Խուլիո Կորտասար | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանությունը՝ Նաիրա Համբարձումյանի

Ժամանակագրություն Կեսարի համար1)

Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն
այլ քաղաքների,
այդպես ժանտախտով հիվանդ առնետները
վարակում են այլ առնետների և մարդկանց:
Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ,
դու կլինես մեծարված,
գովաբանված և մեծարված,
ինքդ կսկսես արտասանել քո անունը` որպես անծանոթ`
դադարելով նկատել տարբերությունը կուռքի և մարդկանց միջև:
Հավանաբար, երջանիկ կլինես,
ինչպես ամեն տղամարդ կնոջ հետ,
ինչպես այդ քաղաքի ամեն բնակիչ
հավանաբար, գեղեցիկ կլինես,
ինչպես ամեն մի կուռք` քարե դեմքով,
ինչպես ամեն առյուծ, որ թռչում է կրակե օղակի միջով,
և կկառուցես աշտարակը,
կլինես հանդիսախաղերի արվեստի հովանավորը,
և քո անունով կկոչեն ընտանիքներում
յուրաքանչյուր յոթերորդ երեխային.
Եվ մի՞թե մանրուք չէ, որ ստվերում աճում է բորբոսը,
չէ՞ որ գործարանները իրենց ծխով երկնքում գրում են
քո անվան սկզբնատառերը:
Կավճե շրջանակը կփակվի,
և գիշերվա քարանձավներում արդեն չեն նկարվի փրկարար պատկերներ:
Այժմ և հավիտյան` դու կդառնաս գերագույն քուրմը,
իսկ առավոտյան` ինքդ քո մատուցողը:
Դու կկանգնեցնես հզոր մի քաղաք,
ինչպես մրջյուններն են կառուցում մրջնաբույնը,
և կհասնես դու մինչ Ռումինիա:
Եվ հաղթանակած զորքերի վերադարձի առիթով`
անչափ ուրախություն կլինի բոլոր գրառումներում:
Դա չի անցնի քո բնակության սահմաններից,
բայց կեսօրից մինչև կեսգիշեր
դու կկառուցես հզոր մի քաղաք,
քաղաք-սիրտ, քաղաք-հիշողություն,
քաղաք-անփառունակություն:
Մարդու քաղաքը կդառնա մարդ-քաղաք,
և կսկսեն պաշտպանել քեզ ինչ որ մարդիկ`
այլ մարդկանցից,
մթությունները` մթություններից,
շները` շներից,
երեխաները` երեխաներից,
կանայք, սակայն, նույն ձևով կքնեն
տղամարդկանց հետ,
իսկ պացիֆիստները կկոչեն խաղաղության:
Հավատում եմ, որ կմեռնես դու` հավատալով,
թե կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ, որ դու կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ քեզ և քաղաքին:
Իսկ այժմ, այո, ես հավատում եմ,
այժմ ես գիտեմ, որ դու կանգնեցրեցիր քաղաքը:
Ave, Cezar…

Մեկնակետ
Ո՛չ, դժվար է հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռևս
տասերկու տարի առա՜ջ
ես դարձա այդքան ծեր:
Իսկ շուտով կասեմ` տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Ո՛չ, ո՛չ, անհնար է:
Երկինքը` կապույտ, ինչպես երբևէ,
Իսկ դու` հմայիչ, ինչպես երբևէ:
Իսկ, գուցե, ուղղակի,
ժամացու՞յցը ճիշտ չի աշխատում:
Լողում են սենյակում
ծխախոտի ծուխը և բույրը վիսկիի.
նրանք ուզում են
ինձ հետ լինել … բայց ոչ,
չի կարելի հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի երկու անգամ քսանհինգը:
Քո ձեռքը խաղում է իմ մազերի հետ,
ես գիտեմ` նա փորձում է ճերմակ մազեր գտնել:
Դե ինչ, մի տասը կլինի,
բայց փորձի՛ր գտնել դրանք:
Ես նորից սկսեցի կարդալ դասականներին,
որոնց մոռացել էի վաղուց:
Պետք է շտապել,
ո՛չ, հարցը մոտալուտ մահվան մեջ չէ,
ուղղակի շուտով ես կասեմ`
տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը…
Եվ հետո կգա տասնչորսը,
և ես վախենում եմ,
ես վախենում եմ այդ թվից,
և եթե քեզ ճիշտն ասեմ,
ես վախենում եմ թվից` տասնչորս:

Appel Rejete 2
«Սանտե» բանտի բակը 3)
Սա շեղբի կանխազգացումը չէ, որ կանջատի
ինձ ինձանից,
և ոչ վստահություն նրանում, որ հետո կլինի ոչ այնպես,
ինչպես մենք ենք պատկերացնում:
Թող կատարվի այն ամենը,
ինչ պետք է կատարվի, և բավական է:
Սակայն, թող բոլոր մարդիկ քնեն այդ ժամին,
իսկ խուլ պատերով շրջապատված բակը
արշալույսին կգան միայն հանդիսատեսները` արյան ծարավ, և նրանց ձայները կխլացնեն աղմուկը իմ արյան,
թող իսկապես չլինի ո՛չ մարդը, ո՛չ ծառը,
ո՛չ էլ` արևը պատուհանում,
որովհետև պատուհան չի լինի,
թող ամեն ինչ կատարվի խավարում անաչք,
թող բոլոր մարդիկ քնեն խաղաղ,
երբ նրանց մի մասնիկը անջատում են իրենցից:
Ո՛չ, ո՛չ, մահապատժի կանխազգացում չէ դա
և ոչ էլ` մահվան սարսափի,
որ կքայքայի նյարդերը իմ, ինչպես գոտիները, որոնցով ես կապված կլինեմ.
կանխազգացում չէ ակնթարթի`
հավերժություն թվացող,
թե կիջնի գիլյոտինի եռանկյուն դանակը,
ոչ հույսի, թե կարող է պատահել`
ամեն ինչ անավարտ կմնա հետո.
ո՛չ, ո՛չ էլ ճիչը, որ ակամա պատռում է բերանն իմ:
Ես մտածում եմ թմբուկների, հանրային մահապատժի մասին,
և այն մասին, թե ինչպես կանցնեմ երկու մոխրագույն շարքերի միջով`
իմ արյանը ծարավ, իմ անունն անիծող,
խելագար — աչքերի և եղունգ-գայլերի մասին,
և՛ մարդկանց մասին, և՛ արևի, որ չհոգնող
հանդիսատես է տարբեր տեսարանների,
և ինչ-որ մեկի` հերոս դառնալու հնարավորության մասին,
և ուզում եմ հավատալ, որ
ահա այս փակ պատուհանից այն կողմ
ինչ-որ մեկը աղոթում է կամ արտասվում,
և ես այդ ինչ-որ մեկի հետ ամբողջացած եմ,
զոհ եմ մյուս զոհերի հետ,
և բաժանված եմ հազարավոր կտորների:
Ո՛չ, այդ իմ մահվան ժամը չէ՛,
դեռ պարանոցս մերկացված չէ դահճի առաջ:

Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

After such pleasures 4)
Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ շուրթերի մեջ
և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ,
չէ՞ որ ես` կույրս, գիտեմ` ինձ կնոջ մեջ ձգում է գետը:
Բայց ինչպիսի ձանձրույթ. հասնել ափին երազի
և հասկանալ` հաճույքը` ստրուկ է խղճուկ`
կեղծ մանրադրամ ստացած:
Մոռացվա՛ծ, սիրելի՛, ինչպես կուզեի ես,
հարություն տալ տանջանքին այն, այն հույսին անհույս`
Բուենոս Այրեսում:
Եթե կրկին սիրեի քեզ
նավահանգստի կողմը նայող իմ տանը,
եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան սրճարանում,
և եթե ոչի՜նչ, ոչի՜նչ
դեռ պատահած չլիներ
և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ,
և ձեռքերը քո` չջնջել հիշողությունից…
թող մի բան մնա միայն` պատուհանը` դեպի անաստղ երկինք:

Happy New Year 5)
Արդյոք շա՞տ բան եմ խնդրում.
ես կուզեի, որ քո ձեռքը`
որպես փոքրիկ գորտ, քներ իմ ափերի մեջ:
Ի՞նչ է ինձ հարկավոր: — Այս դուռը բացել,
քո աշխարհը մտնել,
փակ, կանաչ և քաղցր աշխարհը:
Այս գիշեր, երբ վերջանում է բուի միայնության տարին,
չե՞ս տա ինձ ձեռքդ.
Դու` հեռու ես…
Ես օդից կստեղծեմ քո ամեն մի մատը
և նուրբ միջուկը քո ափի,
կստեղծեմ հակառակ կողմը`
երակների հյուսվածքով երկնագույն ծառերի աշխարհը:
Կարծես թե ինձնից է կախված
գոյությունը աշխարհի,
հաջորդականությունը տարվա եղանակների,
կանչը աքաղաղի, սերը մարդկային:
Իմ ափերի մեջ եմ
ես վերցնում քո ձեռքը…

Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե
Ես քաղեցի ծաղիկը, որ գոնե մի ակնթարթ
զգամ քեզ իմ ձեռքում,
խմեցի մի շիշ բոժոլե,6)
որ նայեմ ջրհորի մեջ, ուր անշնորհք կաքավում է Մայր Արջը` Լուսինը,
և ահա` տուն եմ դարձել,
լամպի ոսկեգույն կիսախավարում հանում եմ մաշկս`
որպես բաճկոն,
ես չափազանց լավ գիտեմ, որ միայնակ կլինեմ
նույնիսկ աշխարհի այս ամենամարդաշատ
քաղաքում:
Դու ինձ կներես բողոքներիս համար,
երբ իմանաս, որ այստեղ ցուրտ է, և անձրևի կաթիլները
ընկնում են սուրճիս բաժակի մեջ,
և խոնավությունը սողում է ամենուր` բորբոսնած թաթերով:
Կներես առավել, երբ իմանաս,
որ ես մտածում եմ քո մասին մշտապես,
ես` ինչպես լարած խաղալիք,
ես` ինչպես տենդի դող
կամ խեղկատակ, որ շոյում է թակարդն ընկած աղավնուն,
և զգում` որքան քնքուշ են իրար հյուսվում
մատներն ու փետուրները:
Հավատում եմ` դու գիտես,
որ ես զգում եմ ներկայությունը քո.
դու պոկեցիր գուցե այն նույն ծաղիկը, որ ես էի պոկել,
իսկ հիմա վերադարձել ես տուն,
այո՛, այդպես է,
և մենք արդեն մենակ չենք`
միասնական փետուր, միասնական թերթիկ…
Բուրժի7) վիտրաժները
Եվ գահի առջև ծովն է ապակյա`
նման բյուրեղի:
Հայտնություն, 4,6:
1
Խորալը 8) խոտից, ծովից, խաղողի վազից,
նա բարձրացնում է մարդկանց կերպարները
և անունները նրանց,
և կոչումը նրանց հավերժական,
և փակում է երկնային պսակը տաճարի սյուների վրա,
և բացում է նոր, գեղագիր երկինք`
մարգարեների, նահատակների,
այգին` ողողված լուսավոր անձրևով անեզրության:
Գմբեթավոր նավը մեծանում է, որպես անափ ծովը Սուրբ Ստեֆանի,
լուսարձակում են թափանցիկ թիակները,
և հնչում են ձայները աներևույթ նավաստիների:
Սպիտակ, կանաչ, դեղին, մանուշակագույն,
կարմիր, այնքա՛ն հրաշագեղ, և այս հայացքը երկնքի`
կիսազգեստները, և քաղաքները, և ծածկոցները լուսավորող…
նա խոցում է շրջանը կենդանակերպի`
ցողված աստղային ալյուրով ցավի:
Աչքերը լսում են երաժշտությունը արևի,
նա նորից ու նորից իր քնարն է վերցնում
և նորից ու նորից արարում մարդու համար:
Քարացած ժամանակը թափվող ջրի`
օ՜, թափանցիկությո՜ւն բոցավառվող մեղուների.
ծաղկափոշով է լցված քամին` նավերը քշող,
և ամեն նոր արշալույսի հետ,
արդեն շա՜տ վաղ ժամանակներից,
աճում ու աճում է պարսը մեղուների.
նույն ծաղիկները, նույն մեղուները:
Եվ վարարումը լույսի
ավերում է ծանրությունը երկրային ժամանակի,
խեղդում է ծարավը դառը սպասումի:
Մարդի՛կ, խոնարհաբար իջեցրած աչքերով,
երեխա թե հանցագործ,
մտե՛ք անկեղծության ազատ տարածքները:
Զմայլանքից կուրացնող են թևերը հրեշտակների,
լո՛ւյսը դրախտի:
Թող տարեցները իմանան
անառակության մասին և անմեղության մասին:
Թող մանուկը հարցնի
իր շուրջը կատարվողի մասին:
Թող դեռահասները նայեն
Սալոմեին պարող:
Լույսը կբացատրի պատկերվածը,
ցույց կտա`
ինչպես է ստեղծվում ծաղիկը և պսակը լույսի,
ինչպես է հարթ մակերևույթը
պահպանում կերպարը իր` ճակատագիրը իր:
Խորհրդավորը միացնում է, ինչպես ձայները` երգչախմբում,
մեղանչո՛ւմը, և՛ պատիժը, և՛ կյանքը, և՛ մահը
գալիս են հանգստին տեսակցության:
Օ՜, խորհրդավո՜ր գորգ,
օ՜, մոգակա՜ն ճակատագրեր … ինչպես փակել աչքերը,
և բացել` Հորդանանի ափին և տեսնել`
ժանգոտվում են բանալիները ՏԱՆ,
ուր չկան Հովիվը և Աղավնին:
Խորհրդավորը դասդասում է քաոսը.
հավատա՛ և սպասի՛ր: Դու կտեսնես, կլսես, կզգաս`
ինչպես է հոսում արյունը` լուսավառված աստղաբույլերով:
Ահա Սուրբ Հակոբը, ահա Հովսեփը, ահա Կոնստանդինը.
նրանք թողեցին իրենց ապակե կացարանը:
Ահա Սուրբ Մարիամ Եգիպտացին, որ լքում է խորանը,
և դաշտերը, խոհանոցները, միջանցքները հեղեղում է
պատմությունը նրա ճակատագրի,
նա անցնում է փողոցներով, ինչպես նախկինում,
և կրկին հնազանդ առյուծը օգնում է նրան դիմանալ
եզրին գերեզմանի:
Ահա Սուրբ Հակոբը, ահա Հովսեփը, ահա Կոստանդինը
և Մարիամ Մագթաղինացին` ծածկված
իր արցունքների մազերով,
Մարթան տխուր է ընթրիքի ժամանակ Ուսուցչի,
Եվ Սալոմեն պարող`
որպես բոցե լեզուներ`
պարի կարմիր հագուստներով:
Ընտրի՛ր պատկերը քո.
Ահա սուրբը, ահա դատավորը, հերետիկոսը,
նահատակը և դահիճը,
և անառակ որդին` տանից հեռացող,
թևին` բազե:
Վերցրո՛ւ քարտեզը քո,
գնա՛ կյանքի միջով:
2
Մարդկային հասակի բարձրությամբ, դեմառդեմ`
թույլատրելով դիտել իրեն,
գնում են ընծայաբերները` հյուսները, դարբինները,
հացթուխները, մորթեգործները, ոսկերիչները,
կաշվեգործները և քարտաշները` լծված քարին,
և սամարացի-ջրկիրները լուսնային գիշերներ են փոխանակում մետաղադրամով:
Սակայն վեր, ավելի վեր` դեպի ԽՈՐՀՐԴԱՎՈՐԸ,
ՀՈԳԻՆ հեզորեն
ճանապարհ է որոնում,
գայլից, ավազակից ու անառակից
մեզ բարձրացնող գիշերային ճանապարհ
դեպի ճգնավորի խուցը սարերում, և երկինքը
դառնում է թիկնոցը Սուրբ Մարտինի`
և ծածկում է նրան, ով մրսել է և մերկ է:
Վեր, ավելի վեր, դեպի գրերը խորհրդավոր…
Օ՜, սնափա՛ռ մարդուկներ, հավերժ եք դուք,
ձեր փառքի մեջ, ձեր սիրո մեջ և ձեր տանջանքների,
ճշմարիտ ճանապարհի սրբեր,
հավերժական բառեր բարբառող մարգարեներ,
բարձր աշտարակներ,
ինչպես ծաղիկ`
աշխարհի կենտրոնում խնամքով սեպված,
որքա՜ն զարմանք մանկական, որքա՜ն հավատ:
Վիտրաժները բացվում են նրա առաջ,
ով եկել է խաղաղության ու երջանկության համար:
Ինչպես մի երեխան մյուսին`
խնդրողին տրվում է մարգարեությունը Աստվածաշնչի,
սպիտակ քարեր են նվիրում նրան
և աստղը առավոտյան,
և երկրագունդը` մարդկանցով,
և ակվարիումը` ձկներով,
և ողջ բազմերանգությունը երազի:
Մարդը ելնում է եկեղեցուց.
նրան պաշարում են սովը, հարկերը,
տանջանքի նետերը,
հուսալքությունը անսահման:
Կենտրոնում, սակայն, մնում է տաճարը,
և արևը կրծում է նրա հասած խնձորը:

ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ

1. “Ave, Ceasar, morituri te salutant” — Ողջո՛ւյն, Կեսա՛ր, մահվան դատապարտվածները ողջունում են քեզ (լատինական ասացվածք):
2. Appel Rejete — Բողոքարկումը մերժված է:
3. «Սանտե» — բանտ Փարիզում:
4. After such pleasures — «Այդպիսի հաճույքներից հետո» (անգլ.) — ամերիկացի գրող Դորոթի Պարկերի պատմվածքների ժողովածուի (1933) խորագիրն է:
5. Happy New Year — Շնորհավոր Նոր տարի:
6. Բոժոլե — Ֆրանսիական գինի:
7. Բուրժ — քաղաք կենտրոնական Ֆրանսիայում, որի տեսարժան վայրերից մեկը VIII դարի գոթական տաճարն է:
8. Խորալ — բազմաձայն օրհներգ:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.