Նաիրա Համբարձումյան | «Ես հորինեցի քեզ, ես ապրում եմ»

1960-ական թվականներին ձևավորվեց լատինաամերիկյան նորարար վիպագիրների մի ամբողջ սերունդ (Միգել Անխել Աստուրիաս1, Կարլոս Ֆուենտես2, Խուան Ռուլֆո3, Գաբրիել Գարսիա Մարկես4, Մարիո Վարգաս Լյոսա5), որի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Խուլիո Կորտասարը:
Խուլիո Կորտասարը ծնվել է 1914-ի օգոստոսի 26-ին Բրյուսելում, արգենտինացի առևտրականի ընտանիքում: Մանկության ու պատանեկության տարիներն անցել են Բուենոս Այրեսում: Ավարտելով դպրոցը` ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց նյութական միջոցների սղության պատճառով կիսատ է թողել ուսումը: Յոթ տարի աշխատել է տեղի դպրոցում որպես ուսուցիչ: 1944թ-ին դասավանդել է Մենդոսա քաղաքի համալսարանում, բայց կարճ ժամանակ անց հարկադրված թողել է այն:
1946թ-ին վերադարձել է Բուենոս Այրես և աշխատել գրապալատում: 1951թ-ին մեկնել է Եվրոպա: Մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում` աշխատելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակում որպես թարգմանիչ: Կորտասարը մահացել է 1984թ-ի փետրվարի 12-ին Փարիզում:
Կյանքի մեծ մասը ապրելով Եվրոպայում` Կորտասարն իր կապերը երբեք չի խզել լատինաամերիկյան գրականության և Արգենտինայի հետ: Այդ է պատճառը, որ նրա մասին հաճախ ասում են` «արգենտինացիներից ամենաարգենտինացին»:
«…. Որպես Օրփեոս` ես շատ անգամ եմ ետ նայել և վճարել եմ դրա համար: Եվ մինչև օրս էլ վճարում եմ: Ես միշտ նայում եմ և պիտի նայեմ քեզ, ի՛մ Էվրիդիկա — Արգենտինա…», — խոստովանել է նա:
«Շահումներ» (1960) և «Թռիչքախաղ» (1963) վեպերից հետո առավել հասուն շրջանում գրվում են «62. մոդել հավաքման համար» (1967), «Ժամանակից դուրս» (1982) և «Քննություն» (1986) վեպերը, որոնց հերոսները ոչ միայն արգենտինացիներ են, այլև ֆրանսիացիներ, անգլիացիներ, դանիացիներ:
Հեղինակի ուշադրության կենտրոնում էին ժամանակի սոցիալական, հոգեբանական, բարոյական խնդիրները, որոնց շուրջ մտորումները բացահայտում են աշխարհի, մարդկանց, իշխանությունների նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքը, ինքնուրույնության, ազատության, եսասիրության, պարտքի, բարության և սիրո մասին պատկերացումները` ներկայացված խորը ընդգրկումներով:
Կորտասարը միշտ անսպասելի է և պարադոքսալ: Նա մեծ նորարար է:
Կորտասարի վեպերն առանձնանում են նոր, ոչ սովորական գրելաոճով, ներկայացվող երևույթների էկլեկտիկ, խորհրդանիշների բազմաշերտ համակարգով: Դրանցում սկզբից մինչև վերջ առկա է փորձարարական, խաղային ոգին:
Կորտասարի ստեղծագործությունները կառուցված են պատմելաոճի խիտ ու թանձր մթնոլորտով, բառային նյութի հղկվածությամբ: Նրանցում առաջնային է երևակայության, բառերի խաղը: Նրա աշխարհն իրական հիմքով մտացածին աշխարհն է, որտեղ կատարվող ամենաանհավանական դեպքերին ու եղելություններին ընթերցողը հաստատապես հավատում է:
Կորտասարը մահացավ որպես աշխարհահռչակ արձակագիր:
Մահից երեք ամիս անց` 1984 թ-ի մայիսին, լույս տեսավ նրա «Միայն մթնշաղներ» ժողովածուն, որում զետեղված են բանաստեղծություններ, պոեմներ` գրված 1950-1983 թվականներին:
Ու թեև բոլորը նրան ճանաչում են որպես արձակագիր, այնուամենայնիվ, իր ստեղծագործական ճանապարհը Կորտասարը սկսել է որպես պոետ` սոնետների «Ներկայություն» (1938) ժողովածուով:
«Ես ավելի շատ կարդում եմ պոետներին, քան արձակագիրներին, պոեզիան ինձ համար նույնքան բնական է, որքան արձակը: Արձակին զուգահեռ ես միշտ գրել և գրում եմ բանաստեղծություններ, ավելի շատ` ինձ համար: Ես չեմ ամաչում, որ գրում եմ դրանք, ես ուղղակի կարծում եմ, որ պոեզիան ինչ-որ թանկ բան է…»,- 1983թ-ի մի հարցազրույցում նշել է Կորտասարը:
Նա բարձր է գնահատել չիլիացի Պաբլո Ներուդայի6 և պերուացի Սեսերա Վալեխոյի7 բանաստեղծությունները և մի առիթով խոստովանել. «Պաբլո Ներուդայի և Վալեխոյի օգնությամբ ես ինձ զգացել եմ հարավամերիկացի…»:
Նրա շատ ստեղծագործություններում` թե՛ պատմվածքներում, թե՛ բանաստեղծություններում, ներկայացվում է Կուբայի ժողովրդի հեղափոխական պայքարը: Հայտնի է, որ 1964թ-ին լայն ճանաչում գտած «Վերամիավորում» պատմվածքում նկարագրվում է 1956թ-ին «Գրանմա» նավից Ֆիդել Կաստրոյի8 կողմից գլխավորված` Կուբայի հեղափոխության դրվագներից մեկը: Պատմվածքի հիմքում ընկած են իր հայրենակցի` Էռնեստո Չե Գեվարայի9 հիշողությունները: Նրա մահվան առիթով էլ 1967-ին գրում է «Ես եղբայր ունեի» բանաստեղծությունը.
Ես սիրում էի նրան, թող որ իմ ձևով`
Իմ մեջ պահելով ձայնը նրա`
Ազատ, ինչպես գետը…
Ես չեմ տեսել նրան,
Բայց մի՞թե կարևոր է դա.
Այն ժամին, երբ քնած էի ես`
Իմ եղբայրը դիմավորեց արևածագը`
Ճանապարհին…
Կորտասարը հոգևոր նոր տեղաշարժեր է արձանագրում և իրականության մեջ ստեղծում մի նոր իրականություն, որը նաև յուրօրինակ ինքնամաքրման ընթացք է, և բանաստեղծը ներունակ է կյանքը տեսնելու ժամանակի փիլիսոփայական տիրույթում («Appele Regete»):
Ակնհայտ է, որ նրա անհատականությունը` ամբողջական, վիճող, ինքնաբացահայտող, միևնույն ժամանակ աշխարհի հետ հարաբերությունների բնական ընթացք է, պոետական ընթացք, ճանապարհի հայտնություն, որը վերաճում է աշխարհայացքի տարաբևեռ միասնության.
…արշալույսին կգան միայն հանդիսատեսները` արյան ծարավ, և նրանց ձայները կխլացնեն աղմուկը իմ արյան,
թող իսկապես չլինի ո՛չ մարդը, ո՛չ ծառը,
ո՛չ էլ` արևը պատուհանում,
որովհետև պատուհան չի լինի,
թող ամեն ինչ կատարվի խավարում անաչք,
թող բոլոր մարդիկ քնեն խաղաղ,
երբ նրանց մի մասնիկը անջատում են իրենցից:
Բանաստեղծությունը հոգեկան-զգայական-ավարտուն միավոր է, ժամանակի, իր` բանաստեղծի, կենսափորձի պատմությունը, որ կախում չունի տարածության միավորից: Ուստի և աշխարհայացքի գեղագիտական-փիլիսոփայական հղումն էլ կազմավորում է քերթվածի ներքին շնչառությունը.
Ո՛չ, ո՛չ, մահապատժի կանխազգացում չէ դա
և ոչ էլ` մահվան սարսափի,
որ կքայքայի նյարդերը իմ, ինչպես գոտիները, որոնցով ես կապված կլինեմ.
կանխազգացում չէ ակնթարթի`
հավերժություն թվացող,
թե կիջնի գիլյոտինի եռանկյուն դանակը,
ոչ հույսի, թե կարող է պատահել`
ամեն ինչ անավարտ կմնա հետո.
ո՛չ, ո՛չ էլ ճիչը, որ ակամա պատռում է բերանն իմ:
Իրականությունը երկդիմի է. և՛ ապրած օրը, անցած ճանապարհը ու դեռևս անծանոթ ներկան, և՛ այն օրը, որ պիտի հետո ներկա դառնա, անկանխատեսելի է: Նույն աշխարհը, մարդկանց ուղղակի միացնում է ինչ- որ մի կետում` անցյալի ու գալիքի շատ որոշակի մի խաչմերուկում, որից սկզբնավորվում է արվեստի ճանապարհը, որը դառնում է հոգու պատմություն («Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե»), պոեզիա, միտք ու առասպել, որ ճշմարիտ բանաստեղծին առնելով իրենց մեջ, տանում են դեպի Հավերժի դարպասները.
Ես քաղեցի ծաղիկը, որ գոնե մի ակնթարթ
զգամ քեզ իմ ձեռքում,
խմեցի մի շիշ «Բոժոլե»,
որ նայեմ ջրհորի մեջ, ուր անշնորհք կաքավում է Մայր Արջը` Լուսինը,
և ահա` տուն եմ դարձել,
լամպի ոսկեգույն կիսախավարում հանում եմ մաշկս`
որպես բաճկոն,
ես չափազանց լավ գիտեմ, որ միայնակ կլինեմ
նույնիսկ աշխարհի այս ամենամարդաշատ
քաղաքում:
Սա հոգու դրամա է, որ փնտրում է իր երազի դեմքը, ունի իր մենությունը, իր կորուստը, և, որպես «լարած խաղալիք», ընթանում է ժամանակի ծուռումուռ փողոցներով, անդեմ ու անհոգի քաղաքներով, մինչև որ ժամանակի խոնավ ողնաշարից դուրս է սողում նույն ինքը` ժամանակը` «բորբոսնած թաթերով»:
Կորտասարի հակամարտությունը աշխարհի հետ («Աստվածները») ավելի շատ մենախոսութուն է, մենախոսութուն` բառի ընդունված պարագծումներով և հոգեբանական թափանցումներով: Որպես մարդ-բանաստեղծ-քաղաքացի ինքն իր հետ է և աշխարհի հետ:
Աշխարհի, որ և՛ կա, և՛ չկա, կորտասարյան ընկալումը միջնորդված է տեսիլների ու պատկերների հավասարակշիռ հերթագայությամբ, որ գոյավորվում է որպես ըմբռնում-հայեցակարգ, որպես յուրօրինակ աղոթք` նույն այդ աշխարհին դարձի կոչելու:
Աշխարհից տարանջատված նրա էությունը ժողովածուում բացահայտվում է գոյութենական ողբերգությամբ, շրջանակում անհատի դրամայի ողջ համապատկերը:
Ասվածը ակնհայտ է դառնում նրա տարբեր բանաստեղծություններն ընթերցելիս.
Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
«Երկակի հորինվածք» քերթվածում, վերաիմաստավորելով Դեկարտի10 ձևակերպումը, «Ես մտածում եմ, ուրեմն ապրում եմ»` Կորտասարը գրում է. «Ես հորինեցի քեզ, ես ապրում եմ»:

Վերջաբանի փոխարեն
«…Ես հեռացա, ինչպես որ այլ աշխարհ են հեռանում մարդիկ:
Այդպես ավարտվում է «Դոն Սեգունդո Սոմբրան»34, այդպես ավարտվում է զայրույթը մարդկային, թողե՛ք ինձ` մաքրվածիս և միաժամանակ` կեղտոտիս միայնակ` այլ երկինքների հետ: Այո՛, որպես Օրփեոս, ես քանի անգամ ետ նայեցի և թանկ վճարեցի դրա համար: Եվ մինչ այժմ էլ վճարում եմ. ես անընդհատ նայում եմ և կնայեմ քեզ` Էվրիդի՛կա — Արգենտի՛նա»:
Խուլիո Կորտասար

ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
1. Աստուրիաս Միգել Անխել (Asturias Migel Anxel) — մեքսիկացի գրող, ծնվ. է Գվատեմալայում:
1925-33թթ. որպես վտարանդի ապրել է Փարիզում: Հնդկացիների մայա ցեղի ժողովրդական բանահյուսության հիման վրա գրել է «Գվատեմալական առասպելներ» (1930) վեպը: Համաշխարհային համբավ է ձեռք բերել ազատագրական գաղափարներով տոգորված էպիկական եռերգությամբ` «Ուժեղ քամի» (1950), «Կանաչ Պապա» (1954), «Թաղվածների աչքերը» (1960): Աստուրիասի գրչին է պատկանում նաև «Լիդա Սոլի հայելին» (1967) լեգենդների գիրքը: Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի (1966): Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1967):
2. Մասիաս Կառլոս Ֆուենտես (Macias Carlos Fuentes) — (1928) — մեքսիկացի գրող: Ապրել է Մոնտեվիդեոյում, Ռիո-դե Ժանեյրոյում, Վաշինգտոնում, Սանտյագոյում, Բուենոս Այրեսում: 1944-ին տեղափոխվել է Մեքսիկա, ուր ապրել է մինչև 1965 թվականը: Ավելի ուշ, որպես դիվանագետ, ծառայել է Փարիզում, Լոնդոնում և աշխարհի այլ քաղաքներում: Դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում:
3. Ռուլֆո Խուան (Rulfo Xuan) — (1917-1986) — մեքսիկացի գրող և ֆոտոնկարիչ: Լատինական Ամերիկայի ամենաճանաչված հեղինակներից է: Նրա երկու նովելները` «Պեդրո Պարամո» (1955) և «Էլ Լլանո էն Լլամաս» (1953), թարգմանվել են անգլերեն: Խորխե Լուիս Բորխեսի հետ միասին Ռուլֆոն համարվել է XX դարի իսպանալեզու ամենահայտնի գրողներից մեկը:
4. Մարկես Գարսիա Գաբրիել (Marguez Garcia Gabriel) — (1828) — Արակատակա, Կոլումբիա — կոլումբացի գրող: Եղել է «Էլ էսպեքտադոր» («El Espectador») լիբերալ թերթի, 1959-60-ին` Կուբայի «Պրենսա լատինա» գորածակալության թղթակիցը Բոգոտայում, Կարակասում, Հռոմում, Նյու Յորքում: «Թափված տերևները» (1955) վեպում, «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1958), «Չարաբաստիկ ժամը» (1962) վիպակներում ուժեղ են քննադատական մոտիվները: «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» (1962) ժողովածուի պատմվածքներում Մարկեսը առաջին անգամ դիմել է ֆանտաստիկային, որը հետագայում դարձել է նրա «Հարյուր տարվա մենություն» (1967, հայկ. հրտ. 1979) վեպ-էպոպեայի գեղարվեստական հիմնական տարրերից մեկը: Ֆանտաստիկական ռեալիզմի գործ է նաև «Նահապետի աշունը» (1975) վեպը: Նրա վեպերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
5. Լյոսա Մարիո Վարգաս (Lyosa Mario Vargas) — (1936) — Պերու- Հայտնի է «Հերոսի ժամանակը» (1963-1966), «Կանաչ տունը» (1965-1968), «Զրույց տաճարում» (1969-1975) նովելներով:
6. Ներուդա Պաբլո (Նեֆտալի Ռիկարդո Ռեյես Բասուալտո), (Neruda Pablo) — (1904-1973) — Պարրալ, Սանտյագո-չիլիացի բանաստեղծ, հասարակական գործիչ: Բանաստեղծությունների առաջին գիրքը խորագրվել է «Մթնշաղային» (1923): «Քսան սիրային բանաստեղծություն և մի երգ հուսահատության» (1924) քնարական գրքում, 1925-35-ի բանաստեղծություններում («Բնակության վայրը` երկիր», հ. 1-2) հնչել են թախծի ու մենակության մեղեդիներ: Իսպանիայում մղված հակաֆաշիստական պատերազմը, որի մասնակիցը եղավ Ներուդան («Իսպանիան իմ սրտում», 1937) տրակտատը և երկրորդ համաշխարհային պատերազմը («Սիրո երգ` նվիրված Ստալինգրադին», 1942, 1943) պայքարի ու համերաշխության պաթոս մտցրին Ներուդայի պոեզիայի մեջ: 1948-ին ավարտել է Լատինական Ամերիկայի ճակատագիրը պատկերող «Համընդհանուր երգ» (1950) էպոպեան: Գրել է նաև «Խաղողի այգիներն ու քամիները» (1954) քնարական օրագիրը: 1954-57-ին գրել է փիլիսոփայական «Ներբողներ նախասկզբնական իրերին», 1958-ին հրատարակել է «Էստրավագարիո» քնարա-գրոտեսկային բանաստեղծությունների գիրքը: Ներուդայի պոետական աշխարհի ընդլայնումն են վկայում «Նավարկություններ և վերադարձներ» (1959), «Սիրո հարյուր սոնետ» (1960), «Չիլիի քարերը» (1960), «Ծիսական երգեր» (1961), «Վերջին դատաստան» (1969) ժողովածուները, «Սև կղզու հուշամատյան» (հ.1-5, 1964) ինքնակենսագրական պոեմը և այլ գործեր:
Ներուդան արժանացել է խաղաղության միջազգային մրցանակի (1950), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1953), նոբելյան մրցանակի դափնեկիր է (1971):
7. Սեսար Վալյեխո (Sesar Valexo) — (1892-1938) — պերուացի գրող-Գրել է «1931 թվականի Ռուսաստանը» (1931) գիրքը: «Սև հերոլդներ» (1918) բանաստեղծությունների առաջին ժողովածուում բանավիճում է դեկադենտական պոեզիայի հետ, «Տրիլսե» (1923) ժողովածուում դրսևորել է իր ապրումները: 1937-ին գրել է «Իսպանիա, թող ի բաց առնե ինձ դժբախտությունն այս…» (հրտ. ետմահու, 1939), հակաֆաշիստական շարքը: 1923-1938-ի բանաստեղծությունները (տպագրված` «Մարդկային բանաստեղծություններ» գրքում, 1939) լի են ժողովրդի ուժերի նկատմամբ հավատով: Գրել է նաև Պերուի աշխատավորության հեղափոխության գիտակցության արթնացման մասին պատմող «Վոլֆրամ» (1931) վեպը:
8. Կաստրո Ֆիդել Ալեխանդրո (Kastro Fidel Alexandro)-1926-ին-Կուբայի հեղափոխության առաջնորդներից է: Եղել է Կուբայի պրեմիեր մինիստր 1959-1976թթ.: 1976-ից մինչև 2008-ը եղել է Կուբայի պրեզիդենտը:
9. Չե Գեվարա Էռնեստո (Էռնեստո Գեվարա դե լա Սերա Լինչ), (Che Gevara Ernesto) — (1928-1967), Ռոսարիա, Արգենտինա- Լատինաամերիկյան հեղափոխական, Կուբայի 1959թ-ի հեղափոխության կոմենդանտ: «Չե» մականունը ստացել է կուբայական հեղ. ժամանակ, որը նշանակում է «ընկեր, բարեկամ»:
10. Դեկարտ (Dekart) — Ֆրանսիացի մաթեմատիկոս, փիլիսոփա— Ապրել է Նիդերլանդներում, համարվում է մոդեռնիստական փիլիսոփայության հայրը: Գիտական հեղափոխության գլխավոր դեմքերից մեկն է:

Թողնել պատասխան

Your email address will not be published.