Ֆահիմե Ղանինէժադ | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյան

Առանց Հրաշքի
Բանաստեղծությունից
Հրաշքներ մի սպասիր
Բանաստեղծները
Առանց հրաշքների մարգարեներ են
Ներկում են իրենց մղձավանջները և
Պատրանքի տեղ
Կամ նույնիսկ սոխակի
Հրամցնում են քեզ
Որպեսզի ուրախանաս
Քնի կամ էլ երգի ճախրանքով
Այն էլ եթե
Բանաստեղծությունը
Բանաստեղծություն լինի և
Բանաստեղծը
Բանաստեղծ

Սիրային
Երկինքը մեր գլխի վերևում
Ինչ ծանր
Եվ հողը մեր ոտքերի տակ
Ինչ երերան է
Սիրային խոսքերի համար
Արի գլխիվայր քայլենք

Սուտ
Այն մի կտոր արևը
Որ ճաշին ափսեիդ մեջ էր
Դեռևս տաք է
Մի վստահիր գիշերվա խոսքին

Լուսանկար
Կանգնել եմ աշխարհի այգիների կողքին
Այստեղ
Մի լուսանկարում
Մի ծառի տակ
Որ ենթադրում եմ
Եվայի խնձորենին է
Եվ որի խնձորները նկարից դուրս
Վաճառքի են հանել
Մերկությանս վրա
Գլխաշոր ու խալաթ եմ գցել
Եվ Ադամը եթե չկա
Ցորենի ետևից
Ինչ-որ տեղ է գնացել
Որ այս լուսանկարում չի երևում
Իսկապես
Դու որ ապարատով
Կանգնել ես իմ դիմաց
Միթե լուսանկարը լուսանկարից
Չի փչանում

Դիտում
Այս ճաղերի առաջին տողից
Որ գիծ-գիծ են արել փողոցը
Մինչև այն կարմիր լույսի վերջը
Մի հոգի մահացել է
Մի հոգի իմ տեսքով
Մահացել է քո նման
Մի հոգի «Որ նման չէ ոչ մեկին»
Բոլորի պես մահացել է
Լույսը
Կանաչ է
Կարող ենք դիտել

Պատգամ
Ոչ մի թռչնի մազ
Այնքան կարճ չէ
Ինչպես իմը
Ոչ մի ոզնու
Փշերը այնքան սուր չեն
Որքան քոնը
Արի միմյանց ձայնը լսելուց հետո
Պատգամ թողնենք
«Մազերդ չեմ հիշում
Բայց ինչ-որ թռչունից
Այստեղ մի փետուր կա
Որ երբեմն ինձ մոտ փռշտոց է առաջացնում»
«Ես էլ քո խոսքերից
Միայն այն փշերն եմ հիշում
Որ երբեմն նետում ես
Մթության մեջ»
Ողջույն
Խնդրում ենք այս բանաստեղծությունը
Կարդալուց կամ լսելուց հետո
Թողնեք ձեր պատգամը
Շնորհակալ ենք

1 comment

    • Գառնիկ Արունց on 6 Օգոստոսի, 2009 at 12:54 ե.
    • Reply

    Գեղեցիկ է…

Թողնել պատասխան Գառնիկ Արունց-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.