Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Ա)

Ոտնաթաթերը նրա զգում էին հողի ամբողջ խոնավությունը: Ոտաբոբիկ քայլելու մանկությունից ձեռք բերած սովորությունը հետզհետե վերհիշելով` ընկնում էր այդ զարմանալի և անհիշելի օրերի գիրկը` ևս մեկ անգամ վերապրելով դրանց բերկրանքը: Կյանքը գնալով բարդանում էր, առաջանում էին զանազան հարցեր, որոնց հարկավոր էին պատասխաններ: Ցանկացած մարդուկի կյանք սկսվում է սեփական տան առաստաղի ուսումնասիրությամբ և քանի մեծանում է հրաշք էակի մարմինը, այնքան մեծանում է ուսումնասիրման ենթակա տարածությունը` հարևան բակ, դպրոց, քաղաք, և ահա ամենուր, ցանկացած նոր միջավայրի ուսումնասիրության հետ մեկտեղ միևնույն տանջանք հարուցող հարցերը: Դրանց պատասխանները անհրաժեշտ են լոկ նրա համար, որ մարդուկը շարունակի իր սկսած ուղին` չթողնելով չպարզաբանված գլուխկոտրուկներ հետևում:

Օրն ամպամած էր, հետո հետզհետե սկսեց երևալ կենսատու արևը, բայց կոկետուհու նման ցույց էր տալիս սկզբում իր փեշը, որպեսզի հետո կարոտած մեր աչքերը դեպ նրա կողմը սևեռած սպասենք հայտնվելուն: Ահա այսպես արև կոկետուհին ամբողջ ժամանակ միևնույն խաղն էր խաղում, բայց բնավ չէր հոգնեցնում: Գնալով լուսավորվում էր այգին, տեղ-տեղ ծառերի արանքից երևում էին պչրուհու զգեստի ստվերները և այնպիսի գունային հարմոնիա ստեղծում,որ զմայլում էին և նրա հոգին: Արդյոք հե՞շտ է տառապանքով ապրելը… Ճի՞շտ էին արդյոք ընկերոջ խոսքերը, թե տանջանքն է նրա ամենասիրած զգացողությունը և որ դրան նա ձգտում է նույնիսկ անգիտակցաբար… Այդ խոսքերին գլուխը կախ հնազանդվում էր` առանց խելքին զոռ տալու և դրանք վերլուծելու ցանկության: Կյանքում, անշուշտ, պատահում են մարդիկ, որոնց նա կուրորեն հավատում էր: Դրանք այն եզակիներն էին, ովքեր ամեն, ըստ նրա անելանելի իրավիճակից գտնում էին դուրս գալու ելք, նրանց կյանքի փորձն էր խոնարհեցնում նրան: Ասում են, որ ցանկացած հասարակության ճշմարտություն կուրորեն կուլ տալուց առաջ պետք է սկզբում հարցնել քո ներսում գտնվող ճշտի մեխանիզմին, որը բոլոր դեպքերում քեզ կհուշի անսխալը… Նրա դեպքում ամենայն քնքուշ զգացողություններն էին առաջանում այդ մարդկանց խոսքը և առավել ևս անունը լսելիս… Արդյոք ճի՞շտ էր նա. մեխանիզմը հուշում էր դրականը, որի համար փոքր ինչ հանգիստ էր իր սկզբունքները դավաճանելու համար: Եկել էր այն պահը, որին նա սպասում էր բացահայտորեն ավելի ուշ, քան ներկայում էր, դա էին ապացուցում նրա` ինքն իրեն կառավարելու ունակության կորուստը: Նա շատ շուտ կորցրեց դեպի զգացմունքը և անկեղծությունն ունեցած իր մի մասը: Նրա էության անկեղծ և խենթ սիրող մասնիկները հետզհետե անհետանում էին` փոխարինվելով դատարկությամբ և միմիայն աշխատելու անհագուրդ ցանկությամբ: Իսկ եթե ժամանակի ընթացքում դրանք` մասնիկները, վերադառնա՞ն… Գուցե նրանք էլ հրեշտակների նման սովորություն ունեն հեռանալ, երբ մենք` մարդիկս, դադարում ենք հավատալ և հետևել նրանց շշուկով տրվող խորհուրդներին: Գուցե մասնիկներն էլ վերադառնան, երբ նա վերականգնի դեպի դրանք ունեցած իր հավա՞տը (տանջանքն էլ հետզհետե կկորցնի իր աղետ բերող ուժը): Հրեշտակը գլխավերևում հետզհետե վերականգնում էր իր զորությունը, քանզի նա փորձեր էր կատարում խոսել հրեշտակի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխանները: Գուցե դա ընդամենը նրա վառ երևակայության արդյունքն էր, որն օգնում էր կտրվել առօրյայից, առհասարակ իրականությունից և հավատալ այդ ինչ-որ մի գրքում կարդացած մանկական հեքիաթին: Երանի՜ հեքիաթում ապրող հերոսներին, օ՜, ինչքա՜ն էր նախանձում:
Քամին գնալով ավելի էր սաստկանում և վարսերի հետ խաղալով մերթընդմերթ հարվածում երեսին: Շոյանք էր, թե ապտակ, չէր հասկանում: Գուցե քամին չարաճճի էր և ուղղակի խաղ էր անում, կամ էլ դա վերից ուղարկված էր, որպեսզի մի լավ սթափեցնի նրան և դուրս բերի կործանարար մենությունից:
Անցան օրեր…
Սենյակում տիրում էր արտասովոր տրամադրություն: Ի վերջո որոշել էր վերջ դնել իր կյանքի անվերջանալի դրամային և փորձում էր զանազան հնարքներով դուրս բերել այդ որդը մարմնից և հոգուց: Հոգու խորքում զգում էր, որ դեպքերի ընթացքը տանում է դեպի լույսը, բայց վախենում էր բարձրաձայնելուց, քանզի դիցանուշները կարող էին լսել և գողանալ նրա կապտադեղնավուն լույսը: Այդ թախիծը, շնորհակալությամբ լցված միտքն ու սիրտը, ավելի պարզ հասարակությունն ու նրա օրենքներն ընկալելու նրա փորձերը… Ամեն ինչ տանում էր դեպի լույսը:Սենյակի մթությունն այլևս չէր խանգարում, կար այն ամենն ինչ անհրաժեշտ էր նորից մտնելու բացատ և սկսելու ամենօրյա աշխատանքները: Ծառերի և նստարանների դասավորությունն անփոփոխ էր, մանուկները տարբեր հասակի էին, բայց տարօրինակ նմանությամբ, նրանց հետ էր բոլորից ամենամեծը, որն անընդհատ գրկում էր մերթ մեկին մերթ մյուսին և ներողություն խնդրում, կամ էլ ուժ տալիս: Կային առանձին մանուկներ, որոնց նա առավել մեծ ուշադրությամբ էր լսում և առավել ամուր փարատում իր գրկում: Արցունքները շատ էին, բայց դրանցից հետո անպայման ճառագում էր նրա կապտադեղնավուն լույսը: Այնուհետև ամենամեծը տեղափոխվեց դեպի վարագուրված սենյակներով դահլիճ: Վարագույրները իրար հետևից բարձրանում և իջնում էին: Չկար խաղ, չկար բեմադրություն, կային անհատներ, որոնք բավական դաժան դեմքի արտահայտությամբ նայում էին աղջկան: Նրա տանջահար դեմքից ոչ մի դրականի փայլ չէր դուրս գալիս: Նա պայքարում էր, փորձում էր ներել և շնորհալկալություն հայտնել այդ անողոք դեմքով անձանց: Երկար պայքարն ավարտվեց հաջողությամբ: «Իսկ միգուցե քեզ դուր է գալիս տանջանքը, այդպես ավելի հեշտ է ապրելը, քանզի ավելի դյուրին է տեղում դոփելը, քան առաջ շարժվելը », — հանկարծ այս անվերջ պատերազմից հետո ականջին հասան ընկերոջ խոսքերը: Թևաթափ էր լինում այդ խոսքերից: Դաժան և խոցելի է հաճախ լինում ճշմարտությունը, բայց նա վստահ էր, որ ընկերը չի մեղադրի էլ նրան, երբ տեսնի նրա պայքարը: Այնպիսի արտասովոր թեթևություն կար նրա սրտում, անասելի երջանկության և շնորհակալության մեծ զգացողություն… Լսվեցին ոտնաթաթերի ձայներ: Ինչ-որ մեկը մտավ սենյակ: Երևի քույրն էր, ուզում էր ամռան տապից չորացած կոկորդը թարմացնել մի բաժակ սառր ջրով: Աշխատանքը մի պահ դադարեց և նա ընկավ մտքերի օվկիանը: Այս ամենով նա ավելի օգնու՞մ էր ինքն իրեն ապրել, թե՞ խանգարում… Սենյակ նորից մտավ լռությունը և կախվեց վարագույրներից: Արժե՞ շարունակել, ի վերջո սկսած գործը կիսատ չեն թողնում, մտել է խաղի մեջ ուրեմն արժե վերջացնել և վերջ դնել պատրանքներին: Վերջին կետը… Երկինք, չկան ամպեր, ամեն ինչ ուղղակի ներկված է թրթռացող սպիտակով, դա ստեղծում է շարժման պատրանք: Կանգնած է ամենամեծը, միևնույն կերպարների` անցյալի և ներկայի, բայց հետո ինքը նույնպես անցյալի մեջ մնալու միևնույն ճակատագրին արժանացող մեկը… Նա փորձում է խոսել իր իսկ կարած հագուստի մեջ կանգնած երիտասարդի հետ: Երիտասարդն ինքնավստահ է, ամենամեծը առավել քան նա: Փորձում է իմաստավորել և շունչ տալ իր չապրած պահերին: Գունավորում է նրա հետ չապրած օրերը, սևը դարձնում է սպիտակ, պատրանքները վերածում մատերիայի և ի վերջո զանազան այլ ճշգրտություններ մտցնելով վերջինիս հետ ազատվում է վիրավորանքի մեծ բեռից և ասում նրան բարի ճանապարհ` հանգիստ սրտով, առանց խլելու երիտասարդից իր իսկ կարած հագուստը: Վերադառնում է սենյակ, երկարատև հորանջ, ժպիտ և նա մտնում է դիցանուշների և չգրված հեքիաթների իր աշխարհ, և ոչ թե նրա համար, որ այնտեղ ապահով է և որ դա միակ բացատրությունն է նրա տարօրինակությունների, այլ պարզապես դրանում է նա գտնում ամեն առավոտ արթնանալու իմաստը, իր երիտասարդությունը հեքիաթներում ապրելու իր միակ ձգտումը, կյանքը սկսվում և ավարտվում էր նրա հյուսած իրականության մեջ: Անվանիր այն ինչպես կցանկանաս` ապաստարան, թաքստոց, վառ երևակայություն, դա է նրա կյանքը: Հիմա դու ինքդ հարցրու քեզ` հե՞շտ է արդյոք դիմացինին ընդունելն այնպիսին, ինչպիսին նա կա, երբ վերջինս ապրում է մանկան ձեռքով կտրտված, գունավոր թղթերով պատրաստված տերևների աշխարհում, ուր ասֆալտը մոխրագույն յուղաներկն է չորացած վիճակում և յուրաքանչյուր քայլը լոկ փնտրտուք է հերթական սյուժեի` գեղեցիկի ստեղծման: Արդարացվա՛ծ է զոհաբերությունը… Իսկ դու՛, ո՞ր աշխարհից ես…

Թողնել պատասխան

Your email address will not be published.