«

»

Ապր 04 2009

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Աշխարհը կառուցված է պատերից և դռներից։ Դռները փակ են, և ամուր են պատերը։ Ամեն դուռ և ամեն պատ ունի իր գաղտնի համարը. համարներն արտահայտվում են թվերով, սակայն ոչ ոք չգիտի, թե որտեղից են սկիզբ առնում թվերն ու որտեղ են վերջանում։ Գիտուններն ակնարկում են, որ թվերը մարմնավորում են ստացել պատերում և դռներում՝ դառնալով տեսանելի և նյութեղեն։ Պնդում են նաև, որ իրականում գոյություն չունեն թվերն ու մնացյալը, գոյություն չունի ոչինչ՝ բացի անհայտ ու միակ էությունից, որն ինքը և դուռ է, և պատ. այդ էությունը շարունակաբար բազմապատկում է իրեն՝ ծավալվելով իրենից դուրս և մնալով իր սահմաններում։ Նրանք ասում են նաև, որ սահմանները չեն սկսվում կամ վերջանում որևէ տեղ՝ տարածության ու ժամանակի մեջ, որովհետև միասնությունը նկարագրվում է իրենով և աներևակայելի է։ Մենք՝ բանտարկյալներս, տեսնում ենք ինչ-որ պատեր ու դռներ, սակայն ազատագրվածի համար դրանք չկան։ Ազատագրվածը չի տեսնում պատերն ու դռները դրսից. դրանք վերանում են իր համար։ Ես բանտարկյալներից մեկն եմ և չեմ կարողանում պատկերացնել առանց պատերի աշխարհ. ինձ բավական է գեթ մեկ բացվող դուռ գտնելը։ Դռները ստեղծվել են բացվելու համար. այդպես են ուսուցանում գիտունները։ Նրանց համար պատերը դռների ծնողներն են և միջոց՝ դռները շրջանցելու։ Չեմ հավատում։ Եթե պատերը չլինեն, անօգուտ կդառնան դռներն ու կարժեզրկվի կյանքը. այսպես են մխիթարում բանտարկյալներին առավոտյան քարոզի ժամանակ։ Մենք պետք է երջանիկ լինենք, որ կյանքում կան պատեր. հենց պատերն են մեր հույսը, ոչ թե դռները. սա է նրանց գոհաբանական աղոթքը։ Պատկերացրեք աշխարհ՝ բաղկացած միայն դռներից։ Ի՜նչ ձանձրալի է՝ բացականչում են նրանք։ Գովելի է այն բանտարկյալը, ով գերադասում է չունենալ դռներ, եթե չկան դռները ստեղծող պատեր։ Երանելի է այդ բանտարկյալին ուսուցանող գիտունը, և առանձնաշնորհյալ է նրա աշակերտը։ Նման բանտարկյալներին սովորաբար փորձում են և քննում բազմաթիվ անգամներ՝ համոզվելու համար, որ չի կեղծում։ Համոզվելով, որ յուրացրել է հիմնական պատվիրանը՝ նրան վստահում են իր դռան գաղտնի թիվը, և երջանիկը կարող է օրինական դռնով դուրս գնալ։ Մեզ արգելված է հետաքրքրվել նրա հետագա ճակատագրով կամ իմանալ, թե ուր է տանում միայն մի ակնթարթ բացված դուռը։ Կասկածներ կան, որ դռան այն կողմում նույնպես պատեր են և դռներ, սակայն նման մտքեր տարածողին զրկում են սեփական դռան թիվն իմանալու առիթից։ Եթե պատահմամբ կամ ճակատագրի կամքով նա կարողանում է բացել իր համար նախատեսված դուռն առանց գիտունների օգնության, նրան նույնպես թույլատրվում է հեռանալ բաց դռնով։ Դրանից ավելին չգիտեմ։

Ես շատ երկար եմ փնտրել ու տառապել։ Բանտում հայտնվելուց ի վեր վայելում եմ ուսուցանող դայակներիս անվստահությունը, ինձ մի քանի անգամ զրկել են իմ թիվն իմանալու երջանկությունից, երբ հասել է օրենքով սահմանված հերթը։ Բոլոր դռները փակված են իմ առաջ։ Եթե միտքս չպայծառանա, եթե ճակատագրական պատահականությամբ չհայտնաբերեմ միայն ինձ համար նախատեսված դռան գաղտնաթիվը, ընդմիշտ կմնամ այս բանտախցում։ Այդ միտքն ինձ սարսուռ է պատճառում։
Հիասթափված դռներից և խեղդվելով պատերի սահմանած բանտում՝ օրեր շարունակ ապրեցի աշխարհին անհաղորդակից վիճակում, լսելով դայակներիս և չհասկանալով, տանջվելով սևեռուն ցանկություններից և ազատագրումս չտեսնելով։ Հետո մտածեցի, որ անարդար է միայն դռներ ու պատեր ունեցող աշխարհ ունենալը, անկասկած, այլ ելք պետք է գոյություն ունենար, կամ ստեղծվեր։ Պետք է ինքս գտնեի լուծումը։
Պատասխանն, ինչպես լինում է կյանքում, եկավ անսպասելի։ Հերթական բանտարկյալի ազատագրման ժամանակ, հավաքված հանդիսավոր տոնախմբության առիթով, լսում էինք գլխավոր դայակի բարեմաղթանքները։ Հետո ազատագրվող բանտարկյալը, դեմքով կանգնած դեպի դուռը, մտքում արտասանեց (ինչպես հավատացնում են մեզ) իրեն շնորհված գաղտնաթիվը, և պատից արտաքուստ չտարբերվող դուռը դանդաղորեն սկսեց վեր բարձրանալ։ Այդ պահին, հրամանի համաձայն, բոլորս դեմքով շրջվեցինք դեպի հանդիպակաց պատը՝ չտեսնելու համար մեր, արդեն ոչ-բախտակից, ընկերոջ ելքը։ Պայծառացման ակնթարթն արդեն հարվածել էր ինձ, և ես հասկացա, թե ինչպես են առաջացել դռները։ Իրականում դուռը պատի, կամ պատի մի մասի (կարևոր չէ) բացակայությունն է։
Թաքուն մտածումի օրեր սկսվեցին ինձ համար։ Միտքն այնքան գեղեցիկ էր ու ապշեցուցիչ, որ սկզբում հրաժարվում էի հավատալ ինքս ինձ։ Դուռ ստեղծելու համար պետք է պատից կտրել դրա մի մասը. երդում էր ողջ էությունս։ Ինքս ինձ համար հորինեցի «պատուհան» բառը և հիացած ու երջանիկ նորահայտ իմ ստեղծագործությամբ՝ սկսեցի սեփական դուռ ստեղծելու ուղիներ մտմտալ։
Դռները սուրբ են և սուրբ են դրանց ծնող պատերը։ Սուրբ է դռան գաղտնաթիվը ստացողը և սուրբ է սպասողը։ Փաստորեն, մենք բոլորս սրբեր ենք, և երբևէ չպետք է ինքներս հրաժարվենք մեր սրբությունից՝ ապստամբելով այլ սրբությունների դեմ։ Գիտեմ, որ չի կարելի խախտել դռների և պատերի միասնությունը, չի կարելի խաթարել աշխարհի դեմքը՝ կտրելով պատի մի մասը և մեղանչելով։ Չնայած գիտելիքներս թելադրում էին վանել ապօրինածին մտքերն ու խոնարհությամբ սպասել իմ հերթին, չկարողացա դիմադրել պատերից մեկի վրա խոռոչ բացելու գայթակղությանը։
Որոշեցի գործել գրշերները, այն պահերին, երբ նույնիսկ հսկիչներն են քնում։ Դժվար իրագործելի միտք էր, որովհետև հսկողությունը արթուն է, երբ նույնիսկ քնած են բոլորը. ասում են, թե պատերն իրենք ունեն աչքեր և ականջներ և հետևում են անընդմեջ։ Սարսռելով բռնվելու վտանգից և վախենալով միայն ու միայն անհաջողության դաժան հեռանկարից՝ ընտրեցի գիշերային պատի մի հատվածը և սկսեցի շոշափել՝ մտածելով պատը եղունգներով քերելու մասին։ Հարթ, անտանելիորեն ողորկ պատին չկար դռան որևէ հետք, սակայն բոլորս էլ գիտենք, որ մի պատի վրա կարող են տեղավորվել անհամար քանակությամբ դռներ։ Գիտունները չեն հայտնում, թե արդյոք անթիվ այդ դռներից յուրաքանչյուրը բացվում է դեպի նույն վայրը, թե ամեն բացվելիս դուռը կարող է տարբեր ուղղություններ ցույց տալ։ Ընկճված պատի անմատչելիության մտքից և չկամենալով վիրավորել նրան՝ ձեռքիս ափը շոյելու պես սահեցրի հարթ մակերևույթի վրայով և խնդրեցի. «Բացվիր»։
Անհավատալի էր։ Պատը (թե՞ դուռը. ինձ համար արդեն վերացել է ամենայն տարբերություն) բացվեց՝ դանդաղորեն զիջելով ներքևից դեպի վեր սողացով դատարկ տարածությանը, և ես, դողալով, վախենալով ու կուրացած անհավատալի երջանկությունից, անցա նվիրական շեմը։ Երանի չանցնեի, երանի կուրանայի իսկապես և չկորցնեի հին, կենսախինդ հույսերս։ Հայտնվեցի իմ բանտախցից ոչնչով չտարբերվող բանտախցում։
Այդ պահին միանգամից մի քանի բան կատարվեց։ Նախ, արթնացան իմ սենյակի դայակներն ու նետվեցին ետևիցս՝ կանխելու համար իմ մուտքն անհայտություն։ Միևնույն ժամանակ դեպի ինձ նետվեցին նոր բանտախցի հսկիչներն ու դայակները՝ փակելու համար ճանապարհը։ Աղմուկից գրեթե նույն պահին արթնացած բանտարկյալներին իրարանցման թոհուբոհում մոռացան հրամայել շրջված մնալ դեպի դռան հանդիպակաց պատը, և նրանք տեսան, թե ինչպես իմ ետևից չեն հասցնում դայակներս և թե ինչպես եմ ես ընկնում նոր դայակների ձեռքը։
Վայրկյաններ անց իրողությունը հիշեցրեց կանոնակարգին համաձայն գործելու անհրաժեշտության մասին։ Ես չհասցրեցի շրջվել և տեսնել, թե ինչպես է դանդաղորեն վայր իջնում իմ առաջին բանտախցի դուռը. դրա փոխարեն ցնցված բանականությունս արձանագրեց, որ պատից անդին, փաստորեն, նոր պատեր են և նոր սենյակ։ Նկատեցի, թե ինչպիսի չհասկացող հետաքրքրությամբ ու զարմանքով են ինձ զննում նոր բանտախցի բնակիչները. դեռ որևէ բառ չարտաբերված՝ հրամայվեց բոլորին շրջվել դեմքով դեպի պատը։ Անմիջապես հայտնվեցի նոր դայակների սեղմ օղակում՝ մեկուսացված բոլորից։ Գրեթե ակնթարթորեն նրանց հաջողվեց պարզել, որ փախչել եմ հսկողությունից։ Այդ պահին հասկացա, որ պատերն, իսկապես, ոչ միայն աչք ու ականջ ունեն, այլև կարողանում են հաղորդակցվել և հաղորդակցման միջոց հանդիսանալ։ Հազիվ ընտելացած նոր հայտնագործությանս՝ լսեցի առաջին բառերը, որոնք ինձ պարտադրում էին առանց որևէ բան թաքցնելու պատասխանել գիտունների բոլոր հարցերին։ Մտածեցի, որ սկզբի համար պետք չէ պատմել ամեն ինչ, սակայն քննիչներս լավ գիտեին իրենց գործը. մի քանի ժամ անց նրանք ինձանից իմացան տառացիորեն ամենը, նույնիսկ այն, որ նոր բառ եմ հորինել՝ «պատուհան»։
Հեստ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Հոգնել էի ժամերով կանգնելուց և ծանր հարցաքննությունից, այնուհանդերձ, հասցրեցի նկատել, որ գիտուններից մեկը ձեռքը դրեց պատին, և դուռ բացվեց։ Ինձ ուղեկցող երկու դայակ առաջնորդեցին դեպի նոր բանտասենյակ, որտեղ ընդունեց գիտունների նոր խումբ։ Առանց բառ իսկ արտաբերելու, սրանք նույնպես օղակ կազմեցին իմ շուրջն ու բացեցին դռներից մեկը՝ հրելով մի այլ բանտախուց։ Ապշանքից քարացած ու ընդարմացած հետևում էի շարունակաբար փոփոխվող առաջնորդող զույգին, և շուտով նրանց դեմքերը անզանազանելի դարձան ինձ համար։
Մի քանի տասնյակ բանտախուց անցնելուց հետո գիտունները նկատեցին ուժասպառությունս (ես այլևս ոչինչ չէի զգում)։ Հավանաբար, ինչ-որ տեղից կարգադրվեց հանգիստ տալ ինձ, որովհետև հաջորդ բանտասենյակում, գրեթե բռնությամբ, ինձ նստեցրին փոքրիկ աթոռակի և ուտելիք մատակարարեցին։ Շրջապատված հսկիչների սեղմ խմբով՝ գրեթե ոչինչ չտեսա, սակայն կարողացա հասկանալ, որ գտնվում եմ իմ բանտախցին հար և նման մի այլ խցում, և որ ինձ թույլատրված է մի պահ նստել։ Արդեն երեկոյանում էր (անգամ չէի զգացել առավոտի գալն ու գնալը), նոր բանտասենյակում գոհաբանական աղոթք էին կարդում բնակիչները, և կյանքումս առաջին անգամ ես լսում էի այն կողքից։ Չեմ կարող արտահայտել զգացածս։
Շարունակությունն անիմաստ է նկարագրել։ Ինձ անընդհատ բանտասենյակից բանտասենյակ են տեղափոխում։ Երբեմն թույլատրվում է հանգստանալ, երբեմն՝ մի քանի ժամ ննջել։ Միշտ շրջապատված եմ ինձանից բարձր հասակ ունեցող հսկիչների անանցանելի օղակով և շուրջս գրեթե ոչինչ չեմ տեսնում։ Չնայած դրան, համոզվեցի, որ ամենուր նույն բանտասենյակներն են և նույն բնակիչները, նույն հսկիչներն ու նույն գիտունները։ Նրանք շարունակ փոխվում են իմ շուրջը, ես շարունակ ձեռքից ձեռք եմ անցնում, սակայն նոր մարդկանց դեմքերը գրեթե չեն տարբերվում հներից։ Միայն մի անգամ ճանաչեցի հերթական բանտախցում հանդիպած գիտուններից մեկին, որն առաջներում ապրում էր իմ բանտախցում և ինձ պես երազում գաղտնաթվի օգնությամբ ազատագրվելու մասին։ Եկա այն եզրակացության, որ այս ամենը ծաղր է։ Աշխարհը բաղկացած է անհամար բանտասենյակներից, որոնք կրկնում են միմյանց. դրանցից մեկը բավական է բոլոր մյուսների լիամբողջ նկարագրությունը տալու համար։ Ամենուր նույն դռներն են և նույն պատերը, նույնիսկ գաղտնաթիվն է նույնը, ավելի ճիշտ՝ ոչ մի գաղտաթիվ էլ չկա։ Կա գաղտնաբառ՝ «Բացվիր», և այդ գաղտնաբառն են օգտագործում բոլորը՝ համոզված, որ ամեն անգամ այն տարբեր է, որովհետև ոչ ոքի թույլատրված չէ իմանալ, թե ինչ է արտասանում մտքում դուռը բացողը։ Ամենասոսկալի ճշմարտությունը հայտնաբերեցի, որին չցանկացա հավատալ, ինչպես սեփական գոյությանս՝ թվերը գոյություն չունեն։ Այդ ամենը հորինված է ճշմարտությունը թաքցնելու համար. ճշմարտությունն այն է, որ ինձ անվերջ տեղափոխում են բանտասենյակից բանտասենյակ, որպեսզի ոչ ոք չիմանա, թե որն է ճշմարտությունը։

Share Button

1 կարծիք

  1. Հրայր

    Բայց բանտախցիկների միջև երբեմն կան նաև սիրուն բակեր և նույնիսկ պարտեզներ, որոնք բանտարկյալին առիթ են տալիս հանգստանալու և նույնիսկ մասամբ մոռանալու և ամոքվելու:

Պատասխանել Հրայր-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>