Գնել Խաչատրյան | ԵՂԲՈՐԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Ավտոբուսի ժամանումը տատանվում է երեկոյան երեքից յոթի միջև: Նույնիսկ մեկ անգամ ժամը տասին հազիվ տեղ հասավ: Բոլոր դեպքերում նա այնտեղ է երեքից տասնհինգ րոպե պակաս:

Եկել է եղբորը դիմավորելու, որը վերադառնալու է հեռավոր երկրից: Ընկերն էր հրավիրել ամառային սեզոնին աշխատելու: Եթե աշխատանքի ու ապրելու պայմանները հարմար լինեին, խոստացել էր աշունը վերադառնալուց հետո հաջորդ գարնանը իրեն նույնպես տանել:
Այստեղ բացի մորից չկար ոչինչ, որ պահեր իրեն, իսկ մայրը առանց իրեն չէր կորչի: Բացի եղբորից, այլ բարեկամներ կամ ընկերներ չուներ: Միայնակ մայրը հազիվ էր պահում իրենց, թաղի ամենախղճուկ տնակում: Հոր մասին ոչինչ չգիտեր, չէր էլ հետաքրքրվում. երևի վաղուց մահացել էր: Ուսման մեջ չէր փայլել, որևէ լուրջ աշխատանք չուներ, սեփական ընտանիք կամ նույնիսկ սիրած աղջիկ չուներ, և երբեք էլ չէր ունեցել:
Այդպես էլ չէր կարողանում հասկանալ, ինչու թաղի այդքան շատ տղաներից ոչ ոք հետը չէր շփվում. իսկ ընկերության մասին նույնիսկ երազել իմաստ չուներ: Արտաքնապես ոչ մեկին չէր զիջում, ֆիզիկապես ուժեղ էր իր հասակակիցներից, ոչ մեկին չէր վիրավորում, սակայն չգիտես ինչու բոլորը խուսափում էին հետը շփվել, և միայն ինչ որ հիմար մականուն էին վանկարկում: Մի քանի անգամ այդ մականունի պատճառով ընդհարվել էր, սակայն ընդհարումները և իր նյարդայնացումը մականունը լսելուս, էլ ավելի էր ոգևորում լակոտներին: Թե ինչ կապ ուներ այդ օտարալեզու մականունը իր հետ, ոչ ոք չգիտեր: Բոլորն էլ մականուններ ունեին, նույնիսկ շատ ավելի ծիծաղելի կամ վիրավորական, սակայն չգիտես ինչու բոլորը հենց իր մականուն էին ամենաշատը կրկնում:
Միգուցե, եթե սովորեր ֆուտբոլ կամ թղթախաղ խաղալ, կդառնար խմբի մասնիկը, սակայն արդեն ուշ է: Թղթախաղ ոչ ոք չսովորեցրեց, նույնիսկ եղբայրը: Իսկ ֆուտբոլը չէր ձգում. չհասկացավ թե ինչ հաճույք են ստանում խմբով գնդակի հետևից վազելուց, իրար հրմշտելուց, որը հաճախ վերածվում էր տուր-ու-դմփոցի, կոշիկները պատռելուց: Մայրը տարին մեկ կոշիկ կարող էր գնել, ինչպես կարող էր պատռել այն տաղտկալի գնդակի հետևից վազելով:
Եղբայրը մեծ էր ընդամենը մեկ տարով, և ուներ բազում ընկերներ: Նա էլ ինչ որ անիմաստ օտարալեզու մականուն ուներ, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում,: Եղբոր ընկերները իրեն չէին վիրավորում, սակայն չէին էլ ընկերանում կամ շփվում: Եղբայրը միշտ պաշտպանում էր իրեն այդ վանկարկումներից, սակայն նույնիսկ նա ի վիճակի չէր բացատրելու, թե ինչու են բոլորը իրենից խուսափում:
Միայնակության զգացումը էլ ավելի ճնշող դարձավ եղբոր մեկնումով: Սակայն հույսը, որ վերադառնալով եղբայրը կտանի իրեն հեռավոր երկիր, որտեղ ոչ ոք չգիտի իր մականունը, նրան ուժ էր տալիս դիմանալու բաժանմանը:
Եղբորից երբեմն լուր կամ փող են ստանում: Հայտնում է, որ լավ է, սակայն ոչինչ վերադառնալու օրվա մասին: Անշուշտ եղբայրը ցանկանում է անակնկալ մատուցել: Նվերների կամ փողի մասին չէր մտածում, եղբոր վերադարձը այն ամեն էր ինչին սրտատրոփ սպասում էր մեկնման պահից սկսաց:
Աշնան առաջին օրից ամեն օր այցելում էր ավտոկայան եղբորը դիմավորելու: Ավտոբուսի երկար սպասված ժամանումը սիրտը լցնում էր թռթիռով, իսկ շնչառությունը դադարում: Յուրաքյանչուր իջնող երիտասարդ հույս և հիասթափություն էր պարգևում: Տխուր հայացքով հետևում էր, թե ինչպես է վարորդը փակում դռները և քայլում դեպի գրասենյակ:
Կոտրված սրտով վերադառնում էր տուն, նայում մոր հոգնած հայացքին և տխուր ծամում ուտելիքը: Մոր խրատները, հորդորները այլևս ավտոկայան չգնալ էլ ավելի էին տրտմեցնում սիրտը: Նույնիսկ մայրը չի սպասում վերադարձին, իսկ նա հավատում է, որ շատ շուտով եղբայրը անպայման կգա:
Նույնիսկ այսօր դեռևս հույս կա, որ նա կգա. միգուցե ուշացել է ավտոբուսից, և վերադառնում է համընթաց ինչ որ մեքենայով: Ուշ երեկոյան, մի քանի անգամ կքայլի դեպի փողոցի սկիզբ, որտեղից երևում է ավտոկայանից եկող ճանապարհը, հույսով զննելով մոտեցող անցորդներին:
Եղբորից լուրերը հազվադեպ են դարձել: Հայտնում է, որ դեռևս չավարտված գործեր կան, սակայն հույս ունի, որ շուտով կհաջողացնի դրանք և կվերադառնա: Եղբոր խոսքերին անվերապահ հավատում է, թեկուզ և մոր թերահավատության: Ութ տարիների բաժանումը բոլորովին չեն նվազեցրել եղբոր նկատմամբ իր տածած հավատքն ու սերը:
Շատ շուտով եղբայրը ամպայման կվերադառնա, միգուցե հենց վաղը:

29.05.2009

1 comment

    • Հրայր on 5 Հունիսի, 2009 at 6:20 ա.
    • Reply

    Լավ գրիչ ունեք: Սահուն ոճով և հետաքրքիր կերպով զարգացրել եք նյութը, բայց վերջում մի բան անավարտ է մնացել:

Թողնել պատասխան Հրայր-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.