Նաիրա Համբարձումյան | ՀԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

(Վահե Արմենի “Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ” ժողովածուի առիթով)

«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում` ներկայացնելով մորը որպես բարի, խոնարհ և ավետարանապաշտ մի էության, որի քրիստոնեական հավատի վերաբերյալ պատումները երբեմն առասպելական խորք են ստանում, Թոթովենցը գրում է. «Կոծում են հողմերը: Աշխարհը ցուրտ է: Փակեցեք դուռը աշխարհի դեմ: Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը… Եվ բացվում է մի մե՜ծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները»:
Վահե Արմենի աշխարհաճանաչողությունը նույնպես սկսվում է մոր կերպարից, որ հիմք է դառնում ստեղծումի, ՍԿԶԲԻ առասպելը կերտելուն.
Ասում են` մարդու սիրտը
Իր բռունցքի չափ է:
Մա՛յր, զարմանում եմ,
Մի՞թե քո սիրտն էլ
Փոքր է ձեռքերիդ նման,
Մի՞թե ամեն գիշեր քո սիրտը
Օրորոցը չէ արևի…

Վահե Արմենի “Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ” (2009) Ժողովածուն երրորդ գիրքն է (թարգմ`. Էդուարդ Հախվերդյանի), առաջին` “Դեպի սկիզբ” (1989) և երկրորդ` “Ճիչ” (1999) ժողովածուներից հետո:
Ու թեպետ նրանց միջև տասը տարվա ընդմիջում կա, սակայն երեքում էլ առկա են գեղագիտական ընդհանրություններ` թե՛ թեմատիկ, և՛ թե աշխարհընկալման որոնումներով, որ իր (պոետի) ճանաչելի գոյաբանական տիրույթում ստեղծում է տեսանելի-առկա գոյավիճակ:
Մտածող, ստեղծագործող անհատը մշտապես նորովի է բացահայտում աշխարհը և իրեն տրված ստեղծումի շնորհով այն ենթարկեցնում սեփական տրեզերակարգի պատկերացումներին: Ժողովածուն ընթերցվում է որպես ինքնամաքրման յուրօրինակ ծես` ներհայեցողական ընդգրկումով, և բանաստեղծն ընթերցողին տանում է դեպի ՆԵՐՍ, դեպի հոգու խորքերը:
Անկատար երազանքները ծնում են իրենց այսօրը, մարդու գոյության ժամանակագրությունը, և այդ ժամանակի մեջ կյանքի` (որ ակնթարթ է) իմաստի ճանաչողության (որ ընդգրկում է ապրած ժամանակի տիրույթը) խնդիրն է լուծվում. (“Պատի այս և այն կողմը”).
Այս պալատի պատը
Ու՞մ ապաստարանն է,
Ինչի՞ ապաստարան,
Հազարոտնուկի ոսկյա կոշիկները
Պատի այն կողմու՞մ,
Թե՞ հազարավոր բոկոտների աչքերը`
Մյուս կողմում…

Վահե Արմենի աշխարհատեսությունը պայմանավորում է նրա ստեղծագործությանը բնորոշ մենախոսական բնույթը, և քերթվածները, որոնց “ներքին” տիրույթը կազմավորվում է հոգեբանական պատճառաբանվածությամբ, իրենց գեղարվեստական մեկնաբանությունն են գտնում կյանքը խորհրդանշող բազմազան առեղծվածային իրողություններում: Ուստի ժողովածուի կենսագրությունը հավասարազոր է դառնում գրողի կենսագրությանը, և էահաստատումը բանաստեղծի համար դառնում է ինքն իրենից վերացարկվելու և կյանքը գրի մեջ տեսնելու ունակություն.
Մոտեցավ սեղանին,
Կարդաց անավարտ բանաստեղծությունը
Եվ տետրի վերջին էջին գրեց`
Կյանք, դեռևս գեղեցիկ ես:

Իռացիոնալ, բնազանցական իրականության գիտակցությունն արտացոլվում է քերթվածներում, որոնց “ներսում” հայտնաբերվում է աշխարհի քողարկվածության խնդիրը, և տեսանելի է դառնում նույն այդ աշխարհի` որպես առեղծվածային կառույցի, երկիմաստությունը: Կյանքը երբեմն փոխում է ոմանց, ոմանք էլ, ինչպես երեխա ժամանակ, ճամփորդում են երևակայական ճանապարհներով.
Ո՞ր մեկն է խաղ,
Ո՞ր մեկը` բանաստեղծություն.

Ապրածը, իհարկե, տալիս է պատասխանը:
Եվ ձգվում է ճանապարհը` մանկության վերջին երազից, ձգվում է կապույտ թղթին` “մի բուռ հատիկ” շաղ տալու պես, ձգվում աղջկա տենչալի աչքերի երկնագույն խորքով դեպի հասունացում, դեպի` “Հմայում”.
Երկնքում
Երկու բան ինձ հմայում է`
Անսահման կապույտը
Եվ Աստված…

Ճանաչողության սահմանների ընդլայնման հետ միաժամանակ մանկան ձեռքից դուրս է պրծնում նաև փուչիկ-խաղալիքը, որ “ինչ-որ մրջյունի” իր հետ երկինք է տանում: Սկզբի ու Վերջի միասնության ոդիսականը դառնում է լինելության անվերջ առասպել, և այն, ինչն իրար է կապում ինքնագիտակցության իրարամերժ տարրերը, զգացմունքն է, որ լուծում է մտածողության իրեղենության առեղծվածը: Ենթագիտակցականի ու անգիտակցականի հակադրության մեջ նշագծվում են առարկաների սահմանները, որոնք հետո դառնում են Վահե Արմենի տողերը.
Սեղանի վրա
Ամեն ինչ անցյալն է կենդանացնում.
Տատիկի ասեղնագործ սփռոցը,
Պապիկի հոգնած ժամացույցը,
Ծաղկամանը և դատարկ մոխրամանը
Եվ Ռեմբոյի “Հարբած նավը”,
Որ արբեցնում է ինձ,
Սակայն ամենից հինը
Թերևս ես եմ`
Ծնողներիս ապագան,
Կքած սեղանին`
Ճերմակ թղթին արարում եմ իմ վաղը:

Կատարվում է արարման հրաշքը` մարդ է ծնվում: Նորածինն այդ` դեռևս մոր գրկում, գիտակցում է` ի վերուստ նախասահմանված ՃԱՆԱՊԱՐՀԸ միայնակ պետք է քայլի և, իմաստությամբ լցված, դիմում է արևին.
— Արև՛, չե՞ս մրսում…
Իմաստի ճանաչողության այս ձգտումն էլ, իբրև անզանցելի հանգրվան, իր մեջ կրում է թե՛ անցյալը, և՛ թե ներկան: Սակայն աշխարհն այստեղ սոսկ ծածկագրերի համակարգ չէ, այլ իրողությունների ամբողջություն, որի վերապրումն էլ ծնում է բանաստեղծության` հոգևոր շնչով լի սահմանը` բնամիստիկական տիեզերածնությանը հարող հայեցում, ուր առկա խորհրդանիշը ոչ թե ճակատագրի ներհուն երկփեղկվածության մեջ է, այլ նրա սահմաններից դուրս, և իբրև գեղագիտական սկզբունք` իրենով պայմանավորում է նաև ներկան: Առաջին պլանում է պատկերը, որն ընթերցվում է իբրև ծածկագիր, գաղտնագիր, գաղափարագիր` ընդգծելով ԱՍՏԾՈ ժամանակի գրառումը` ԱՐև-ի` ՍԿԶԲԻ խորհրդանիշը, որ, իբրև նշան, ինքն իր մեջ ծածկագրում է ժամանակը (“Գողություն Աստծո պարտերից”).
Լուսաբացին,
Երբ հարբած էին ծովի ձկները,
Եվ երբ Աստված
Մի կում խմում էր ծովի ջրերից,
Արևելքցի տղան
Իր առաջին բանաստեղծությունը
Նվիրեց Աստծո աղջկան…

Երևութականի և տեսիլքայինի ձուլումը դառնում է ժամանակ, որում վկայագրվում են սիրո, նահանջի ու պարտության մասին բոլոր հին պատմությունները: Սա փախուստ չէ իրականությունից, ուղղակի առկա է այդ քաոսը մեղմող գոյությունը` Աստծո կերպի ներկայությունը, որ բանաստեղծությունը դարձնում է ոչ թե աղոթք, այլ յուրօրինակ աղոթասացություն և իր տոնայնության մեջ է ներառում իրականությունը և որպես ինքնահայեցում` գծում սեփական գոյության սահմանները.
Միայն մի անգամ քեզ տեսա.
Այդ օրը դու
Քո ամենաքաղցր երգը երգեցիր ինձ համար
Եվ իմ աչքից հեռու
Թևերդ թողեցիր
Իմ բանաստեղծության կողքին ու հեռացար…

Թվում է` երազանքն իրական է սիրո չարտաբերված խոստովանանքում, և՛ սպասումի` ինքն իր մեջ անընդհատ վերստեղծվող առեղծվածում իրականանում է քերթողի բանաստեղծական ընկալման ողջ դրամատիզմը.
Բանաստեղծը
Անառակատան շեմին
Մենամարտեց ինքն իր հետ:
Անցորդները
Փսփսացին.
“Ինքնասպան եղավ”:
Եվ հեռացան արագորեն…

Ժողովածուում սիրո երգերի հոգեբանական ներբերանգներն ու համոզչականությունը բնական են, ճշմարտացի: Եվ հոգեբանական նուրբ մի թափանցումով Վահե Արմենը բացում է սիրող մարդու ներաշխարհը:
Միայն դու ես, որ ամեն կեսգիշեր
Ինձ քնից արթնացնում ես,
Որպեսզի անմեղորեն հարցնես`
Դու դեռ արթու՞ն ես…

Ուշագրավ է, որ Վահե Արմենը արհեստական կամ շինծու վիճակներ չի ստեղծում, անբնական երևույթներ ու իրողություններ չի սիրում: Պարզ ու հոգեբանորեն պատճառաբանված շարժմանն է տրվում նախընտրությունը, թե՛սիրո բանաստեղծություններում, և թե՛ այլ երգերում: Եվ ինչպես ամեն մի բանաստեղծ` և՛ դաշն, և՛ անհաշտ Աստծո հետ, Վահե Արմենը ևս հավատում է, որ`
Այս տետրի վերջին բանաստեղծությունը.
Քույրս կմրմնջա Քենյայում,
Եղբայրս այն կերգի Արգենտինայում,
Եվ ընկերներս Ալջազիրայում
Իմ բանաստեղծությունը իրենց հետ Ֆրանսիա կտանեն,
Որպեսզի մի անցորդ,
Թերևս դարձյալ մի օրիորդ Օրլեանից,
Վերմաշեյի հրապարակում
Այն կարդա
Աշխարհի
Եվ ինձ համար…

Այստեղ այլևս չեն կարևորվում բանաստեղծության ձևը, չափը, հանգը, վանկը և արքիլոքոսյան էզոթերիկ “գիտցիր, թե ինչ ռիթմ է պահում մարդկանց” կարգախոսը, որը պրոսոդիայի կանոն է (ինչ խոսք` և սրբազան) բանաստեղծության մեջ գրավում է հոգևոր ոլորտը, որտեղ ԲԱՌԸ գտնում է իր տեղը: Իր պարադոքսալ խորքով յուրօրինակ դիտարկման է ենթակա “Մյուսների նման, սակայն տարբեր” քերթվածը, որ ձգտում է “մի տեսակ” հոգեփոխության` (պլատոնյան կերպարի), տեսիլքը փոխվում է իրականության, և իրականությունը դառնում է տեսիլք` ծնելով բանաստեղծության փիլիսոփայությունը:
Այսօր
Այս թղթի հողին
Կցանեմ սերմերը սիրո,
Կհնձեմ հույսի ողկույզները
Եվ կբոցավառեմ հավատքի թոնիրը,
Որպեսզի վաղը
Հացի բանաստեղծությունը
Քո սփռոցին դնեմ:

Բանաստեղծությամբ ծնված միֆը իր տիրույթում լուծում է մարդու ճակատագրիը, ապրածը, անցած ճանապարհը, որից, բոլորս էլ գիտենք, ծնվում է մեր կրկնակը, մեզնից ուժեղ: Այդպես էլ ծնվում է քերթվածը, որ բանաստեղծի համար հավասարազոր է դառնում կյանքին ու ապրելու պես մոտ է դառնում, դառնում է “հացի բանաստեղծություն”:

Թողնել պատասխան

Your email address will not be published.