«

»

Մար 20 2009

Տպել Գրառում

Լիդա Նալբանդյան | ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Զգայարաններ

Լուսավոր թախծի երգը զնգում էր մաշկի տակ, և փշաքաղության ալիքը հետզհետե լցնում էր կոպերի թասը վարդագույն ջրով: Դրան միախառնվում էր վայելքի հաճելի ալիքը` եկող որովայնից և բարձրացող մինչ կոպերի թասը` լցնելով այն վարդագույն ջրով: Եվ սկսում էր կաթկթալ վարդագույն ջուրը` թրջելով ծակոտիները մաշկի, սահելով մինչև շրթունք և հանգցնելով բոցավառվող կարմիրը վրայի: Գլուխը դրեց նստարանի հենակին և աչքերը հառեց դեպի իրար հաջորդող կադրերը` փողոցի խանութների, խաչմերուկների լապտերների: Լապտերները լուսատտիկներ դարձան, շարվեցին մանյակի գծով և նվիրվեցին երկնքին: Տիեզերքից մարդկանց լապտերներն արձակում էին լուսատտիկի լուսավորություն, կանգնած միևնույն տեղում, իսկ նրանց սրտերի լույսերը` ավելի դժվար տեսանելի, բայց ավելի հզոր, քիչ էին երևակայության թևին նստած հասնում տիեզերքին: Լույսը միացնող վարդակն անսարք էր:
Միամիտ, բայց կոկետական ժպիտը դրոշմվեց շուրթերին, աչքերը փայլեցին այդ հրաշալի մտքերի շարանից և սարսուռն ուժեղացավ:
Կլսե՞ն արդյոք մարդիկ նրա խոսքը երբևէ, թե ինքնահռչակ են խոսքերն, անհասցե, երբեք հանգրվան չե՞ն գտնելու ինչ-որ մեկի հարցադրումի վրա, չե՞ն բաղձալու դարման լինել, չե՞ն դառնալու ձոն, չե՞ն լինելու… Մնալու են թանաքոտ տողեր և ռմբակոծելու են գլուխը` այլևս չբերելով վարդագույն արցունքներ:
Աշուն է, իսկ հորինած կյանքը շարունակում է լաց լինել իր ճակատագրի վրա… Խաղողն օրհնեցին, մրգերը կերան, պահածոները փակեցին, քննությունները հանձնեցին, հագուստ տաք գնեցին, թեյը ըմպեցին, ծնունդ շնորհավորեցին, ամեն ինչ գծված գրաֆիկի համաձայն արեցին: Ձանձրալի է… Աշուն է, իսկ հեռախոսը լուռ է: Ձանձրալի է : Գրքի հերոսների բախտը բերեց և նրանց կյանքում սերը հաղթեց, այլ ոչ թե հաղթվեց, քանզի քաղաքական շահերը նրանց հայրերի համընկան: Դա էլ է ձանձրալի, քանզի… Աշուն է:
Ոտքերը մանրիկ քայլերով, քսմսվելով գետնին ուղղվեցին դեպի պատուհանագոգը, ձեռքերը կախվեցին պատից, մարմինը հրվեց, ցատկ, վայրէջք դեպի պատուհանագոգի սառը հատակը: Ինչ էլ նեղ է, նստել չի լինում: Նոր տնկած բույսեր մայրիկի ձեռքով: Անգամ թութակը մահացավ, ուր մնաց բույսերը դիմանան, ինչևէ: Ինչ մեծ լուսին: Բա՜րև, լուսի՛ն, ի՞նչ կա այդտեղ, միգուցե պատմե՞ս նորություններ լուսնոտների կյանքից…
Աշուն է, և ակամա մատները տաքություն են փնտրում տաբատի բրդյա գրպաններում և ակամա մարմիններն ուզում են զգալ հագուստի ջերմությունը, գոնե հագուստի… Սա կյանք է, իսկ նրանում մեկը միշտ հաղթվում է մյուսով, միշտ մեկը մնում է ներքևում, չէ՛, հնարավոր է, որ այլ իրավիճակում ներքևինը դու չլինես, բայց եթե կա այդ ներքևինը ուրեմն դու ես վերևում, և քանի կա այդ անիծյալ երկուսը, հակադրությունը, հականիշը, հակառակը կյանքում միշտ էլ մեկը կհաղթվի մյուսով և չկա փրկություն:

Փնտրտուքներ

Կիրքը բռնել էր պարանոցից և հաճույքը խեղդում էր կոկորդը: Մոր արգանդի անսահմանությանն էր նման զգացողությունը` սաղմի ձևավորման առաջին ամիսներին, երբ դու ես Ալֆան և Օմեգան: Վերջանում է կյանքը և անգամ մահն է սկսում փնտրել վայելքի հատիկներ, որոնք բռնել էին նրա պարանոցը և քաշում էին ներքև: Հանկարծ պատերը նեղացան և շուրջը մթնեց, խեղդվում էր միևնույն պահին և՛ սահմաններից, որոնք անպատռելի ու անպարտելի էին, և՛ իր տկարությունից: «Ինչու՞ ես շոյում», – մտքեր, որոնք անընդհատ գնում ու գալիս էին`խախտելով հաջորդականությունը: Մտքերը դարձել էին լիճ, որը տեղ-տեղ ճահճանում էր և տանում դեպի անդունդը, անհայտը: Ապրել զգացմունքով միշտ, բայց մինչև վերջին կաթիլը չխմել նրա քաղցր թույնը: Ապրել ուրիշի ապրածով և չգիտակցել ամենաքաղցր մեղքի բերկրանքը: Եվ կամ հրաժարվել ապրելուց, երբ վայելքից թուլացած թաթերը և մատները անշարժ հեռանում են, առաջինը` գետնից, երկրորդը`առնական ուսերից:
Պատերը սկսեցին ավելի խեղդել, երբ գիտակցեց, որ անզոր է կրքի և նրա ծնունդների դեմ, անզոր է… Պարտությունը զայրանալու չափ մահացու վայելք էր: Սիրում եմ, թե պարզապես մարմինս տենչում է դեպ նա, իսկ միտքս չի էլ փորձում հանգստանալ: Կյանքը կծնվի և կմեռնի նրա ձեռքերի մեջ, կատուն կմռռա և կգնա հանգիստ վայելելու տիրոջ մատների քնքշանքից մնացած մարմնի ջերմությունը սառն անկողնում: Թվում էր, թե ո՞վ է ապրել այսքան սեր և կսկիծ, տենչանք և տխրություն, բերկրանք… և այն էլ միանգամից: Ես պտուղն էի անսահմանության և անվերջության… Դա հրաշալի էր: Կհամբուրեի տասը հազար ավելի անգամներ, բայց ավաղ մոտենում էր ծնվելու պահը: Ես պետք է նորից վերածնվեի: Ես այն պտուղն էի, որում ինքն իմ մեջ կար և ես `նրա: Վերածնվեցի. «Քո նմանը չկա, դու գիտե՞ս»:
Գինուց և սիրուց արբած աչքերը քնքշորեն մերկացնում էին հոգիս: Թուլացնում մտքերս, որպեսզի հեշտանա… Բայց Դանիելը եկավ փրկության: Ին՛չ, հիմա պետք է իմ սեփական հրեշտակն ինձ քարկոծի՞: Զզվեցի ամենից, մի փոքր կարմրեցի, ամաչեցի: Բայց ոչ, թքել էի ես քողարկված սրբի շորերով մեղավորների բարոյականության վրա: Ոչինչ չկա, երևույթը կիրքն էր և ես երջանիկ էի, շնորհակալ էի` ամեն:

Share Button

3 կարծիք

  1. Մարուշ

    Ապրիս, Լիդա ջան, քաջ եւ ինքնուրոյն գրիչդ միշտ այս թափով թող մնայ:

  2. Kristine

    Shat lavna Lid jan!
    Так держать!!!!!!!!!!!!!

  3. Anonymous

    iskapes anvax es grel,qanzi es inqs im xostovananqic kvaxenayi!!!!!!!!

Պատասխանել Anonymous-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>