինքնասպանությունը հիմա մոդա չէ: Սպանության ամենատարածված ձևը հիմա ուրիշին սպանելն է,- հետո մտածեց, որ հիմարություններ դուրս տվեց և, ընդհանրապես, ինքը միանգամայն այլ բան էր ուզում ասել:
— Գիտեմ, որ ես մեղավոր եմ,- ասաց աղջիկը:
— Չգիտեմ: Իմ կարծիքով, դա այլևս նշանակություն չունի:
— Ես մեղավոր եմ:
— Ես երբեք արդարներ և մեղավորներ չեմ փնտրել: Ես ավելի մեծ բան եմ փնտրել…
— Ինձ վրա չես չարանում, չէ՞,- հարցրեց աղջիկը:
— Չէ… Բայց ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմել:
Երբ տղան մոտենում էր ցայտաղբյուրին, աղջիկն ասաց.
— Այն փոքրիկ տղան, ի վերջո, բացո՞ւմ է արկղիկը:
— Հա:
— Եվ ի՞նչ:
— Ոչինչ: Արկղիկը դատարկ էր:
Տղան կռացավ ցայտաղբյուրի վրա: Նրան թվում էր, թե աշխարհի ողջ ջուրն իրեն չի հերիքելու ծարավը հագեցնել: Նա ուզում էր, որ մինչև իր ջուր խմելը, աղջիկը հեռանա, և ինքն այլևս երբեք չտեսնի նրան:

1 comment

  1. Ես հավատում եմ, որ Արկղը սխալմամբ հակառակ երեսից է բացվել …
    Այն երեսից բացելը ավելի գեղեցիկ կլիներ:

Թողնել պատասխան Հեղինե-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.