Արմինե Պետրոսյան | ՎԻՐՋԻՆՅԱ ՎՈՒԼՖԸ ԵՎ «ԿԱՆԱՑԻ» ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վիրջինյա Վուլֆ (Virginia Woolf, 1882 — 1941)…Մի նոր Սապֆո՞, թե՞ 20-րդ դարի բրիտանացի մի կին գրող, որ եկավ ապացուցելու կանացի ինտելեկտի հզորությունը, առաջ քաշելու հասարակական ու քաղաքական կարևոր հարցեր և գտնելու նորանոր լուծումներ, նոր ուժով պայքարելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար:

Կին գրող և տղամարդ գրող. արդյո՞ք կա տարբերություն այս երկու հասկացությունների միջև: Տարբերություն, իհարկե, կա, բայց դա բնավ էլ անջրպետ չէ, ինչպես կարծում էին և են ավանդապահ մտածողները հնում և, ինչու չէ, այսօր: Կարծիք կա, որ արվեստով և առավել ևս գիտությամբ զբաղվելը հարիր է միմիայն տղամարդկանց, իսկ կանայք այդ ոլորտում կարող են լինել դիլետանտ կամ էլ զբաղվել սիրողական ձևով, բայց գրել ընթերցող լայն հասարակության համար, ձգտել գրողի կոչման, մի՞թե կինն ընդունակ է: Եվ ահա արդյունքը. նայենք համաշխարհային գրականության պատմությանը հին դարերից մինչև նորագույն շրջան (մինչև Վիրջինյա Վուլֆ) և թվարկենք համաշխարհային հռչակ ձեռք բերած կին գրողներին` Սապֆո, Էրիննա (անտիկ շրջան), Ջեյն Օստին, Ժորժ Սանդ, Շառլոտ և Էմիլի Բրոնտեներ, Հարրիեթ Բիչեր Սթոու (նոր շրջան), Վիրջինյա Վուլֆ (նորագույն շրջան): Իսկ եթե թվարկելու լինենք նույն ժամանակաշրջանի հայտնի տղամարդ գրողներին, ապա մի քանի էջն անգամ չի բավականացնի նրանց բոլորին մեկ առ մեկ նշելու համար: Ի՞նչն է պատճառը, մի՞թե գրականությունը միմիայն տղամարդկանց գործն է, մի՞թե կանայք չեն կարող ստեղծել բարձրարժեք գործեր, և ի վերջո, ինչու՞ կինը չի գրել և հրապարակ հանել իր մտքի թռիչքի արդյունքը: Այն, որ կինը կարող է գրել գրական մեծարժեք ստեղծագործություններ, ապացուցել են վերը թվարկված ուժեղ անհատները, իսկ թե ինչու էր պետք լինել բացառիկ ուժեղ կամքի տեր անձնավորություն, ապստամբ ոգի, որպեսզի կարելի լիներ մտնել գրական ասպարեզ, կան բազմաթիվ պատճառներ: Առաջին պատճառը հայրիշխանությունն է, այսինքն` իշխող ուժը: Հին ժամանակներում կինն համարվել է տղամարդու ունեցվածքի մի տարրը: Կինը միջոց էր սերնդի շարունակության պահպանման և առավելագույնը` տղամարդու ինքնասիրությունը շոյող և աչքերին ու սրտին հաճույք պատճառող գեղեցիկ ու շքեղ մի զարդ: Տղամարդու առաջ կինն իրավունք չուներ որևէ բանի շուրջ արտահայտելու անգամ իր կարծիքը, թեև խելացի տղամարդիկ չեն զլացել լսելու իրենց ուշիմ կանանց խորհուրդները: Ցանկություններն իրագործելու համար կինն ստիպված է եղել դիմել խորամանկության: Կայսրություններ են ստեղծվել և հողին հավասարվել կանանց թաքուն գործունեության արդյունքում: Մտավոր ունակությունների փայլը շղարշելով` կանայք իրենց անունները հիմնականում չեն թողել պատմության էջերում, բայց, միևնույն է, որոշ աղոտ զրույցներ կարողացել են ճեղքել ժամանակի շղթան ու հասնել մեզ` պատկերացում տալով կնոջ խելքի և ունակությունների մասին: Դարեր պիտի անցնեին, որ իրի, ապա ստրուկի կարգավիճակ ունեցող կինը համարվեր տղամարդու կողակիցը, ընկերը, խորհրդատուն, և ապա հարց առաջանար հասարակական ու քաղաքական իրավահավասարության մասին:
Այն պայմաններում, երբ բնակչության մեծ մասը անուս էր, և կրթությունն հասու էր միայն բարձր խավի ներկայացուցիչներին, պարզ է, որ խոսք լինել չէր կարող գրագետ կանանց մասին: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ այդ ժամանակներում կնոջ երևակայությունը չի աշխատել` ստեղծելով հեքիաթներ ու մտացածին առասպելներ զավակներին պատմելու համար, և կամ աշխատելիս չի հորինել մեղեդիներ ու երգեր: Շատ հավանական է, որ բազում հայտնի վեպեր` գրված տղամարդկանց ձեռքով, հղացել են կանանց գլխում :
Հետագայում, սակայն, ուսում սկսեցին ստանալ բարձր խավի նաև աղջիկներն ու կանայք: Այդ դեպքում ինչու՞ նրանք չսկսեցին գրել: Նախ` նրանք փոքրամասնություն էին կազմում, որն ավելի էր պակասեցնում նրանց մեջ հանճարեղ գրող լինելու հավանակությունը, երկրորդ` նրանց ուսումը իրենց օժիտի մի մասն էր, այսինքն` դրա բնույթը աղջկան կուլտուրական, հետաքրքիր անձնավորություն դարձնելն էր, մոդայից հետ չմնալը: Իսկ գրագիտությունը օգտագործել արվեստի գործեր ստեղծելու համար, կինն առավելագույնը կարող էր երազել, իսկ, ընդհանրապես, չէր էլ մտածի, քանզի գոյություն ունեցող հասարակական կարծիքը թույլ չէր տա: Եվ պետք էր լինել բարձր անհատականություն, և ունենալ ֆինանսական բարվոք վիճակ գրական արժեք ունեցող գործեր ստեղծելու հնարավորություն ունենալու համար: Անտիկ շրջանում այդպիսին էր Սապֆոն և նրա աշակերտուհի վաղամեռիկ Էրիննան:
Ա’յո, հասարակական կարծիքը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել անհատի մտածելակերպի և գործունեության վրա: Իսկ այս դեպքում հասարակության տեսակետը, որն է իշխողի` տղամարդու կարծիքը, գտնում էր, որ աղջիկը պիտի դաստիարակվի միմիայն լավ կին և լավ մայր դառնալու համար, մնացածը ոչ միայն ավելորդ, այլև վնասակար են կնոջ համար: Սակայն կինն էլ ունի նաև այլ վսեմ գաղափարներ, ինչ-որ իդեալներ, չէ՞ որ ամեն մեկս մի անգամ է ապրում, և այդ ժամանակամիջոցում պիտի կարողանաս դրսևորել քեզ ամբողջ էությամբ: Բայց կինը ստիպված էր ոչ միայն ընդունելու պարտադրված կարծիքը, այլև գործելու դրա համաձայն: Եվ խոսքը վերաբերում է ոչ թե տարիների, այլ դարերի մասին: Ձևավորվեց նոր կարծիք, ու զարմանալի է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մոտ, թե կինն ինտելեկտով ավելի թույլ է, քան տղամարդը, և երբեք կնոջ ստեղծած արվեստի գործը կամ գիտության մեջ ներդրումը չեն կարող հավասարվել տղամարդու ստեղծածին կամ գիտության մեջ կատարած աշխատանքին:
Մի քանի տող Շ. Բրոնտեի կենսագրությունից.«Երբ 1837 թ. Շառլոթը իր բանաստեղծությունները մի երկչոտ նամակի հետ ուղարկում է Ռոբերթ Սաութիին, նա մերժում է` պատասխանելով, որ գրականությունը կանացի գործ չէ, քանի որ այն կտրում է նրանց տնային հոգսերից»:
Եվ ահա Վիրջինյա Վուլֆն իր Օռլանդոյի (արդեն իգական սեռին պատկանող) մասին այսպես է արտահայտվում. ՙԻհարկե, եթե նա կին է, գեղեցիկ կին շուտով կձանձրանա թուղթ մրոտելուց և կսկսի մտածել, օրինակ` անտառապահի մասին: Եվ նա երկտողներ կգրի (իսկ երբ կինը երկտողներ է գրում, դա ոչ մեկին չի վրդովեցնում)՚: «Բայց նա, լինելով փխրուն կին արարած, գնում է քամիներին դեմ հանդիման՚» )թարգմ. Ա. Պ. ),- ավելացնում է նրա երկրպագուներից մեկը online ցանցի մի հոդվածում:
Այս էր պատճառը, որ Ավրորա Դյուպեն սկսեց ստեղծագործել Ժորժ Սանդ կեղծանվամբ, Բրոնտե քույրերը իրենց գործերը հրատարակելու համար օգտվեցին Բելլ եղբայրներ կեղծանունից, իսկ մյուսները, որոնց մենք այդպես էլ չճանաչեցինք, վախեցան գրել կամ էլ մերժվեցին:
Մյուս խոշոր պատճառը կնոջ ֆինանասական անապահովությունն էր: Բարձրագույն կրթություն ստանալու, տնային մեծ ու փոքր հոգսերը թեթևացնելու և ստեղծագործելու ժամանակ գտնելու նպատակով աղախին, դայակ ունենալու, այլ երկրներում ճանապարհորդելու և նրանց մշակույթին, վարք ու բարքին ծանոթանալու, լայն աշխարհայացք ձևավորելու համար գումար է հարկավոր: Տղամարդը ևս ունեցել է այդ խնդիրը. ինչու՞ նա կարողացել է այս կամ այն չափով հաղթահարել այդ արգելքը: Պատճառը շատ հասարակ է. տղամարդկային հասարակությունը թույլ չէր տալիս կնոջը աշխատելու, աշխատելու դեպքում էլ` շատ ցածր վարձավճարով: Կնոջը հնարավորություն չէր ընձեռնվում առաջ գնալու, ինքնադրսևորվելու, իսկ նրան, ինչպես և տղամարդուն, անհրաժեշտ էր սեփական գումար կարիքներն հոգալու, ցանկություններն իրագործելու համար ու «ՙսեփական անկյուն» մտքերն ի մի բերելու, ստեղծագործական անհրաժեշտ աուրա ստեղծելու և գրելու համար:
Բրոնտե քույրերը և Հարրիեթ Բիչեր Սթոուն անմարդկային ջանքերի գնով, ուժեղ կամքի ու տոկունության շնորհիվ կարողացել են հաղթահարել այս խոչընդոտը ևս:
Ճիշտ է նկատել Վիրջինյա Վուլֆը«ՙՅուրաքանչյուր կին, եթե պատրաստվում է ստեղծագործել, պիտի ունենա սեփական միջոցներ և սեփական սենյակ»:
Վերը նշված մեծ և այլ մանր պատճառների հետևանքով համաշխարհային ճանաչում ձեռք բերած կին գրողներին կարելի է հաշվել մատների վրա: Եվ նրանք բոլորն էլ երկակի են ընդունվել հասարակության կողմից: Եթե առաջադեմ ու խելացի մարդիկ գնահատել են նրանց հանճարը, ապա հետամնաց ամբոխը իր զազրելի խոսքն ասել է: Եվ երբ չի կարողացել քննադատել ստեղծած գործը, վատախոսել է բարքի մասին` սուտ ու արգահատելի պատմություններ հորինելով:
«Quarterly Review» ամսագրում տեղ գտած գրախոսության մեջ ասվում է. «Լուրեր են պտտվում, թե «Ջեյն Էյր» վեպի հեղինակը կին է, իհարկե, կին, որը վաղուց կորցրել է նույն սեռի անձանց հասարակության անդամ լինելու իրավունք»:
Իսկ արդեն Վիրջինյա Վուլֆը բոլորովին նոր երևույթ էր ոչ միայն կանացի գրականության, այլև, առհասարակ, համաշխարհային գրականության մեջ: Խելացի տղամարդիկ անգամ, կարդալով նրան, թախծում էին, ամաչում, որ իրենք լինելով տղամարդ` չեն կարող գրել այն և այնպես, ինչպես այդ կինը, ու այդ զգացումը, բնականաբար խոցել է նրանց ինքնասիրությունը, ու նրանցից ոմանք սկսել են քննադատել, իսկ ավելի հանդուրժող անձինք թեկուզ զարմանքով, բայց արժանին են մատուցել թույլ սեռի այդ ուժեղ ներկայացուցչին: Online ցանցում նրանցից մեկը թողել է իր տպավորությունները.«Ես կարդացի Վիրջինյա Վուլֆին և պատվեցի զարմանալի զգացումով… Դա երևի ստեղծագործելու անկարողության զգացումն է, թախիծը, որը հնարավոր չէ վերացնել դիետաների ու վարժանքների միջոցով… Ո’չ, ես հիանալի գիտեմ, որ թեկուզ հարյուր տարի էլ փորձեմ կատարելագործվել, միևնույն է, «Պատերազմ և խաղաղություն» չեմ գրի, բայց դա ինձ չի տխրեցնում: Իսկ ինչո՞ւ եմ տխրում, երբ ձեռքումս սեղմումեմ Վուլֆի հատորները: Երևի…որովհետև…նա…կի՞ն է: Կի՞ն, որ համարձակվել է լինել խելացի: Կի՞ն, որ գրում է զարմանալիորեն հրաշալի, ապշեցուցիչ արձակ, այն ժամանակ, երբ նրանից առավելագույնը սպասում են սիրային նամակներ»:
Եթե նայենք նշված կին գրողների ապրած ժամանակաշրջաններին, ապա կտեսնենք, որ անտիկ շրջանից մինչև նոր դարեր պատմությունը չի տվել ոչ մի կին գրողի: Մի՞թե անտիկ շրջանն ավելի բեղուն ու զարգացած էր, քան նրան նախորդող դարաշրջանները: Ո՞րն էր կնոջ երկարատև լռության պատճառը:
Գրականության անտիկ շրջան ասելով հասկանում ենք հին հունական և հռոմեական մշակույթը: Հեթանոսական խառն ու սանձարձակ բարքերը, որ տիրում էին հիշյալ երկրներում, փիլիսոփայական, բնագիտական և գեղարվեստական մտքի զարգացումը, որ բնորոշ էր հույն և հռոմեացի ժողովուրդներին, հեթանոս աստվածների ու աստվածուհիների մարդկային բնույթը, նրանց անմիջական մասնակցությունը մարդկանց առօրյա գործերին ստեղծել էին այնպիսի մթնոլորտ, որ արդեն Ք.ա. 8-7-րդ դարերում գեղեցիկ և խելացի կինը կարող էր զգալ իրեն որպես մուսա, դիցուհի ու վեր կանգնելով հասարակական ընդհանուր նորմերից` սկսել ստեղծագործել: Դա մի շրջան էր, երբ կինն ու գինին համարվում էին ոգեշնչող մուսաներ: Մեր կարծիքով այս էր պատճառը, որ չնայած հասարակական պահպանողական ըմբռնումներին` ծնվեց Սապֆոյի պես սիրո և գեղեցկության կին երգիչը:
Եվրոպական մի շարք երկրներում հեթանոսական քաղաքակրթությանն հաջորդեց քրիստոնեական քաղաքակրթությունը` իր խստակրոն կանոններով, կյանքի ու մահվան մասին բոլորովին նոր պատկերացմամբ: Ամեն ինչ ստացավ կրոնական բնույթ: Ի տարբերություն հեթանոսների` քրիստոնյաներին պիտի բնորոշեն հնազանդությունն ու խոհեմությունը, Աստվածաշնչի բոլոր պատվիրանների սրբորեն կատարումը… Քրիստոնյաները պետք է հնազանդ լինեին ոչ միայն երկնային տիրոջը, այլև երկրային բոլոր տերերին: Որպես ամենախոնարհ մասսա դիտվում էին կանայք (-Տե՞ր ես: -Տեր եմ: -Հնազա՞նդ ես: -Հնազանդ եմ:): Եկեղեցին դարձավ մի հզոր մոնարխիա և իր շահերին համապատասխան, մոռանալով քրիստոնեության բուն էությունը, ստեղծեց սեփական ՙպատվիրաններով՚ ու օրենքներով «քրիստոնեությունը»:
Ուսումը տարվում էր հոգևոր դպրոցներում, որտեղ սկզբում սովորում էին միայն արական սեռի ներկայացուցիչները: Ստեղծագործել կարող էին միայն հոգևորականները, իսկ նրանք գրում էին եկեղեցական կանոններ, սաղմոսներ, հոգևոր երգեր և իրենց ժամանակների պատմությունը` պատելով հոգևոր շղարշով: Դա միջնադարն էր` ինկվիզիցիայով, ինդուլգենցիայով, սիմոնեայով, ինվեստիտուրայով, սխոլաստիկներով, ճիզվիտներով ու հերետիկոսներով: Ապա եկավ ցանկալի Ռենեսանսը, և արվեստն ու գիտությունը վերածնունդ ապրեցին, սակայն խոսքը վերաբերում է միմիայն տղամարդու ձեռքով ստեղծածին, իսկ կինը դեռ շարունակում էր լռել: Պատճառը մի քանի դարերի ընթացքում արդեն արմատավորված ստրկամտությունն էր. ոչ միայն տղամարդիկ էին կնոջն համարում ստորադաս, թույլ ինտելեկտի տեր անձնավորություն (հիշենք թեկուզ հայտնի առածը`«Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ»), այլև մի քանի դարերի ընթացքում ունեցած դաստիարակության ու փոխանցված ստրկամիտ գաղափարների ՙշնորհիվ՚ կանայք իրենք էլ իրենց այդպես են կարծում: Կանացի մտքի ամենաթույլ թռիչքն անգամ դիտվում էր որպես հանդգնություն և պարսավանքի արժանանում հավասարապես և’ տղամարդկանց, և’ կանանց կողմից:
Ոչ միայն Ռենեսանսը, այլև Լուսավորականությունը չտվեցին ոչ մի հայտնի կին գրողի (հնարավոր է եղած սաղմերն էլ տեղում ոչնչացվել են): Եվ միայն նոր դարերում երևան եկան առաջին կին գրողները, և իրենց խցանված ճանապարհը բացելու ու հարթելու համար մաքառեցին ինչպես առաջին քրիստոնյաները` չնայած հիմա էլ` 21-րդ դարում, շատ երկրներում առկա է կնոջ ստորադրյալ վիճակը և կանացի ինտելեկտի մասին թյուր կարծիքը: Կնոջ տեղի ու դերի շուրջ արծարծվող խնդիրները այժմ էլ արդիական են, և զարգացած ու զարգացող երկրներում հարց է առաջացել կանանց ու տղամարդկանց բարոյական, տնտեսական և քաղաքական իրավահավասարության մասին:
Անդրադառնանք գրականության մեջ կնոջ ունեցած տեղի և դերի մասին: Այն, որ կնոջ ստեղծած գրականությունը ոչ մի բանով չի զիջում տղամարդու ստեղծածին, փաստում են նրանց մասին եղած փայլուն բնորոշումները :
Վիրջինյա Վուլֆը իր ինտելեկտով ոչ միայն չի զիջել, այլև հաճախ գերազանցել է իր ժամանակի տղամարդ գրողներին: ՙԲլումսբերի՚ կոչվող խմբակում, ուր հավաքվում էին Անգլիայի` ժամանակի առաջադեմ երիտասարդ մտածողները Վ. Վուլֆը կենտրոնական դեմքն էր: Խմբակում նա հայտնի էր իր սուր մտքով և հարուստ երևակայությամբ: Վիրջինյայի առաջին ստեղծագործությունների տպագրումից անմիջապես հետո պահպանողական բրիտանացիներն սկսեցին քննադատել նրան` վախենալով Վուլֆի վեպերի և պատմվածքների ազատ թեմաներից:«Բարդ է ընդունելու համար», «Շատ ինտելեկտուալ է»,- հնչում էին կարծիքներ տարբեր կողմերից: Բլումսբերիի անդամները ևս վախով էին ընդունում այդ ամենը: Եթե չլիներ ամուսնու և քրոջ օգնությունը, Վիրջինյան կարող էր ընկճվել:
Վուլֆը հռչակ էր վայելում այն դեպքում, երբ նրա ժամանակակից գրողներն էին Թոմաս Էլիոթը, Ջեյմս Ջոյսը, Էզրա Փաունդը, Գերտրուդ Սթեյնը: Թ. Էլիոթն իր «Խզբզոցներ»-ում նշում է, որ Վուլֆն իր սիրելի գրողներից մեկն է:
Կին գրողներն առաջ եկան գտնելու կնոջ իսկական տեղն ու դերը, դնելու կնոջ և տղամարդու իրավահավասարության հարցը, ապացուցելու, որ կինն ընդունակ է ստեղծագործելու ոչ պակաս գեղեցիկ և խելացի, քան տղամարդը: Տղամարդկանց մեծ մասի ավելի ՙխելացիությունը՚ արդյունք է շփման, փորձառության ու ինֆորմացված լինելու առավելության, և երբ կանայք հաղթահարում են այդ բացը, դառնում են ոչ պակաս խելացի ու ճկուն:
Ժորժ Սանդը, որի անվան հետ է կապված «կանացի վեպի» զարգացումը, իր ստեղծագործության հիմքում դնում է մարդու, մասնավորապես կնոջ` հասարակության մեջ ունեցած տեղի մասին խորհրդածությունները: Շառլոթ Բրոնտեի առաջին իսկ վեպը` ՙՋեյն Էյր՚, կարևոր փուլ էր կանանց իրավահավասարության համար մղվող պայքարի պատմության մեջ: Խոսքը դեռ քաղաքական իրավահավասարության մասին չէր, այլ հավասարություն աշխատանքում և ընտանիքում: Ծնվող ՙկանացի շարժումն՚ այնքան հզոր էր, որ իր մեջ ներքաշեց եվրոպական կրթություն ստացած հայ կնոջը` ի դեմս Սրբուհի Տյուսաբի: Թեև Տյուսաբը համաշխարհային ճանաչում ձեռք չբերեց, բայց միայն այն հանգամանքը, որ նա համարձակվել էր խոսել ավանդապաշտ հայկական միջավայրում ու բարձրացնել կնոջ ձայնը, պաշտպանել ի վերուստ կնոջը տրված մարդկային իրավունքները, դարձրեց նրան հայ գրականության Ջեյն Օստին: Տյուսաբը բողոքում է կնոջ անազատ վիճակի դեմ, պահանջում կրթության և աշխատանքի իրավունք: Գրողը կնոջն համարում էր «ողորմելի զոհ», որի առաջ փակ են «ամենայն ազատ շավիղ»:
Ինչ վերաբերվում է Վիրջինյա Վուլֆին, նա և’ գեղարվեստական գործերով, և’ քննդատական հոդվածներով ավելի համարձակ կերպով էր պայքարում կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար` որպես արվեստագետ և որպես կին: Թե ինչու համաշխարհային գրականությունը չի ունեցել Շեքսպիրի մեծության կին գրողի, Վուլֆը գտնում է, որ պատճառը դարերով եկած և արմատացած սովորույթն է` կանանց մտավոր ունակությունների և դերի մասին սխալ պատկերացումը: Գրողը նույնիսկ հորինում է լեգենդ` ցույց տալու համար, թե ինչ կպատահեր, եթե Վիլյամ Շեքսպիրը ունենար նույնքան տաղանդավոր քույր: Մտացածին քույրը` Ջուդիթ Շեքսպիրը, եղբոր օգնությամբ դառնում է գրագետ և ինքնուրույն կրթություն ստանում: Հոր դասավորած ամուսնությունը ատելի էր Ջուդիթին, և նա խստորեն մերժում է այն, ապա փախչում Լոնդոն: Աղջիկը 16 տարեկան էր և գնում էր մեծ քաղաք` ի կատար ածելու թատերագիր դառնալու իր երազանքը: Բայց նրա հույսերը ի դերև են լինում, երբ մտնում է թատրոն: Նրա առաջարկն արժանանում է կտրուկ մերժման և թատրոնի տղամարդկանց լպիրշ հռհռոցին: Ստեղծված հնարավորությունից օգտվում է թատրոնի մենեջեր Նիք Գրինը և գայթակղում դեռահաս աղջկան: Արդյունքում Ջուդիթը հղիանում է և ամոթահար ու շփոթված` ինքնասպանություն գործում:
Այսպիսով` Շեքսպիրին նմանակ կին կերպարը` նույնքան տաղանդաշատ և շնորհալի, մերժվում և այդպիսի ճակատագրի է արժանում իր սեռի պատճառով և անպատեհության համար: Սրանով Վուլֆը սարկազմով մատնանշում էր այդ ժամանակները, ձևավորված տրադիցիան ու բացատրում կին արվեստագետների գոյության բացակայությունը:
Հայտնի ֆեմինիստ գրողը նաև գտնում է, որ գոնե կրթված ու ֆինանսապես ապահովված հայրերը պետք է բարձրագույն կրթության տան իրենց դուստրերին: Վիրջինյայի հայրը` հայտնի գրականագետ Լեսլի Սթեֆենը, չնայած կրթվածությանը` հետևում է հասարակական մտածելակերպին և թույլ չի տալիս դուստրերին սովորել քոլեջում: Եվ միայն հոր մահից են նրանք ընդունվում Քեմբրիջի համալսարանի օրիորդների քոլեջ: Հետագայում Վուլֆն այս մասին իր «Օռլանդո՚» վեպում հետևյալ բնորոշումն է տալիս. «Կնոջը մերժել կրթությունը, որ նա չծիծաղի վրադ: Լինել անզգամ դուրսպրծուկի ստրուկը և միևնույն ժամանակ ցույց տալ, թե արարչության թագն ես: Ինչպիսի՜ հիմարների են նրանք մեզ վերածում, և ինչպիսի՜ հիմարներ ենք մենք այնուամենայնիվ»: (Թարգմ. Ա.Պ.)
Վ. Վուլֆի կարծիքով «կին և գրականություն» երևույթը դիտարկելիս խոսքն առաջին հերթին պիտի վերաբերի «տղամարդկանց հասարակության» մեջ կնոջ սոցիալական իրավիճակի հարցին: Այս հարցի դրական լուծումից հետո միայն կարելի է խոսել կանացի ինտելեկտի դրսևորումների մասին: Կինը պիտի ունենա սեփական գումարը, սեփական անկյունը, որ կարողանա գրել, ստեղծագործել: Վուլֆն իր էսսեներով վերլուծում է կանանց կապը տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտների հետ:
«Սեփական սենյակը» Էսսեում կա անդրոգինների մասին գաղափարը: Վուլֆը գտնում է, որ հզոր լինելու համար անդրոգինի էություն ունենալը անհրաժեշտ է թե’ տղամարդ, թե’ կին գրողին: Վուլֆը կնոջ և գրականության թեման քննարկում է նաև «Օռլանդո» նովելում: Օռլանդոն երիտասարդ արիստոկրատ է, ցանկանում է բանաստեղծ դառնալ: Պատմության սկզբում Օռլանդոն ապրում է Վերածննդի ժամանակաշրջանում, բայց անցնում է 400 տարվա միջով, այդ ընթացքում փոխում սեռը և 20-րդ դար հասնում որպես կին:«Օռլանդո»-ում վերլուծվում է գենդերային փոխակերպան ճանապարհը, բնորոշվում է անհատականության և արվեստի դերը պատմության տարբեր պահերին: Նովելում դրված է անդրոգինյան գաղափարը` սեռի էությունը լիովին ըմբռնելու համար:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե արդյոք կա տարբերություն տղամարդու և կնոջ կողմից ստեղծված գրականության միջև, և եթե կա, ապա ո՞րն է այն: Ասում են`«կանացի գրականությանը» հատուկ են հոգեբանական խորությունն ու նրբությունը: Չհակադրվելով այս կարծիքին ` ավելացնենք, որ տղամարդու ստեղծած գրականությունը հոգեբանորեն պակաս խորը, նուրբ ու հուզիչ չէ: Տարբերությունը արտահայտման ձևերի, դրսևորումների և համապատասխան արձագանքի մեջ է. տղամարդու մոտ սերը և մյուս զգացումները այլ կերպ են արտահայտվում, կնոջ մոտ` այլ, բայց դրանից չի հետևում, որ մեկի մոտ այն ավելի ուժեղ է, ավելի խորը, քան մյուսի: Եթե հավատանք հնագույն անդրոգինների լեգենդին, ապա միայն երկսեռ մարդն է լիարժեք, և երկատված մարմինները փնտրում են իրենց կեսին` ամբողջական դառնալու համար: Մի սեռը մյուսի կարիքն ունի, նրանք փոխլրացնում են միմյանց, և երկուսն էլ հավասար արժեքներ են ներկայացնում:
Մեր ուսումնասիրության սուբյեկտը` 20 -րդ դարի նշանավոր մոդեռնիստ և ֆեմինիստ գրող Վիրջինյա Վուլֆը, իրեն համարում էր անդրոգին: Անգամ կրելով իր մեջ երկու սեռերին բնորոշ հատկանիշներ (գուցե նաև դա էր նրա բացառիկ ինտելեկտուալ կարողությունների պատճառը), ու չնայած կանանց հետ ունեցած ինտիմ կապերին` նա իրեն երջանիկ էր զգում ամուսնու` Լեոնարդ Վուլֆի հետ: Լեոնարդը նրա հոգեկան նեցուկն էր, ոգևորողն ու գոտեպնդողը, ընկերը և երկրպագուն, խորհրդատուն ու քննադատը: Վիրջինյան ևս երկատված մարմին էր, որ միայն Լեոնարդի հետ միասին էր կազմում ամբողջություն ու դառնում հզոր ուժ:

 

13 comments

Skip to comment form

    • Zhenya on 8 Սեպտեմբերի, 2010 at 4:55 ե.
    • Reply

    Shat hetaqrqir,chapazanc gexecik u inqnatip vochov grvac hodvac e.Arajin,bayc hastatun qajlerd bavakanin xostumnalic en.

    • Hermine Adamyan on 12 Սեպտեմբերի, 2010 at 3:26 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ անչափ: Շատ հետաքրքիր էր, կարդացի մեծ բավականությամբ, չնայած մինչ այդ արդեն լսել էի, որ հիանալի հոդված է:

    • Armine on 14 Սեպտեմբերի, 2010 at 11:12 ա.
    • Reply

    Shat shnorhakal em drakan karciqi hamar.

    • Arman on 15 Սեպտեմբերի, 2010 at 12:08 ե.
    • Reply

    Am jan shat @ntirer, sakayn du lav gites, vor es misht el dem em exel kananc u txamardkanc havasarutyan@. Kanayq, vor genderayin harcerov el chzbaxven paraputyunic kgjven…

    • Armine on 15 Սեպտեմբերի, 2010 at 1:59 ե.
    • Reply

    Arman, du anuxxeli es.

    • Anahit on 29 Սեպտեմբերի, 2010 at 1:56 ե.
    • Reply

    Shat hetaqrqir, qnnarkman arjani hodvac e.

  1. Արմ ջան ապրես,շատ լավ ես գրել: Հիացած եմ: Այս տեմպերով շարունակիր, ես համոզված ասում եմ, որ դեռ շատ բարձունքներ ունես նվաճելու: Եւ մի հարց ունեմ` Վիրջինիա Վուլֆը որքանո±վ է թարգմանված հայերեն: Միշտ ուզեցել եմ կարդալ հայերեն: Սպասում եմ պատասխանիդ Արմին ջան:

    • Armine on 10 Նոյեմբերի, 2010 at 5:41 ե.
    • Reply

    Շատ շնորհակալ եմ, Աստղ ջան:Հայերենով Վուլֆից ոչ մի գործ չեմ գտել:Ռուսերենով էլ միայն “Օռլանդոն” եմ կարդացել:Վուլֆի գիտական և գեղարվեստական ամբողջ ժառանգությունը կարդացել եմ անգլերենով:Այդ հանգամանքը ևս նպաստեց որոշմանս’ հավաքել թարգմանիչների խումբ, որոնք կթարգմանեն համաշխարհային գրականության արժանի գործերը և հակառակը:

    • Աննա Ֆրանկ on 27 Հունվարի, 2013 at 1:35 ե.
    • Reply

    շատ լավ հոդված ա, հերթով կարդում էի քոմենթները,,, Արման, տեսակետդ վերանայիր, գուցե ինքդ զգաս ինչ սխալ բան ես ասում, տաղանդը որ մարդու մեջ ծնվումա սեռ չի ճանաչում, չի հարցնում աղջիկ ես, թե ?տղա, եթե աղջիկ ես արի քեզ չտրվեմ, գնա!!! 😀 …այ ուրիշ բան ա այն, որ պատմության բազմաթիվ ծակուծուկեր թույլ չեն տվել կանանց շարժվել մանավանդ արևմուտքում,,,բայց երբ սկսվեց թույլատրել կանանց դպրոց գնալը ու բազմաթիվ կրթական բաների մեջ ներառվելը արդեն մշակույթում սկսեցին հայտնվել կանայք, որոնք ոչ մի տղամարդ գրողից կամ նկարիչից պակաս չէինք`դա ցույց տվեց պատմությունը: Արմինե ջան, ապրես, ես տիպի հոդվածներ պետք են,,,

    • Աննա Ֆրանկ on 27 Հունվարի, 2013 at 1:44 ե.
    • Reply

    hա, մեկ էլ այն,որ չնայած կրթություն ստանալը սկսվեց թույլատրվել, բայց դե կրթված կանայք անբորայական էին համարվում ու քարկոծվում: Տղամարդիկ էնքան խելոք էին որ հրաժարվում էին իրենc կողքին կրթված կնոջ տեսնել:DD

  2. Հարգելի՛ Աննա, շնորհակալություն ընթերցելու և մեկնաբանելու համար:

    • Գայանե Յավրիյան on 9 Հունիսի, 2013 at 1:17 ե.
    • Reply

    Արմինե ջան, ես համոզված եմ, որ Ձեր հիմնական ճանապարհը,անկասկած, գրախոսությունն է … Հաջողություն եմ մաղթում այդ բնագավառում…

  3. Շնորհակալություն, հարգելի՛ Գայանե:

Թողնել պատասխան Armine-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.