Մարիամ Կարապետյան | ՀԻՆ ԵՐԿՐԻ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ

***

Ապրում էի արեւի մեջ` յոթերորդ հարկում,
դիմացը դաշտեր էին:
Արեւը խիտ էր ու տաք,
ու նյութը հոսում էր մաշկիս վրա:
Հոսում էին ծաղիկները գետերի վրա`
արեւի գետերի մեջ…
…Դրսու՛մ սպասիր, կգամ,
սպասի՛ր, մինչեւ հայրս քիմիական ներկով
ներկի մազերս արեւի գույն:
Արեւի՛ն նայիր, մինչեւ որ գամ…

***

Այնքան լուսանկարեցի արեւը փողոցի մեջտեղից,
որ մեքենայի տակ ընկա:
Ուղղակի արեւը ուրիշ ոչ մի տեղից չէր երեւում,
ուղղակի առաջինը ես տեսա արեւը:
Մեծ, կլոր, կարմիր էր`
հունվարի հալոցք-երկնքի ֆոնին:
Իսկ մեքենաների վարորդները սեղմում էին,
սեղմում էին շչակները,
ցուցամատն ու բութն էին տնկում,
իբր գիժ եմ,
իսկ ես իսկապես հիմար վիճակում էի…
Եվ աղոթում էի, որովհետեւ երգել էի ուզում…
Հետո լավ էի:
Ես նույնքան լավ էի զգում ինձ
թռչող մեքենաների շրջապատում,
որքան երբ նրանք դեռ գետնին էին…

***

Տիեզերքի մի կետում,
շարժական մի կետում
ուսերով, մեջքով, ոտքերով` ծառի բնին:
Հերթական արեւը, հերթական տերեւը,
հերթական մեղուն, հերթական տողը…

***

Միայն ոտքերն էին նրանը
ու կրունկների կտկտոցը:
Գլուխը ծառ էր:
…Մինչեւ նրան հասնելը
կլանվեց կայծակը ուրիշ դաշտերի,
ուրիշ ծառերի մեջ:
Ուրիշ տեղ ուշացավ որոտը
ու չհասավ լույսին:
…Առավոտյան նա համբուրեց ծառը…

***

-…Բոլորը մեռած են:
Ես եմ մնացել արեւի ծաղիկ,-
ասում է տատս,
ու դռները բացվում են իրենք իրենց,
բանաստեղծությունները գրվում են
անցյալ ժամանակով…
«Նույն ժամային գոտու՞մ ենք,-
մտքում հարցնում եմ տատիս,-
անցյալ ժամանակն ավելի գրավիչ է»…
«Աշխարհը բաղկացած է քամուց,
երկնքից ու քարերից»,-
մտքում ասում եմ տատիս:
-…Ձիու քարը շուտ էր եկել:
Թե ինչու՞ էր ծռվել քարը…,-
հիշում է տատս:
«Ժամանակի հետ հատակը փափկում է
գորգի տակ»,- մտքում ասում եմ տատիս:
-…Երեւի թոն էր եկել տակը,-
շարունակում էր տատս:
«…Գորգից փոշի է բարձրանում»…
-…Թե՞ ուրիշ մի բան էր եղել,
չգիտեմ` ինչից էր…
«…Զուգահեռ գծեր են կապույտ պատերի վրա»:
-…
«…Տունը տրոհվել է դռների, շրիշակների,
մանրահատակի»…
-….
«Մանրահատակը շարժվում է»:
-…
«…Բայց կամաց-կամաց վարժվում եմ.
սկսում եմ տեսնել
պատերի միայն այն մասերը,
որոնք ավելի գեղեցիկ են»:
-…
«…Ամեն ինչ ճռճռում է:
Ես խեղդում եմ իմ մեջ ձայները»…
-Գնամ կողպեմ դուռը,
որ ձայները դուրս չգան…

***

Քրոջս ականջը կլանեց ավտոբուսների,
միկրոավտոբուսների,
մարդատարների, բեռնատարների ձայները
ու սկսեց խշշալ, ինչպես
խեցին ծովի ձայնից:
«Սկզբում հոգնեցին ականջներս»,-
մտածեց նա`
կարոտելով ժամացույցի ձայնը,
որ չէր լսվում:
«Ձեւացրու, թե չես լսում,
ձեւացրու, թե չես ուզում քնել:
Տերեւները ձյան պես գալիս են ամպերից,
բայց ամպերն այսօր չեն ազդել մեքենաների վրա,
աթոռով ձի քշողների վրա էլ չեն ազդել.
բոլորը արթուն են,
մեքենաները մեքենաներ են տեղափոխում,
բռնակները շարժվում են ընթացքից`
կախված օդում,
մենակ լինելու ժամին
մետրոյի հասարակության մեջ…
Ձայնախլացուցիչ է պետք ականջների համար:
…Մի տեղ լռություն էր կիսով չափ
առավոտ, երբ հոգնած արթնացա:
«Ինչ-որ բան ինձ հետ կապ ունի,
բայց հեռու է»,- մտածեցի:
«Հայլուրը» խանձվում է տանը`
կաթսաների կողքին.
ուժեղ թշշում է»,-
երազում ասացի հարեւանուհուս,
իսկ զարթնելուց հետո դուրս եկա
խլացող լուսամուտների
ու լուսանցիկ կոպերի սենյակից:
«Երբ արեւի ձայնը հասնի ինձ
ձայնամեկուսիչ ապակիների միջով,
ես կփակեմ, հետո կբացեմ աչքերս,
կկոցեմ աչքերս եւ կլինեմ
անձայնանցիկ երազների ու փողոցի միջեւ,
իսկ իջնելիս քաղաքը նորից կխշշա.
քաղաքի շրջադարձերից բացվում են
քաղաքի թեքությունները
գնչուական երկրի,
որտեղ ամեն ինչ սկսել է գնալ
ժամացույցի ավանդական կտկտոցից հեռու»…
Քրոջս ականջը կլանեց
գնչուների շարժումի ձայնը,
բայց քույրս բժշկի չգնաց…

***

Վերմակի տակ ճխլվելուն ու առավոտը մոռանալուն
խանգարում էր մի բան. առավոտ էր:
Անսովոր էր, որ օր էր,
անսովոր էր, որ լույս էր:
Մարդիկ մոռանում էին պատասխանել նամակներին
կամ չէին ուզում,
պարբերաբար մոռանում էին բառերի գրության ձեւերը…
…Մի օր, երբ սերիալների բոլոր հերոսները
կորցրին հիշողությունը,
սկսեցին քայլել` խոտերը, փշերը հաշվելով:
Քնում էին պատշգամբում` ոտքի վրա:
Երկու սերերի միջեւ ընկած տարածքում
նայում էին ետ ու առաջ:
Դառնում էին ավելի լուրջ ու մոռանում էին բոլոր հաշիվները:
Բոլոր ծանոթները նույն ժամին էին դուրս գալիս,
որ հանդիպեին իրար պատահաբար:
Եվ լավ է, որ վաղը հինգշաբթի է,
լավ է, որ բոլորի համար էլ հինգշաբթի է վաղը…

***

Երթուղայինը խցկվել էր ժամանակի մեջ,
անիվի ծայրին էր ելել
ու թափով թռչում էր…
Ինտելեկտուալների հին սովորությամբ
բանակցում էի կանգառի համար,
երբ ուղղակի կյանքս պիտի տայի:
Ես քնքուշ չէի, ափսոս, արդեն վաղուց,
ու դատարկությունս միայն տանս պատերի համար էր…
Ինչի՞ց է` մարդիկ լաց չեն լինում…

***

Անձրեւից շենքերը չէին ճկվում.
ստիպված էի շրջանցել պատերը:
Շենքերի անկյուններում` ալեհավաքներ,
անկյունների տակ, մեջ`
պատերը շրջանցող տնտեսուհիներ,
պատուհան պատուհանից,
պատուհաններ` ուսերի շուրջ,
պատերից դուրս` գլուխ,
գլուխ, պատեր, ուսեր,
ձեռքեր, գլուխ…
Մարդիկ իրար վրա…
Անձրեւից շենքերը չէին ճկվում.
այս անգամ շրջանցեցի պատը:

***

Անձրեւը հավաքում էի ափիս մեջ,
հետո բաց էի թողնում 5-րդ հարկից.
ոչ մի կերպ չէր պաշտպանում քեզ հոսանքալարը…

***

«Բառերով չես առնում օդի համը,
բայց քթով առնում ես»,-
մտածեցի ես
այդ աշնանն առաջին անգամ
գոլորշի արտաշնչելիս`
այն օրը,
երբ ոչ թե արեւը ծագեց,
այլ երկինքը:
«Նորքում այսօր ամեն ինչ թաց է»,-
մտածեցի`
շոշափելով խոտերը ձեռքի հետ:
«…ու ամեն ինչ տխուր ընկնում է»,-
մտածեցի,
երբ թերթերը բացվեցին հանդիսավոր
ու թռան պատահական քամիներից
ճռճռալով,
երբ դու երերացիր ու ասացիր.
-Լավ եմ, ոչինչ, նորմալ…

***

Ես ինքս եմ,
ոչ ոք էլ չէ`
ճանապարհը կորցրած,
քայլում եմ այնպես,
կարծես մրսում եմ:
Ճոճվի՛ր փողոցում
մինչեւ տուն հասնելդ…
Բոլոր կորած մարդիկ հավաքվում են այնտեղ`
Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ,
ու մտքում ձայն են տալիս իրար.
արի՛ այնտեղ ապրենք,
մինչեւ կգտնենք մեր տունը…

***

Այստեղ երազների ողջ համալիրն է
եւ պղպջակի մեծության մի ժպիտ…
…Այնքան վստահ էր քայլում անձրեւի տակ, որ մտածեցի` նրանից լավ ոչ ոք չի կարող
պաշտպանել ինձ:
Գժվելու աշուն
Օրը տղա լիներ, սիրեի…

***

Նամակները փոխակերպվեցին զանգերի,
չեկած զանգերը նամակներ դարձան,
իրարով փոխարինեցինք տառերը,
օրվա բոլոր ժամերին ասացինք
բարի լույս,
ասացինք`
թող վաղ առավոտ
կամ ուշ գիշեր լինի,
մինչեւ հստակ կճշտենք ժամերը…

***

Մի օր,
երբ մոռանաս լինել,
թափ տալ տերեւները,
տուն գնալ,
կնկատես,
որ ջրափոսի կենտրոնը
աշխարհի կենտրոնին չի համընկնում…

***

«Կոտրել եմ աշխարհը,
եւ հիմա հավաքել-կպցնել չի լինում»,-
մտածեցի ես
պահմտոցի խաղացողներին վերեւից նայելիս:

***

Ճմռթում եմ ափիս մեջ թղթե ինքնաթիռս.
թուղթ ճմռթելու սովորական ձայն է,
ինքնաթիռային` ոչինչ:
Հիասթափությունից
հրում-հեռացնում եմ իրարից
հատակն ու պատը:

***

Ուղեղս միշտ ինձ հետ տանում էի.
այնքան հարմար էր:
Մի զույգ կոշիկ ընթանում էր ինձ հետ`
ձեռքիս տոպրակի մեջ:
Հայելիները հեռացնում էին դեմքս,
հետո մոտեցնում էին աչքս, քիթս, կզակս, տոպրակս…
Արեւը լուսանկարում էր մեզ տարբեր դիրքերից:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի