Վիկտոր Հովսեփյան | ՁԵՎԱԹՈՎՈՒՄ

«Ձ Ե Վ Ա Թ Ո Վ Ո Ւ Մ» Գրքից

Կարևորը

Իմ նվագածի չափ կարևոր են քո ունկերը:
Կարևոր է, թե ես ինչ եմ նվագում,
Նույնքան կարևոր է, թե դու ինչ ես լսում:
Ամեն:
Իմ նկարածի չափ կարևոր են քո աչքերը:
Կարևոր է, թե ես ինչ եմ նկարել,
նույնքան կարևոր է, թե դու ինչ ես տեսնում:
Ամեն:
Ասելուս չափ կարևոր է հասկանալդ:
Կարևոր է, այո՛, թե ես ինչ եմ ասում,
նույնքան կարևոր է, թե դու ինչ ես հասկանում:
Հավիտյանս հավիտենից ամեն:

* * *

Ծախիր երկինքդ, էլ ինչի՞ տակ պիտի կանգնես:
Ծախու ծաղիկ,
աչքեր ծախու-ու,
ծախու ժպիտ,
ու սեր ծախու-ու,
ծախու աչքեր,
ծախու հոգի-ու,
աչքում, հոգում
մութը չոքի-իիի՜…
Բաներ կան, որ ծախելուց ետ
հոգին՝ ամա-ա,
բաներ կան, որ ծախելու հետ
գնվում է մահ:

Մտակայծեր
Հույս և վախ
Լավ կլիներ՝ չլինեինք, կլիներ հույսը՝ լինելու:
Ինչ տխուր է, որ հիմա կանք, ու կա վախը
չլինելու:

* * *

Սարյակը կերակրում է ձագերին՝ որդի ձագերին թողնելով որբ:
Ճմլվում է սիրտս ցավով մի հորդ:

* * *

Կուզես՝ սրիկա ինձ հաշվիր, կուզես՝ հաշվիր սրտամոտ…
Այր ու կնոջ զրույցները որտեղից էլ որ սկսվեն,
վերջիվերջո հասցնում են սեռի մոտ:

Վախեցած աչքը

Աչքը վախեցավ, և ինչ, Աստված իմ,
լույսերի մեջ էլ խավար է տեսնում,
շքեղի մեջ էլ տգեղ է տեսնում,
ու վախենում է աչքը տեսածից:
Իսկ ես սարսափում, ես վախենում եմ վախեցած աչքից:

Անցավ պահը

Օրը նորից հագնում է լույս,
ծաղիկները՝ գույներն իրենց,
երազները թռչում են դուրս՝
մարմիններին հասնեն, տիրեն…
Պահ… ոչ մարմին կա, ոչ անուն,
կուրծքս՝ դատարկ թռչնակի բույն:

Հուսախաբության պահ

Եթե դուք ինձ տեսնեք այնպես,
ինչպես ինքս եմ տեսնում հաճախ,
շիրմափոսիս էլ կափսոսաք,
որ ինձ թաղեք:

Մտորումներ Երվանդ Քոչարի մահվան օրը

Ի՞նչն է մեռնող: Ի՞նչ բան է կյանք: Ի՞նչն է անմահ: Ի՞նչ բան է մահ: — Այս մտքի մեջ են խորանում նկարները, քունք են քորում արձանները, ու վրձիններն են քչփչում վրձնամանում՝ որպես սափորի մեջ դրված մի ծաղկեփունջ:
Ի՞նչն ի՞նչ եղավ… Ի՞նչը գնաց… Ի՞նչը եկավ… Ինչո՞վ է միրգը տարբերվում նատյուրմորտի շրջանակի պարսպի մեջ պատսպարված ցոլք-նկարից… Կամ Քրիստոսը, հլա տես, ոտքը ինչո՞ւ է դուրս դրել իր նկարի շրջանակից, որ կարծես թե էլ չի ուզում ինքն իր տեղում նկար լինել, նկար մնալ:
Ձևն է անմահ, մինչև իսկ ձևը փաթիլի, ու գույների հյուսքն է անմեռ, որպես հյուսվածքը մեղեդու… Այս գյուտի մեջ զույգ այրուձի արձանները ներշնչմամբ լի քիչ է մնում ներքև թռչեն իրենք իրենց պատվանդանից:

* * *

Եվ սագերը լճակի մեջ
վայելում են աշնան նվագ
նվաղ
նվաղ
և Աբուլին շողում է տես
հուռթի եղյամը որպես ձյուն
զնգուն
զնգուն
ու չոր խոտերն են վերհիշում
հեքիաթում էր — իրենք ծաղիկ էին ծաղկի
ծավի
ծավի
ծառի վրա մի թռչնաբույն
իր կորցրածն է վերհիշում
լեցուն
լեցուն
ու Աբուլի լճից ելան
հուր նժույգները խեղուշեղ
բաշեղ
բաշեղ
արածելով մարգի վերջին կանաչ հուշեր
գիշերվա դեմ կխրխնջան
ու խրխինջից նրանց զնգուն
թափվելու է դաշտի վրա
ձմեռ ու ձյուն:

Հոգեփերթեր
* * *
Օգոստոսյան գիշեր. բացեցի պատուհանս ու շնչեցի օդը սառնաբույր:
Ես՝ իմ տան պատուհանի գոգին հենված…
…Տունն իմ թվաց հյուրանոց, ու ինքս՝ հյուր:

* * *
Սա է ելքը,
ուրիշ ճամփա չկա,
այն պահին է ծնվում երգը,
երբ խորհում ես՝ ամեն ինչի (նաև երգի) վրա… թքա՛ծ:

Տխուր փրկություն
Երբ գլխապտույտն է ինձ պաշարում,
աչքս գցում եմ ավելի հեռուն,
որտեղ առանց գիր ու առանց անուն
մի մամռոտ շիրմի քար է լռում:

Բուժիչ ցավը
Ցնցվում ես — ցավն հոգիդ խուժեց,
ու եռում է գանգը քո թեժ,
բաց աչքերդ, լավ բաց ու տես,
տե՛ս, դեղը տես դու ցավի մեջ.
ամեն նոր ցավ սիրտը խուժում,
սրտում մի հին ցավ է բուժում:

* * *
Թերեզան ինձ զույգ վարդ բերեց,
զույգ վարդ բերեց,
ես չառա, կարդում եմ Բլոկ:
Նա կողքիս կանգնած ունկ դրեց,
կանգնած ունկ դրեց՝
շնչելով բլոկյան մորմոք:
Դրսում լույս էր ու զով արև,
ու զով արև,
ու հնձված արտում՝ թարմ լասեր,
տողարանք եմ կարդում: Բավական չէ,
բավական չէ
ունենալ դեմքին զույգ աչքեր:
Ես կարդում եմ, ու նա մանրեց,
ու նա մանրեց
թերթ առ թերթ վարդերը ձեռաց,
մեր շուրջը վարդաբույր հառնեց
վարդաբույր հառնեց՝
բլոկյան լույսին խառնված:

Հանգերը՝ աչքերը և Տեր, Տերը և աչքեր
— Թող այդպես լինի,-ասաց Տերը՝
ինձ տալով զույգ խոշոր աչքեր,
բացեցի ես իմ խոշոր աչքերը,
ապշեցի՝ այս ի՞նչ է, Տեր…
Ու կարմիր տերևներ տեսան իմ աչքերը,
իմաստուն իրեր տեսան, Տեր,
տեսան մտքերի մեջ արթուն Տերը,
տեսան հուզումի, ցավի աչքեր:
Ես դարձա, ես դարձա զույգ խոշոր աչքեր,
իրենց մեջ՝ միշտ արթուն Տերը,
հարցրի՝ աչքերիս մեջ լալի՞ս ես, Տեր,
թե՞ իմ ցավով են լիք իմ աչքերը:
Եվ շատ, շատ տեսան, շատ, շատ իմ աչքերը՝
իրենց մեջ ամփոփած Աստված ու Տեր,
չգիտեմ՝ նրանց մեջ լա՞ց եղավ Տերը,
թե՞… Տիրոջ վրա լացող աչքեր…
— Թող լինի այդպես,-ասաց Տերը՝
ինձ տալով զույգ խոշոր աչքեր,
ա՜խ, Տեր իմ, բացեցի իմ խոշոր աչքերը,
ու տեսա աչքերում… արտասվող Տեր:

* * *
Կաղամախիները գլուխ գլխի արին
(գլուխ գլխի),
ճահճամարգից գիրտն է ճգնում… բարին գուժել,
թարգմանեցեք, գուցե բարին է դա, բարին
(գուցե բարին),
թե քաղցկեղը ինչով կարելի է բուժել:
Ջրերի մեջ դողաց գունդը դեղին լուսնի
(գունդը դեղին),
մարգի լասերից խոսում է ծղրիդը հեգ,
ծղրիդ՝ սերված գուշակ ցեղից, ո՞ւմ կհասնի
(գուշակ ցեղից),
պատվիրանը՝ ինչպե՞ս անենք, որ առնինքնենք:
Նարգիզներն են փակվում սիրող աչքի նման
(սիրող աչքի),
չոր իրիկվա միջով թռավ իշամեղուն,
իր թևերին առած Աստված գիտի՝ ինչ լուր
(Աստված գիտի),
Աստված գիտի՝ ի՞նչ գուշակում ո՞ւմ է տանում:

Բանաստեղծություններ անտիպից

* * *
Մեր բոլոր մեղքերը նույն ակունքից,
նույն երակից ու նույն ակից են սնվում,
մենք բոլորս ծնված նույն երկունքից,
ձեր ցավերից է միշտ խեղճ հոգիս նվում:
Կարեկցա՞նքս… արդյոք ո՞վ է այն նետել,
ո՞վ փչել կամ ո՞վ կաթեցրել իմ մեջ,
գարշելի է, զգում եմ հետզհետե՝
կարեկցելու համար միշտ ուզում եմ խեղճ:
Թե հետո ուր եմ գնալու՝ չգիտեմ,
ինչպես անհայտ է, թե ում կհանդիպեմ,
սուտ են խոստումները, ստից սուտ, ի դեպ
անհեթեթն եմ՝ կանգնած անհեթեթի դեմ:
01.1993

* * *
Գիտակցությո՞ւն… Մի կտոր լույս,
որից այնկողմ՝ խավար, խավար,
կյանք՝ գիտակցության շող ու լույս,
որից այնկողմ՝ էլի խավար:
Այդ խավարից, դե, ով գիտի,
քանի կրքեր սառն ու եռուն
իրենց վարքերով հակամետ
ինձ ինչպես են նետահարում
նետով իրենց՝ թունավորված,
որով դառնում եմ այլևայլ.
մեկ՝ խավարում խորունկ թաղված,
մեկ՝ լուսատու և լուսափայլ…
Գիտակցություն… Իր վերջում՝ խութ,
ինքը՝ վառվող մի չնչին մոմ,
որի վրա հանց փլվող մութ
թափվում են փլվածքներ ու որմ:
18.06.1993.

* * *
Խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ,
ես ինքս իմ Սիրո ձեռքում,
ես ինքս իմ Խանդի ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:
Ու Ամոթիս, ու Սարսափիս,
ծնվող Երգիս, մեռնող Լացիս,
Պետք ու Պահանջներիս ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:
Փառքիս ձեռքում, Ոգևորման,
Հիասթափման, Ատելության,
իմ Վրեժի, Տենչի ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:
Հազար ձեռքեր, իրենց վրա
հոգիս՝ որպես դագաղ դրած,
Սիզիֆ-տառապանք են նրանք,
սակայն ինձ չեն տանում առաջ:
20.06.1992

* * *
Այս ինչ եղավ. աչքս բացվեց,
ու հենց բացված իմ աչքի հետ
եղավ շատ գորշ մի մութ:
Աչքս բացվեց, բացվեց, բայց տես,
բացվեց մի դաժան ու թեն
իսկություն մի անգութ:
Ոչ մի ներում, ոչ մի անուրջ
ու հրամազ ոչ մի երազ,
ոչ մի տեսիլի լույս:
Ու չգիտեմ՝ ես հիմա՞ եմ
ծնվել արդյոք, թե՞ թաղված եմ
եղել վաղուց, վաղուց…
Վաղուցն այդ, որ ինձ տանում է,
ախ, տանում ու հասցնում է
դեպի խավար մի լույս:
Իմ ծննդյան օրից, Բարձրյալ,
ես ոչինչ եմ, քան թե հենց իմ,
հենց իմ աչքին… կորուստ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.