Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Ե)

***

Ձգվում են նավթամուղները բիքֆորդյան քուղի գալարումով-
թվակիր աշխարհների,
քաղց ու իշխանության կայսրությունների միջով։ —
Մեծ հրդեհները բռնկվում են կարճ միացումից երազանքների,
որ արևհարվում են մայրուղիներին խելակորույս։ —
Չորացած իղձերով են պատված
անդաստանները մոտ ու անմատչելի,
և հավաքարարն Աստված է՝ գործադուլի տրված։ —
Օրերը՝ անվերջ եռակցվող-ձգվող խողովակաշար,
որով հոսում են մեր հրավտանգ տագնապները-
երջանկությունից դեպի Ահեղ լռություն։

***
(2003-2006 թթ., գարուն)

Նորից ջրհեղեղներ են և թռչունների Նոր համաճարակ.-
տարերքը հորդում է հին առասպելի բաց դռներից,
ուր պարեկում են ծպտված գործակալները «Աղետ» կենտրոնի։-
Թռչունների անկման մեջ ածխանում են ապագա թռիչքները։
Ջրերը տանում են խեղդվածներին ու ճարակվածներին —
փոքր ու մեծագույն քաղաքների շնչահատ փողոցներով,
զորացած աշխարհամասերի հուսահատության ու վարանքն ի վար-
որպես փրկագնի հանձնման նախա-արար։-
Աղավնիները գիտեն՝ ինչպես կառուցել իսկական տապան,
բայց նրանց խոսքն ըմբռնելու համար
հարկ է անցնել շտապ մեռած ու մերժված լեզուների
երկար դամբարանաշարով։-
Ջրհեղեղներով է սգում երկինքը իրեն աստվածացնող թռչունների
կոտորածն անլուր։

***

Դիմակայում է, դասալքվում հեշտ-
կյանքը չի կամենում լինել երազի շարունակություն-
անառակ որդու տարտամությամբ —
ինքնախեղվում է կեղծ հոգեգարի կծկումներով
կամ պաճուճվում շռայլ գիշերային «թիթեռ» — քրմուհու պես՝
տրվում գրկաբաց ամեն սատանայի։ —
Ձինավառ հրոսակ՝ գորգաշխարհի վրա։
Վրեժի դպրոց՝ դրախտի դարպասների հարևանությամբ։
ժամադրությունների տեղն ու ժամանակը իրար խառնող քամի։
Հրաբխի ու անկման էներգակիր — կյանքը
երազուն կերպից փախչում է անդին ակամա հղիացած կույսի
խուճապով,-
և հավերժ տրտմության սև թրթուրները անհագ խժռում են օր-
ցերեկով
փարթամ սաղարթները բերկրանքի։

***

Մրահոն երեկո՝ Արցախյան սարահարթի շնչառության ներքո.-
Առավոտների մումիաներ են ընկած
խավարի անծայր ճանապարհներին։-
Դու պարուրվել ես անձրևի մաքուր հուզումով՝
մերժման քամիներից հալածված ու հյուծված-
ջրհեղեղից փրկված միակ աղավնու պես։-
Հուսալքության ալիքներն են ծանրորեն բախվում
մենության ավազուտ ափերին։
«Կապույտների» շքերթ։
«Կանաչների» շքերթ։ —
Եվ մութն է խտանում գունավորվող անդեմ աշխարհի վրա։-
Արցախյան երեկոյի մրմունջը լավագույն կոնցերտն է
իմպերիական քայլերգերից փակվող ունկերի համար։

***

Կարմրավուն թախծի խորանարդներով
կրկին ծածկվում է Գետերի երկիրը՝
մանկական խաղի տրամաբանությամբ։-
Ստեփանակերտում անրջող տունդ
թրթռում է նաիրյան էկրանին՝
ինչպես ավիահարվածի նշանակետ։-
Քո սրտի լայնքով անցնող կենսագծեոը
Նույն պատկերն ունեն, ինչ-որ գետաերկրում վեր խոյացող
տաս լեռնաշղթաները։ Կատարները նրանց
կարմրին են տափս հավերժական թախծի սառցաշերտերով։

***
(03.05.2006թ.)

Ա-320-ի քարացած ձայնը Սև ծովի խորքում։-
Հայոց աղետներում անչափ ճակատագիր ու խարդավանք կան-
պատառոտված նոթատետրի կտորտանքի պես ցիրուցանված։
Երկինքը գրառում է օդանավի հոգին
իր հսկայական սկավառակի վրա
և մեկ-մեկ հեռարձակում իբրև մի նոր հիթ ծանր ռոք ժանրից։
Երկինքը կապույտ չէ, քողարկված է սոսկ կապույտ սավանով,
նա սև է՝ կործանված հոգու մթության չափ։-
Բոլոր անկումները անվերջ ցուցանում են,
որ ամենքի կյանքը խնամքով փակված է «սև արկղի» մեջ։
Երկինքը սև արկղ է։
Ծովը՝ սև արկղ՝ դագաղից էլ սաստիկ։

* * *

«Երազ» բառի մոխրագույն էկրանին
թույլ ղողանջում են երանության գանգերը.-
մեծ հրկիզում է՛ ուղեղի ու սրտի,
առօրյայի ու վերացարկված կյանքի,-
եւ տեսադաշտը հապճեպ լքում են
մաքուր զգացման մունետիկները՝
ընկած մայրաքաղաքի
անգլուխ պահնորդության փութաջանությամբ։-
Ամենից հստակ արեւի խավարումը երեւակվում է
«Երազ»-ի էկրանին՛ սառը մոխրագույն։

* * *

Դաշնամուրի մեջ ներփակված հնչյունները
դանդաղ դուրս են թռչում եւ ծվարում ձույլ
անխոս իրար խմբված տիկնիկների մեջ-
կռունկների գաղթի պես գեղեցիկ ու հեշտին,-
Նաիրիի հայացքի տակ,
բոլոր շարականների նոտագրերը հրկիզելուց հետո։-
Հրաշալի է տիկնիկներ երգը
լռության փամբիռների նվագակցությամբ։

***

Երկնակամարին աստղերը վերադասավորվում են
հրեղէն խաչի նմանությամբ,
լուսնի մահիկը շիկանում է, ինչպես
սաստիկ սլացող պողպատե բումերանգ,
որի համար ստվերն իսկ կարող է թիրախ լինել։-
Ատելության հողը արյունից ծանրանում է։
Ոճիր հերքողների երկրում՝ նոր ռազմակայաններ՝
իմպերիական հատուկ տարբերանշաններով։-
Մոսկվայում դանակահարվում են հայ պատանիներ,
Ստամբուլում՝ կաթոլիկ քահանա ու այլադավանք։
խավարել է արևը Իրանի վաշինգտոնյան ամպից։-
ժամանակի կրծքում խիստ շողշողում են
բոլոր ռեակտորներն ու հիթիռները,
գնդակներն ու նետերը՝ եոյալ ու գալիք։

***

Ես սիրում եմ «դիրոլ» ծամել ու
կարդալ մարգարեներից տենդագին հղվող ՏMՏ-երը
Նախագահների, պապ-պատրիարքների ասուլիսներում ու
պաշտոնամուտերին միստերիական,
քանզի զգում եմ իմ դեմքը հյուսող բջիջների մահը
և թե ինչպես՝ վերահաս մի բացիլ
անդուլ քայքայում է կայք-էջերը Սիրո…

***

Լեզուն ահ ունի իր մեջ,
և նա փախչում է ոգումի շրվեժից,
անհուն կռավոցից ագռավի ու մեղքի.-
նոր օրը բերում է նոր համաճարակ,
միշտ մտագար է կայսրության պետը,
երիցս ավերիչ են չլսվող պայթյունները…
Լեզուն վախ ունի վաղվա աչքերից-
մթին-խորն են նրանք
և սրբագրիչը խոսքի արատների։

***

Դեմ-դիմաց՝ երանության ու խաչվածների պատն է.-
իմ քայլի մեջ-
որքան՝ ճակատագիր, Նույնքան՝ ընդվզում ու
սեր է փայլատակում —
Մոտենում, ձեռքս սահեցնում եմ պատի վրայով,-
ինչպես էլ հուզեմնրան, ինչ սատանայից էլ աննկատ պահեմ,
նույն երանելին կմնամ՝ նույն խաչվածը…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.