Նաիրա Համբարձումյան | ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Արարումը մեռավ ինչ-որ տեղ,
Երբ մարդը,
Նույն փարիսեցին,
Սկսեց թափառել
Քաղաքիս վերջույթներում
Եվ ապա կամա՜ց,
Եվ դանդաղորեն
Առա՜ջ գնաց,
Մագլցե՜ց,
Հասա՜վ սրտին,
Եվ վերջապե՜ս
Նվաճե՜ց ԿԵՆՏՐՈՆԸ։
Անսեր քաղաքիս արվարձաններում
Քաղց է՝
Մտքի,
Աիրո,
Գիտակցության
էկո քաղց։
Աղբամանները ամենուր լիքն են
Ստամոքսահյութին մերված կերակրի
Անտերացած տուփերով։
Արարումը կայանում է միայն
Ընթրիքի սեղանների շուրջ։
ԹՌԻՉՔԸ մտքի
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց,
Հին ժամանակներից դեռևս,
Ապրում է
Ծխնելույզներում՝
Մրոտ հրեշտակների կողքին,
Եվ կամաց-կամաց դառնում
«Կարմիր» գրքի բնակիչ։

***
Ձիերի հոգնածության ժամանակները
Վաղուց անցել են,
Անհոգությամբ պայծառ
Անիվներն են տանում այսօր
Մեր խոնարհված երազների բեռները։

***
Խղճմտանքի ձայնն օտար է այսօր,
Հողմացույցների շարժման մեջ
Հեռաստաններ են պտտվում։
Նրանց փառաբանման դղիրդը
Ամառային ծաղկի թռիչքի մեջ
Տառապանք է դառնամ։

***
Մենք հեռացել են կյանքից.
Մենք խրվել ենք
Մեռած մի կետում,
Որտեղից սկսվում է աշխարհը։
Մենք ինչ-որ մեկից,
Եվ ինչ-որ տեղից,
Փրկության ենք սպասում։
Այդպես՝
Անմեղությունն ենք մեր թաքցնում,
Այդպես՝
Թաքցնում ենք շղթայված մեր ձեռքերը,
Այդպես՝
Թաքցնում ենք շղթայված մեր ոտքերը,
Ամաչում ենք մենք այդպես
Եվ սպասում,
Որ կգա թոթափումը՝
Ինքն իրեն,
Եվ աշխարհը,
Ակսվելով մի կետից,
Նորից կդառնա կետ։

***
Ծնվեցինք,
Նույն անունով կնքեցին մեզ,
Աշխա՛րհ,
Մենք երկուսով
Ամռան երկվորյակները դարձանք,
Քանզի երկուսս էլ
Խորշում ենք
Ձմռան ցրտից։

***
Ինչ-որ կայինք՝ նույնն ենք,
Ինչ-որ ենք՝ նույնն ենք,
Ինչ կլինենք՝ նույնը կմնանք,
Դո՛ւ, պտտվիր, աշխարհ,
Եղանակները շտապում են փոխվել…

***
Վերջին տերևն ընկավ ծառից,
Ինչպես ձմռան շնչին
Դեղին պատահարն է պատահում։
Ձյուն
Այդպես էլ չեկավ,
Եվ ծառը չըմպեց
Սփոփանքի բաժակը։
Մահը՝
Մերկության սիրահար,
Այդ գիշեր տարավ նրան,
Եվ հեթանոս աստվածները
Նստեցին խնջույքի։

***
Ապրելու հպարտությունը
Երբեմն շփոթում ենք
Սովորական,
Շարքային ստվերների
Խոնարհումի հետ։

***
Մարդը
Լուսավոր կետ է
Ննջող օվկիանի հատակում։
Մարդը Անցորդն է՝
Ներսում՝
Սպիներ բազում։
Մարդը
Օտարականն է,
Մուրացիկը։
Մարդը
Բանաստեղծությունն է՝
Աստղերի շշունջն առած։
Մարդը
Ես եմ,
Դու ես,
Մենք ենք,
Եվ տիեզերքը լռում է…

2 comments

    • Anonymous on 15 Մայիսի, 2009 at 10:24 ա.
    • Reply

    apres, Naira, kspasem nor banastekhtsutunnerid

    • Խաչիկ Մանասելյան on 14 Հոկտեմբերի, 2009 at 5:44 ե.
    • Reply

    Լավ է, բացի վերջին տողից: Տիեզերքը չի լռում. վկան՝ Ձեր բանաստեղծությունները…

Թողնել պատասխան

Your email address will not be published.