Աննիկ Շահմուրադեան | ԳԻՇԵ՛Ր, ՄԻ ՓՆՏՐԻՐ ԱՅՐՒՈՂ ԱՉՔԵՐՍ

Ես տուրք չեմ տալիս
Մակերեսային գեղեցկութեանը,
Մինչև իսկ եթէ մնամ չընթերցւած…

Ձմեռը եկել,
Չոքել է դռան ,
Ու ես սառել եմ
Պատուհանի մօտ՝
Ծիծեռնակ տենչող
Երազը պահած
Սրտիս անկիւնում…
Մէկը ժպտում է
Գնացքի տաքուկ
Աթոռին բազմած ,
Միւսը կախել է
Իր զգեստները
Կանգառի դռան,
Թողել, հեռացել…
Ես սպասում եմ
Մի մեղքի ներման…

Գիշե՛ր, մի փնտրիր
Այրւող աչքերս,
Ուզում եմ գտնել
Կորած յոյսերս.
Մերժում եմ բացել
Դուռս քո առջև…
Ուզում եմ ցանել
Երազանքնե՜րս…

Գուցէ և մի բան
Պիտի աւարտւի,
Որ ճամբան բացւի
Ու ծնւի նորը,
Պիտի որ պայթի
Աշխարհի փորը՝
ԹԷ անծնունդ է
Նա յղիանում…
Վերջակէտները,
Թէկուզև դառը,
Հաշտեցնում են մեզ
Հրաժեշտներին՝
Յաճախ ժպտալով
Խաղերին անմիտ…

Դուրս եմ հանում
Իմ մեղքերը
Ու թափ եմ տալիս
Թանձրացած փոշին՝
Յետդարձ կատարող
Խաչակիրի պէս.
Ինձ արդարացնելու
Ճիգս աներկբայ
Կամար է կապում
Գլխիս վերևում՝
Սրբացնելով ինձ
Ու նաև՝ իրեն…

Դռան ձայնը
Ճամբում է մենութիւնը.
Հիմա ես ու դու
Ու մենութիւնս
Մենակ ենք կրկին…

Ես չիմացայ՝
Եր՞բ ապագան
Ասուպի պէս
Անցեալ դարձաւ .
Ասես, անմեղի
Երեսին նստած՝
Մի յանկարծակի
Ապտակ նա լինէր …

Երբ որոնում եմ
Հասցէդ չթողած,
Մատներիս հետքը
Ինձ հասցնում է
Վաղուց խախտւած՝
Տանջւած հաւատիս ,
Ու կանգ է առնում
Յուշերում սառած
Հրաժեշտի մօտ…

Թո՛ղ, որ ես լինեմ
Վերջինն այս անգամ,
Ով կը տանջի քեզ
Իր յամառութեամբ.
Թող ա՛յդ ես լինեմ
Անհաշտ ներմանդ հետ,
Այն մեղքիդ համար,
Որ ծնւել ես դու
Միայն փշրելու,
Ջարդելու համար…

Ամայութեան մէջ
Կայ մի գոյութիւն,
Որ սպասում է
Իր լռութիւնը
Հագնի էութիւն:
Յոյսերիս նւերը
Պատռում եմ իմ յուշատետրը
Մանր կտորների յամառօրեն…
Խոշորացոյցով
Փորձում եմ գտնել
Մի բեկոր միայն,
Որ չունենայ իր մէջ
Նենգ տմարդութեան
Խոցելի հարւած…
Համառոութիւն
Տատս գուշակ էր,
Իմ անժամանակ
Արթնանալու մասին
Ասում էր՝
Տե՛ս, կը խեղդւես
Քո իսկ պարզ ջրի մէջ:
Ես օրօրւելով
Կեանքի երեսին
Արդէն կիսախեղդ՝
Փնտրում եմ մի ելք
Տատիս հաւատը
Շուռ տւողներին
Հերքելու համար:

5 comments

Skip to comment form

    • Սագօ Արեան on 5 Հունվարի, 2010 at 8:17 ա.
    • Reply

    Լաւ ա, յատկապէս առաջինը ….
    թէկուզեւ նշաններ կան կրկնութեան .. բայց որպէս նոր անուն … կարդում եմ խոնարհութեամբ:
    Ո՞վ ես դու ….

    • Աննիկ on 5 Հունվարի, 2010 at 11:55 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ ,ես ՝ Աննիկ :

    • Սագօ Արեան on 7 Հունվարի, 2010 at 8:04 ա.
    • Reply

    ՀԵղինակների անունների մէջ ընդհանրապէս չկաս … կարող եմ իմանալ ո՞վ ես …. հակիրճ տեղեկանք … եթէ դժվար է ասա իմանամ …
    սագօ արեան

    • Գրական Կամուրջ on 7 Հունվարի, 2010 at 5:37 ե.
    • Reply

    Սիրելի Սագո,
    Աննիկ Շահմուրադյանի համառոտ կենսագրականը կարող եք տեսնել «Հեղինակներ» բաժնում:

    • Աննիկ on 7 Հունվարի, 2010 at 7:24 ե.
    • Reply

    Սիրելի Սագօ
    հեղինակների բաժնում 41-րդը,
    55տարեկան գեղեցկուհի , որ կանգ է առել 20-ի վրայ:

Թողնել պատասխան Աննիկ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.