Շամս Լանգյարուդի | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյան

՞՞՞
Սիրում եմ գիշերային անձրևը,
Կեսգիշերին
Զբոսայգիների վառած լույսերը
Եվ մեքենան, որ հեռանամ է
Կյանքի արագությամբ։

՞՞՞
Ուր են աչքեր, որ քեզ տեսնեմ,
Բերան, որ քեզ երգեմ,
Ականջ, որ քեզ լսեմ։
Անձրև եմ
Կույր,կուրորեն
Թափվում եմ
Քո կողքին։

՞՞՞
Ալեծուփ,
Միայնակ.
Անսահման։
Երանի
Չլինեի օվկիանոս՝
Ափը ճանկռոտող

՞՞՞
Թափվում է աշնան անձրևը
Եվ դպրոցի երեխաները գնացել են,
Եվ հիշում ես, որ միայնակ ես
Եվ ոչ ոք չեկավ քո ետևից։
«Ինչ կլիներ, եթե չլիներ ինչ-որ ուղղագրություն,
Ինչ-որ դպրոց
Եվ չիմանայի , թե ինչպես պետք է գրեմ անունս
Եվ չկարողանայի ժամերը կարդալ.
Ծառերի պես կթրջվեի անձրևի տակ։
Ինչ կլիներ, եթե թռչուն լինեի
Տերևները հատիկ առ հատիկ
Հաշվեի իմ կտուցով
Եվ կհիշեի այն ծաղկին,
Որ քնել էր ոտքերիս փետուրներում…»։
Աշնան անձրևը
Թափվում է լուռ ու մշուշոտ
Եվ դու կանգնել ես միայնակ
Եվ չունես թև ու փետուր։

՞՞՞
Ոչ այգեպան,
Ոչ հարևանների երթ ու դարձ,
Ոչ շների հաչոց…
Ոչ ոք չկար։
Տաք ու անուշ ամառ,
Ավաղ,
Այգի չկար

՞՞՞
Պոչն է շարժում,
Աղոթում է,
Եվ նրանից ձայն չի լսվում։
Գոհ է ձուկը,
Թե օվկիանոսում,
Թե դանակի կողքին։
Գոհ է
Իր ապակյա տնակում
Եվ թաքնվելու համար
Չունի ոչ մի տեղ։

՞՞՞
Բարի գիշեր
Սիրելի երեխաներ,
Բարի գիշեր,
Արդեն շատ ուշ է։
Նայեք օդանավերին՝
Գարնանային երկնքում,
Թե ինչ գեղեցիկ են փայլատակում։
Նայեք տանկերին, ռմբակոծիչներին,
Ոչ մի ամերիկացի երեխա չունի ձեր բախտը,
Նրանք այս բոլոր բաները
Տեսնում են կինոյի վարագույրի վրա։
Քնեք երեխեք
Եվ հիշեք,
Ձեր տեղը դրախտում է,
Բայց
Մի բան կերեք ու խմեք
Քանզի դատաստանի հավաքատեղում
Երկար հերթ է և քաղցած կմնաք։
Քնեք երեխեք,
Բայց
Չմոռանաք երեսներդ լվանալ.
Հրեշտակները
Մաքուր երեխաների են սպասում
Եվ առհասարակ մի մտահոգվեք
Մայրիկի կարոտի համար
Նրանք գերադասում են մահը
Եվ շուտ կգան ձեզ մոտ։
Մենք էլ խոստանում ենք
Ազատության արձանի տակ
Ձեզ համար նուրբ գերեզմաններ պատրաստել
Որպեսզի անցորդները և տուրիստները
Ծաղկեփունջ դնեն այնտեղ
Եվ գոհունակ խղճով՝ ժպտան։

Թողնել պատասխան

Your email address will not be published.