Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԲԱԽՏ

-Հրթիռները հարվածում են կուրորեն, ընկնում են ուր պատահի,- ասաց Բեհնամը դժգոհ,- արձակում են առանց նշանառության. Գիտե՞ս, հիմնականում, թշնամու նպատակը բնակչության մեջ խուճապ ստեղծելն է… Անունն էլ պատերազմ են դրել ու դրանով արդարացնում են մարդկային ամենամեծ շանորդությունը:

-Հա, կործանիչներով ռմբակոծությունը, ոնց որ, ավելի արդարացի էր,- ասաց Նասերը քմծիծաղով,- թշնամին խփում էր նախապես ճշտված թիրախներին, գոնե իմանում էինք, որ քաղաքի այս մասում ռմբակոծության վտանգը քիչ է և մասամբ մեզ ապահով էինք զգում: Հետո զենիթային հրետանին չեզոքացնում էր գրոհները. դա, ինչ-որ, կռվի նման էր:
-Բայց այն ժամանակ էլ ավերածություները քիչ չէին, զոհվում էին շատերը:
-Դե, պատերազմ է, տուժողներ միշտ էլ կլինեն: Դու մտածիր սեփական կաշիդ փրկելու մասին…
Բեհնամը վերցրեց իր հետ նկուղ բերած եռման ջրի թերմոսը և լցրեց բաժակները: Նրանք նոր էին ժամանել ծովափնյա այն ավանից, ուր ապաստանել էին իրենց ընտանիքներով՝ թշնամու կողմից մայրաքաղաքի հրթիռակոծումը սկսվելու օրից: Երկու ընկերները երբեմն ստիպված թողնում էին ապահով ծովափը և իրենց թափուր մնացած տան ու աշխատանքի խնդիրները հոգալու համար գալիս էին մայրաքաղաք: Այս անգամ էլ, ինչպես միշտ, ուղղակի եկել էին Բեհնամի առանձնատունը, որի նկուղը թվում էր՝ հարմար է պատսպարվելու համար: Իրենց հենց հասնելու պահից, եթերում տարածվել էր տագնապի «կարմիր» դրության շչակի տհաճ ոռնոցը:
-Երբեմն ինձ զարմանք է պատճառում քո անտարբերությունը,- ասաց Նասերը,- ամեն վայրկյան հնարավոր է հրթիռը պայթի հենց մեր գլխին, իսկ դու հանգիստ պատրաստվում ես սուրճ խմել:
Բեհնամը լուռ էր:
— Երևի կասես, որ մեր նկուղ իջնելն էլ ավելորդ է,- շարունակեց Նասերը,- որ, եթե հրթիռն ուղիղ ընկնի մեր շենքի գլխին՝ մեկ է, փրկություն չկա: Բայց, ախր, այս լայնատարած, հսկա քաղաքում, դա ուղղակի բախտի հարց է, վիճակախաղի պես մի բան…
-Երևի այդ պատճաով էլ շչակի ձայնը լսելիս, լեղապատառ վազում ես այստեղ:
-Գիտե՞ս ինչ, ես չեմ ուզում զոհ գնալ պայթյունի ալիքի հետևանքով թռչող իրերի բեկորներին: Նույնիսկ լուսամուտների ապակիների կտորներն այդ պահին դառնում են մահացու դաշույններ ու թափով խրվում մարմնիդ մեջ: Դա անիմաստ մահ է:
-Մահը՝ մահ է. ճակատագրից չես փախչի,- ասաց Բեհնամը,- մարդիկ չեն մեռնում միայն պատերազմներում:
Նասերը լարվեց.
-Ի՞նչ ես ուզում ասել, ինչ-որ բան այն չէ՞:
-Երեկ ծովափում լսեցի, որ մի քանի օր առաջ Էյնոլլահի վիզը կտրել են…
-Ի՞նչ Էյնոլլահ:
-Դե, քո համադասարանցին, չե՞ս հիշում, որին կարծեմ վտարեցին դպրոցից: Կատակասեր, ուրախ տղա էր:
Նասերը քարացած աչքերը սևեռել էր Բեհնամի պարզած ձեռքում պահված լուծվող սրճի գավաթին ու լռում էր:
-Շաքար ավելացնե՞մ, Նասե՞ր…
-Որտեղի՞ց լսեցիր այդ լուրը,- ի վերջո, թուքը կուլ տալով՝ խզված ձայնով հարցրեց նա,- ի՞նչ է նշանակում վիզը կտրել են:
-Ինչ որ լսեցիր, կտրել են, էլի, ծայրից ծայր կտրել են: Ծանոթ տղերքից մեկը պատմեց:
-Մահացե՞լ է…
Նկուղի աղոտ լույսի տակ Բեհնամը մտահոգ նայեց Նասերի սփրթնած դեմքին ու ակնապիճներից դուրս թռած աչքերին. քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին ու թեթև դողում էր:
-Չէ՜, սաղ է մնացել,- հեգնեց Բեհնամը,- քեզ ի՞նչ եղավ. իմանայի այդքան կհուզվես, չէի ասի, կարծում էի նրան չես էլ մտաբերի, քանի՜ տարի է անցել…
Նասերը նստեց նկուղում հարմարեցված հին բազկաթոռին ու գլուխն առավ ափերի մեջ:
-Էյնոլլահը… Էյնոլլահը… Խե՜ղճ Էյնոլլահ…
-Առ, սուրճդ խմի՛ր, կսառչի:
Բեհնամն իրոք զարմացել էր: Նման զգացմունքային դրսևորումն ինչ-որ հարիր չէր Նասերի էգոիստ բնավորությանը:
-Ո՞նց է պատահել,- կերկերուն ձայնով հարցրեց Նասերը:
-Ընկերոջս պատմելով՝ Էյնոլլահը պատվերով նոր ինքնաշարժ է տանելիս եղել մայրաքաղաքից ՝ իր ծննդավայրը: Բացի մեքենավարությունից, նա ուրիշ բան չգիտեր. ընկել էր վատ շրջան: Նրա կտրված գլխով դիակը գտել են գլխավոր մայրուղու կամրջներից մեկի տակ: Հարցն այն է, որ մեքենան չեն տարել: Առայժմ ոչ ոք չգիտի սպանության ստույգ շարժառիթը:
-Ես լսել էի, որ նա… էն բանից է ծխում…
-Հա, մեքենայի մեջ վարպետորեն թաքցրած թմրանյութ են գտել:
-Խեղճ Էյնոլլահ…, — մրմնջաց Նասերը և ակամայից բացելով շապիկի վերի կոճակը հայացքը հառեց մի անորոշ կետի:
Որոտաց առաջին պայթյունը: Նկուղը ցնցվեց:
-Հեռու էր,- ասաց Բեհնամը,- ձայնը եկավ արևմտյան կողմից:
Նրանց համար, վերջին ամիսներին, սա առաջին պայթյունը չէր. Նասերը յուրաքանչյուր հրթիռի ահռելի պայթյունից հետո սովորաբար վեր-վեր էր թռչում ու գունատված վախից՝ շատախոսում էր: Իսկ այս անգամ անտարբեր ու լուռ՝ նստած էր նույն դիրքով:
-Խե՜ղճ Էյնոլլահ,- նորից ասաց նա:
-Իմանայի այսքան կհուզվես, չէի ասի,- կրկնեց Բեհնամը,- քանի՜ տարի է անցել… էս անտեր մնացած կարմիր ազդանշանն էլ չի կտրվում, երևի նոր հարձակում է սպասվում…
Նրանք լուռ խմում էին սուրճը՝ յուրաքանչյուրը տարված իր մտքերով:
-Նրա կործանման պատճառը ես էի…,- մենախոսելու պես հանկարծ լռությունը խախտեց Նասերը:
-Ի՞նչ ասացիր,- համարյա գոռաց Բեհնամը,- դու հանդիպո՞ւմ էիր Էյնոլլահին:
-Չէ, դպրոցից վտարելուց հետո այլևս չեմ տեսել նրան…Մի անգամ հեռախոսեց և ուզեց հանդիպել ինձ, օգնություն էր խնդրում, մի կերպ օձիքս ազատեցի. չէի ցանկանում՝ ոտք դնի մեր տունը, նոր էի ամուսնացել… Լավ անուն չուներ…
-Ուրեմն դրա համար ես անհանգիստ:
-Չէ, դա ուրիշ բան է… երկար տարիներ ծանրացել է սրտիս վրա… Բեհնա՛մ… սիրտս պայթում է…
-Լա՛վ, հանգստացի՛ր, Էյնոլլահի նման մարդկանցից այլ բան սպասելն անմտություն է:
— Ես ու Էյնոլլահը նստում էինք նույն նստարանին,- սկսեց պատմել Նասերը՝ տեղում անհանգիստ շուռումուռ գալով. ասես նա պատրաստվում էր բացահայտել՝ երկար տարիներ սրտում պահած մի գաղտնիք: Նկուղի լռության մեջ լսվում էր միայն շչակի միալար ձայնը,- միջնակարգի առաջին դասարանում էինք: Ինքը վատ աշակերտ չէր, բայց չար էր ու չսիրելով էր սովորում. հաճախ ինձ ասում էր, որ ուզում է գնալ աշխատելու, հորն օգնելու: Մեր մեջ ամենաշատ պատժվողը նա էր: Մի օր, գեղագրության դասին դպրոցի տեսուչը փոխարինել էր այդ օրը բացակայող մեր ուսուցչին: Դե, գեղագրության դասը ժամանցի պես մի բան էր և ինչ օյիններ ասես, որ չէինք մոգոնում խեղճ ուսուցչի գլխին: Իսկ տեսուչի անսպասելի այցի պատճառով ՝ փաստորեն ապարդյուն պիտի անցնեին մեր այդ օրվա նյութած բոլոր «դավերը»… Պապանձվել էինք: Ես տնից ռեզինե բարակ թելեր էի բերել. դարձել էի անհամբեր ու երբ տեսուչը շրջվեց գրատախտակին ինչ-որ բան գրելու, գրպանից հանեցի դրանցից մեկը: «Մի արա»,-ասաց Էյնոլլահը շշուկով: Բայց ես մարտական էի տրամադրված, չդիմացա, ձգեցի և այն արձակեցի դեպի գրատախտակը: Թարսի պես դա ուղիղ կպավ տեսչի ծոծրակին: Դրանից առաջ, երևի հարյուր անգամ նույն բանն արել էի, բայց երբեք չէր դիպչել ոչ ոքու: Իսկ այս անգամ կպավ՝ էն էլ տեսչի ծոծրակին. հասկանո՞ւմ ես, տեսչի ծոծրակին,- կրկնեց նա,- չար բախտի բերմամբ, ճիշտ հրթիռն ընկնելու պես…
Իրար հետև որոտացին երկու հզոր պայթյուններ: Բեհնամը գունատված ու զարմացած նայեց անտարբերության քողով պարուրված Նասերին: Շարունակվում էր կարմիր դրությունը:
-Իզուր եկանք,- տրտնջաց Բեհնամը,-ո՞վ է աշխատանքի գնում այս օրերին, բոլորն առնետների պես ծակուծուկ են մտել, նույնիսկ գողերը. տան դուռը բաց թողնես՝ մարդ ներս չի մտնի:
Նասերը մտքերի աշխարհն ընկած, ասես չէր ընկալում իրականությունը:
-Հա, հետո ի՞նչ եղավ,- մի քիչ հանդարտվելուց հետո հարցրեց Բեհնամը:
-Եկավ վերակացուն: Բոլորիս հարցաքննեցին անխտիր, բայց ոչ ոք չմատնեց ինձ: Ճարահատված՝ ինչպես միշտ, տեսչանոց տարան Էյնոլլահին ու մի քանի տղաների: Ես սոսկալի դրության մեջ էի. համոզված էի, որ նա չի դիմանա ծեծին ու կմատնի ինձ. չէ՞ որ նա էր իմ քաջագործության միակ ականատեսը: Ամեն վայրկյան սպասում էի, որ ինձ էլ կկանչեն… Չգիտես, ինչքան մեծ էր ուրախությունս, երբ դասարան վերադարձավ Էյնոլլահը լացից կարմրած աչքերով ու շշնջաց ականջիս. «Հանգիստ եղիր, բան չկա»… Նրա ձեռքերի ափերը ուռել ու սևացել էին ճիպոտի հարվածներից: Ես կարծում էի, որ հարցը փակվեց, բայց սխալվում էի. երեկոյան տեսուչն անսպասելի այցելեց մեր տուն: Նա մտերիմ էր հորս հետ. ինձ էլ սիրում էր գերազանցիկ լինելուս համար: Սարսափից փակվել էի ննջարանում ու աշխատում էի որսալ տեսչի ու հորս փսփսոցից պատառիկներ, որոնց մեջ հոլովվում էր նաև Էյնոլլահի անունը: Կանչեցին ինձ… Սպասում էի դրան, թեև ննջարանի դռնից մինչև նրանց մոտենալը՝ մի ամբողջ հավիտենականություն տևեց: Նրանք երկուսն էլ քննախույզ աչքերն հառել էին ինձ վրա: «Երևի իմացել են», անցավ մտքովս, բայց անմիջապես մտաբերեցի Էյնոլլահի հավաստիացումն ու մի քիչ սրտապնդվեցի: Հետո տեսուչն ուղիղ նայելով աչքերիս մեջ մեղմ ձայնով հարցրեց. «Գիտե՞ս ով էր»… Այդ հարցը առավոտից տրվել էր շատերին ու անախորժ հնչել ականջիս մեջ, բայց պատասխանը միշտ էլ եղել էր՝ «Ո՛չ, չգիտեմ»-ը: Այդ պահին, ինքս էլ չհասկացա, թե ոնց առանց տատանվելու, դասը սերտած աշակերտի պես ասացի. «Էյնոլլահը»… Տեսուչը բարի ժպտաց ու ձեռքը ուսիս դնելով ասաց. «Շնորհակալ եմ, տղա՛ս, այդպես էլ գիտեինք»… Տեսուչի գնալուց հետո հայրս անխոս սեղանին լցրեց ռեզինե թելերի կույտը,որ մայրս գտել էր դպրոցական համազգեստիս գրպանում: Նա բազմանշանակ նայեց ինձ ու ասաց.
-Ծպտուն չհանե՛ս… Այս անգամ լավ պրծար…
Նասերը ցնցվեց ու լռեց: Ասես այդ պահի վերհիշումը տանջալից էր նրա համար:
-Սուրճդ խմիր, սառեց,- ասաց Բեհնամը:
-Շատ անգամ հարց եմ տվել ինքս ինձ, թե ինչո՞ւ տվեցի նրա անունը: Իսկապես կարող էի ասել, որ չգիտեմ, ինչպես ստել էի առավոտյան. կարող էի խոստովանել ու ներողություն խնդրել, ասել, որ դա արել եմ անգիտակցորեն, որ… նշան չէի բռնել, որ դա բախտի բան էր՝ այդպես ստացվեց հակառակ իմ ցանկության, և այլն… Հարուստ ընտանիքի երես առած զավակ էի, հայրս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ էր. ինձ կներեին, ինչպես հետագային էլ կոծկեցին դրանից ավելի վատ արարքներս… Այդ գիշեր մտքերս շատ խառն էին, եղան պահեր, որ նույնիսկ նախանձեցի Էյնոլլահի հոգու արիությանը… Ինձ չէին ծեծել, ճնշում չէին գործադրել, բայց կաշիս փրկելու համար, զրպարտել էի նրան, ամբաստանել չգործած հանցաքի մեջ: Ինձ մտատանջում էր նաև այն հարցը, թե ի՞նչպես կվարվեին Էյնոլլահի հետ. մի կողմից սրտիս խորքում խղճիս ձայնն էր երևի գլուխ բարձրացրել, բայց մյուս կողմից ավելի շատ վախենում էի, որ գուցե նա մղված անարդարությունից չի դիմանա ու կտա իմ անունը… Ինձ մխիթարում ու համոզում էի, որ նրա խոսքին հավատ չեն ընծայի… Նույնիսկ թաքուն հրճվում ու ինձ ապահով էի զգում այն մտքից, որ ինձ տրվել էր նրան կանխելու հնարավորությունը…
Նասերը լռեց ու հայացքը թեքեց մի կողմ: Նա չէր կարողանում նայել Բեհնամի աչքերին:
— Հաջորդ օրը ոչինչ չպատահեց,- շարունակեց Նասերը: Տուն գնալիս, չհամբերեցի ու գաղտագողի մոտեցա ու ներս նայեցի տեսչանոցի կիսաբաց դռնից. տեսա Էյնոլլահի հորը, որ տղայի ձեռքը բռնած՝ խեղճ ու գլխահակ կանգնել էր տեսչի առջև… Էյնոլլահը, ասես բնազդով ետ շրջվեց ու նկատելով ինձ՝ ժպտաց… Աչքս ընկավ նրա շալվարի մեծ կարկատանին ու մաշված տրեխներին: Արդյոք, նա կռահո՞ւմ էր, որ ես էի իրեն այդ վիճակին հասցնողը… հազիվ թե: Նրա այդ ընկերական, բարի ժպիտը, շալվարի կարկատանը և մաշված տրեխների տեսքը հետապնդել է ինձ ողջ կյանքիս ընթացքում, կեղեքել հոգիս. և հիմա, երբ նա չկա, հառնում է ամեն վայրկյան ավելի ցայտուն… Նրա կրթությունը կիսատ մնաց: Ոչ ոք այնպես էլ չիմացավ, թե ո՞վ է մատնել Էյնոլլահին: Տղերքից մի քանիսը կասկածեցին ինձ, նեղը դրին, բայց ես կտրականապես հերքեցի… նորից ստեցի… Դու առաջին մարդն ես, որի առջև բացում եմ սիրտս… Հետագային լուրեր էին պտտվում, որ Էյնոլլահը կապվել է տարիքով իրենից մեծ կասկածելի վարքով տղաների հետ, նստել է, և այլն… Ե՛ս կործանեցի այդ լավ տղային…
Նասերը վեր կացավ ու բռունցքով հարվածեց կրծքին. բերանը բացուխուփ էր անում խեղդվողի պես, թվում էր՝ նկուղի օդը չի բավականացնում… Հետո նա թափով բացեց դուռն ու անխոս սկսեց բարձրանալ աստիճաններով:
-Ա՛յ տղա, էդ ո՞ւր ես գնում,-նրա ետևից կանչեց Բեհնամը,- դրությունը դեռ կարմիր է:
Նասերը չպատասխանեց և հենց այդ վայրկյանին զարհուրելի ձայնով պայթյունի հզոր ալիքը հիմքից ցնցեց նկուղը, ներխուժեց բաց դռնից ու գետին շպրտեց Բեհնամին: Հոսանքն անջատվեց: Լսվեց կոտրվող ապակիների ձայն: Հրթիռն ընկել էր առանձնատնից մի քանի հարյուր մետր այն կողմ կառուցվող նոր մզկիթի բաց շինհրապարակի մեջ: Կարճ ժամանակ անց Բեհնամը ուշքի եկավ, ոտքի կանգնեց, թափ տվեց փոշոտված հագուստներն ու անտարբեր արմունկից հոսող արյունին ու ծնկի ցավին՝ խարխափելով դուրս եկավ նկուղից:
-Նասե՜ր,Նասե՜ր,- տագնապահար կանչեց նա:
-Էստեղ եմ, — միջանցքից լսվեց Նասերի թույլ ձայնը:
-Ո՞նց ես, հո մի բան չի՞ պատահել,- մթության մեջ ձայնի կողմը գնալով՝ անհանգիստ հարցրեց Բեհնամը:
-Չէ, լրիվ անվնաս եմ, այս անգամ էլ կաշիս փրկեցի,- նա ջղային ծիծաղեց:
Լուսնի աղոտ լույսի տակ Բեհնամը հազիվ նկատեց ընկերոջը, որ ոտքերը լայն պարզած ու հենված պատին՝ նստած էր միջանցքի հատակին, և շշմած նայում էր իր դեմքից մի քանի սանտիմետր այն կողմ պատի մեջ խրված ապակու բեկորին:
-Եթե իմ ռեզինե թելն էլ էսպես շեղվեր ու չդիպչէր տեսչի ծոծրակին, գուցե հիմա Էյնոլլահը…
Նա կիսատ թողեց խոսքը, ափերով ծածկեց դեմքն ու փղձկաց:
-Բեհնա՛մ…, Բեհնամ, ինչո՞ւ ապակին չխրվեց սիրտս…
Հեռվից լսվում էին աղաղակներ, շտապ օգնության և հրշեջ ծառայության մեքենաների չդադարող, ականջ խլացնող շչակների երկարաձիգ ոռնոցը…
Մայիս, 2009 թ.
Թեհրան

 

3 comments

  1. Անչափ հավանեցի այս սրտահույզ պատմությունը,շնորհակալություն:

    • Andranik Gregorian on 22 Սեպտեմբերի, 2009 at 7:11 ե.
    • Reply

    Sireli Kolia,
    Hedakrkir grvast er, andradarnalov vor nman debker shat kan mer kyankoom, mi gootse sa drantsits mi nmooshn er.
    Sirov, Andk

    • Toma on 29 Հունվարի, 2016 at 1:06 ե.
    • Reply

    Հրաշալի գործ էր,տպավորիչ անչափ… Շնորհակալություն Կոլյա ջան

Թողնել պատասխան

Your email address will not be published.