Սամվել Մարտիրոսյան | ՄԵՐՈՆՔ

Անսկիզբ-անվերջ

Ի՞նչ է կյանքն իմ՝ երկու տող,
Դու մի շնչով կարդացիր,
Ու երեսիս նայեցիր խաբված մանկան ժպիտով,
-Մի՞թե չկա էլ ոչինչ,
Կյանքում՝ կյանքիցդ բացի,
Սրտում՝ սրտիցդ բացի մի՞թե չկա էլ ոչինչ:
Աչքերիս մեջ նայեցիր,
Ու նրանց թաց հատակից,
Խաղալիքներ հանեցիր, որ իմը չէին էլ վաղուց,
Ի՞նչ էին ուզում ինձանից,
Երբ կյանքիս հետ էին խաղում,
Երբ սրտիս հետ էին խաղում, ի՞նչ էին ուզում ինձանից…

 

Վարդավառ

-Հող,-ասեմ,
-Հող,-ասեմ, շաղ գաս մատներիս միջից, աշխարհով մեկ դառնաս,
Արագածի որդիներին՝ ուժ ու անքնություն,
Ճար ու ճանապարհ,
Սեր ու ճրագ…
-Թող,-ասեմ,-ծանրացել եմ անձրևից,
-Ձեռքս թող,-ասեմ,-արևի շող դառնաս,
Թև առնես,
Մնաս երկնքին ապավեն:
Վերից ասեմ,-օրս՝քարե թռչունը տարավ,
Ցածից ասեմ,-բույնը ծաղիկներով է հյուսել:
-Հող,-ասեմ,
Երկու բուռս բաց է,-հող,-ասեմ,
Վկա է սիրտս՝ կուշտ է հողը,
Աղավնիներն են ծարավ…

 

Հայկյան ընկուզենի

Դուրս արի, արև,
Աղեղներս քաշել եմ զույգ-զույգ,
Կանաչել եմ, ինչպես եմ կանաչել,
Անցորդից մի երգ եմ առել,
Երգի մեջ քո ձայնն եմ ճանաչել:
Մոտ արի, արև,
Մոխիրս խաբկանք է ու սուտ,
Կարմրել եմ, ինչպես եմ կարմրել,
Ծովերի մեջ ցամաք եմ գտել,
Ափերին նշաններ եմ արել:
Սիրտս՝ չէ, աչքերս են, աչքերս են, որ բաց են,
Լույսերիս մեջ, ճյուղերիս մեջ ճոճվում են, կոտրատվում,
Արմատներս արևովդ բռնված են,
Իսկ արևը բնավ ինձ արև չի թվում,
Քար է թվում:

 

Ձնհալ

Կարմիր քարի տակ ջուր է գնացել,
Ջուր է գնացել, ճամփա է բացել,
Կանաչ թփի տակ ջուր է գնացել,
Ջուր է գնացել ու ետ չի դարձել:
-Այ կարմիր աղջիկ, դու մի շտապիր,
Բռանդ միջից ջուրը մի թափիր,
-Այ կանաչ կտրիճ, դու մի շտապիր,
Ու ջրի ճամփան քարով մի կապիր:
Կարմիր քարի տակ ջուր է գնացել,
Ջուր է գնացել, ճամփա է բացել,
Կանաչ թփի տակ ջուր է գնացել,
Ջուր է գնացել ու ետ չի դարձել…

 

Պոլոզ Մուկուչ

Բոլոր երգերը երգեցինք,
Բոլոր պարերը պարեցինք,
Գյումրեցիք իզուր չեն ծիծաղում,
Ինչ լուրջ էր, կատակով արեցինք:
Վկա է Աստվածը հայի,
Կյանքը մեծ է, ամեն ինչ այնտեղ կա,
Բայց կարող է և այնպես պատահի,
Որ ասեն,- Մուկուչը չկա:
Որ ասեն,- չի եղել երբեք,
Ոչ գինի, ոչ հաց, ոչ ընկեր,
Ասեն,- էլ ու՞մ էր նա պետք,
Թե՝ ճոճվել ու ցած է ընկել:
Բայց վկա է Աստվածը հայի,
Կյանքը մեծ է, ամեն ինչից մեծ,
Ու թե աշխարհում այս հսկա,
Քեզ համար ինչ որ բան նա պահի,
Ուրեմն Գյումրի քաղաքում,
Մուկուչը կենաց է խմել:

 

Փետրվարյան սառնամանիքներ

Ոտնահետքերս մնացին դրսում,
Ձյունը ոչ մի բան չասաց այդ մասին,
Դնչները նորից իրար են քսում,
Ու թռչկոտում են մեկմեկու ուսից:
Նրանք իմ դռնից հեռու չեն գնա,
Կաղմկեն այստեղ մինչև առավոտ,
Ու կտաքանան իմ ոտքերի մոտ,
Երբ իմ ձեռքերը մի քիչ տաքանան:
Ոտնահետքերս մնացին դրսում,
Ձյունը ոչ մի բան չասաց այդ մասին,
Բայց եթե մեկը գարուն է ուզում,
Նա ամբողջ ձմեռ պիտի սպասի:

 

Մերոնք

Ասում են՝ վերջին բաժակն իր կյանքի,
Պոլոզ Մուկուչը ինձ հետ է քամել,
Ու չի վախեցել նա այդ կատակից՝
-փոքր է աշխարհը, ու Գյումրին է մեծ:
Փոքր է աշխարհը, բայց մեծ է Գյումրին,
Ո՞վ կծիծաղի ինձանից բացի,
Հիշել է Մուկուչն այսօր բոլորին,
Ովքեր եկել են, ովքեր գնացին:
Մի բաժակ գինով մարդ չես ճանաչի,
Ու երկու ոտքով հեռու չես գնա,
Եվ թե մեկն այսօր ինձ հետ չկանչի,
Քանի՞ գյումրեցի տեսնես կմնա:
Փոքր է աշխարհը, համարյա՝ ոչինչ,
Մի երկու խոսք է, մի երկու կաթիլ,
Լույսի պես ելել ապակու միջից,
Ու դեմ է առել դիմացի պատին:
Ու մեկը չկա, որ հետը խոսես,
Որ հետը խնդաս բեղերիդ տակից,
Ու հետո պատմես,-Պոլոզն էր ու ես,
Չէ, չի դիմանա նա իմ կատակին:
Ասում են,- վերջին բաժակն իր կյանքի,
Պոլոզ Մուկուչը մեզ թողել է՝ լի,
Ու չի վախեցել բացել իր հոգին,
-Աշխարհը մեծ է, Գյումրին՝ ավելի:

 

Իրիկնամուտը ձորի թաղում

Փողոցն ինձ էլի գինետուն տարավ,
Նորից քրտինք է նստել ապակուն,
Նորից դեմքերը փայլում են պարապ,
Մեծ սեղանների նեղլիկ արանքում:
Ու թաց ամբոխի տաք-տաք զրույցից,
Ծնված անտեղի և անժամանակ,
Ես մի խոսք ունեմ պահած առանձին,
-հենց գինին պրծավ, ես տուն կգնամ:
Հենց գինին պրծավ, ես տուն կգնամ,
Ու կմոռանամ այսօրվա մասին,
Բայց, արի ու տես, շատանում է նա,
Եվ ընդհատվում է կատակը՝ կեսից:
Իսկ տղամարդկանց կրկնվող հարցից,
Ապակին անվերջ զնգում է հեռվում,
Ու խառնվում է այնտեղ՝ վերևում,
Այդ զրնգոցը մեր անցուդայձին:
Խառնվում է նա ծիծաղին, լացին,
Սրտի կռիվը փոխում է՝ երգի,
Դոփում է ներսում սատանայի ձին,
Լոկ պատուհանն է նայում երկնքին:
Նայում է խաչին, ու նայում է ցած,
Ու չի հավատում աչքը՝ տեսածին,
Գետին է թափվել գինին մնացած,
Ու փշրանքներն է հավաքում հացի:
Հենց գինին պրծավ, ես տուն կգնամ,
Ես խոսքեր ունեի, քաշով մեկ՝ ոսկի,
Եվ թող լուսուդեմ բոլորն իմանան,
Որ տարբերվում էր իմ կյանքն իմ խոսքից:
Գարնանային տանիքները
Ս. Աստվածածին եկեղեցու բակում
Հալվեց ձմեռը գնալուց առաջ,
Տաքացավ, դարձավ համարյա՝ գարուն,
Ես չէի հավատում նրա գնալուն,
Ու չէի հավատում նրա հետ գալուն:
Իսկ նա կաթում էր աղյուսի տակից,
Եվ ասում էր, թե՝ արև է սիրում,
Ասում էր,-հիմա կճախրի հոգիս,
Թռչուն կդառնա մի կապույտ երկրում:
Ես չէի հավատում նրա ասածին,
Եվ ուրիշ երկրի էլ չէի հավատում,
Քանզի նրանից ու ինձնից բացի,
Մեր շուրջը ոչինչ դեռ չէր կաթկթում:
Բայց, միևնույն է, գնալուց առաջ,
Ձմեռն ինձ ասաց,-գարուն է գալու,
Ասաց ու իր հետ ինձ երկինք տարավ,
Որ էլ չմրսեմ ես այս աշխարհում:
Որ ես էլ երբեք մենակ չմնամ,
Ու թաց մարմինս համբուրեց լույսով,
Ասաց, թե՝ մարդիկ ապրում են հույսով,
Եվ մենք թռչուններ մի օր կդառնանք:
…………………………………………………………….
Հալվեց ձմեռը գնալուց առաջ,
Տաքացավ, դարձավ համարյա գարուն,
Ես չեմ հավատում նրա գնալուն,
Ու չեմ հավատում նրա հետ գալուն:

 

Հին գերեզմանոցում

Այն, ինչ ծածկում էր ճերմակ ձյունը,
Շուտով կանաչ խոտը կծածկի:
Ես փոքր էի անչափ, երբ կարծում էի,
Թե՝ գարունը ելնում է կրծքից:
Ելնում ու կաթի պես վարար,
Հոսում է շուրթերիս անկյունով,
Ես կարծում էի, թե՝ գարունը տարավ,
Մորս, որ ընկել էր քնով:
Կարծում էի, թե՝ հայրս տարավ,
Ու չէի նեղանում աստծուց,
Ես այնպես հավատում էի նրանց,
Ես հորս՝ աստված էի կարծում:
Այն, ինչ ծածկում էր ճերմակ ձյունը,
Շուտով կանաչ խոտը կծածկի,
Իսկ ես, առաջվա պես, մտածում եմ,
Որ գարունը ելնում է կրծքից:

 

Փողոցային երգ

Ճյուղ կա ձեռքիս, տերև չկա,
Ճյուղս դեռ չի բողբոջել,
Սերս ջրի գնաց, չեկավ,
Ասում են՝ իմ սերը չէր:
Ճյուղս՝ կրակ, ձեռքս այրեց,
Ձեռքս ես ծոցս եմ տանում,
Հավաքել եմ ծեր ու ջահել,
Խնձորներ եմ խոստանում:
Ճյուղ կա ձեռքիս, տերև չունի,
Ճյուղս դեռ չի բողբոջել,
Ո՞նց թե՝ սերը ջուրը տանի,
Ո՞նց թե՝ դա իմ սերը չէր…

 

Նվիրում եմ երկու մեծ բարեկամների՝
Ավ. Իսահակյանի և Պոլոզ Մուկուչի հիշատակին:

Գյումրեցուց՝ գյումրեցուն

Մի փութ աղ եմ խառնել հացին,
Ո՞վ իմ հացը համտես կանի,
Ինձանից ու քեզնից բացի,
Ինձանից ու քեզնից բացի:
Աստված չանի, կարոտ մնանք,
Ես՝ քո, դու՝ իմ վերադարձին,
Ես՝ քո, դու՝ իմ վերադարձին,
Կարոտ մնանք, աստված չանի:
Մի փութ աղ եմ թափել շեմին,
Որ երկինքը խիղճ ունենա,
Որ երկիրն էլ խիղճ ունենա,
Ու չտանի խիղճը քամին:
Ու թե սերը կրակ դառնա,
Թող կրակն էլ խիղճ ունենա,
Աչք չդնի թող մեր հացին,
Ոչ քո, ոչ իմ վերադարձին:

Ուրիշ էլ ո՞վ ինձ կտանջի,
Քեզնից բացի, ասա, հոգիս,
Ուրիշ էլ ո՞վ, ինձնից բացի,
Կկարոտի այդ տանջանքին:
Քեզ լսեցի, քեզ լսեցի,
Դանակով սիրտս կիսեցի,
Ուրիշ էլ ո՞վ,՝ ողջը թողած,
Կեսը կուզի, քեզնից բացի:
Ուրիշ էլ ո՞վ ինձ կտանջի,
Քեզնից բացի, ասա, հոգիս,
Ուրիշ էլ ո՞վ, ինձնից բացի,
Կկարոտի այդ տանջանքին:

 

Էդիտ Պիաֆ

Այսքան քի՞չ, ինչու՞ այսքան քիչ,
Թևիկներդ հոգնե՞լ են, Էդիտ,
Ինչու՞ այդքան մոտ երկնքին,
Ու գետին, գետին, գետին…
Այսքան քի՞չ, ինչու՞ այսքան քիչ,
Չէ՞ որ երգն անմահ է, Էդիտ,
Ու թե կա մեր մեջ՝ մեր հոգին,
Նա, հաստատ, դարձել է երգիչ:
Նա, հաստատ, չի հասել ոչ մեկին,
Աղոթիր, ծնկաչոք աղոթիր,
Քո աղոթքը սեր է, Էդիտ,
Ու սիրո մեջ մոլորված մի կին:
Ցավի մեջ մոլորված մի կին,
Ով խոսում է իր մասին վախով,
Քո ցավն էլ չի հասնի ոչ մեկին,
Քո ցավն էլ աղոթք է, աղոթք:
Այսքան քիչ, համարյա՝ ոչինչ,
Թևիկներդ, թևիկներդ, Էդիտ,
Եվ ինչու՞ այսքան մոտ երկնքին,
Եվ ինչու՞ գետին, գետին…

 

Ծաղկավաճառն ու Գյումրին

Այսօր չվաճառված ծաղիկները երկար-երկար նայեցին երկնքին,
Որտեղ մարդկությանը դեռևս անծանոթ մի ճիչ, արևային գույների մեջ ամեն ինչ ոտնատակ կտա,
Իսկ թվում էր, թե՝ հարմարվել էինք արդեն վաղուց թռչունների ամենօրյա երգին,
Թվում էր, յուրաքանչյուրը մեզանից պատրաստ էր երկրի վրա խնայելու օրերը տաք:
Բայց ինչու՞ է, տեսնես, հանդիպման վայրը մեր այսքան անհրապույր,
Չէ՞ որ մենք երկուսով կարող էինք այնտեղ ամեն ինչ փոխել,
Եվ ընդունել մեկնությունը երազներիս, որպես անակնկալ համբույր,
Այն սիրո մեջ, ուր դեռ ոչ ոք ոտք չի կոխել:
Ի՞նչ են անում անծանոթներն այստեղ երեկվանից,
Ինչու՞ են քեզ փորձում օծել սառը ոսկով ու արծաթով,
Մի՞թե ինչ որ մեկը նորից քեզ կամրացնի կրծքին ու կտանի,
Որ ձեռքերով քեզ տնտղեն ու հոտոտեն քթով:
Այսօր չվաճառված ծաղիկները հավաքվել են նորից իրար գլխի,
Շաբաթօրյա հարսանիքները, ինչպես միշտ, ուշացումով են սկսել,
Եվ անպաշտպան մի օր, մանկան նման կուչ է եկել գիշերվա դեմ՝ վախից, վախից,
Ու հաշիվ չի արդեն, թե՝ովքե՞ր էին նրանք, ով պատրաստ էին կյանքն իմ իրենց ուզածի պես բաժանել ուկիսել:

 

Աղջիկն ու Գյումրին

Եվ աչքերին դիմացա,
Եվ ժպիտին դիմացա,
Բայց թե՝ անունը նրա,
Այդպես էլ ես չիմացա:
Արեգա՞կն էր մեղավոր,
Թե՝ լուսինն էր մեղավոր,
Ինչու՞ ընկա ես խաղով,
Ինչու՞ ընկավ նա խաղով:
Խաղին էլ ես դիմացա,
Կրակներկաին նրա մեջ,
Տարին վառվեց ու անցավ,
Եվ օր դարձավ մի անվերջ:
Եվ աչքերին դիմացա,
Եվ ժպիտին դիմացա,
Բայց թե՝ անունը նրա,
Ուրիշներից իմացա:

 

Լուսնաթիթեռը

Քո ծովի մեջ, ծովի մեջ,
Կաթիլ, կաթիլ հալվեցի,
Սխալվեցի ես նորից,
Ե՞րբ սխալվեցի:
Ջուր չէի տեսել, կարծեցի,
Հայելին ինձ կկանչի,
Լույս չէի տեսել, կարծեցի,
Փչես՝ կհանգչի:
Ուժս շատ էր, երգս՝ շատ,
Բայց կյանքս կարճ կտևի,
Կզարկվեմ պատեպատ,
Չեմ դիմանա, երևի:
Ծիրանի մեջ, ծովի մեջ,
Պղտորվեցի, հալվեցի,
Քո աչքերին նայեցի,
Ու սխալվեցի:

 

Առավոտյան խաչմերուկները

Երեկ ես շատ էի խմել, խմել, հարբել էի սիրուց,
Ու ծաղիկներն աշխարհի, կարծում էի իմն են, որ կան,
Բայց գլխացավն ինձ մնաց, իմ երեկվա հարբելուց,
Ու մերժված, շպրտված ծաղիկները հերթական:
Երեկ ես շատ էի խմել, ոչ ոք ձեռքս չբռնեց,
Երբ ուզում էի բոլորին ես նվերներ բաժանել,
Ոչ ոք չասաց,-թե պոկես, ծաղիկները կմեռնեն,
Թե՝ անհնար է անցած օրը պոկել ու տանել:
Երեկ նայում էինք ուղիղ մեկս՝ մեկիս աչքերին,
Ու մատներիս մեջ նորից բաժակներ էին փշրվում,
Ինչ որ կասկած կար իմ մեջ, որ մնալու ենք գերի,
Այն ամենին, ինչն այդպես ազատորեն է տրվում:
Երեկ ես շատ էի խմել, խմել, հարբել էի նորից,
Ու ծաղիկներն աշխարհի, կարծում էի իմն են, որ կան,
Բայց գլխացավ ինձ մնաց իմ երեկվա հարբելուց,
Ու մերժված, շպրտված ծաղիկները հերթական:

 

Իմ հոկտեմբեր ամիսը

Հարց են տալիս ծանոթներս՝ ու՞ր գնացիր, ու՞ր եկար,
Մի՞թե երկու կյանքի համար հերիք կանի կյանքը քո,
Ծիծաղում են,-ո՞վ է տեսել բանաստեղծը՝ կոշկակար,
Ի՞նչ ես լցրել թասդ գինով, եթե ապրում ես երգով:
Ի’նչ պատասխան ես նրանց տամ, ովքեր հարբել են, իսկ ես,
Դեռ խոսում եմ երկար-բարակ, ցավից, գինուց, խենթի պես,
Խոսում ու մուժ եմ նշմարում նրանց պղտոր հայացքում,
Ես սիրո մեջ, նրանք՝ գինու, նրանք քնած, ես՝ արթուն:
Հարց են տալիս, չեն սպասում պատասխանին իմ, անգամ,
Ահա ցավը, ահա սերը, բայց հարց տվողն էլ չկա,
Թասս՝ գինով, սիրտս՝ գինով, գինին՝ հիսուն տարեկան,
Հրաշքների է հավատում վստահությամբ մանկական:

1 comment

    • Սամվել Ավդալյան, Մոսկվա on 23 Հունվարի, 2013 at 9:04 ա.
    • Reply

    Երկուս: Տաս բալանոցով:

Թողնել պատասխան Սամվել Ավդալյան, Մոսկվա-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.