Սամվել Կոսյան | ՆԿՈՒՂՈՒՄ

Կիսապատուհանից ներս ընկած արևի շողը կիսելով հատակը, դիմացի պատի վրա լուսավորել էր ինչ որ մեկի կողմից կավիճով գրված ” Մենք բոլորս ենք այլանդակ” անիմաստ նախադասությունը, չնայած նկուղում ոչինչ իմաստավորված չէ, ամեն ինչ կեղտոտ է, բորբոսով ներծծված և բուրում է ճահճահոտով: Նկուղի պատերին ուրիշ մակագրություններ էլ կային, բայց շողը նրանց չէր հասել և մարդկային մտքի շատ ” գոհարներ” մնացել էին չգնահատված: Հենց շողի դիմաց` քարի վրա, Աբգարը նստած էլ քնել էր: Ստվարաթղթե արկղի վրա մի կտոր հաց էր, օղու դատարկ շիշ, բաժակներ ու մաքրած սոխի գլուխ… Ձախ պատի բացվածքից Սոնիկի տագնապալի ձայնը արձագանքում էր նկուղի դատարկության մեջ: Հույսը կորցնելով, թե որևէ մեկը կպատասխանի, Սոնիկը մոտենալով ցնցեց Աբգարի ուսը: Աբգարը աչքերը բացելով զարմացած շուրջը նայեց, չհասկանալով իրենից ինչ են ուզում:

— Զարթնեցի՞ր:
— Ի՞նչ է եղել…
— Գերասը լավ չի:
— Ի՞նչ է, որ լավ չի:
— Ջերմությունը չի իջնում:
— Ի՞նչն է ցավում:
— Չի ասում , մենակ տնքում է…
— Շատ սիրուն էինք, էս էլ վրադիր:
— Վանուշն ու՞ր է:
— Օղիի հետևից գնաց…
— Առավոտ շուտ լակում եք…
— Նկուղում բոլոր ժամերն էլ առավոտ շուտ են: Գիշերն էլ է առավոտ շուտ, ցերեկն էլ:
— Գերասին դեղ է պետք:
— Ի՞նչ դեղ:
— Անտիբիոտիկը կօգնի…
— Փող կա՞ որ:
— Թողնու՞մ եք մնա:
— Հա, չի հերիքում: Բա Գերասի համար ի՞նչ ենք անելու…
— Էլի ձեռքներս սրան-նրան պիտի պարզենք… Մեր իմացածը ողորմություն խնդրելը չի՞… Դեղերը թանկացել են…
— Ի՞նչն է էժան որ… Մարդկությունն ինչքան զարգանա, ապրանքը թանկանալու է: — Ապա ձեռքը գցեց դատարկ շշին, փորձեց մի քանի կաթիլ քամել… Հուսահատված շիշը մի կողմ շպրտեց… — Ինչ արած, էսօր էլ ողորմությունը լուրջ կխնդրենք… Այսպես գուցե աշխարհն ուրիշ լինի, ավելի առատաձեռն…`
……….
Մոմի լույսից Աբգարի ու Վանուշի ստվերները թվում է գազանների պես ուր որ է խելահեղ մռնչոցով կիջնեն պատերի վրայից ու առաջինը Գերասին ու Վանուշին խժռելով, կիսապատուհանից կհայտնվեն փողոցում… Ասում են այդպիսի դեպքեր էլի են եղել, երբ ստվերները կերել են տերերին… Բայց Գերասն ու Վանուշը դրանից տեղյակ չեն: Գինովցած, գլուխները կրծքներին կախ, փորձում են քնել ու կքնեին, եթե Սոնիկը չհայտնվեր ու չբղավեր.
— Արդեն լակա՞ծ եք:
— Չէ, ընդմիջում է…
— Գերասի համար շտապ օգնություն պիտի կանչել:
— Էդ մեկը չեղավ, — Աբգարը տեղից դժվարությամբ բարձրանալով մի անգամ էլ ոտքի վրա կրկնեց. -Էդ մեկը չեղավ:
— Գիշերը չի լուսացնի:
— Վանու’շ, չե՞ս ուզում տեսնել բոմժը ոնց է մեռնում…
— Բա դեղերն ինչի՞ առանք … — լուրջ զարմացավ Վանուշը,- չորս օղիի փող տվինք: Այդուհանդերձ բարձրացավ և օրորվելով գնաց Գերասին տեսնելու: Քիչ անց երեքն էլ վերադարձան:
— Առանց շտապ օգնության չի լինի ,- կրկնեց Սոնիկը:
— Էնպես արա, լինի,- քրթմնջաց Աբգարը,- Որ մտածես, ձևը կգտնես…
— Սուպերմարկետում հեռախոս կա:
— Հեռախոսը հասկացանք… Ձևը չգտար: Շտապ օգնությունը եկավ, տեղներս կիմանան ու նկուղից կքշեն… Սրա պես տանիք էլ չենք ճարի… Հիմա ուրիշ է, առաջվանը չի, որ նկուղները արհամարեն, հիմա դրանք վերևի հարկերից ավելի հարգի են… Սրա տերը երևի քաղաքում չի , թե չէ վաղուց էր գրավատուն, խանութ կամ օ‎ֆիս սարքել:
— Բա թողնենք մեռնի՞:
— Չենք թողնի,- Վանուշի ձայնը չափազանց վստահ էր : — Որոշել եմ,- շարունակեց ավելի ոգևորված, -իմ ծանոթ բժշկին կբերեմ:
— Ո՞վ է:
— Բոմժ կլինի:
— Իսկական բժի՞շկ է,- տարակուսեց Սոնիկը:
— Ավելի իսկականը չի լինում:
— Բոմժից ի՞նչ բժիշկ, — Ու զարմանքից Աբգարի ստվերը պատի վրա այնքան մեծացավ, որ սեփական ծանրությանը չդիմանալով, ընկավ գետնին:
— Չեք ուզում, չեմ բերի…
— Ուրիշ ճար ունե՞նք,- գոռաց Աբգարը:
— Կամաց, խուլ չեմ…
— Հո Աստված չենք,- շարունակեց Աբգարը,- մենք էլ մեր հնարավորությունների չափով:
— Բժշկին բերե՞մ թե չէ:
— Օղին չմոռանաս… Բժշկին չոր ու ցամաք հո չե՞նք ընդունելու:
— Բուկներդ չորանա, մարդը մահամերձ, սրանք իրենց բուկը ջրելու մասին են մտածում… Գնամ թրջոցը փոխեմ, թե չէ … Եղե՞լ է, որ մարդն իր ջերմությունից մոխրանա…
‎ — Էսքան ուշանալ կլինի՞: Գոնե Գերասը քիչ տնքա…
— Էս բորբոսի մեջ առողջն էլ կտնքա:
— Մի օր չտնքացինք:
— Քո տնքալու ժամանակն անցել է…
— Մի բան մնացած կլինի…
— Միայն մարմինդ ու միայն մարմնիդ մասին էլ մտածում ես:
— Բա մնացա՞ծը…
— Մնացածի մասին մոռացել ես…
— Չեմ մոռացել, չեմ ուզում հիշել… Դրա համար էլ խմում եմ:
Ու հուշերը չգիտես ինչ եզերքներից անսպասելի փոթորկվեցին Աբգարի ներսում ու երակների միջով հասան մինչև սրտի հատակը, ստիպելով կծկվել ու գալարաձև , ոտքերը քարշ տալով դուրս գալ… Սոնիկը վախեցած գնաց հետևից… Աբգարը չուլ ու փալասի վրա պառկած, երեսը դեպի պատը, անհասկանալի ձայներ էր հանում: Սոնիկն ինքն էլ կտնքար, կպառկեր հատակի չուլերին ու կտնքար, մինչև հոգու ցավը հոգներ իրենից ու տնքոցի հետ մարմնից դուրս գար… Գուցե այդպես էլ աներ, բայց դրսի ոտնաձայները խանգարեցին…
— Վանուշը եկավ,- չասաց, գոռաց, որ Աբգարն էլ լսի: Աբգարը դժվարությամբ բարձրացնելով հուշերից ծանրացած մարմինը նստեց ու զարմացած շուրջն էր նայում: Սոնիկը փորձեց գուշակել նրա հոգեկան վիճակը, սակայն Աբգարի դեմքը համարյա չէր տարբերվում պատից: Նույնիսկ թվաց, նրա դեմքին էլ բորբոսի հետքեր կան: Տեսածն այնքան տպավորիչ էր, որ ակամայից ձեռքն իր դեմքին տարավ ու իսկույն էլ իջեցրեց: Կխելագարվի, եթե բորբոսն իրեն էլ կպած լինի:
— Ի՞նչ եղավ, — ասես այն աշխարհից հարցրեց Աբգարն ու ոտքի կանգնեց: — Էդ տղեն եկած ժամանակ էլ է ուշանում:
— Էդ տղեն երբեք չի ուշանում, — արդեն մուտքի մոտ Աբգարի բառերը լսելով պատասխանեց Վանուշը, — Բժշկին բերել եմ:
— Ու՞ր է:
— Այստեղ եմ: Բժշկի գլուխն ու դեմքը կորած էր առատ մազերի մեջ, որից հնարավոր չէր տարիքը գուշակել: Բայց ձայնն առույգ էր ու ջահելի:
— Ա‎ֆրիկայից բերի՞ր:
— ՈՒրիշ հիվանդի մոտից:
— Ձեր հիվանդն ու՞ր է, — Խոսակցությանը ուշադրություն չդարձնելով, իր կերպարին անհարիր աշխուժությամբ հարցրեց բժիշկը:
-Կողքի խցում, — Ու Սոնիկն առաջ ընկավ` հիվանդի տեղը ցույց տալու: Բժիշկը գնաց նրա հետևից: Աբգարն ու Վանուշը առաջվա պես նստեցին ստվարաթղթե արկղի շուրջը, ասես տեղից չէին էլ շարժվել:
— Օղի բերե՞լ ես:
— Բժշկին չսպասե՞նք:
— Պիտի երկուսը բերած լինեիր:
— Երկուսն էլ բերել եմ:
— Ո՞վ հուշեց:
— Ի՞նչը:
— Որ երկու հատ բերես:
— Ինքս գլխի ընկա:
— Լավ նշան է:
— Ասա Գերասը բուժվի: Մի բան եղավ դժվար կլինի:
— Տարբերությունը ո՞րն է:
— Չեմ ուզում ոստիկանների ձեռքն ընկնել: Հազար մարդ մեզ միասին է տեսել:
— Ձուկը ջրում բազար մի արա:
— Չանես, բազարը քո վրա կանեն: Գալիս են:
Սոնիկն ու բժիշկը մտահոգ են:
— Հը՞ բժիշկ:
— Հիվանդանոց պիտի տանել: Ինչքան շուտ, այնքան լավ:
— Բժիշկ, — Աբգարը լռեց, մտածելով ոնց ավելի հարմար կլինի ասել:- Շտապ օգնություն չենք կարող կանչել: Պատճառները շատ են: Էս տեղը հազիվ ենք գտել: Երկրորդն էլ, հիվանդանոցից վռազ ոստիկանություն են զանգելու: Երևում է մերոնցից ես, օտար չես ու մտահոգությունս կհասկանաս: Բաց երկինքը տանիք ունեցողների համար է գեղեցիկ: Մեզ էդ ռոմանտիզմը հիվանդացնում է: Այս նկուղը քարանձավից շատ էլ չի տարբերվում, բայց տանիք է ու պաշտպանում է անձրևից ու քամիներից:
— Հասկանում եմ, — բժիշկն էլ ընդհատումով շարունակեց, — Բայց եթե մահանա, ձեր գործերն ավելի կբարդանան… Այնպես որ ինքներդ որոշեք:
— Գուցե մի բան անես, հը՞, բժիշկ:
— Կանեի, եթե հնարավորություն լիներ; Հապաղելն անթուլատրելի է: Մի կողմից էլ եթե մահանա, ոստիկաններն էլի ձեզ կփնտրեն…
Թվաց, լռությունը պահից օգտվելով իր սարդոտայնը սկսեց հյուսել ու այնքան արագ, որ թվում էր այլևս հնարավոր չէ սարդոստայնը քանդել; Առաջինը Սոնիկը խախտեց լռությունը:
— Այսպես չի լինի…Պիտի շտապ օգնություն կանչել: Կմեռնի խայտառակ
կլինենք…
— Դժվար է, — չգիտես ինչու հորանջեց ու ականջը քորեց Աբգարը: — Բայց եթե Գերասը մեռնի, էդ ծանրությունը մեզ էլ կսպանի: Վանուշ, մի լռիր, մի բան էլ դու ասա: Նկուղը քո նկուղն էլ է: Դժվար կլինի նորից հայտնվել բաց երկնքի տակ, թրջվել ու դողացնել, զգալ ոնց է քամին ոսկորներիդ մեջ տեղավորվում, բայց… Եթե Գերասը մեռնի, այս նկուղը դրսից չի տարբերվելու, հիմա էլ Գերասի ուրվականն է հալածելու… Այնպես որ… Դժվար է, բայց երևի հիվանդանոց պիտի տանենք… Թող Վանուշն էլ ասի :
— Ասեցիր էլի:
— Մի թաս խմենք, գուցե էս նկուղում վերջին անգամը լինի: Մենք խմենք, իսկ Սոնիկը թող գնա ու շտապ օգնությանը զանգահարի…
— Բայց…, — Ընդհատեց բժիշկը , — կարելի է ուրիշ տարբերակ էլ մտածել:
— Ի՞նչ տարբերակ…
— Գնա՞մ, թե՞ սպասեմ,- նեղսրտեց Սոնիկը…
— Մի քիչ համբերիր, — շարունակեց բժիշկը,- Պիտի այնպես անել, որ հիվանդին ոչ թե նկուղից, այլ փողոցից տանեն…
— Ո՞նց:
— Մարդը փողոցում վատացել ու ընկել է… Շտապ օգնությունն ի՞նչ պիտի անի… Հո փողոցում չի՞ թողնելու… Այստեղից հարյուր մետրի վրա է սուպերմարկետը… Կարելի է սուպերմարկետի մոտ էլ դնել, մարդաշատ տեղում ավելի հարմար է: Մյուս կողմից էլ կարելի է կազմակերպել, որ շտապ օգնությունը վաճառողները կանչեն… Այդպես չեն իմանա հիվանդը որտեղից է, ով է…
— Էդ միտքը մազերիդ մեջ էի՞ր մոռացել:
— Միտքը պիտի հասունանար:
— Որ դրսում վատանա՞:
— Մաքուր օդը չի վնասի: Կփաթաթենք էս չուլ ու փալասով ու դուրս կհանենք: Միայն ուշադիր պիտի լինենք: Մեզանից ոչ մեկը հիվանդի կողքին չպիտի լինի: Հեռվից կհետևենք… Դժվար բան չի, հետո կիմանանք, որ հիվանդանոցն են տարել: Եթե համաձայն եք, գործի անցնենք:
Մի պահ նորից լռեցին: Յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր: Հաշվարկներ էին անում, խառնում էին ու նոր տարբերակներ հորինում: Մի կողմից վախենում էին, որ հենց փողոցում էլ կբռնվեն, մյուս կողմից էլ չէին ուզում մտածել, որ հոգեպես լրիվ խեղանդամվել են ու անասունից այնքան էլ չեն տարբերվում: Միայն անասուններն են, որ ոչինչ չեն զգում, երբ իրենց նմանը իրենց կողքին մեռնում է: Այս անգամ էլ լռությունը Սոնիկը խախտեց, բղավելով. ” Էլ ու՞մ ենք սպասում”, ապա քուրջ ու փալասը հավաքելով շտապեց Գերասի մոտ: Մյուսներն էլ արթնացան: Քիչ անց Սոնիկի ձայնը լրիվ սթափեցրեց.
— Մեկդ օգնեք, մենակ չի ստացվում:
Վանուշն առանց հապաղելու գնաց օգնելու: Աբգարը փորձեց բացել օղու շիշը, սակայն բժիշկն արգելեց:
— Սթափ ավելի հեշտ կլինի:
Սոնիկն ու Վանուշը վերադարձան. Գերասը պատրաստ էր:
— Առաջինը դու դուրս արի , — Սոնիկին դիմեց բժիշկը,- ստուգիր, որ ոչ մեկը չլինի: Սուպերմարկետում կսպասես, մինչև երևանք: Հետո իբր, պատահաբար ես տեսել ընկածին, կխնդրես, որ շտապ օգնություն կանչեն: Պա՞րզ է:
— Պարզ է, — ու չգիտես ինչու Սոնիկը ձգվեց զինվորականի պես:
— Հիմա դուրս արի, ապահով եղավ, ձայն կտաս:
Սոնիկի դուրս գալուց հետո երեքով գրկեցին Գերասին ու ելքին մոտեցան: Քիչ անց Սոնիկը ազդանշան տվեց: Քայլում էին շենքերի բակերով: Սուպերմարկետին հասնելով Գերասին զգուշորեն իջացրին մայթին ու արագորեն հեռացան, քողարկվելով ծառերի հետևում: Սոնիկը սուպերմարկետ մտավ ու դուրս եկավ մի քանի աշխատակցուհիների հետ: Կարծես ամեն ինչ հիանալի էր, միայն շտապ օգնության մեքենան էր ուշանում: Շունչները պահած սպասում էին դեպքերի հետագա ընթացքին, չնայած ոչինչ իրենցից կախված չէր այլևս: Ահագին բազմություն էր հավաքվել: Վերջապես շտապ օգնության մեքենան էլ երևաց: Պարզվեց ոստիկաններ էլ կան, որ հորդորում էին մարդկանց հետ քաշվել ու ճանապարհ տալ բժիշկներին: Ժողովուրդը դժվարությամբ երկու մասի բաժանվելով թույլ տվեց բժիշկներին Գերասին մոտենալ: Բժիշկը խոնարհվեց Գերասի վրա, ապա ոտքի կանգնելով խորհրդակցում էր մյուս բժշկի և ոստիկանների հետ: Վերջապես ինչ որ մեկը պատգարակը մոտեցրեց, Գերասին պառկեցրին պատգարակին ու մեքենա տեղափոխեցին: Մարդիկ շարունակելով տեսածը քննարկել, աստիճանաբար ցրվեցին: Խանութ վերադարձան նաև աշխատակցուհիները: Վանուշը, Աբգարն ու բժիշկը խորը շունչ քաշեցին: Կարծես թե վերջ, կարծես թե ոչինչ էլ չէր եղել… Նույն փողոցն էր ու նույն հորանջը, որ հավերժորեն դաջված էր փողոցին:
Նրանք իսկապես ուրախ էին, չնայած կարծում էին, որ իրենց նմանների համար մահն այնքան էլ վատ լուծում չէ: Առանձնապես ուրախ էին, որ կարողացել էին խելոք ու հնարամիտ լինել, որի շնորհիվ էլ հաջողացրել էին Գերասին հիվանդանոց ուղարկել… Լավատեսական տրամադրությանը նպաստում էր նաև օղին: Նրանք փրկել էին իրենց ընկերոջը, խուսափել էին ոստիկաններից և ամենակարևորը` պահպանել էին իրենց նկուղը և Գերասը առողջանալուց հետո գիտեր ուր է վերադառնալու: Սոնիկը չէր խմում, բայց այնպիսի մի բան ասաց, որն աշխուժացրեց բոլորին: Նա ամենայն լրջությամբ երդվեց, որ վաղվանից աշխատանք է փնտրելու և բնակարան է վարձելու, որովհետև “Մարդը հասցե պիտի ունենա”: Գովեցին բժշկին, բամբասեցին իշխանություններին, բողոքեցին, որ մարդկանց մեջ մարդկությունը պակասել է, արձանագրեցին, որ քաղաքը լցվել է ուրվականներով և քննարկեցին, թե վաղը ինչքան փող է պետք Գերասին այցելելու համար: Ու հենց այդ պահին Սոնիկը ոտնաձայներ լսեց.
— Ինչ որ մեկը գալիս է… Լռեք, իմանանք ո՞վ է:
Իսկապես երկու հոգի հայտնվեցին: Հագնված էին շքեղ ու թանկարժեք, այնքան շքեղ ու թանկարժեք, որ վախ ներշնչեցին: Եկվորները մի քանի վարկյան փորձում էին գուշակել ինչ է կատարվում: Հետո նրանցից մեկը գնահատելով վիճակը, բամբ, էմալը թափված ձայնով ոչ թե խոսեց, այլ արտասանեց.
— Չէիր հավատում, որ բոմժանոց են սարքել : Տեսա՞ր, համոզվեցի՞ր… Չէի՞ ասում մի հետաձգիր: Քիչ էլ ուշացնեինք, տարիներով զիբիլ էինք հանելու… — Ապա դիմելով նստածներին, — Եվ այսպես, հարգելի բոմժեր, մինչև առավոտ նկուղն ազատած լինեք: Որ առավոտյան բանվորներին խանգարող չլինի… Ձեր զիբիլն էլ հետներդ կտանեք:

Թողնել պատասխան

Your email address will not be published.