Ալիս Հովհաննիսյան | ԶԻԳԶԱԳ

Նա ծնվեց ակամա. մի պահ փայլատակեց ծննդկան մոր գլխավերևում և անմիջապես էլ ուզում էր մի ճեղք գտնել, պահվել, մինչև որոշվի իր բախտը:

-Ահա նա, սքանչելի Զիգզագը, շանթն ու լուսավորությունը,- լսվեց մի ձայն Վերից:
Ա՜խ քաշեցին ծնունդն ընդունող բժիշկը և մանկաբարձուհիները:
— Ահա նա` իմ խատուտիկը, իմ մանչուկը, իմ հույսը, իմ լույսը — մրմնջաց մայրը, մոռացավ բոլոր ցավերը, որոնցով լույս աշխարհ էր բերել զավակին:
— Վերջապե՜ս,- բացականչեց հալածանքներից հոգնած հայրը` առնելով որդու ծննդյան լուրը,- ահա այն ճշմարիտ լույսը, որ ես փնտրում ու չեմ գտնում. գուցե քեզ հաջողվի գտնել արդարությունն ու ճշմարտությունը այս անմիտ աշխարհում:
Մի կերպ բռնեցին, բարուրեցին Զիգզագին, բայց բարուրը բարուրի ձև չէր ստանում… Որոշեցին միանգամայն ազատ թողնել նրան, թեև այդ թվականներին այսպես ընդունված չէր… Նա հավաքեց նորածնի իր ամբողջ խելամտությունն ու ուղղի ձև ստացավ… Բոլորը հանգիստ շունչ քաշեցին, հանգիստ թողեցին նրան… Զիգզագը, չարչարելով մոր պտուկները, ինքն էլ քափ քրտինք մտնելով, ավարտում էր սնվելու իր չորսանգամյա ծեսը:
Հենց դրան հաջորդող առավոտյան, երբ ծննդկանին ու նորածնին դեռ տուն չէին բերել, «սև ավտոն» կանգնեց դռան առաջ ու ջութակահար հորը տարավ, դրեց Սիբիրի ճանապարհին: Պատճառը նախորդ օրը մեծ համերգասրահում նրա նվագած պիեսներն էին, ավելի ճիշտ իր բանավոր պարզաբանումը, թե դրանք ազատության, ճշմարտության ու արդարության մասին են: Գլխի էին ընկել, որ ակնարկում, անգամ շեշտադրում է, թե մեր երկրում խորը ինկվիզիացիան է տիրապետողը:
Մանկապարտեզի տարիքը դեռ չէր լրացել, բայց մայրը մի կերպ լեզու գտավ վարչուհու հետ, որ գոնե մի քանի ժամով ազատ մնա նրանից, շունչը տեղը բերի, աշխատի, անհոգ մեծացնի իր միակ, առանց հոր մնացած որդուն: Թեև այդ մի քանի ժամն էլ բավական էր լինում, որ մայրը գժի պես կարոտի իր ուրախ, չարաճճի Զիգզագին:
Մանկապարտեզի բակում բոլոր խմբերի երեխաներն ու դաստիարակչուհիները թողնում էին իրենց խաղերը, մոտենում էին Զիգզագին դիտելու: Խաղաձողերի վրայով վազվզելը, մագլցելը, ծառերի ամենաբարձր գագաթների ամենախիտ ճյուղերի արանքից ծիկրակելը վաղուց արդեն չէին սարսափեցնում դաստիարակչուհիներին: «Ոչինչ էլ չի պատահի,- հանգստացրել էր մայրը,- դուք միայն աշխատեք աչքից չկորցնել նրան»: Բայց հենց աչքից չկորցնելն էլ ամենադժվար գործն էր: Հավաքարարուհիներից մեկին հանձնարարված էր ավելն ու հատակի փայտը բացի բուն նպատակից ծառայեցնել որպես ցուցափայտ: Նա պետք է աչքը չկտրեր Զիգզագից… Պետք եղած պահին Զիգզագին գտնելու համար նայում էին փայտի կամ ավելի ցույց տված ուղղությամբ…
Դպրոցական տարիներին Զիգզագը դժոխք էր ուսուցիչների համար: Եթե առհասարակ չխոսեր, շատ հեշտ կլիներ գործը կարճելը… Կուղարկեին հատուկ դպրոց` շարժումների լեզվով խոսող երեխաների մոտ… Ուսուցիչներից ոչ մեկն այնքան արագընթաց միտք չուներ, որ բռներ նրա տրամաբանության թելը… Նրան հնարավոր չէր պատժել, քանի որ պատժի արժանի ոչինչ չէր անում: Ծառատունկին վերաբերող սովորական թվաբանական խնդիրը նա մի անգամ լուծեց այսպես… Իր զիգզագաձև վազքով անցավ բոլոր խմբերի միջով, տեսավ, թե որ խումբը քանի ծառ ունի տնկելու, հետո բակի ազատ տարածքում փոսեր փորեց ու տնկեց այնքան ծառ, որքան բոլորը միասին… Ոչ մի ուժ նրան չէր կարող ստիպել այս նույն խնդիրը լուծել դասարանում` գրատախտակի վրա, կավճի օգնությամբ: Շախմատային մրցումներում Զիգզագը միշտ հաղթող էր, հատկապես ձիով կատարած նրա քայլերին բոլորը սարսափով էին հետևում:
Երբ հայրը երկար բացակայությունից հետո վերադարձավ ընտանիքի գիրկը` իր կնոջ, որդու, իր ջութակի մոտ, Զիգզագն ինքն իրեն ստիպեց հինգ օրով վերջ տալ զիգզագաձև շարժումներին և քայլել ուղիղ, նախանշված, ընդունված ճանապարհներով, որպեսզի հաճոյանա հորը, կապի նրան ընտանիքի հետ, չխրտնեցնի իր անսովոր վարքագծով: Բայց տարածության մեջ գրեթե տեղ չէր զբաղեցնում, երբ անշարժ էր, իսկ ինքը ուզում էր անընդհատ հոր ուշադրության կենտրոնում լինել: Հայրը տարակուսած էր: Միշտ մի շատ ավելի երևացող ու ծանրակշիռ բան էր պատկերացրել, երբ հիշել էր, որ հեռու հեռվում որդի ունի: Զիգզագի համար ամենադժվարը ուղիղ քայլելն էր: Հինգ օր անց նա ավարտեց ուղղաճեմության ծոմը, վերսկսեց իր զիգզագաձև վազքը: Մանավանդ խրտնում էր, երբ հայրը սկսում էր լարել ջութակը: Չէր սպասում մինչև կտնտոցը մոտենար լարերին: Փախչում էր տնից:
Հայրը գործ փնտրելու հետ մեկտեղ ստիպված էր աչքերը չորս արած հսկել տղային, քանի որ համոզված էր` եթե ժամանակին տղայի գլխին կանգնած լիներ, նա մարդու նման կլիներ, ոչ թե Զիգզագի: Դա անհնար էր, քանի որ Զիգզագն ինքն էլ չգիտեր, թե երբ ինչ տեսք պետք է ընդունի, և չէր էլ կարողանում նորմալ հայերենով շիտակ բացատրել, որ ճիշտ պահվածքը սա է, որ բնությունն է իրեն օժտել այնպիսի մի հատկությամբ, որի մասին միայն երազել կարող էր հայրը, երբ նույնիսկ Սիբիրում չէր դադարում ճշմարտություն ու արդարություն որոնել:
Մի անգամ Զիգզագը որոշեց լուռ նստել ու նայել հոր ներշնչված դեմքին` ջութակ նվագելիս… Հայրը կարծես քնել էր ջութակի արձակած հնչյունների վրա ու թիավարում էր անգիտակից… Ասես վստահ էր, որ փոթորիկն անգամ անտես չի առնի իր ու տարերքի միաձույլ լինելը: Զիգզագը ցանկացավ մտնել այդ հնչյունների մեջ… Բայց առաջին իսկ քայլից ոչ թե ընկրկեց, այլ ալիքները նրան դուրս շպրտեցին… Տենդագին սկսեց մի սողանցք փնտրել, որ ներս խցկվի, բայց հնչյուններն այնպես պինդ էին գրկել միմյանց, այնքան միահյուսված էին, որ անկարելի էր սողոսկել անծանոթ տարածքը…
Հայրը կարծեց, թե իրեն հաջողվել է տղային էքստատիկ վիճակի հասցնել, թե տղան իր սպասածից էլ խորն է զգացել Հայդնին…ոգևորվել է. նվագում էր ճիշտ այնպես, ինչպես միշտ երազել էր նվագել` դիմացն ունենալով մի բացառիկ երաժշտասերի: Տարօրինակ էին Զիգզագի շարժումները. նա ասես գլխով, փորով, ձեռքերով ուզում էր դռներ ու դարպասներ խորտակել, բայց իր իսկ մարմնի ետհարվածով շպրտվում էր մի կողմ… Զիգզագը կյանքում առաջին անգամ անզորությունից լացեց… Հայրը գրկեց որդուն, բայց չկարողացավ գրկի մեջ պահել…
-Ինձ չեն թողնում մտնել այնտեղ,- հոնգուր, հոնգուր լացում էր տղան… -Ոչինչ, ես մի ուրիշ տեղ կգտնեմ իմ ուզածը` ճշմարտությունն ու արդարությունը:
-Պետք չէ,- վախեցավ մայրը,- չեմ ուզում: Թողե՛ք մի քիչ հանգիստ ապրեմ:
Օր չէր լինում, որ դուռը չթակեին, չհարցնեին, թե որտե՞ղ է այդ ապուշ Զիգզագը, որ ուր ասես չի խոթում քիթը` կոլխոզներում, հնագետների պեղած տարածքներում, բանտերում, Սովետաշենի աղբանոցում… համալսարանը չավարտած` ժուռնալիստ է դարձել գլխներիս:
Զիգզագը զորակոչվեց բանակ, դարձավ նավաստի, ջրասուզակ ու հասկացավ, որ իր տեղը հենց ծովերի ու օվկիանոսի ջրերի տակ է: Եվ ինչ գնով էլ լինի, պետք է նավապետ դառնա` սուզանավի ղեկին է պետք կանգնել…Ոչ մի թշնամի ու ախոյան երբևէ չէր կարողանում կռահել նրա ընթացքը… Հայրն ու մայրն էլ կարծես հանգիստ շունչ էին քաշել. համոզում էին մեկմեկու, թե Աստված է լսել իրենց աղոթքները, իրենց խեղճ Զիգզագին թաքցրել է ջրերի տակ, որտեղ նա ինչ էլ անի, քննարկման առարկա չի դառնա…
Ծովահենները շուտ հասկացան, որ իրենց գլխին մի մեծ փորձանք է կախված զիգզագի տեսքով… Ամեն ինչ արեցին, որ նրան համոզեն իրենց կողմն անցնել… Բայց նախ պետք է պատասխան գտնեին Զիգզագի առաջադրած գլուխկոտրուկներին:
— Ինչո՞ւ պիտի ավազակ դառնամ:
Հարստանալու ես,- ասում էին նրան:
-Իսկ ի՞նչ է ավելանալու աշխարհին:
— Աշխարհին երբեք էլ ոչինչ չի ավելանում և նրանից ոչինչ չի պակասում` ըստ նյութի պահպանման օրենքի, իսկ ըստ նյութի փոխակերպման օրենքի` ուրիշների հարստությունը դառնալու է քոնը:
-Բայց ինչի՞ս է պետք հարստությունը, եթե կյանքս ջրերի տակ եմ անցկացնելու:
-Ոնց, դու էլ ջրի երես դուրս գալու միտք չունե՞ս…
-Ցամաքում ուղիղ և նույնիսկ ոլորապտույտ ճանապարհներն ինձ համար չեն… Դեռ աշխարհը գլխի չէ, որ բոլոր ճանապարհները պետք է զիգզագաձև կառուցել, քանի որ ապագան ինձնմաններինն է… Ճիշտը որ խոսենք, հո մարդիկ հատուկ ինձ համար ճանապարհներ չեն շինելու… Ինձ պետք էլ չեն էդ ճանապարհները. ինքս էլ կարող եմ ինձ համար զիգզագաձև ճանապարհներ գտնել, բայց ի վերջո արդյունքը նույնն է` ճանապարհը բացում ես, ուրիշներն են գնում էդ ճանապարհով, իսկ ջրի տակ էսպես է` բացեցիր քեզ համար քո ճանապարհը, հենց քո ետևից էլ այն փակվում է:
-Դե եթե էդպես է, ինչո՞ւ օդաչու չդարձար… Գոնե երկնքից կնայեիր, կտեսնեիր երկրի գործերը:
-Երկրի մարդիկ իրենք էլ են արդեն հետաքրքրությունը կորցրել աշխարհի ցանկացած կետի նկատմամբ: Ուր ուզում ես գնա. քեզ կթվա, թե էնտեղ արդեն եղել ես… Եվ իրոք էլ եղել ես… միլիոն հատ ֆիլմ կա նույնիսկ անանցանելի ջունգլիներում, բարձր լեռնագագաթներին կառուցված գաղտնագաղտնի շինությունների, ամենատարօրինակ մարդկանց մասին… Հիմա ոչ մարդակերն է զարմացնում մարդուն, ոչ մանկապիղծը, ոչ մաքրակենցաղ ճգնավորը, ոչ ամբոխներին իր ետևից տանող գաղափարակիրը, ոչ ծայրահեղ հարուստը, ոչ ծայրահեղ աղքատը, ոչ պատերազմի արդարացի կամ անարդարացի լինելը, ոչ էլ երկարատև խաղաղությունը: Եթե մի օր արդարություն լինի երկրի վրա, դա էլ առանձնապես զարմանքի առարկա չի դառնա: Թեև միակ բանը, որ դեռ չի եղել, դա հենց արդարությունն է, որ կա… Մարդիկ իրենց ծնված օրից ճիգ ու ջանք չեն խնայել արդարությունն այնպես վերացնելու համար, որ հետքն էլ չմնա, հիմա էլ արդարություն են փնտրում` ոմանք հարմարության, ոմանք էլ զուտ ձևի համար… Իսկ ջրի տակ դեռ ոչ ոք չի փորձել արդարություն գտնել…
— Իսկ քեզ կանայք պետք չե՞ն, սիրո՜ւն կանայք…
-Պետք է. ընդամենը մեկը, միակը, այ, եթե նրան բերեք, կյանքս էլ կտամ, ի՜նչ ասեք, կանեմ նրա համար… Բայց որտե՞ղ եք գտնելու նրան… Երկրի վրա չի մնացել կանացի մարմնի մի մասնիկ, որ պղծված չլինի մարդկային աչքի կողմից… Ինձ պետք է այն մեկը, միակը, որին Աստված միայն ինձ համար է ստեղծել, ինչպես Եվային էր ստեղծել միայն Ադամի համար:
Այստեղ ծովահենների գլխավորը ոլորեց բեղը և ուղղեց աչքի սև կապիճը:
— Ի զուր ես այստեղ ինձ համար ծուղակ տեսնում,- առաջ ընկավ Զիգզագը,- նրան ես միլիոնների մեջ կճանաչեի:
-Չէ, ասում եմ, գուցե ձկան պոչով ջրահա՞րս է փնտրածդ,- առանց լկտիանալու, նույնիսկ կարծես թե մտահոգ, նորից բեղը ոլորեց գլխավորը:
-Գաղափարը լավն է,- խոսեց Զիգզագը և նավի ղեկն այնպես թեքեց, որ ծովահենները միանգամից աչքից կորցրին նրան:
«Բայց,-արդեն ինքն իր համար մտմտաց Զիգզագը,- եթե անգամ գտնեմ այդ ջրահարսին, որ այնքան էլ անհավանական չէ… ի վերջո դրանց տեսնողներ են եղել, բա որ դուր չգա՞մ նրան իմ այս զիգզագի տեսքով: Բայց ոչինչ, երևի հենց իմ իմացած ճանապարհներով են ամենաերևելի սիրահարներն ուղղվել դեպի նպատակակետը»:
Եվ մի ուրիշ կարևոր եզրակացություն էլ արեց, որ իր նման զիգզագի համար փող վաստակելն ու մեծ կարողության տեր դառնալը առանձնակի դժվարություն չպետք է ներկայացնի, եթե բան է` ընտանիք կազմեց: Սկսեց մարգարիտների ու ծովային այլ թանկարժեք քարեր հավաքելով լցնել հետզհետե տաղտկալի դարձող կյանքը:
Այստեղ էլ գտավ ջրահարսին` Ծովինարին: Նա Ատլանտյան օվկիանոսի հայ ջրահարսերի գաղութի ծաղիկն էր: Իր ընկերուհիների հետ Եփրատից, Սև ծովից, նրա մեջ թափվող ու նրանից դուրս եկող ջրերի, ձկնկիթ դնելու համար միայն իրենց հայտնի ճանապարհներով գնացող ձկնավտառների հետ հիսուն տարի առաջ, սաստիկ դժվարություններ կրելով, հասել էր մինչև այս խորությունները:
Երբ հանդիպեցին, ջրահարսը խոստովանեց, որ հույսը կտրել էր, թե երբևէ կհանդիպի երազում տեսած զիգզգաձև տղային: «Քանի՜ անգամ եմ անձուկ սպասումներիս մեջ ինքս ինձ կորցրած հայտնվել սրա ու նրա ցանցում: Սիրտս ուժգին թպրտում էր: Բայց որսալուց հետո ինձ ոսկե ձկնիկի տեղ են դնում,- ծիծաղեց նա` մարգարտյա ատամնաշարը փայլեցնելով,- արդեն գիտեմ նրանցից ազատվելու ճանապարհը` երեք ցանկություն, որոնք կատարելով հոգնել եմ արդեն… Ոմանց կարծիքով իրենց ցանկությունները ամենայուրահատուկն են, ոմանք էլ երկար-բարակ չեն մտածում… ինքս եմ հուշում, թե ինչ պետք է ցանկանան… Վերջին հաշվով նույնիսկ ինձ հանդիպած ամենամեծ մարդասերներն էլ շուրջները նայելուց, համոզվելուց հետո, թե ինձնից ու իրենցից բացի մոտակայքում ոչ ոք չկա, նախ իրենց երևակայած տղամարդուն վայել բաներ են միտքները բերում` աշխարհի ամենագեղեցիկ կինը, աշխարհի ամենաշքեղ զբոսանավը, առանձնատունը, հոթելը… Բայց երբ ստանում են այդ բոլորը, նոր միայն հասկանում են, որ իրենց գլխից վեր ցանկություն են ունեցել, որ իրենց երևակայած տղամարդու կոշիկներն օրը երեք անգամ պսպղացնելուն էլ դեմ չէին լինի, միայն թե մի անգամ էլ ինձ ձեռք գցեին և փոխեին ցանկությունը… Իսկ դու, ահա եկել ես մի բանի ետևից, ինչ մինչև քո հայտնվելը ոչ ոք չուզեց` ճշմարտությունը, որ հենց ջրերի տակ է… Լսել ենք,-ասաց նա,- որ թուրքերի կողմից մորթված ու իրենք իրենց կամքով ջուրը նետված հայ աղջիկներից էլի շատերը կան, որ որպես ջրահարս շարունակում են իրենց կյանքը այս օվկիանոսի և այլ օվկիանների ջրերում. նրանք էլ մեզ նման զբաղված են աշխարհի խայտառակությունը ջրերի խորքում պարտակելու գործով…Իմ ու իմ քույրերի ամենօրյա գործը այն հավաքելն ու ջրերի խորքը տեղափոխելն է… Սա մեր ապրելու և հարատևելու պայմանն է, եթե չհանդիպենք մեր ասպետին: Իսկ եթե հանդիպենք, դառնում ենք մահկանացու… Այնքան եմ հոգնել… Կեղտոտ գործ է…
— Եթե քեզ հայտնի է աշխարհի խայտառակությունը պարտակելու իմաստը, ասա ինձ. գուցե դա կա՞պ ունի իմ փնտրած արդարության հետ:
— Չգիտեմ, իմ քույրերից մեկը լսել է, որ դա անում ենք ցամաքում սաստկացող խայտառակությունների համար տեղ բացելու նպատակով:
-Ուրեմն դու կարո՞ղ ես ինձ օգնել ճշմարտությունը ջրի երես հանելուն,- կայծակի մաքրությամբ փայլեց Զիգզագը օվկիանոսի ջրերում…
-Ես, ոչ… Քեզ էլ խորհուրդ չեմ տա այդ ամբողջ աղտեղությունը ջրի երես հանել: Այդ բանը նույնիսկ փոթորիկներին ու տորնադոներին չի թույլատրվում անել…
-Դու համոզվա՞ծ ես, որ իմ փնտրածը, որ ուզում եմ ջրի երես հանել, այդքան վատ է…
-Վատը շատ մեղմ ու գեղեցիկ բառ է այդ ամենի անունը լինելու համար:
Համեստ պսակադրությունից ինն ամիս անց ծնվեցին նրանց երկվորյակները` մի զիգզագ տղա և մի ջրահարս աղջիկ: Սրանք շատ երկար էին սպասել իրենց ծնունդին, այնպես որ առանց ժամանակ կորցնելու սկսեցին ի կատար ածել ծրագիրը, որ իրենցից խիստ գաղտնի դեռ մշակում էին ծնողները:
Alis111.jpg
Նրանք ամեն օր սուզանավ էին վերադառնում հոգնած ու ջարդված` իրենց ետևից տիղմի ու ամեն տեսակի աղտեղության ամպեր բարձրացնելով:
-Նարեն` քույրը, իր գեղեցիկ մարմինը մազութոտ, նավթաբույր, իսկ Վահագնը` եղբայրը, մաքուր ու շողշողուն…
-Մեզ ճշմարտությունը պետք չէ,- փորձեցին ստել ծնողները, — մենք որոշել ենք մաքուր ջրերում ապրել և չխորանալ այդ մազութի ու տիղմի մեջ:
Բայց երեխաներին ոչ մի շողշողուն մարջան ու փայլուն խաղալիք չէր հրապուրում… Նրանց միայն ճշմարտությունն էր հետաքրքրում: Մի անգամ Նարեն մի պղնձե մեծ շերեփ էր քարշ տվել, իսկ Վահագնը մի հսկա ոսկյա պատառաքաղ…
-Սրանցից ո՞րն է ճշմարտությունը,- հարցրին նրանք` հույսով լի հայացքներով ծնողների շուրթերից կախված:
-Ոչ մեկը և ոչ էլ մյուսը,- ասացին ծնողները,- աշխարհի բնակչության մեծ մասը համաձայն կլիներ առանց սրանց օգնության խփշտել իրենց օրապահիկը, միայն թե սովից չմեռնեն:
Նրանք սկսեցին տակնուվրա անել ջրերը: Արբանյակները օվկիանոսի այդ հատվածում գրանցեցին ջրի մեծ պղտորումներ, ափամերձ գյուղակներում տեղատվություններից հետո անսահման քանակությամբ գարշահոտություն էր մնում, նաև մի քանի օգտակար իր, որից տեղաբնակները չէին հասցնում գլուխ հանել, քանի որ ալիքները նորանոր այլանդակություններ էին ափ նետում:
-Մի՞թե արժի, որ ճշմարտությունը առհասարակ ջրի երես դուրս գա,- ասաց Ծովինարը:- Եվ հենց հայ Վահագնն ու հայ Նարեն պետք է անեն այդ զզվելի գործը:
-Բայց մեզ միշտ ճշմարտությունն ամենագեղեցիկ գույներով են ներկայացրել,- ասաց այրը:
-Ես քեզ ասում էի, որ պետք չէ մտնել այս գործի մեջ,- ասաց զարհուրած կինը:
-Ես պետք է գտնեմ ճշմարտության լույսը,- ասաց Զիգզագը,- դա կանացի խելքի բանը չէ: Դու քո աղջկան տուն հավաքիր, մենք որդուս հետ կգտնենք այն:
-Գնացե՛ք,- զայրացավ Ծովինարը,- դարերի աղբը հանե՛ք, դրե՛ք մարդկության աչքի առաջ:
Հեռուստակայաններից մեկով տարաշխարհիկ այս երևույթների կապակցությամբ հանդես եկավ մի հայ փիլիսոփա (էլի հայ) ու ասաց, որ ճշմարտությունը և արդարությունը տարբեր բաներ են: Եվ եթե մտածես, իսկապես էլ տարբեր են, քանի որ մարդկությունը դրանց տարբեր անուններ է տվել, և ասաց.-«Լավ կլիներ, ճշմարտության փոխարեն արդարությունը ջրի երես դուրս գար»…
«Իսկ ինձ համար արդարությունը հենց այս կեղտոտ ճշմարտությունն է, որ մենք չենք ուզում ընդունել»,- ասաց մի ուրիշ փիլիսոփա, որ իհարկե, նույնպես հայ էր:
-Հիմա մենք ի՞նչ ենք փնտրում, մեզ ի՞նչ է պետք,- կյանքում առաջին անգամ շփոթվեց Զիգզագը:
-Մենք փնտրում ենք այն, ինչ մեզ պետք չէ և երբևէ պետք չի եկել…
Բայց ինչպես Դավիթ թագավորի օրերում արդեն հայտնի էր դարձել, ճշմարտությունը բսնելու էր Երկրից, իսկ արդարությունը Վերևից էր իջնելու, և դեռ այն ժամանակներից մարդկանց միամիտ հատվածը տենչում է տեսնել այս երկուսի գրկախառնության ու համբույրի պահը:
Զիգզագը որդուն` Վահագնին վաղուց էր խոստացել տանել Հայրենիք, ներկայացնել տատին ու պապին: Նարեն էլ էր ուզում տեսնել նրանց, բայց, ինչպես արդեն գիտենք, ձկան պոչը, որ այնքան էական է ջրերում, մեծ գլխացավանք է ցամաքում:
-Ինձ ակվարիումի մեջ դրեք, տարեք,- աղաչեց Նարեն:
-Մի բան կանենք,- հանգստացրեց Զիգզագը,- միայն թե ոչ այս անգամ:
Տատն ու պապը միանգամից սիրեցին Վահագն թոռնիկին: Զիգզագից հետո նրանց այլևս զարմանալի չէին թվում Վահագնի խոսքի ու շարժումների սլաքները:
Շատ շուտով ինտերնետային բոլոր կայքերը հեշտությամբ բացուխուփ անելիս Վահագնին հայտնաբերեցին համակարգչի բազմաթիվ ծակուծուկերին կատարելապես տիրապետող խակերները և գրեթե նույն առաջարկն արեցին, ինչ ժամանակին ծովահեններն էին արել Զիգզագին…
Պապը ոչ թե խելամտության կոչ էր անում թոռանն ու որդուն, որ հանգիստ թողնեն օվկիանոսում և ինտերնետում կուտակված աղբը, այլ ուրախանում էր, որ նրանք այսքան ճարպկորեն մանևրում են, չեն ընկնում ոչ տարբեր երկրների տիրակալների և ոչ էլ ծովահենների ու խակերների ծուղակը, և անկեղծորեն հավատում էր, թե կա՛ աշխարհում ճշմարտություն, իսկ արդարությունը Վերևից ամեն ինչ տեսնում է… Ու նվագեց թոռնիկի համար… Եվ կատարվեց այն, ինչ երբեմն հարյուր տարին մեկ էլ չի կատարվում… Վահագնը կախարդվեց այդ հնչյուններով…
-Մի՞թե սա չէ հենց մեր փնտրածը, հայր,- դիմեց նա Զիգզագին,- Դու գնա՛, ես մնում եմ այստեղ` իմ պապի ջութակի մոտ: Դեռ երբեք որևէ տեղ չեմ լսել, որ մայրամուտը, լուսաբացը, թիթեռների, արծիվների, բզեզների, ճայերի ճախրանքը և աշխարհի մնացած բոլոր հրաշքները այսպես` զիգզագաձև կարողանային մտնել մեկմեկու մեջ, մոռանային, որ աշխարհում աղբ ու աղտեղություն կա կուտակված, սավառնեին ամեն ինչից բարձր, և իրենց սլաքներն այսքան կարգավորված լինեին, զերծ խուճապից, տագնապներից, թե կարող են հրմշտել, վնասել միմյանց կամ իրենք մի փորձանքի գալ… և հետո մտնել ու տեղավորվել մի անձի, և այն էլ իմ անձի մեջ… Հա՛յր, գնա, փնտրի՛ր քո ճշմարտությունը որտեղ ուզում ես, ես գտել եմ այն…
Զիգզագը կյանքում առաջին անգամ կարկամեց և սկսեց մտմտալ.«Այստեղ ինձ համար պատնեշ եմ տեսնում: Երբևէ ինձ համար պատնեշներ չեն եղել… Գուցե ճշմարտությունը հենց պատնե՞շ է, որը հարկ չկա ծակել — անցնելու, տրոհելու, քչփորելու, նրա վրայից ցատկ կատարելու կամ նրա մեջ սողանցք փնտրելու»…
Հայր Զիգզագին հիմա միայն մի հարց էր հուզում… դա ջրերի տակ մնացած կնոջ ու դստեր ապագան էր…
Երբ նա վերադառնում էր իր սուզանավը, ականատես եղավ մի զարմանահրաշ տեսարանի: Հազարավոր ջրահարսերի գլուխն անցած մի անուշիկ, պոչի երկարությամբ մյուսներից գերազանցող աղջիկ ապստամբություն էր բարձրացրել: Նրան տեսել էր Վահագնի ու Նարեի հետ խաղալիս: Զիգզագի աչքերը շլդիկացել էին պատկերի շքեղությունից… Աշխարհի ստեղծման օրից նա առաջին մարդն էր, որ միանգամից ջրահարսերի մի այսպիսի բազմություն էր տեսնում` յուրաքանչյուրն իր գույնով, լողալու իր ճողոպրանքով… նույնիսկ նրանց ինչ-որ բանից զայրացած լինլը չէր աղճատում նրանց գեղեցկությունը…
Սուզանավում միայն Ծովինարն էր, որ տագնապած րոպեն մեկ մտնում էր ակվարիումը, այնտեղ պատեպատ էր խփվում, դուրս էր գալիս` այս անգամ շուրջը ջուր ցողելով խփվում էր խցի պատերին: Զիգզագը բռնեց նրա խլվլացող մարմինը, առավ գրկի մեջ, զգաց նրա զովությունը և իմացավ հետևյալը. ըմբոստացած այս աղջիկը` Աստղիկը, միշտ հայտարարել էր, թե ինքը երջանիկ աստղի տակ է ծնվել, երբ վերածնվի իր փեսացուն, կամուսնանա նրա հետ, ում հետ չթողին ամուսնանալ իր պապերի երկրում, և երեխաներ կունենա նրանից… Ասում էր, որ Վահագնը հենց այդ տղան է… Սիրում էին իրար, նրանց տարիքները հավասարվել են, և արդեն ժամանակն էր ամուսնանալու… հիմա ապստամբել է, Նարեն էլ միացել է նրան…
-Նրանք մեր դեմ ապստամբություն են բարձրացրել, քո դեմ, որ Վահագնին տարել ես Հայաստան:
Զիգզագը արդեն նպատակ էր դրել աշխարհի բոլոր խոշոր բանկերում ունեցած մեծ փողերով իր էլեկտրոնային «Զիգզագ» ֆիրմայի խանութների եկամուտները աշխատեցնել այնքան, որ կարողանա լուծել ազգի` մինչև այժմ լուծում չգտնող հարցերը, բայց այս ապստամբությունը խառնեց բոլոր խաղաքարտերը… Ջրահարսերը գալիս, զարնվում էին սուզանավի կողերին, արյունլվիկ լինում, սպառնում էին ավերել ամուր մետաղական կառույցը, որ երկար տարիներ դիմացել էր աղահամ ջրերի բոլոր անակնկալներին, պատրաստ էին մի անգամ էլ կոտորվել:
Նա որոշեց անելիքը. գնեց ակվարիում-օդանավեր և սկսեց մեծ խորամանկություն, ճարպկություն, կայծակնային վճիռներ պահանջող գործողությունը… Ապստամբած բոլոր ջրահարսերին իրենց համաձայնությամբ տեղափոխեց Սևանա լիճը… Աստղիկը վերջ տվեց ապստամբությանը, բոլորին համոզեց, որ երկիր վերադառնալու այսպիսի հնարավորություն էլ չի լինի… Եվ բոլորը եկան Հայաստան…
Սևանի մակարդակի բարձրանալը ոչ մի ձևով չէին կարողանում բացատրել բնապահպաններն ու գիտնականները… Ջրահարսերին կարգադրված էր միառժամանակ խուսափել մարդկանց աչքին երևալուց… Բայց նրանց միամտությունը չափ ու սահման չուներ: Երբեմն մեկնումեկը դուրս կգար ամայի թվացող մի ափ ու խոշոր աչքերը ագահորեն չռած կնայեր լճի գեղեցկությանը, ճայերի ճախրանքին… Եվ շատ շուտով ամբողջ աշխարհը գիտեր արդեն նրանց մասին…
Վահագնը իր պապի հետ մի մեծ նվագախումբ կազմեց… Երկրում բազմաթիվ էին լավ երաժիշտները… Նրանք Սևանի ափին մեծ համերգներ էին տալիս ամռան պարզ, աստղազարդ գիշերներին… Ջրահարսերից շատերը հեշտությամբ սովորեցին տավիղ ու ֆլեյտա նվագել, իսկ մյուսները պարային չեղած ու չլսված արվեստներ էին ցուցադրում լճի վրա: Աշխարհի բոլոր գեղեցիկը ճշմարտապես որոնողները երազում էին գոնե մի անգամ սեփական աչքերով, իրականում, ոչ թե հեռուստացույցով տեսնել բնության ու արվեստի այս համաձույլ հրավառությունը…
Զիգզագն էր, որ չէր հաղորդվում այս ամենին… Ծովինարի բոլոր դասերն ու բացատրությունները արդյունք չէին տալիս: Նա սկսեց իրեն հեռու պահել Սևանի ափին կատարվող իրադարձություններից… Իր մասնակցությունն այն եղավ, որ մի քանի երկնաքեր կառուցեց: Սրանց ապակյա պատերը արտացոլում էին Սևանի բոլոր ժամերի բեկբեկումները և իրենց մեջ տեղավորում ամեն ազգի այցելուներին…
Նա շարունակեց իր ճշմարտությունը որոնել հետզհետե մեծ ծավալներ ընդունող «Զիգզագ» ֆիրմայում: Եղավ մի պահ, որ կարծեց, թե ահա, ահա գտնում է…Այնքան կարողություն ուներ, որ քանդելու էր ազգի բոլոր թնջուկները, վերականգնելու էր ամբողջ արդարությունը, իսկ անարդարությունը տեղափոխելու էր օվկիանոսի խորքերը, բայց…
Այստեղ էլ վրա հասավ նրան մահվան հրեշտակը…
Վերջին դատաստանի օրը նա իր կյանքից հիշատակության արժանի ոչինչ չգտավ, բացի իր Ծովինարից, որ իրեն երջանկություն պատճառելու հետ երկու երեխա պարգևելու հետ, մեծագույն դժբախտություն էր պարգևել… այն ճշմարտությունը, որ ինքն անձամբ երբեք չի գտնելու երկրի վրա, երբ իր ընտանիքը համարում էր, թե արդեն գտել է…
Այդ պահին բացվեցին նրա ականջի թմբկաթաղանթը կարծրացնող բոլոր խողովակները, և նա սկսեց լսել մի երաժշտություն, որ իր կառուցած երկնաքերի պատուհանից մռայլ սրտով ու անհուսությունից դաժանացած հայացքով տեսել, բայց չէր լսել, չէր հաղորդակցվել ջրերի, ջրահարսերի, ջութակների, բոլոր գալարափողերի, տավիղների ու այլ գործիքների հրավառությանը… Այստեղ հևիհև նրան հասավ իր երկրային անմահությունից հրաժարված սիրասուն կինը` ավելի գեղեցիկ, քան այն օրը` մայրամուտի շողերի ներքո, երբ առաջին անգամ հանդիպեցին… Պոչ ունե՞ր, թե՞ չուներ, չնկատեց Զիգզագը… Երաժշտական այն հնչյունների տակ, որ բոլոր կողմերից ազդարարում էին ամուսնական զույգի մուտքը դրախտ, և որոնցից մի չնչին մաս միայն շարունակում էր Սևանի ափին ուրախության ու ճշմարտության պատրանքի ալիքներով ողողել աշխարհում գեղեցիկի, արդարության գինն իմացողների բազմությանը, քայլում էին ձեռք ձեռքի ուղղաձիգ ճանապարհով…

1 comment

    • Կարինե Մարտիրոսյան on 16 Հոկտեմբերի, 2014 at 6:34 ե.
    • Reply

    «…Դու գնա՛, ես մնում եմ այստեղ` իմ պապի ջութակի մոտ: Դեռ երբեք որևէ տեղ չեմ լսել, որ մայրամուտը, լուսաբացը, թիթեռների, արծիվների, բզեզների, ճայերի ճախրանքը և աշխարհի մնացած բոլոր հրաշքները այսպես` զիգզագաձև կարողանային մտնել մեկմեկու մեջ, մոռանային, որ աշխարհում աղբ ու աղտեղություն կա կուտակված, սավառնեին ամեն ինչից բարձր, և իրենց սլաքներն այսքան կարգավորված լինեին, զերծ խուճապից, տագնապներից, թե կարող են հրմշտել, վնասել միմյանց կամ իրենք մի փորձանքի գալ… և հետո մտնել ու տեղավորվել մի անձի, և այն էլ իմ անձի մեջ… Հա՛յր, գնա, փնտրի՛ր քո ճշմարտությունը որտեղ ուզում ես, ես գտել եմ այն…»:
    Լիովին իրավացի է Ալիս Հովհաննիսյանը, երբ մարդկային հոգու ներդաշնակությունը, ճշմարտության ու լույսի որոնումները կապում է նաեւ արվեստի եւ հատկապես՝ երաժշտության հետ. չէ՞ որ երաժշտությունը համամասնական կարգ ու ներդաշնակություն է հաստատում ամբողջ Տիեզերքում:

Թողնել պատասխան

Your email address will not be published.