Թադեվոս Տոնոյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամը

Երբ վերջիվերջո
Մեզ էլ այցելի
Ժամը երկնքի հրավերների,
Երբ վերընձյուղվեն
Ներքո արևի
Ուրախության մեր արտասուքները՝
Կարմիր խաղողի ողկույզների պես,
Որ քաղցրանում են մեր երակներում,
Եվ երբ մեղմորեն ու եղբայրաբար
Միմյանց ընծայենք
Հանապազօրյա հացի մի նշխար,
Եվ երբ գիշերներն ի վերջո լինեն
Միա՜յն,
Մի’միայն մաքրախոհության ընծայաբերներ,
Ու մեր աչք-ունկից բացի, երբ առաջ,
Մենք նա’խևառաջ
Սրտին հավատանք,
Ու նա միայն ա՜յդ,
Միայն ա՜յդ դէպքում մեր մղումներին
Արձագանքի տաք սրտազարկերով
Ու մեզ կյանք տալով,
Ու երբ մենք քիչ-քիչ
Սկսենք նաև
Հավատանք տածել ու ակնածություն՝
Առ այն գույները,
Վկայացույցը, որոնց չունենք կամ
Առա՜ժս չունենք,-
Օ՜, որքան պիտի սիրենք մենք միմյանց
Ի՜նչ ուրախախհույզ ինքնավերադարձ պիտի հայտնվի
Գա, մեր արյունը մաճառից հանի,
Մեր սիրտը բացի,
Թար աչքը խոցի,
Ու մեր շուրթերին թևեր շնորհի՝
Սաղմոսների ու ավետումների ,
Մեզ էլ մեր միջից կենդանի հանի
Ու տեղ տա շուրջը Երկնային գահի:

Թեքված դաշտերին
Աշունն անծանոթ
համ ունի քամու,
Բայց
արև կա դեռ թեքված դաշտերին,
Հայրս երկնքում գինի է քամում ,
Որ հյուրասիրի
իր անհաշտներին:
Նստել ենք ահա արտի մեջ հնձած՝
Արբանյակների հրե գեսի տակ,
Ու չենք հասկանում Հայրական ընծան,
Որ արյուն արժե ու մի…
փշե թագ:
Էլ ոչինչ չունենք տալու-առնելու,
Բայց կռվում ենք կյանքն
այսաշխարհային,
Այնինչ
ուրիշ տեղ էլ չի հառնելու
Հանճարն
արաբի,
հրեայի,
հայի…
12 հոկտեմբեր, 2006թ.

Տերը կմտնի նույն գետը
Իմ մէջ են ապրում մարմինն ու հոգին,
Ու ես՝
Հորս մէջ՝
քառասուն տարի,
Նա էր՝
մի օր ինձ զատելով հողից՝
Պարգևեց նաև
ջերմացող մարմին:
Նա
ծառը տնկեց
անապատ-հողին,
Բայց ո’չ փաստում էր
ու ոչ էլ եղծում,
Ու Հենվելով այդ դալար կոթողին՝
Ծլարձակում եմ
կյանք,
բանաստեղծում:
Պարբերույթներին դառնում եմ հասու.
Տերը կմտնի
նույն գետն,
ու Որդին
Հայր
պիտի դառնա աստղաերազուն,
Սակայն
և Հայրը՝
Որդի
Վերստին…
Սեպտեմբեր, 27 հոկտեմբեր, 2006թ.

Հողին ու երկնքին
Քանի՜ մարմին ենք
հանձնել մենք
հողին
Ու քանի՜
Հոգի
Երկնքին,
քանի՜,
Հայրս հպվում է իմ ամեն կողին
Ձեռքերով որդուս՝
չորս տարեկանի:
Աշխարհում հանուր՝
մերժումի հեղձուկ,
Ինչ որ Տիրոջն էր,
թողել ենք անտեր,
Սակայն
Կասկածը
հոգիս
չի հերձում.
Կռացա՜ծ,
ծաղկո՜ւն ծառ է հայրս
դեռ:
…27- սեպտեմբեր, 2006թ.

Հայաստան, աշունշ վերջին չուն՝ դրախտ
Հա՜յր իմ,
աշխարհի մեջ քո արարած
քեզ սիրել, սակայն,
Կարող եմ միայն,
ինձ ների՜ր,
ների՜ր
իմ երկրի վրա,
Ուրիշ ո’չ մի տեղ
չեմ կարող ապրել
քո երկնքի տակ,
Ուրիշ ո’չ մի տեղ
չեմ կարողանա
հանգի՜ստ հող դառնալ:
Մենք մի տարի էլ
պատրաստ ենք ձյան տակ
ձմեռել անքուն,
Թէև… այստեղ էլ
ցրտում է արդեն,
ու Վերջն է գալու,
Վերջին չուն դրախտ ճանապարհ ընկավ երեկ իրիկուն.
Իմ Երկրի վրա, Հա’յր իմ, կբերե՞ս մի ուրիշ գարուն:

13 սեպտեմբեր,
27 սեպտեմբեր, 2006թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.