Ֆորուղ Ֆարոխզադ | ՄՂՁԱՎԱՆՋ

Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյան

Կեսգիշերին, երբ փոքրիկ Փարվիզն արթնացավ, սենյակը սուզվել էր խավարի ու լռության մեջ և, լուսամատից ներս խուժող ծովի հեռավոր շաչյունից բացի ուրիշ ոչ մի ձայն չէր լսվում։ Հենց առաջին պահին նա զգաց, որ իր անկողնում չէ։ Ուշադիր ու զննող հայացքով նայեց շուրջը, իսկ հետո հիշեց ամբողջ ճանապարհի ընթացքում կրկնվող հոր խոսքերը։
«Տա Աստված, ժամանակին տեղ հասնենք. ամռանը ծովափը մարդաշատ է լինում, հնարավոր է սենյակ չգտնենք»։
Հետո աչքերը մի քանի անգամ թարթեց և զգուշորեն շարժվեց անկողնում։ Հիմա արդեն աչքերն ընտելացել էին մթությանը և բոլոր դռների, պատերի և վարագույրների ուրվագծերը կարողանում էր զանազանել։ Նրանից քիչ հեռու, ձախ կողմում, քնել է ինչ-որ մեկը։ Դեմքը մոտեցրեց քնածին և ուշադիր նայեց։ Հա, փոքրիկ քույրն էր։ Ձեռքը մոտեցրեց, որպեսզի արթնացնի նրան և խոսի ծովից, արևից և խեցիներից, որ վաղը ծովափից պիտի հավաքեն, սակայն անմիջապես հրաժարվեց այդ մտքից չուզենալով խանգարել նրա խաղաղ քունը։Դանդաղ, օձի նան սողաց իր նախկին տեղը և այս անզամ հայացքը ուղղեց սենյակի մյուս կողմը։Աջ կողմում փոքրիկ, միհոգանոց մահճակալին իրար կողքի քնել էին ծնողները։
«Տեսնես այս գիշեր ի՞նչ է պատահել,- մտածեց նա, որ մայրիկը թույլ է տվել իր սենյակում քնենք»։
Հետո, տանջող մտքից իրեն փրկող մարդու նման, սկսեց հաշվել ձեռքի մատերը… մեկ… երկու… երեք… չորս…
Դիմացի պատին նկար էր փակցված։ Երկար մորուսով ու աբայով մարդու դիմանկար էր։Մթության մեջ չէր կարողանում նկարը պարզորոշ տեսնել, սակայն անգույն և հազիվ նշմարվող դիմագծերը նրան հիշեցրին ճամփամիջի թեյարաններից մեկում տեսած աճպարարին։ Ձեռքերը իջեցրեց և խավարի մեջ մտածեց.
«Ինչ զարմանալի մարդ էր, երևի շատ չարն էր, ճամպրուկի մեջ աճպարարության ինչ տեսակ իրեր ասես, որ չկային»։
Հետո նրան պատկերվեց սիրելի դայակի դեմքը, որ ձմռանը, քուրսու մոտ նստած, խորհրդավոր հեքիաթներ էր պատմում։
«Հաստատ, դայակի ասած մարդը, որ աղոթք է կարդում ու փչում է մարդու վրա և մարդ ուրիշ տեսք է ստանում, հենց ճամփին տեսած մարդն էր,- նորից մտածեց նա. Թեհրան վերադառնամ կպատմեմ նրան։Բայց ինչ տարօրինակ դեմք ուներ, հաստատ գործը ջինի, փերիների և ուրվականների հետ է. թե չէ ոնց կլինի»։
«Ջին» բառը սարսափազդու արձագանքեց ուղեղում։ Զգաց աչքերի օղակները լայնանում են։Սոսկումով նայեց մթության մեջ և նրան թվաց, թե սենյակի անկյունից դայակի նկարագրած տեսքով ինչ-որ թզուկներ մոտենում են իրեն։ Դայակը մշտապես ասում Էր.
«Ասա՝ բեսմելլահ* ու կհանգստանաս։ Հետո դողդոջուն ձեռքերով ծածկոցը քաշելով երեսին մի քանի անգամ մրմնջում էր՝ բեսմելլահ… բեսմելլահ… բեսմելլահ…»։
Ծովի շաչյունը, թափառական անցորդի երգի նման տարածվելով խավարի մեջ, ներս էր թափանցում սենյակի լուսամուտներից։Ծածկոցի վրա բացած փոքրիկ անցքից մի աչքով, նայեց լուսանցիկ ապակու նման երևացող հեռավոր երկնքին։Աստղերը պայծառ ու հստակ էին. և նա զգուշորեն, միաժամանակ շուրջը և հատկապես սենյակի անկյունը հսկելով մտածեց.
«Որքան նման են այն կոպեկներին, որ երբեմն հայրիկր տալիս է գանձատուփիս մեջ գցելու համար, իսկ ես դրանք գորգի վրա քսելով փայլեցնում էի»։
Հետո սկսեց անվանակոչել ու հաշվել աստղերը։Հարյուրին հասնելով հանկարծ դադարեց հաշվել ու լարեց լսողությունը։Սենյակի մյուս կողմից, ուր քնել էին ծնոդները, խուլ մրմունջ էր լսվում, ասես ինչ որ մեկն շնչահեղձ էր լինում։ Շնչառությունների ձայներր արագ ու զուսպ էին։
«Ի՜նչ է պատահել»։
Շրջվեց աջ բազկի վրա և նույն անցքից նայեց սենյակի անկյունը։
Այնտեղ ծնողների մահճակալին, թույլ խլրտոց կար և շնչառությունների ձայն.
«Հաստատ մայրիկը կամ հայրիկը դևերի երազն են տեսնում, մտածեց նա, լավ կլինի արթնացնեմ նրանց»։
Սակայն արագ և զուսպ շնչառություններից հետո լսվող հառաչները նրան գամեցին տեղում։ Կարծես խոսում էին իրար հետ։Տեսավ վերմակի տակից դուրս եկող հոր ձեռքը, որը օդում պտույտ գործելով առաջացավ դեպի մոր պարանոցն ու ուսերը։ Թվաց, թե մայրը աղաչում է, մայրը ասես ինչ-որ բան արգելում էր հայրիկին։ Տագնապահար ծածկոցը մի կողմ շպրտեց։Հիմա ամբողջ դեմքը և ուսերը դուրս էին մնացել ծածկոցից։ Բերանը բացեց մայրիկին կանչելու համար սակայն լուռ ու մունջ մնաց իր տեղում։ Դեռևս ամեն ինչ մնում էր անորոշ ու անհասկանալի։ Վերջապես համարձակվեց և խուլ ձայնով կանչեց.
-Մայրի՛կ…մայրի՛կ…
Սակայն նրանք չլսեցին, նրա ձայնը չլսեցին:
«Նախկինում, երբ կանչում էի մայրիկին անմիջապես պատասխանում էր. այն էլ երբ ուրիշ սենյակում էր լինում։ Այս գիշեր ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չի լսում իմ ձայնը»։
Խավարը տարածվել էր նրա դեմքին և մթության մեջ աչքերը սարսափից ու տագնապից փայլատակում էին։ Վեր կացավ, գլուխը վեր բարձրացրեց և պահի մեջ զգաց, որ հայացքը հանդիպեց մոր հայացքին։Ակամա, չիմանալով թե ինչու, ամոթահար եղավ։ Իրեն նորից գցեց անկողին և զայրույթից փոքրիկ բռունցքները սեղմելով՝ հարվածեց կողերին։ Քիչ անց լսեց շշուկներ։ Մի պահ լռություն տիրեց։ Ինչ-որ մեկը մոտենում էր իրեն։ Շունչը կրծքի մեջ խեղդեց ու լսեց։Հայրն էր, սպիտակ
սավանով փաթաթված։ Կոպերը արագ սեղմեց իրար և մթության մեջ մտածեց.
«Ինչ վատ է. հայրիկը այս գիշեր մոռացել է գիշերանոց հագնել»։
Այդ պահին, սակայն, անհայտ մի զգացողությամբ գիտակցեց, որ պետք է իրեն քնած ձևացնի։ Հայրը նրանից մի քայլ հեռավորության վրա կանգնեց, խոնարհվեց և մթության մեջ նայեց դեմքին.
-Փարվի՛զ… Փարվի՛զ…
Բայց նա փոքրագույն շարժում իսկ չարեց։ Խոր քնածի պես հանդարտ շնչում էր։ Հայրը ուղղվեց, հեռացավ, և Փարվիզը լսեց, որ մայրիկին ասաց.
-Չէ, խեղճ երեխան պինդ քնած է:
Երբ նրանք կրկին իրար կողքի պառկեցին մահճակալին, Փարվիզը ծածկոցի անցքից նորից սկսեց հսկողությունը։Այս անգամ հոր շարժումները առավել արագ ու պարզորոշ էին։Նորից լսվեցին մոր հառաչանքները։Նա զարմացած ինքն իրեն հարցրեց.
«Ի՞նչ է արել մայրիկը, ինչո՞ւ է հայրիկը այդքան նեղացնում նրան։ Ինչո՞ւ մայրիկը չի բղավում, գուցե հայրիկը թաշկինակով փակել է բերանը»։
Պահ առ պահ խլրտոցներն ու շարժումները ավելի ցայտուն և հուզիչ էին դառնում, նաև հառաչները… հառաչները, ասես ձեռքով ամուր փակված ինչ-որ բերանի միջից դուրս էին հորդում դժվարությամբ։ Սառը քրտինքը ողողեց նրա ողջ մարմինը։Բերանը չորացել էր, ուզեց բղավել, բայց ձայնը դուրս չեկավ: Անհանգիստ շրջվեց անկողնում և հանկարծ լսեց հոր կրկնվող նախադասությունը…
-Սուս… ձայն մի հանի՛ր… ձայն մի հանի՛ր…
Սա միակ նախադասությունն էր, որ սկզբից մինչ այդ պահը տարբեր շշունջների մեջ կարողացել էր պարզորեն զանազանել: Ատամները զայրույթով սեղմեց իրար.
«Չի թողնում… չի թողնում մայրիկը բղավի… »։
Ամբողջ մարմինը դողում էր սարսափից։ Մի անգամ ձեռքը մեկնեց քրոջն արթնացնելու համար, բայց անմիջապես հրաժարվեց.
«Նա ի՞նչ կարող է անել, կարթնանա ու կսկսի լացել: Հետո այլևս ոչինչ անել չի լինի։Հայրիկը բոլորիս կսպանի»։
Մտածեց.
«Պիտի ինչ-որ ձևով ինձ հասցնեմ լուսամուտին, այնտեղից ներքև ցատկեմ և մարդկանց ձայն տամ, որ մայրիկիս սպանում են»։
Հետո խեղճացած շշնջաց.
-Մայրիկիս սպանում են։
Հիմա արդեն վախենում էր նայել սենյակի այդ կողմը, սակայն այդուհանդերձ ասես զգացողությամբ գիտակցում էր, որ պայքարը մահճակալի վրա գնալով ավելի է թեժանում։
Հանկարծ հիշեց անցած տարի իր համար կարդացած դայակի գիրքը։Գրքի կազմի վրա պատկերված էր երկար բեղ ու մորուքով մի մարդ, որի կրծքին մի դև էր նստած։
Մարդը ձեռքով բռնել էր դևի կոտոշը, իսկ մյուս ձեռքի մեծ դաշույնով պատրաստվում էր հարվածել նրան։ Թվաց՝ հայրը շատ է նման այդ մարդուն։ Աշխատեց մտքի մեջ հայտնաբերել հնարավոր այն կապը, որը կարող է գոյություն ունենալ այդ մարդու և հոր միջև, սակայն խելքը բան չկտրեց։ Հոգնած շշնջաց.
-Հայրիկ, ախր դու միշտ լավ ես եղել մայրիկի հետ, հիմա ինչո՞ւ ես ուզում սպանել նրան։
ճիչի նման տևական րարձր մի հառաչ ցնցեց ամբողջ սենյակը։Նա սարսափահար շրջվեց և հայցքբ հառեց ծնողների մահճակալին, բայց մահճակալը զերծ էր որևէ եռանդագին խլրտոցից ու շարժումից։Կիսով վեր բարձրացավ և տագնապահար զննեց այն կողմը։ Թվաց մայրը երկկողմ տարածված ձեռքերով, մահճակալի եզրից թափված մազերով՝ անշարժորեն ընկած է այնտեղ և պարանոցից արյան բարակ մի շիթ հոսում և կաթիլ-կաթիլ թափվում է գորգին, իսկ հայրը, քիչ այն կողմ, ուժասպառ ընկել, ուշագնաց է եղել: Խուլ մի հառաչ դուրս թռավ շուրթերից.
-Վե՛րջ, սպանեց մայրիկիս… Վերջ…
Բերանը սեղմեց բարձին։ Վախենում էր, խիստ վախենում էր։ Մտածեց՝ եթե հայրը լսի նրա լացի ձայնը, հավանաբար նաև իրեն կսպանի։ Ուսերը ուժգնորեն դողում էին, այտերը ողողվել էին արցունքներով և ինչ-որ բան քերծում էր կուրծքը։ Հետո զգաց, որ շուտով շնչահեղձ է լինելու։
Երբ արևի առաջին շողերը լուսամատից ներս թափանցեցին և լուսավորեցին դիմացի պատը, նա հուսահատ ու հոգնած իջավ մահճակալից և նայելով միայն ոտքերի առջև համրաքայլ աոաջացավ սենյակի մեջ։Այլևս չէր ցանկանում հորը տեսնել, նրանից խորշում էր, որոշել էր փախչել: Դռան մոտ հանկարծ ինչ-որ մեկը կանչեց նրան.
-Փարվի՜զ… Փարվի՜զ…
Ցնցվեց, մայրիկի ձայնն էր։ Շրջվեց և ապշահար նայեց։ Այո, մայրն էր, չէր սխալվում։ Ձեռքը դռան բռնակից թուլացավ ու կախվեց կողքին։Ակնապիշ՝ մի որոշ ժամանակ հայացքը հառեց զույգ սև ադամանդների պես դեմքի վրա շողշողացող մոր աչքերին և տեսավ շուրթերի վրա թրթռացող հագեցած ու գոհ ժպիտը։ Գլուխը հենեց պատին և ուրախությունից սկսեց արտասվել: Թվաց՝ ամբողջ գիշեր պայքարել է սարսափելի մղձավանջի հետ։

* Անուն Աստծո (արաբ.)

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.