Ազատ Մաթյան | ՄԵՆԱԿՅԱՑՆ ՈՒ ՑԱՎԸ

Օդանավային աղետի բոլոր զոհերի
և նրանց հետ ողջակիզված եղբորս՝
Մասիսի պայծառ հիշատակին

Հեռու աշխարհի շփոթից հախուռն,
Հեռու նրա ճոխ խրախճանքներից,
Փախած հոգեմաշ խոհերից տխուր,
Որ այնքան շատ էր բաժին հասել ինձ,
Եվ ապաստանած իմ մենաստանում,
Ուր, թվում էր թե դեռ կապրեմ երկար՝
Անհուշ, աներազ, անբառ, անանուն,
Մոռանալով որ աշխարհում դեռ կամ,
Հենված կրկնության իմ ճոճաթոռին,
Օրորվում էի ես ետ ու առաջ,
Իսկ դրսում օրն էր ընթանում լռին,
Իր մոտ ու մթին մահվան ընդառաջ:
Ու մեկ էլ դուռս թափով թակեցին.
Բացեցի: ՑԱՎՆ էր: -Թույլ կտա՞ս մտնեմ,
Ասել էի, չէ՞, բայց մի վախեցիր,
Ուր էլ թաքնվես, ես քեզ կգտնեմ:
— Ես եմ աշխարհում նորից քեզ հիշել,
Մնացել միայն քեզ հավատարիմ,
Թող քո հյուղակում մնամ էս գիշեր,
Որ տևելու է էլ հազար տարի:
Ասաց ու փլվեց իմ ճոճաթոռին,
Եվ ծանր օրորվեց մեկ առաջ, մեկ ետ,
Իսկ ես մնացի շվար ու լռին,
Իմ մեջ ոռնացող տառապանքի հետ:
-Օ՜, ո՛չ,- ճչացի,- ելի՛ր աթոռից,
Դուրս ե՛կ, չքացի՛ր, հեռացի՛ր, գնա՛,
Ես քո ստրուկը չեմ դառնա նորից,
Ուզում եմ հավետ ես մենակ մնալ:
-Այդ ես եմ,-ասաց,-քո մենությունը,
Ստրկությունն ու ազատությունը,
Ես անպարագիծ քո պարագիծը,
Քո դավանանքն ու դավանակիցը,
Քո տան տանիքն եմ ու քո տան սյունը,
Ես՝ քո անունն ու քո ազգանունը,
Ես՝ քո մեջ միայն անբիծ, անեղծը,
Քո լեզվով բանող քո բանաստեղծը:
Ես քոնն եմ,- ասաց,- ուզես, թե չուզես,
Քո հոգու արքան ու սրտի տերը,
Այսուհետ պիտի դու ինձ հետ կիսես
Կյանքիդ մնացյալ բոլոր օրերը,
Ինձ հետ լուսացնես գիշերը անքուն,
Ինձ հետ կուլ տաս քո ամեն պատառը,
Եվ լեզվիդ վրա ճաշակես կյանքում
Բոլոր համերից ամենադառը:
Եվ այսպես ճոճվող աթոռին նստած՝
Անմարմին, անտես, բայց և իրական,
Հորդորում էր ինձ ձայնով իր հստակ,
— Հաշտվիր ինձ հետ, ես դու եմ, որ կամ:
Ու ես հուսահատ ինձ դուրս նետեցի,
Ուզեցի փախչել, բայց ո՞ւմից կամ ո՞ւր,
Ամեն կողմ ճիչ ու կանչ էր ցավածին,
Ցավի տիրույթն էր աշխարհում հանուր:

Հուլիս 2009

Աղբյուր՝ «Հույս» երկշաբաթաթերթ
թիվ 56, 12.08.2009

 

1 comment

  1. Կարող է այնպես թվալ, թե մեծերի խոսքը, որ ցավը մենակ չի գալիս, միայն խոսքեր են, բայց սեփական օրինակից կարող եմ ասել, որ այդ կարծիքը թյուր է: Երբեմն կարող է այնպես թվալ նույնիսկ, որ բոլոր դժբախտությունները սպասում էին, որ միասին թափվեն վրադ: Բայց դա միայն պատահականություն է: Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, դժբախտ պատահարների զոհ դարձածների կամ անժամանակ կյանքից հեռացածների, գտնում եմ որ ճիշտ է տառապել նրանց համար, քանի որ այդ թույլ չի տալիս մոռանալ նրանց: Սակայն կյանքը շարունակվում է և պետք է մտածել նաև դրա մասին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.