Գնել Խաչատրյան | ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հանրաճանաչ բժիշկ ծնողների և նրանց գիտական շրջապատի ներքո հասունացումը պրպտուն մտքով օժտված երիտասարդին ուղղորդեց բժշկության և մարդաբանության հրաշալի ու բարդ գիտության խորքերը։ Իր իղձերի մարմնավորումը՝ բարձրակարգ համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի ուսանելու տարիները ապրեց որպես երջանիկ ակնթարթ։ Փայլուն կերպով պաշտպանեց ավարտաճառը՝ նվիրված բժշկության համընդհանուր սկզբունքների մշակման անհրաժեշտությանը և լուծման ուղղություններին։

Համալսարանի ավարտման և դիպլոմևերի հանձնման արարողությանը նրա անունը հնչեց առավել խոստումնալից ավարտողների հատուկ ընտրված ցուցակում։ Դա նշանակում էր, որ հեռանկարային աշխատանքային առաջարկներով պայմանագրերը մոտ ժամանակներում կհեղեղեն նրա փոստը, մանավանդ նրա ծնողների հանգամանքը նկատի ունենալով։ Այս ամենը ուժգնորեն շոյում և խենթացնում էր վառ երևակայությունը, որում գծագրվող պատկերները հեռու չէին իրականություն դառնալուց։
Ինքնամոռաց սավառնելով հասավ տուն, համաձայնեց ծնողների առաջարկ- նվերին՝ մեկ ամիս հանգստանալ արևադարձային լողափում։ Երբ, խենթացումից սթափվեց, արդեն լողափում էր։ Երկու օր ծովեզրին և մոտակա բնակավայրերում թափառելուց, ծովի ալիքների վայելքն ըմբոշխնելուց, նրա հոգեզմայլ երգից զարմանալուց հետո, զգաց սովորելու կարոտ, և ոտքերը ուղղվեցին գրախանութ։
Ծովը նրա կյանքը չէր, և նրա հոգում երգ չդարձավ։
Գրախանութում կարոտով և հիացմունքով նետվեց դեպի մասնագիտական գրականությունը՝ մանկան նման հրճվելով յուրաքյանչուր գտածոյով, ընտրեց նրանցից առավել հաջողվածները, սակայն հիշեց ծնողներին տված խոստումը՝ չտարվել մասնագիտական ընթերցանությամբ։ Դասական գրականությունը ձանձրալի էր, և երիտասարդը գտավ միջանկյալ լուծում՝ փիլիսոփայության և հոգեբանության մի քանի աշխատություններ։
Լողափին անցկացրած մեկ ամսվա ընթացքում հասցրեց ընթերցել այդ հրապուրիչ գիտություններին նվիրված բազմաթիվ ձեռնարկներ։ Այդ գիտությունները ակամա դարձել էին նոր հրապուրանքի առարկա։
Հոգնած, բայց և բոցկլտող հայացքով վերադարձավ հայրենի օջախ, ուր արդեն նրան էին սպասում մի քանի հրաշալի աշխատանքային առաջարկություններ։ Դրանց համար ժամանակ և ոչ էլ ցանկություն ուներ։ Կարոտով շտապեց աշխատասենյակ։
Մեծ ակնկալիքներով հրապարակեց իր ապագա ծրագրի հիմնաքարը, որի համառոտ հիմևադրույթը հետևյալն էր. «ԲԺշկության զարգացման պատմական ձևը վերափոխման կարիք ունի։ Անհրաժեշտ է ամենափոքր մասնիկներից սկսյալ ստեղծել մարդուն, որով ակներև կլինի հայտնի ու դեռևս անհայտ հիվանդությունների ու մահվան պատճառը, ուստի նաև նրանցից խուսափելու միջոցները»։
Հրատարակչությունից տուն վերադարձավ անմահության գաղտնիքը բացահայտածի բոցավառ տեսքով։ էականը հայտնագործած գաղափարն ու իրականացմանն ուղղված քայլերի տեսանելիությունն է, մնացյալը՝ ջանքերի և ժամանակի հարց։ Երևակայությունը շռայլորեն կառուցում էր իրեն ուղղված փառաբանության ցնցող պատկերներ։ Երազը մի քանի օր տևեց։
Ծրագրի վերաբերյալ արձագանքները սկզբում տհաճ զարմանք և նեղսրտություն
պատճառեցին, սակայն հանճարեղ գաղափարի ժամանակակիցներից
չհասկացվելու պատմական փորձը սփոփեց՝ դրդելով անձամբ իրականացնել
ծրագիրը։ «Մի քանի տարի անց, այդ նույն սկեպտիկները և նախանձողները
կեղծաբար կշնորհավորեն ինձ, մանրամասն ուսումնասիրելով կողքին կանգնած
մարդուն՝ իր ստեղծագործությանը, և կփորփրեն բոլոր հիվանդությունների և
անմահության գաղտնիքը լուսաբանող իր աշխատությունները։ Ինքը ներողամտաբար կժպտա»: Ապագայի պատկեր ներկայացնող մնացյալ մանրամասների կառուցումը ժամանակի ավելորդ վատնում համարելով անցավ իրականացման պլանի կառուցմանը:
Կատարվելիք աշխատանքների, անհրաժեշտ ձեռնարկների և նյութերի, կատարման փուլերի հերթականության, օժանդակ աշխատանքների իրականացման և ժամանակացույցի կառուցման ձևակերպումային շրջանը տևեց մեկ ամիս և ներկայացնում էր յոթանասուն համակարգչային էջ շարադրում։ Այս փուլը իրականացվեց նախատեսված ժամանակահատվածի երկու-երրորդ մասով։ Այս առաջին հաջողությունը խիստ ոգևորիչ էր։ Այսպիսի տեմպերով աշխատանքի դեպքում ողջ ծրագիրը կարելի է վերջացնել չորս տարում՝ նախատեսված վեց տարվա փոխարեն։
Վերհիշեց իր տարիքը՝ քսաներեք։ Այդ տարիքում հազվադեպ մարդկանց է
հաջողվում այսքան հաջողությունների հասնել։ Վերջին փաստը խիստ շոյեց
ինքնասիրությունը։ Տարիքին ավելացնելով ծրագրին նվիրվող ժամանակահատվածը սւոացավ քսանիննը, որը նշանակում էր, որ ամենաուշը այդ տարիքում բոլորից վերև կբոցկլտա իր աստղը։
Շքեղ առանձնատան իրեն պատկանող առավել աննկատ մասերից մեկում առանձնացրեց երկու սենյակ՝ ուսումնասիրությունների և փորձասենյակի համար, և իր ապրելակերպը պարտադրելով ծնողներին, որոնք արդեն հուսահատ էին իրենց որդուն ճիշտ ուղղությամբ ուղորդելու, անցավ ծրագրի իրականացման հաջորդ փուլին։
Այն հանդիսանում էր անհրաժեշտ գիտելիքների կուտակման և դասակարգման շրջան, որով նախապատրաստվում և գծագրվում էր վերջնական իրականացման բոլոր անհրաժեշտ մեխանիզմևերն ու միջոցները, ինչպես նաև, կազմվում էր մանրամասն ուղղեցույց կենդանի մարդու կառուցման։
Փուլին նախատեսված երեք տարվա ժամանակահատվածի սպառումը ստիպեց վերջնաժամկետը տեղափոխել անհրաժեշտ վեց տարով նույնպես։ Այդ տարիների ուսումնասիրությունը ի հայտ բերեցին դեռևս անհայտ բազմաթիվ էական տեսությունների ուսումնասիրության անհրաժեշտություն, որոնց ծավալային տարողությունը եռակի անգամ գերազանցում էր նախատեսված ժամանակահատվածը։ Առկա էր տեսության իմացության ընդարձակման հետ կապված չիմացության ծավալների ավելացման երկրաչափական պրոգրեսիայի երևույթը։
Այս փաստը սկզբում փոքր ինչ հուսահատեցրեց, սակայն գիտությունների խորհրդավոր տարողությունների ուսումնասիրության և բացահայտման հաճույքն ու նպատակայնությունը, արագորեն հուսապնդեցին նրան։ Բացի այդ երեսունչորս տարեկանում նույնպես այդպիսի հաջողության հասնելը այնքան էլ ուշ չէ։
Եվս վեց տարիներ սահեցին գիտության խորհուրդների բացահայտման թմրեցնող երանավետ թևերում։ Միգուցե այդ էր պատճառը, որ առանց տատանվելու լրացուցիչ ավելացրեց անհրաժեշտ տաս տարի նույնպես։ Ավելին ավելացնել չէր կարելի։ Կյանքի միջին տևողությունը և դեռևս որոշ տեսությունների վերաբերյալ առկա բացը ստիպում էր ավելացնել ուսումնասիրությանը նվիրվող տարիները, սակայն,նա չէր ցանկանում փառաբանվել ծերունու տեսքով։ Վերջին հանգամանքը առավել վճռորոշ գործոն հանդիսացավ և որոշեց վերջ դնել ուսումնասիրության շրջանին։
Անհրաժեշտ էր արագորեն կազմել ստեղծմանն անհրաժեշտ սարքավորումների և նյութերի անվանա- քանակային ցուցակը։ Այս փուլը ամենաձանձրալին ու հոգնեցնողն էր, և առնչվում էր ամենատարբեր ճյուղերի տեղեկագրերի և ձեռնարկների հետ։ Աշխատանքի ծավալի մասին կարելի է պարզ պատկերացում կազմել, եթե միայն դիտարկենք, որ մարդու մարմևում առկա են հսկայաքանակ բաղադրության և տեսակի բջիջներ ու մասնիկներ, որոնց լոկ թվարկումը և գտնվելու վայրի վերաբերյալ ցուցակակազմումը բազմաթիվ տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում, և այն էլ առանց ամբողջական արդյունքի ապահովագրման։
Հիշեց, որ այս փաստը սպրդել էր ժամանակացույցի կազմման ժամանակ, միգուցե խիստ ոգևորության և այս փուլին ոչ էական տեղ տալու պատճառով։ էլ ավելի անհույս էր դառնում մարմևամասերի ստեղծման գաղափարը։ Դրա համար բազում կյանքեր կպահանջվեին։ Ուրիշների կյանքերը օգտագործելու բազմադարյա փորձառությունը ինքն օգտագործել չէր կարող՝ նա մենակ էր։ Երկու օր մտորելուց և պատասխանը չգտնելուց հետո ընկավ հուսահատության մեջ։
Մի քանի օր սառն ու խոնավ մոտակա դատարկ փողոցներում թափառելուց հետո ստիպված որոշեց գործի իրականացնելիության շահերից ելնելով, որոշ առավել բարդ բաղադրություն պարունակող կամ բարդ կապերով ու կառույցներով կառուցված մարմևամասերը ձեռք բերել ամբողջությամբ, ետ կանգնելով, ամենափոքր մասն իսկ սեփական ձեռքերով ստեղծելու նախնական հրաշալի ծրագրից։ Սփոփիչ փաստ էր հանդիսանում այն, որ ինքը գիտեր նրանց կառուցելու ողջ գաղտնիքը, որը համարյա հավասարազոր է այն սեփական ուժերով ստեղծելուն։
Տրամաբանական շղթան հասցրեց ամբողջական մարմին ձեռքբերելուն, քանզի մաս-մաս հավաքելը որևէ իմաստ չէր պարունակում։
Մի պահ ափսոսաց այդքան երկար տարիներ ավելորդ, ոչ կիրառական գիտելիքների և տեսությունների կուտակմանն ու ուսումնասիրությանն նվիրելու համար։ Եվ ամենացավալին այն էր, որ դրանք կյանքի լավագույն ժամանակաշրջանի՝ երիտասարդության, տարիներն էին։ Այդ հսկայածավալ գիտելիքը ոչ միայն որևէ օգտակարություն և կիրառություն չուներ, այլև խանգարում էր մտքի առողջ, արդյունավետ և ճկուն աշխատանքին։ Հիշեց, թե որքան հաճույքով էր տրվում այդ գիտելիքների յուրացմանը, ինչ հաճույք էր ապրում յուրաքյանչուր նոր տեսությանը ծանոթանալուց, և մանավանդ, այն ըմբռնելուց հետո։ Ինչևէ, առկա էր անուղղելի տխուր փաստը։
Երիտասարդությունը փոխարինվել էր մեծամասամբ անկիրառելի գիտելիքով, որոնք ոչնչացրին իր կյանքը, իսկ գոյությունը արդարացնելու հեռանկարը դեռևս մշուշոտ էր։ Այդ ուղղությամբ դեռ անհրաժեշտ էր հսկայական ջանք և ուժ կիրառել։
Այժմ արդեն ոչ կիրառելի ծրագիր- ժամանակացույցը անհրաժեշտ էր փոխել նորով։ Մասնակի շտկումներով այն արդյունավետ դառնալ չէր կարող, քանզի փոխվել էր վերջնական փուլի իրականացման ողջ մեխամիզմը։ Մի պահ մտածեց հինը նետել խարույկի մեջ, սակայն արագ ետ կանգնեց այդ մտքից. պատմաբաններին այդ փաստաթուղթը ապագայում պետք կգա։
Նոր մանրամասն ծրագիր-ժամանակացույցի կազմումը կարճ տևեց՝ ընդամենը մեկ շաբաթ։ Այն իր մեջ ներառում էր ընդամենը չորս ենթակետ. ա)լաբորատորիայում անհրաժեշտ սարքավորումների, գործիքների ու տեխնիկայի անվանացանկի ու քանակների ճշգրտում և ձեռք բերում՝ երեք ամիս, բ) իրավաբանական անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, որով իրեն թույլ կտրվեր մինչ դիահերձարանը իր պայմանները բավարարարող համապատասխան դիակի ձեռք բերում և տեղափոխում փորձասենյակ (առավել նախընտրելի էր ավտովթարի զոհ դարձած, երիտասարդ ու առողջ մարմևով անձ)՝ վեց ամիս, գ) մահվան պատճառ հանդիսացած վնասվածքների բուժում, վիրահատում և փոխարինում նորով՝ երեք ամիս և դ) վերակենդանացում՝ մեկ ամիս։ Ողջ փուլը կտևի մոտավորապես մեկ տարի։ Վերջին փաստը խիստ ուրախացրեց նրան՝ վերջապես կավարտի այս անիծված ձեռնարկը։
Վերջին ուժերը համախմբելով անցավ ծրագրի վերջնական իրականացման փուլին։ Ակզբում որոշակիացրեց սարքավորումների և տեխնիկայի անվանացանկը, որոնք նախատեսված կլինեն առավել ընդհանուր օգտագործման համար։ Այն իր մեջ ներառում էր սառնարանային, ֆունկցիոնալ ապահովման և վերակենդանացնող պարագաներ։ Անվանացանկի կազմումը և նշված պարագանների վաճառատեղերի վերաբերյալ լրատվության հայթայթումը կարճ տևեց։ Աակայն, գումարային վերլուծությունը տհաճ անակնկալ էր պատրաստել. ֆինանսական ավանդները այլևս ի զորու չէին ապահովել ողջ ծախսերը։ Ելքը արագ գտնվեց։ Նվազ գներով, ժամանակի սղության պատճառով, վաճառվեց տան կահ-կարասու գերակշիռ մասը. ծնողների մահից հետո սրանք ընդհանրապես չէին օգտագործվում և ոչ էլ հոգևոր կամ գեղագիտական բավականություն պատճառում դիտողին։ Ասենք, դիտող էլ չկար։ Հետո գնվեց առավել օգտագործելի գործիքները, դեղամիջոցները, և զանազան բժշկական պարագաներ։ Մնացյալ անհրաժեշտ դեղամիջոցներն ու պարագաները կգնվեին մահվան ու մարմևի վիճակի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի արդյունքում, քանզի հնարավոր չէր դիտարկել բոլոր դեպքերը, և, նամանավանդ, ֆինանսական դժվարությունները խոչընդոտում էին։
Առաջին ենթակետը ավարտված էր։ Ֆինանսական չնախատեսված գործարքների պատճառով այն չորս ամիս ձգձգվել էր։ Փաստաթղթային փաթեթի ստեղծումը՝
լինելով առավել պարզունակ և չառնչվող բուն գործունեությանը, դարձավ ամենատհաճ, ուժասպառող, նյարդային և ֆիզիկական ուժերը քայքայող խնդիրը։ Չնայած պատկերացում ուներ բյուրոկրատական ապարատ կոչվող հսկայից, որի հանգամանքն էլ հենց դրդել էլ վեց ամիս կատարողական ժամանակահատվածի ընդունում, սակայն իրականությունը շատ ավելի գորշ էր։ Կարծես ողջ աշխարհը նպատակաուղղվել էր ամեն գնով խանգարել առաջին հայացքից քիչ դժվարություններ պահանջող իր խնդրին՝ գործիք ունենալով ամենատարբեր աթոռների նստած բազմադեմ չինովնիկների, որոնց մեջ դժվար կարելի էր գտնել լոկ մեկը, որի գիտելիքները, կրթությունն ու տաղանդը կարելի էր համեմատել իր հետ։
Մտածեց թողնել ծրագիրը. բյուրոկրատների հետ պայքարում կորչում ու կործանվում էին ինքնասիրությունը, պատիվը, հպարտությունն ու փողերը։ Բազմիցս ստիպված էր ստորանալ իրենից հարյուր անգամ ցածր կանգնած չինովնիկին, և վերջում էլ խորին երախտագիտության դրոշմը դեմքին շնորհակալություն հայտնել, կամ հսկա գումարներ տալ, հանուն ինչ որ աննշան ստորագրության, որը չգիտես ինչ տրամաբանությամբ պարտադիր պայման էին դարձրել իր խնդրի բավարարման։
Երեք տարիների պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ (եթե այն դեռևս կարելի է «հաջողություն» կոչել): Թույլատվության փաթեթը իր ձեռքին էր։
Խիստ անհրաժեշտ հանգստի համար ժամանակ չկար, և ոչ էլ գումար։ Ասենք, մինչ նախավերջին փուլին անցնելը անհրաժեշտ էր սպասել անորոշ ժամանակ, մինչև համապատասխան մարմևի ի հայտ գալը։ ժամանակը իզուր չվատնելու համար, սկսեց վաճառել մնացյալ, դեռևս վաճառքի համար ենթակա կահ- կարասին, կրկնել ողջ անհրաժեշտ գիտելիքները, առավել ուշադիր վերանայել գնված ու տեղադրված սարքավորումների նպատակահարմարությունն ու աշխատունակությունը, իրականացնել անհրաժեշտ վերանորոգչական ու շտկման աշխատանքներ։
Միգուցե, այդ ժրաջանությունը պատճառ հանդիսացավ ծրագրված ժամկետում
համապատասխան դիակի ի հայտ գալուն։ Սակայն, նրան խորը
հիասթափությունն էր սպասվում։ Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի
առկայությանը, զոհված երիտասարդի ծնողները հրաժարվեցին որդուն հանձնել։
Նրանք չհավատացին վերակենդանացման խոստումերին և ոչ էլ պատրաստակամ էին օժանդակել մարդկության համար խիստ կարևոր ձեռնարկին։ Ավելորդ անախորժություններից խույս տալու լավագույն միջոցը արագ և աննկատ հեռանալն էր։
Բախտը, սակայն, խղճաց նրան։ Մոտ մեկ ամիս հետո անհրաժեշտ մարմինը՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ, որոնք խիստ անհրաժեշտ կլինեին հետագա ապացույցների համար, տեղադրվեց փորձասենյակում։
Մանրամասն ծրագրի կազմումից ու բացակայող անհրաժեշտ դեղամիջոցների ու գործիքների գնումից հետո անցավ վիրահատական ու բուժման գործընթացին։
Մոռացած սնվելու և քնելու մասին, ինքնամոռաց ու ոգեշնչված աշխատեց երեք օր։ Կատարեց ողջ նախատեսված գործողությունները։ Բոցավառ սրտով մի քիչ հաց ու երշիկ ծամեց, նստեց սեղանի մոտ։ Մոտալուտ հաղթության ցնծումը զգացնել էր տալիս իր տաք շնչառությունը։ Հուզմունքն ու երկյուղածությունը սառը քրտինքով պատեցին մարմինը։ Ոտքերը քարշ տալով մոտեցավ վիրահատական սեղանին, ձեռքն առավ սարքավորումը և գործի դրեց։ Կես ժամ փորձերից հետո համոզվեց այդ միջոցի անզորությանը։
Հինգ րոպե անց ձեռնարկեց այլընտրանքային միջոց։
Մարմինը ետ տեղադրեց սառնարանում։ Մեկ ամբողջ ամիս փորփորեց քիչ թե շատ խնդրին առնչվող հրատարակչություններն ու գլխում կուտակված հսկայածավալ գիտելիքը, նրանցում որևէ ուշադրությունից վրիպած նրբություն հայտնաբերելու հույսով։ Ինքն էլ չհավատալով արդյունքին, փորձարկեց մի քանի նոր միջոցներ նույնպես. գոնե, այդ միջոցների չփորձարկելու գաղափարը իրեն անընդահատ չի անհանգստացնի։ Ամեն ինչ զուր էր։ Բնական գիտելիքներն այս խնդրում որևէ լուծում չէին առաջարկում։
Հետո անցավ խորհրդապաշտական և կրոնական գրականությունների ուսումնասիրությանը։ Վեց ամիս անց նրանցում տեսավ խնդրի լուծման հեռավոր աղոտ լույս։ Ինքն իրեն զայրացավ, որ արհամարել էր դարերից ժառանգված իմաստությունը, և զարմացավ, որ ինչպես է կարողացել գոյատևել առանց իր ներսում ունենալու կյանքի այդ գիտությունը։ Վերջին միտքը առկայծեց հայտնագործության պես։ «Կյանք», ահա այն, ինչը փորձում է ստեղծել։ Հենց կյանքի գիտությունն էլ կտա կյանքի ստեղծման բանալին։ Հիշեց քանդակագործին, որի առ բարձրյալները աղոթքին ի պատասխան կենդանություն շնորհվեց գեղեցկուհի մարմևավորված քանդակին։ Իր դեպքում այն ավելի դյուրին էր. պառկած մարմինը կենդանի չլինելու որևէ հիմանավոր պատճառ չուներ։
Եվս վեց ամիս, և կյանքի գիտությունը նրան շնորհեց կյանքաստեղծ բանալիներ։ Եվս մեկ ամիս, և փաստվեց բանալիների անզորությունը։
Սկսեց խելագար ծիծաղել մանկամիտ միջոցին հավատալու և այդքան ժամանակ վատնելու վրա։
Ուրախացավ, որ աստվածները չշտապեցին կատարել իր խնդրանքը։ Արդար չէր լինի իր այսքան չարչարանքի արդյունքը ներկայացվեր որպես աստծո հրաշք։ Այն անիմաստ կդարձներ ծրագիրը, որին նվիրել էր իր ողջ կյանքը։
Ուժասպառ ու հուսահատ ձգվեց հատակին։ Մի պահ մոռացավ աշխարհում ամեն ինչ՝ դիակից կենդանի մարդ ստեղծելու գաղափարը։ Քաղցը վաղուց մոռացած մարմինը քուն մտավ՝ արհամարելով սառը գետնից պատող սարսուռը։
Ամբոխը բարձրաձայն փառաբանում էր վերակենդանացած երիտասարդին՝ իրար տրորելով փորձելով գոնե մեկ ակնթարթ շոշափել կենդանացած մարմինը։ Օդը լցված էր հրաշք երևույթից սփռված խորհրդավորությամբ։ Հպարտությունից սիրտը ցնծում էր։ Ձսպել ներսում փոթորկվող պոռթկումը չէր կարող, և գոռաց. «Այդ ես ստեղծեցի նրան»։ Ամբոխի փառաբանություն-ժխորը խեղդեց ձայնը, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Փորձեց նորից գոռալ, բայց ձայն դուրս չեկավ։
Մեկ շաբաթ անց, հարևանների կանչով ժամանած ոստիկանները դատարկ առանձնատան խարխուլ սենյակում հայտնաբերեցին հատակին փռված ծերունու փտող և բժշկական սառնարանում պառկած երիտասարդի մարմինները։

Թողնել պատասխան

Your email address will not be published.