Նաիրա Հարությունյան | ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

***
Ես այդպես էլ երբեք չեմ իմանա
Ինչ է պատմում ծղրիդը.
Ես դա միայն կարող եմ ենթադրել
(Եվ այն էլ` ըստ իմ տրամադրության,
անշուշտ):
Իսկ չէ որ դա այնպես վիրավորիչ կլիներ
նրա համար:

***
Եվ եթե կտավի
Շրջանակն է միայն գնահատվում,
Ո՞վ է մեղավորը.
Գնահատո՞ղն արդյոք,
Թե՞ կտավը ինքը:
Երկու դեպքում էլ տխուր է:

***
Ապրում էր ծառը:
Նա քարերի միջով
Խորունկ արմատներ էր ձգել հողում:
Հետո այն կտրեցին…
Իսկ արմատները դա չգիտեն
Եվ քամում են հողը`
Մի ինչ-որ կոճղ հաստացնելու համար:

***
Այնպես գորշ է հողը,
Միապաղաղ, տարտամ,
Մինչև անգամ` առանց հիշողության,
Ասես այդ ինքը չի աճեցըրել
Այն ծաղիկները…

***
Մինչև վերջ իջնելուց հետո
Բարձրանում է մամլիչը.
Եվ դաջվածքն իրեն… լավ է զգում:
Այն, ինչ նա զգում է,
Նման է նույնիսկ… ազատության…

***
Նա թիթեռ էր ծնվել.
Իսկ ամբողջ օրը
Անձրև եկավ…

***
Կղզին ափ ուղարկեց
Բոլոր նավակները`
անվերադարձ…

***
Եվ երբ ջուրն է ծարավ,
Տխրությունդ լուրթ է ու
Թափանցիկ…

***
Ծառերն արդեն ծաղկել են`
Ասում են տնեցիները.
Ասում են դա այնպես գեղեցիկ է…

***
Եվ ամեն երեկո
Օրվա ամենագեղեցիկ թիթեռը
Մեռնում է
Լույսի հանդեպ սիրուց:
Եվ ամեն գիշեր
Լույսի անստվեր խղճին
Թիթեռնակերպ ևս
Մի ստվեր է ծանրանում:

***
Հրեշի կրծքի տակ
Նույնպես սիրտ է խփում:
Եվ երկուսի համար էլ դժվար է:

***
Նրանք արթնանում են իրենց արձաններում
Վերջին աղոթողի հեռանալուց հետո.
Ուստի` չեն ձանձրանում
Եվ… անմահ են ուստի:

***
Եվ ամեն, ամեն ինչ հասկանալուց հետո
Քեզ ոչինչ այլևս չի մնում անելու,
Քան….. մի անգամ ևս ամեն ինչ հասկանալ…

***
Ամենևին էլ ո´չ իմաստնության,
Այլ թախիծի մեջ է
Շքեղության գաղտնիքը մայրամուտի:

***
Ամպերը գիտեն
Ցավ չպատճառելու
Գաղտնիքը թանկ:
Գնամ նրանց հետ
Ու աշակերտեմ…

Թողնել պատասխան

Your email address will not be published.