Ֆելիքս Մելոյան | ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ, ՊԵՊՈՆ ԵՎ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Ի՜նչ ազնվածին, ի՜նչ աստվածահաճո, ի՜նչ գեղեցիկ հարց է՝ «Բաս քո սրտի դավթարումն էլ վունչինչ չկա գրա՞ծ»: Ինչ էլ հնաբույր է, ինչ էլ հեռուներից է հնչում՝ պիտի որ չհասներ մեր ծանրացած ականջներին: Բայց տես՝ հասնում է, և մեր պատասխանն էլ դարձյալ հարց է՝ «Սրտի դավթարը վու՞րն է»:

Ասել է թե՝ այդ ե՞րբ է եղել, անտապան ապուպապերիցդ որի՞ ժամանակներում, որ հարցմունք անողը հուսահատ թշվառականը չի եղել — «պարոն, դուն իմն իս» — և պատվելիի դեմքին քամահրանքի ժպիտ կամ զզվանք չի նկարվել, որ համատարած մեղքի առաջ խղճմտանքը չի մրափել կամ գոնե չի դանթել, որ «սրտի դավթարը» փայլատակող զորություն է բանեցրել և թրի նման կտրել-զատել է մարդուն անասունից կամ տմարդ մարդուց:
Լավ՝ թող որ եղել է, թող որ ժուկով-ժամանակով եղել է, բայց ախր է՜՜ որ դարամուտից թե դարասկզբից դատաստանագիրք ու դատարան, դատաստանի ծես, թատրոն ու թամաշա է սարքվել, պրիստավով, դատավորով, դատապարտով և դեռ ունայնաբան փաստաբանով տեղը տեղին խաղացվում ու աշկարա ներկայացվում է, թե ինչպես պետք է դատել ու դատվել: Դատում ու դատվում են, վկայողի ձեռքն էլ Աստվածաշնչին դնում ու արդարախոսության երդում են ուտել տալիս, բայց դա ինչ փորձություն է որ՝ տեսած կա՞ս, որ Սուրբ գրքի առաջ այդ օքմին նվաղի, ծնկի գա ու ապաշխարի:
Չլինելու, համարյա չլինելու բան է, բայց «սրտի դավթարը» վկայակոչող բախտապավեն համալը էլի իր էշն է քշում. «Վերիվը աստուձ կա ու քո սիրտն էլ է կարթում, իմ սիրտն էլ… Ախար, մե աստձու այաղ դատաստանը միտդ բի է… խո քիզ էլ կու խոսեցնի էնդի, ինձ էլ. ի՞նչ ջուղաբ կու տաս…»: Սրա վրա էլ Փեփելի Ատրուշկան բերանը սանձ է առնում ու փախս չի ընկնում, չի փրփրում, չի ծաղրում ու չի ասում, որ երկնային արքայությունն էլ, «այաղ դատաստանն» էլ քեզ նման հավատավոր տուտուցների համար է, իմը չքված բարաթի հարյուր թուման շահն է, իսկ էշի ականջում քնածի «Բաս ի՞նչ անինք հիմի» շվարումին ի պատասխան քարագրում, թե բեզարած կարդում է քարագիր ճշմարտությունը. «Դուն քիզ համա, յիս ինձ համա»:
Վե՞րջ: Չէ՝ «օխտը դիվի հեքիաթի վրա էրգար է էտ բարաթի առակը»:
Քթախոտի նիրվանայի, շաղված խոսքի խենթացնող ապասևեռումի միջից պինչը քամի մտած Գիքոն ավետում է բարաթի հայտնությունը: Սատանայական խաղ է, վերահաս փորձություն է, «այաղ դատաստան» է: Մարդը՝ Պեպո, մարդը՝ Զիմզիմով, մարդը՝ և՛ Պեպո, և՛ Զիմզիմով- ժամանակը դեռ պտույտ կգա սրանց գլխին և յուրաքանչյուրի մեջ կտեսնի իր հետագիծը: Կթողնի իր դրոշմը, որից հետո դարձյալ ի վերուստ սահմանված վերջը, ի սկզբանե ոտնակոխ ճամփաբաժանը՝ Պեպոն, Շուշանը, Կեկելը կմնան իրենց բանին, Զիմզիմովն ու «ախչիկ-պարունը»՝ իրենց:
Պեպոն էլի դամբը կառնի ու Քուռը կգնա, բայց էլ անհոգ չի երգի, երգելու պես չի ըմբոշխնի ձուկ որսալու արհեստը՝ «Էն վուր գցում իս… ինչրու դուրս քաշիլը, սիրտդ դընգ-դը՜նգ… հենց գիտենաս աստղիրը հիդդ մասլահաթ ըլին անում… կոսիս լուսնիակը գլխիդ փարվնի պես կանգնած է լոթին…»:
Աշխատանք է ձկնորսությունը՝ կգնա աշխատանքով փող վաստակելու:
Աղա Արութինը «դատամետի» առաջ էլ կուչուձիգ կգա, կճկվի, բայց չի կոտրվի՝ «վուր միտս էր էլի, խ՞ո կուտեի, էլի…», մի քիչ կթոթափի գավառականությունը, կհմտանա հաշա ուտելու ու զբնելու մեջ և ետ կդառնա իր ապարանքը՝ Փեփելի «հալիլեքի» մեջ բազմապատկվելու:
«Դուն քեզ համա, յիս ինձ համա»- գիրը չի խամրի, գիրը կմնա անբեկանելի:
Ո՞րն է սկիզբն ու ավարտը ժամանակների մեջ պարտակված այս եղելմունքի, սունդուկյանական այս չքնաղ պատկերի խորհուրդը, պարապ զբաղմունք չէ՞ Պեպոյի հետագա ճակատագրի գուշակությունը, երբ այլևս իջել է վերջին արարի վարագույրը և «գեներալ դամեքը» լքել են հանդիսասրահը: Ի՞նչ է «Պեպոն»՝ իր անունն ու վարքը պատմությանը պահ տված ձկնորսի վեհաշուք տապանաքա՞րը մեր ժամանակի մեջ, մուտացիան դեռևս սունդուկյանական Թիֆլիսու՞մ էր փոխել հավատավոր ձկնորսի ու իր իսկ՝ Սունդուկյան մարդու տեսակը, և, որպես մեռած լեզվի մատյան, «սրտի դավթարն» այլևս չի՞ հնչեցվելու: Պարապ հարց չէ այնուամենայնիվ, քանզի ուրիշ է ժամանակի դերակատարությունը պատմական քրոնիկոնում և բոլորովին ուրիշ՝ եթե իրականությունից արտածված պատկերը բանաստեղծություն է:
Եթե ընտելական ձախորդություն էր այդ ոչուփուչ բարաթի պահմտոցին՝ մտահան կարվի, եթե ձեռը դատարկ հերսոտած լոթին «դիփունանց առաջ» թուքումուր կանի աղա պարտապանին ու կդինջանա, եթե բարաթով ետ բերած հարյուր թուման բաժինքով քրոջը մարդու կտա «կուպեծին» ու էլի ձկան կգնա՝ Սունդուկյան գրողի, գեղագետի ու մարդու մի նկարագիր, և բավականին տարբեր մեկ այլ նկարագիր, եթե իրավացին Սունդուկյանի երախտավոր հետազոտողն է՝ Պեպոն «բանտից ազատվելուց հետո դատ կբանա՝ այժմ Զիմզիմովի դեմ» (Ս.Հարությունյան, «Գաբրիել Սունդուկյան», Հայպետհրատ, 1960, էջ 205): Ասել է թե՝ պիեսի ընթացքը ավարտից առաջ Պեպոյին օժտել է «ռազնոչին» խավի թե պրոլետարի դասակարգային գիտակցությամբ, իսկ սա էլ իր հերթին անուղղակի հիմնավորումով փաստարկ է առ այն, թե Սունդուկյանի՝ Դերբենտում աշխատելու տարիները (1854-1858) աքսոր էր, իսկ դրամատուրգն ինքը՝ աքսորական:
Իսկությունը, թվում է, փոքր-ինչ այլ է, և այդ փոքր-ինչն էլ անկարևոր չէ, եթե աքսոր ու աքսորական հասկացությունների կիրառությունն այս դեպքում այն աստիճան քմահաճ-պայմանական չէ, որ ապակողմնորոշի ու մթագնի ոչ հեռավոր պատմական իրողությունների պատկերն ու բովանդակությունը: Մինչդեռ մթագնում-ապակողմնորոշում է՝ Սունդուկյանի ինքնությանն ու նկարագրին անհարիր հեղափոխական հայացքի վերագրումով:
Սունդուկյանը Պեպոյին չէր լիազորել ինքնագիտակցության եկած դասակարգ, խավ, անգամ համքարություն ներկայացնելու, և ոչ էլ այն ծանր խոհը, որ համակել էր Ռուսաստանում գյուղացիական հեղափոխության առաջնորդ Չեռնիշևսկուն, զարդարում էր նաև Կովկասում ռեալիստական թատրերգության հիմնադիր Սունդուկյանի ճակատը: Այդ զարդը սազ չի գալիս Կովկասյան փոխարքայության կարգապաշտ աստիճանավորին, որը շուրջ հինգ տասնամյակ Թիֆլիս մեծ մեյդանի երևելի դեմքն էր. ապրում էր սիրո ու պաշտամունքի շրջափակման մեջ, իր անձի ու աստվածային օժտվածության հավատավոր հանդիսատեսի աչքի առաջ էր տանը, թատրոնում, փողոցում, Մուշտայիդի ծառուղիներում զբոսնելիս, ուր երբ խոնջանքը վրա էր տալիս, մորթե չալ փափախով ու սպիտակ ձեռնոցներով ժեներալ բատոնոն նստում էր դուքանում սպիտակ հացով թեյ խմելու: «Եթե մեր Հայաստանյաց եկեղեցվո մեջ դարձյալ երբևէ պետք է ի թիվս սրբոց դասվին այս կամ այն անձինք, ես կառաջարկեի այսօր ևեթ ընտրությունը Գաբրիել Սունդուկյանի վրա կանգնեցնել…» (Բագրատ Նավասարդյան, «Տարազ» N4, 1912):
Հանճարավոր, առաքինի, ազնվաշուք, — ժամանակակիցները տեսել են՝ լույս էր ճառագում, լուսապսակը տեսել են, — բայց և ի լրումն սրբոց վարքով հմայվածի պատկերացումների, «նորին գերազանցություն» Սունդուկյանը եթե չէր գուրգուրում, չէր էլ քամահրում «իսկական պետական խորհրդականի» իր տիտղոսը: Գրական գործունեության 25-ամյակին նվիրված Շիրվանզադեի հոդվածը նրան թռած բերում է «Արձագանքի» խմբագրատուն. «Այդ ի՜նչ եք արել… Ուզում եք իմ տունը քանդե՞լ… Ոչ մի խոսք, թողեք լուռ անցնի»: Եվ այս վարմունքի՝ խմբագիր Աբգար Հովհաննիսյանի մեկնաբանությունը. «Կառավարությունից վախենում է. կարծում է, որ իրան կարող են սեպարատիստ հայերից համարել ու պաշտոնից զրկել…» ( Ալ.Շիրվանզադե, «Գաբրիել Սունդուկյան», 1924):
Ճանաչե՞լ է Սունդուկյանը Չեռնիշևսկուն. հարցը սադրիչ-արհեստական չէ, ինքնածին կա ու պիտի տրվի: Պատասխանն էլ է ինքնածին ու էլի հարց է՝ ինչպե՞ս չէր ճանաչելու: 1846-ի նույն տարում միասին են ընդունվել Պետերբուրգի կայսրական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, Չեռնիշևսկին՝ փիլիսոփայության, Սունդուկյանը՝ արևելյան լեզուների բաժանմունք: Միասին նույն օրը նույն քննասենյակում նույն դասախոսին քննություն են տվել ( օրինակ 1850-ի ապրիլի 15-ին և մայիսի 26-ին)՝ մի շարք առարկաներ ընդհանուր էին այդ բաժանմունքների համար: Ուսումնառու սաների թիվն էլ մեծ չէր բաժանմունքներում, ծանոթ էին իրար (թեկուզ «բարև-բարի լույս»-ի) , դասախոսությունների տետրեր էին փոխանակում, իրազեկ էին իրարից ընդհանուր ծանոթների կապով («խՌտՍՌվց» հղումով դասախոսությունների մի տետր է մնացել Սունդուկյանի արխիվում, այդ Լիպկինին իր օրագրերում բազմիցս հիշում է Չեռնիշևսկին): Երկուսն էլ նույն բանասիրականի 1850-ի դիսերտանտներն էին, իսկ սրանց թիվն այլևս մատների վրա կարելի էր հաշվել…
Փաստ-փաստի՝ այս բոլորը նույն շղթայի օղակներն են, սունդուկյանագետը հետաքրքրվի-փնտրի՝ էլի կգըտնի: Իսկ շղթայի տրամաբանությունից առավել համոզկենը Չեռնիշևսկու անվան ու գործի նկատմամբ ուսանող Սունդուկովի «բնածին խլությունն» էր: Իրականությունն իր շուրջն էր, ինքն ու՞ր էր նայում: Գահանիստ Պետերբուրգը կենտրոնն էր ռուսական կյանքի անհանգիստ խմորումների, և ոչ ուսանողությունն էր պատահական ուղևորը ալեկոծ նավի, ոչ էլ իշխանական հուսահատ ջանքն էր զորում կասեցնելու հասարակական կյանքի ընթացքն ուղղորդող արևմտաեվրոպական և ռուսական գաղափարների մուտքը համալսարաններ: Ռուսաստանը կուչուձիգ էր գալիս դիվադադար ցնցումներից, Բելինսկու կերպարը ցայտուն կար, նրա նամակի (Գոգոլին) ընդհատակյա պտույտը հեղափոխական տրամադրություն էր հունցում, իսկ 1848-ին, երբ հեղափոխությունը Ֆրանսիայում երկրորդ հանրապետությունը հռչակեց, Ռուսաստանում մտքերի մեռնող տիրակալ «մոլեգին Վիսարիոնի» համար զնդան էր պատրաստված Պետրոպավլովյան ամրոցում:
Եվ հետո: 1849-ին Պետրաշևսկու խմբակը նախ մահվան, ապա աքսորի դատապարտվեց, ստեղծվեցին գրաքննչական կոմիտեներ, շշուկները ականջից ականջ տարածում էին համալսարանները փակելու մասին գույժը, կոլեժսկի խորհրդական ոմն Բրաուն գլխավոր հսկիչ էր կարգված կովկասցի ուսանողների վրա: Եվ էլի խըստացումներ, կայսրական էլի ուրիշ փութկոտ ձեռնարկումներ: Իսկ Չեռնիշևսկին, Սունդուկյանի այդ համաբաժանմունքցին, գյուղացիական ապստամբության ապագա առաջնորդը համախոհների իր խմբակն ուներ համալսարանում…
Սունդուկյանն ինչու՞ հիշարժան չհամարեց Չեռնիշևսկու հետ համատեղ ուսումնառության հանգամանքը: Նորավարտ համալսարանական Չեռնիշևսկին, իհարկե, ռուսական կյանքը տակնուվրա խառնակող Չեռնիշևսկին չէր, ինքը Սունդուկյանն էլ Թիֆլիս վերադարձին ծառայության էր անցել փոխարքայի գրասենյակում: Հետևեցին Դերբենտում անցկացրած տարիները՝ 1854-1858, որ խորհրդային գրականագիտության մեջ «աքսոր» որակվեց, իսկ առ 1905-ն էլ Չեռնիշևսկու անունը արգելված էր: Եվ որ մինչ այդ չէր տալիս՝ հասկանալի է: Իսկ հետո՞. օրագրերում, արխիվային գրառումներում, ծանոթ-բարեկամների հետ մասլահաթներում, որ հետագայում հուշագրվեցին, թեկուզ մեկ անգամ չտվեց կայսըրությունով մեկ հոլովվող ռուս հեղափոխականի անունը:
Չասեր՝ ծանոթներ էինք (գուցե ծանոթներ չեն եղել), ասեր՝ միասին ենք ուսում առել, էսպես ու էսպես…
Իսային, կհիշեք, Մասիսյանցին է ասում. «Ախպեր, ամա դուք էլ գնում իք, էն մունդրեկ Թերգի ջուր է ինչոր խմում իք ու դառնում իք իստակ բոն-ժուռ»: Հին Թիֆլիսն իր բնակչին համարյա անխոցելի էր ձուլում թիֆլիսեցու կաղապարի մեջ, և Իսային էլ Մասիսյանցին համարյա դավաճանության մեջ էր մեղադրում: Սունդուկյանը («Մասիսյանցը ես եմ»), որ տուն վերադարձին «թերգդալեուլի» չէր և «բոն-ժուռ» չասաց, Պետերբուրգում փակ էր Չեռնիշևսկու հեղափոխական հայացքների առաջ: Երկյուղու՞մ էր, խորշու՞մ էր՝ իրեն հեռու՞ էր պահում վարչակարգից, գեներալական ուսադիրներով բատոնոն ճորտի ու «պոդատնոյի» հոգեբանությունից չէ՞ր կարողանում ազատվել, ազատական սանձակոտոր հողմերի առաջ ի ծնե կոճկված գրող մարդու տեսա՞կ էր, — պատճառաբանությունների ընտրության հնարավորությունը երևի թե ավելի մեծ է, բայց Կովկասի փոխարքա նորին պայծառափայլություն Վորոնցովին տրված չէր Սունդուկյանի մեջ հեղափոխական տեսնելու և աքսորելու կարելիությունը: Փոխարքան Սունդուկյանին չաքսորեց, Դերբենտը աքսոր չէր:
Չհետազոտված ու չբացահայտված, իր աղոտ ուրվագծով միայն սունդուկյանագիտությանը ծանոթ այն միջադեպը, որի համար սեղանապետի օգնականը փոխարքայի գրասենյակից հանվել ու չորս տարով Դերբենտ է տեղափոխվել, հեղափոխականի վարքագծի դրսևորման վկայություն չէ: Միջադեպի բնույթն է ուրիշ: Սունդուկյանը գիրք է նվիրել իրենց գրասենյակի պետ Բելյաևի կնոջը, գիրքը առիթ թե պատճառ՝ պետ ու ստորադրյալ ընդհարվել են, և ստորադասը «հանդուգն ու պախարակելի» պատասխաններ է տվել պետին: Մանրամասներ չկա: Փոխարքան ի՞նչն է անհարիր համարել իր գրասենյակին («ՍՈվՓպսÿՐՌպռ ՎՏպռ»)՝ խոսքուկռվի ու անհնազանդության սոսկական իրողությու՞նը, որին վեց ամիս հետո տեղեկանալով, Սունդուկյանի նկատմամբ կիրառված տույժը («ՉջօրՍՈվՌպ») ՝ ձերբակալությունը, գնահատել է բացարձակապես անբավարար («րՏՉպՐՔպվվՏ վպՊՏրՑՈՑՏփվՏ») և սահմանել առանց իր հատուկ կարգադրության Դերբենտից չբացակայելու դաժան վճիռ:
Սունդուկյանի մոր՝ Թինաթինա Ռոտինյան-Սունդուկյանի, ընկերների ու ծանոթների նամակներն ու խնդրագրերն անտեսվել են, վճիռը չի փոխել նաև Վորոնցովին փոխարինած իշխան Բարատինսկին: Եղբոր նամակում նույնիսկ այսպիսի զգուշացում կա. «Այլևս փորձ չանես նրանց նամակ գրելու, Բելյաևը սպառնացել է, որ եթե նորից որևէ նամակ տեսնի, Վորոնցովի համաձայնությամբ անմիջապես դատի կտա գործը… հո քո գլխին թշնամի չե՞ս, որ դժբախտանաս մի կնոջ պատճառով: Առանց այն էլ մինչ այժմ ողջ քաղաքը քո մասին է խոսում»:
Թե քաղաքն ինչ էր խոսում, ասեկոսե թեկուզ՝ դա էլ չկա, ժամանակակիցները խոհեմաբար լռում են: Ենթադրություն ակամա հրահրվում է, ինտրիգ կա, բայց ի՜նչ երևակայություն պիտի ունենաս, ժամանակից ու իրականությունից ինչքան պիտի վերանաս, որ Սունդուկյանի հոգեկան խռովքը ցարական ռեժիմի դեմ ուղղված տեսնես:
Վտարումը Դերբենտ պատիժ էր, զրկանք էր, բայց աքսոր չէր: Այդպիսի աքսոր և աքսորականի այդպիսի կյանք չի լինում:
1853-ի դեկտեմբերին Սունդուկյանը Դերբենտ է տեղափոխվել և զիննահանգապետի չինովնիկների կազմ ներգրավվել Վորոնցովի գրասենյակի սեղանապետի օգնականի ռոճկի պահպանումով, իսկ 1854-ի հունվարի 27-ին արդեն նահանգապետի գործերի կառավարիչն էր: Ա. Ն. Ռադիշչևը Սիբիրում ի՞նչ բանի էր՝ «աքսորական» Սունդուկյանը աշխատանքի բերումով լավատեղյակ էր Շամիլի դեմ ռուսական բանակի պատերազմական գործողություններին, գաղտնի գրագրություն էր վարում Դերբենտի և Թիֆլիսի միջև, նահանգապետի բարեհաճ միջնորդությամբ մասնակցում էր քաղաքի ճարտարապետական կառուցումներին (տներ, քաղաքային ժամացույց, եկեղեցի՝ «Երեկ նահանգապետին ցույց տվի հատակագծի սևագրությունը…»), սիրո մեջ էր ապրում, դժգոհ չէր, ռուսական իշխանություններն էլ գրավոր դրվատանքի էին արժանացնում «աքսորականի» ծառայությունները…
Իսկ եթե սա, այնուամենայնիվ, աքսորականի նիստուկաց է, և գործերի կառավարչին պիտի շարունակես աքսորական կոչել, էլ ինչ հարգանք ու պատիվ՝ ուրեմն պիտի պարտակես նաև նրան տրված պալատական բոլոր շնորհներն ու պարգևները. 1859-ին՝ Թիֆլիս վերադառնալուց մեկ տարի անց արդեն, ստացավ Աննայի երրորդ աստիճանի շքանշան, 1863-ին՝ Ստանիսլավի երկրորդ աստիճանի, 1872-ին՝ Աննայի երկրորդ աստիճանի, 1875-ին՝ Վլադիմիրի չորրորդ աստիճանի, 1885-ին՝ Վլադիմիրի երրորդ աստիճանի… Պարգևները ազնվականի կոչում արտոնեցին, դարձավ Թիֆլիսի դումայի անդամ, ընտըրվեց պատվավոր քաղաքացի, ընդգրկվեց ստեղծված ու չստեղծված բոլոր հանձնաժողովների կազմում:
Միայն աքսորականի պիտակ չուներ, դա էլ մենք շնորհեցինք:
Սունդուկյանը բեմից ներկայացվելիք պատկերը որոշակի տարեթվի վերագրելու սովորություն ուներ, ժամանակագրել, կոնկրետություն է բերել նկարագրած բոլոր «անցքերը». «Խաթաբալա»՝ 1860, «Էլի մեկ զոհ»՝ 1860, «Քանդած օջախ»՝ 1871… «Պեպո» կատակերգության ձեռագիր տեքստը այսպիսի հղում ունի. «Անցքը պատահում է Թիֆլիսում 186… թվին»: Հետո տվել-առել, փոխել է՝ 1870. երևի թե իրոք 1865-ի համքարական ելույթի հետ իր և կատակերգության կապը քողարկելու միտումով: Եվ այս պատճառաբանությունը երևակայական չէ, մտավախության հիմքեր Սունդուկյանը, այնուամենայնիվ, ուներ: Եթե ուրիշ ոչինչ չլիներ, համքարի նկատմամբ համակրանքը եղել էր ու կար. վկայություն՝ չնաշխարհիկ «Վարինկի վեչերը», վկայություն՝ մյուս բոլորը և հոգեցունց Կտակը:
Բայց ոչ այս, ոչ այն՝ շահագործումը, աղքատությունը, բողոքի երթերը 60-70-ականների Թիֆլիսի մենաշնորհը չէին, նա, ով պիտի հնչեցներ արդար աշխատանքի գովքը, տեղով ու ժամանակով սահմանափակված չէր:
Վարագույրը բացվելուց առաջ աղքատիկ տան ու տնեցիների գլխով ասես ժամանակ չի անցել. պղնձե, կավե ու փայտե ամանները վրան թարեքներ, «նահալով ու մութաքաներով» թախտ, Շուշանը գուլպա է գործում, Կեկելը կար է անում… Հեռու անցյալի ափերը լիզող ընդգըրկուն պատկեր է. իրենցից առաջ էլ կարում ու գործում էին, սրտնեղում, թնկթնկում ու ախ էին քաշում, օրվա հետ նրանք էլ նվաղում, ուժահատ փուլ էին գալիս մութաքաներով թախտին: Եվ եթե Զիմզիմովն իր քրքրվան Փեփելով, իր «օսկե պատերով» ու «մեբիլով», իր Գոգոլի ու Սամսոն «լաքիեքով» չմատներ 19-րդ դարի Թիֆլիսը, տեղը չէիր բերի՝ Պեպոն կարող էր մի քանի դար առաջ իր դամբը գցել ջուրը: Քուռը երբվանի՞ց՝ մարդուց առաջ էր մանում իր երիզը, ձկնորսն էլ Քռի ափին բուսած կար՝ ցոցխալին ձկնորսով էր ցոցխալի: Թիֆլիսն իր քեֆին՝ ինքը իր բռնած ձուկն էր ծախում, խալխի հետ ուրիշ տալիք-առնելիք չուներ:
Համքարությունը, թող որ անհետացող ստորին խավի ներկայացուցչական օղակ, հասարակական կառույց էր ու ընդհանրական շահ էր արծարծում, բայց Քուռ գետի ու Պեպո ձկնորսի անմիջական կապը համքարությամբ էլ միջնորդավորված չէ: Ընչազուրկ իր նմանների մեջ ինքը չկա: Համքար չէ, ավատական ինքնօրեն մենատնտեսը «միրբաշի» չունի գլխին, «սրտի դավթարը» ի վերուստ անապական՝ իր «ջուղաբը» համքարական դատարանին չի տալիս: «Յիս… յիս իմ»: Եվ ոչ էլ իր երամի հետ էր, երբ 1865-ի հունիսին համքարը փողոց ելավ ու ավերեց գըլխավոր հարկահան Բաշբեուկ-Մելիքովի և նախկին քաղաքագլուխ Գալուստ Շերմազանյանի տները: Դասային ընդհանրական շահի գիտակցություն չունի կամ չի կարևորում, ոչ էլ անձնական շահ կա մեջտեղը. հարյուր թումանը Զիմզիմովի շահն էր՝ «կուպեծը» կտիրանա, այն, ինչին ինքն է հետամուտ, շահ չէ ընդհանրապես: Մարդու և բնության նախաստեղծ պատկերը հետը բերել, այս մեղավոր երկնքի տակ հավատավոր մարդու իր տեսակն ու գոյության իր իրավունքն է պաշտպանում, Աստծու «դարսողությանը» անդավաճան՝ էդպես եկել, էդպես գնում է:
Մարդու ժամանակը հավերժությունից անջատ իր պատմությունն է հյուսում, իսկ Պեպոն, «թռչունքի հանգին»՝ դուրս էր «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունու ժամանակից, վերջինս այս պայքարի ասպետն էր, իսկ ինքը «լուսավորյալ կապիտալիզմի» նրա դրոշի ներքո չէր, դրոշակակիրն էլ հավան չէր ձկնորսին, երբ առաջին անգամ տեսավ բեմում՝ «տգետ է ու կոպիտ»: Ինքնապաստան, ինքնապավեն, ինքնասածի՝ Պեպոն երկար էր աստղերի հետ մասլահաթ արել և ետ էր մնացել նաև վաճառականների քաղաքակրթությունից՝ «լոթի պաժառնի»:
Իր խաչն է ու իր գողգոթան. որ ինքը կինտո ու Արութինը աղա է՝ ճակատի գիր է, մեկ արարումով ադամորդիների համատեղ կյանք է Թիֆլիս քաղաքում, և իր աշխարհայացքի մեջ կալանված ձկնորսը դեմ չէ Աստծո կամեցողությանը: Աղա Արութինի հետ, ճիշտ է, հախուհաշիվ ունի, բայց թե որ սա առանց բարաթի վիզ էր առել իր պարտքը՝ աղա ու աղա էր, վաճառական էր ու դասակարգային թշնամի չէր: Իր ձեռք քաշած թուղթը ուրանալուց հետո էլ Արութինը թշնամի դասակարգ չի ներկայացնում, ի վերջո ձկնորսը մի «կուպեծից» առնելու էր հարյուր թումանն ու որպես օժիտ շնորհ աներ մի ուրիշ «կուպեծի», որին համաձայնել էր կնության տալ իր քրոջը: Եվ այս վերջինի համար դեռ արդարացում էլ ունի. «Տո, փեսիմեն ի՞նչ իս ուզում. ինչ խոստացիլ ինք պիտի տա՞նք թե չէ: Նա էլ մարթ է, գլխին գդակ ունե ծածկած, մեզմեն էլ վուրդի խափվի. աշխարհն ալան թալան խո չէ՞…»:
Արդար-անարդար՝ դասային բաժանում չկա, նրանք ու իրենք խմբային ներկայացուցչություն չեն ձկնորսի համար, Սունդուկյանի չափորոշիչը զիմզիմովներից Զիմզիմովին է առանձնացնում, պեպոներից՝ Պեպոյին:
Արդարադատության կշեռքն ինքնիրեն ծանրութեթև չէր անում՝ աչքը խուփ անկողմնակալը կշռաքար էր դնում ծանրաչափի թաթին, և ոչ էլ դատարանն է չգրված օրենք կիրառում մեղավոր ու անմեղ ջոկջոկելիս: Սունդուկյանի «Պեպոն», որ ըստ կազմախոսության հանդիսատես-դատավորով հասարակական դատավարություն է, առաջնորդվում է չգրված օրենքների դատաստանագրքով՝ «սրտի դավթարը» ինքնին բանեցվում ու «ջուղաբի» է հարկադրում բոլորին: Գործողությունը ծավալվում է բարոյականության ավանդական դաշտում, համայնքը կազմալուծվում է, բայց դեռևս ոչ մեկին անձեռնմխելիությամբ չի օժտել ու չի արտոնել պարականոն վարք:
Որպես բարաթով վավերացված պարտքի գոյության հիմնավոր ապացույց՝ Պեպոն վկայակոչում է բարոյական դաշտում Գիքոյի ազնվության համբավը. «Բաս Գիքոն ու՞ր է ասում… նրա հալալությունը դիփունքը գիդին»: Ինքն էլ իր հերթին գին չի դնում հալալությանը՝ «Բիրթի ահու գլուխս ծախի՜մ…»: Եվ այն հայցապահանջը, որ ներկայացնում է բարաթը հայտնվելուց հետո և որի բավարարումը խաղաղություն պիտի բերեր իր խռովված հոգուն, նախատեսված էր գործող բարոյական օրենսգրքով և մեղմ պատիժ չէր. «Արի գնանք, վուրդիոր ինձ էս սահաթիս ստեցիր, արի մեկ էնդի էս բարաթը շանց տամ, մե էրևա վուր սուտը յիս չիմ, թեգուզ գլըխկեմեն էլ մե իմքին քիզ փեշքաշ…»: Դատաստանը բարոյական դաշտի արձագանքն է, օրինազանցը չի կալանվում, բայց դե խալխից, «վու՜յ մե», պրծում չկա, և նրանից օտարվածը նույն կալանավորն է: Չնայած մեկ անգամ է հիշատակվում «սրտի դավթարը» և անմիջապես էլ մերժվում որպես ուժը կորցրած դատաստանագիրք, բայց բարաթի տեսիլքը և դրանից արտածվող բարոյական պատիժը շանթահար է անում վաճառականին. «Էս հանգի էլ օյի՜ն… Չէ, դրուստ աստձու պատիժ է… խալխը վուր իմանա, ի՞նչ կոսին… Հիմի գնա, սիվցավ էրեսդ…»:
Ավետարանական պատվիրաններով հունցված խոսքը դեռ ծանր-ծանր է, դեռ դրանով են կշռում քո խիղճը և անում քո մարդահաշիվը, երդումը դեռ հավատաքննության ծես է ու խոսքը տանում հասցնում է Երկնավորին: Եվ խոսքի դավանանքին հավատավոր ձկնորսը ի՜նչ կրքով ու ակնկալությամբ է երդումի կոչում պարտապան վաճառականին. «Աբա օրթում կի թե պարտ չիս, օրթում կի, էլի, մարթ կուլիս՝ օրթում կուտիս»:
Եվ, ի վերջո, Սունդուկյանն ինքը Պեպոյին ապսպրել-բեմ էր հանել, որ պատվախնդիր լոթին ի՞նչ ասեր մարդկանց. «Իմ ցանկութինը էն է մենակ, վուր դի փունի սրտումն ու մտկումը հիդնուհիդը ավելի ու ավելի հաստատվի էն հասկացողությունը, թե հաշա ուտիլը (ուրացութինը) մինձ ամութ բան է մարթու համա ու ով իր պարտկը չի ճանչնա, իր տված խոսկը չի կատարի, իր ձեռք քաշած թուխտը կու ուրանա, — նա մարթ չէ, ինչքան գուզե բացըր ըլի կանգնած մարթկերանց մեջ» («Իմ մահն ու թաղումը», 1911):
Ինչպե՞ս եղավ՝ Քրիստոսը քրիստոնեություն ճառագեց ու քրիստոնյաների ծիլե՞ր փռեց հողին, թե՞ արդեն կայինք, մեր Տերը եկել էր միաբանելու երկրի երեսին քթքթացող քրիստոնյաների ծնողազուրկ ցեղը: Հիշողությունների պաշարը, որ շրջանառու արյուն է մարդու երակներում ու թելադրում է նրա վարքը, ի՞նքն է կուտակել, թե՞ մարդ-առաջնեկին, որպես արարումի տեսակ, տրվել է ի սկզբանե: Պատմությունը առաջընթացի՞ հետագիծ է, հոր ճանապարհը որդին շարունակում, սպառվում ու իր ընթացքը կասեցնում է այնտեղ, որտեղից պիտի սկսի որդի՞ն, եթե հորդ տեսնել ես ուզում՝ ետ պիտի շրջվես, զավակդ էլ հրեն առաջ ընկած գնում է՝ այդպե՞ս, պապ ու թոռ քեզնո՞վ են հաղորդակցվում: Մարդկության երթը քաղաքակրթությունների շղթա հյուսում է, իսկ այդ շղթան երկնքից նկատելի՞ է, քաղաքակրթությունները մարդու նոր տեսակ արարու՞մ են: Թե՞ մարդկության ժամանակն ուրիշ է, մարդու ժամանակը՝ ուրիշ:
Իմաստասերը՝ դու, վերջին խոսքը՝ քոնը, միայն թե վարդապետությանդ մեջ վաղուց ապրված ու մեր կողքին ապրող ոչ մի կյանք չառանձնացվի ու բացառություն չդիտվի: Ոգեհարցության սեղան չգցվի ու անցավորաց պատմությունն էլ չներկայացվի որպես գաղտնիքներով լիքը գոց զարդատուփ: Եթե անցյալի մեջ ներկան տեղ չունի, եթե մարդկության երկա՜ր-երկա՜ր օրվա բոլոր ժամերի մեջ մեր ապրած կյանքի ակնթարթը չկա, ուրեմն արժանահավատ չէ մատենագրի վկայությունը, քանզի Նարեկացին քո մտապատկերում նույնն է, ինչ հերձվածողի քո արտացոլանքը նրա «Ողբ»-ում: Քաջ ու վեհերոտ, չար ու գթասիրտ, ազնիվ ու խաբեբա, հայրենանվեր ու ազգադավ՝ գրական բոլոր հերոսների մեջ դու քեզ տեսնում ես: Վարդանի մեջ էլ ես տեսնում, Վասակի մեջ էլ: Եվ եթե Օթելլոյի մեջ կաս, իսկ Յագոյի մեջ դու քեզ չգտար, սրբապղծությու՞ն է մտածելը, թե կամ ցավագար է, կամ մեծ քերթողը ադամորդու կեղծ վկայագիր է տվել անշունչ խրտվիլակին: Այլապես ուզածն ի՞նչ է, օձաբարո է ինչու՞, չարությունն իր մեջ ինչու՞ ակունք չունի:
Ճապոնացու ռոբոտը ճապոնացի մարդ չէ, ռոբոտը գործիք է, քաղաքակրթությունը մարդու նոր տեսակ չի արարում ու չի փոխում կյանքի «դարսողությունը»: Սունդուկյանը Ա. Քալանթարի հետ զրույցում է ասում՝ «ի՞նչ զարմանալի բան կա, եթե հազարավոր տարիների ընթացքում մարդը նույն զգացումներն ունենա և նույն խոսքերն արտասանե»: Իրոք որ՝ 13-րդ դարում Ֆրիկն Աստծուն ինչի՞ց էր գանգատվում. «Մեկին հազար ձի և ջորի, // Մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»: Վեց դար հետո Պեպոյի մայր Շուշանի սի՞րտն ինչու էր լցվել. «Վուրին կուտաս սելով փետ, վուրին չես տա ցախ, աստուձ»: Թիֆլիսահայ ինքնահաճ բարբառ և պատգամավորական գետնամած խոսվածք՝ իրար լեզու չեն հասկանա ու իրար չեն կրկնի՝ բայց Անխոնջ բողոքավորը Ազատության հրապարակի կամ Ազգային Ժողովի ամբիոնից Պեպոյի հանգույն չի՞ պարսավում. «Էս օսկե պատիրը վուր սարքիլ իս, ու՞մ փուղով… հազար ինձ պեսներուն թալնիլ իս, գանա, քար ու կիրը միր արնով իս շաղըղի, գանա, դիփունանց աճկիրը աբլանդվա իս արի ու հիմի ծանդր ու բարակ քիզ համա նստած քեփ իս անում, էլի»: Ամերիկյան դետեկտիվ ֆիլմի սևամորթ ոստիկանը, երբ արյան ու ավերի ճամփաներին իր եղբայրությունն է հավաստում անգլոսաքս գործընկերոջը և երկուսը միասին մարմնավորում են ոգեշունչ խոնարհումը ԱՄՆ «դրախտի» ժողովրդավարական իդեալներին, -մատաղի այդ գառները «սրտի դավթարը» չե՞ն վկայակոչում:
Վկայակոչում են, միշտ վկայակոչելու են, քանզի քաղաքակրթությունները մարդուն չեն արյունափոխում, իսկ արվեստի ստեղծագործությունն էլ իր ծնունդով հաշվետու չէ իրականության առջև: Դրամատուրգի ձեռամբ վավերացված Պեպոյի մետրիկան կա, ձկնորսի հագին «լեզգու սև շալից չուխա է, միևնույն շալից լայն շալվար, ծայրերի ներսի կողմը զանգյալի մեջ չարչուբաղով ամրացված», ինքը հնավանդ է, պորտալարը Գիքոյից չի կտրել, և քրիստոնեականը իր խոսքի պաճուճանքը չէ, իր խոսքն ու իր պատկերը ներդաշնակ դրոշմվում են սունդուկյանական Թիֆլիսի կենցաղի և համքարական շարժման հենքին,- հավաստի ինքն է՝ այդքան կենդանի, այդքան «ղուրթ», այդքան թիֆլիսեցի և ժամանակի ու տարածության մեջ այդքան խաղացկուն ու այդքան խորհրդանշական: Գրական անձեռակերտ կերպարի բնույթն է այդպիսին՝ ազնվազարմ, ինքնօրեն ու անհպատակ, կուտը քո դռանն է կերել, ձուն ուրիշների դռներին կածի: Վրացին չգիտեր, որ պիեսը հայերեն բնագիր ունի, «ռազնոչին» ես, պրոլետար ես, արհմիութենական ակտիվիստ ես, հեղափոխական ես՝ այս ձկնորսը ազգային խտրականություն չի դնի, չկանչես էլ կգա-կմասնակցի հարստահարվածներիդ երթին ու կծածանի հալալ աշխատանքը օրհնաբանող իր կարգախոսը: Միայն թե թողնես մնա ձկնորսի իր բանին և կինտոյի իր կենցաղավարությանը: Բերեցիր քո պատկերին՝ կդարձնես քեզ նման մահկանացու:
Այն իրականության մեջ, որ բեմից ներկայացվում է, Պեպոյի ծննդյան հողը համքարական շարժումը չէ, գեղարվեստն է: Կոթող է, կերպար է, դիմանկար է՝ բնորդը վաղուց մեռել ու թաղվել է Քռի ափին: Եվ մի էլ ասա՝ «Բանտից ազատվելուց հետո դատ կբանա՝ այժմ Զիմզիմովի դեմ»: Գրի իրականության մեջ ծնվածները, ճիշտ է, գալիս խառնվում են ապրողներին, բայց դատում ու դատվում են արվեստի իրենց օրենքներով: «Ոտքի՝ դատարանն է գալիս» ծիսականն այստեղ հնչեցվել է առաջին արարի վարագույրը բացվելուն պես, և դատավճիռն էլ քո հիշողությանը պահ տրված Պեպո և Զիմզիմով անուններն են:
Հարազատությունն ինքն իրեն ու իր ժամանակին մեր ժամանակների մեջ ապրելու ու մեզ բնութագրելու Պեպոյին շնորհված լիազորությունն է, երաշխիքը, թե երբեք ժանգ չի կապի ձկնորսի այս պատմությանը, ապագայում էլ, ապագայի ապագայում էլ հողածնին կկտրի գործից, «սրտի դավթարը» կարդացնել կտա և կպանծացնի, հար կպանծացնի իր հայրումայր ժամանակակցին՝ Գաբրիել Սունդուկյանին:
«Գրական թերթ»

1 comment

    • SILVI on 2 Փետրվարի, 2012 at 5:11 ե.
    • Reply

    SPASIB@ YA OCEN LUBLU TEBYA

Թողնել պատասխան

Your email address will not be published.