Նաիրա Հարությունյան | ՈՒ ԹՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ…

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

 

*** 

Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

 

***
Կամ շփոթմունքին է պատկանում հոգիս,
Կամ կարոտին աննինջ.
Նայած`
Կողքիս ես դու,
Թե հեռացել ես արդեն մի քիչ:

 

***
Ես միշտ
Մի քիչ ուշացած եմ գալիս
ժամադրավայր.
(Այդպես է կարգը):
Երանի ձեզ, ծառեր,
Որ միշտ այդտեղ եք
Եվ չեք կորցնում
Ոչ մի ակնթարթը
Նրա ներկայության:

 

***

Ես մի օր կգամ.
Լուռ կհայտնվեմ
Քո մենության մեջ
Ու… կհեռանամ:
Հետո… այլևս
Մենակ չենք լինի,
Կլինենք… հեռու…

 

***
Ես աններելիորեն ուշացա,
Ներիր:
Սպասումիդ մեծությունը
Չվիրավորելու համար
Ես նրա չափ շքեղ
Իմ լաբիրինթոսն էի կառուցում
Քեզ հասնելու համար:

 

***
Ու մտածեցի` գնացքի համար
Դժվար չի՞ լինի պոկվել իր տեղից,
Եթե աչքերս իմ պատուհանից
Որոնեն-գտնեն քո կերպարանքը
Հրաժեշտի այդ կառամատույցում:

 

***
Ասում ես` չկա ոչ մի ճանապարհ,
Որը չբերեր նույն այս փակուղուն:
Օ՜,  ի սեր աստծո,
Իմ ինչի՞ն են պետք
Աշխարհիս բոլոր ճանապարհները,
Երբ կողքիս ես դու:

 

***
Ինչ դժվար է ապրել,
Երբ քեզանից բացի
Դու քո առասպելն ես
Ապրեցընում նաև.
Ու ես քեզ չօգնեցի
Ավելի հեշտ ապրել,
Քանզի առասպելդ
Ինձ շատ էր հմայել:

 

***
Կարոտից հիվանդ մի ջութակ
Տնքում է իմ հոգում հիմա.
Ու տխուր, ու շատ է տխուր
Այդ խզված քնքշանքը նրա…

 

***
…ու մի օր հանկարծ դու սկսեցիր
պատմել մնացյալ աշխարհի մասին,
ու ես ամեն ինչ մեկեն հասկացա.
դու դնում էիր իմ ափերի մեջ
սփոփանքը այդ,
ինչպես գնալիս
նախաճաշն են միշտ թողնում սեղանին
այն մարդու համար,
ում մասին գիտեն,
որ նա այդպես էլ քաղցած կմնա,
բայց չի մոտենա
ու սառնարանը երբեք չի բացի:

 

***
Իրարից հեռացածների
մեր տարածությունը
մենք կահավորում ենք
աշխարհից հայթայթած
հնարավոր ընտիր իրողություններով`
փորձելով ապացուցել միմյանց
ազնվությունը մեր ճաշակի:
Իրարից հեռացածների
մեր դաժան մտերմության համար սակայն
մինչև անգամ իրար չխոստովանելու չափ
անխոստովանելիորեն անժխտելի է
ու չտեսնելու չափ պարզ
անկումը մեր թագավորության`
երբ տարածությանը մեր միջև եղած
այս աշխարհից էլի´ մի բան է հարկավոր…

 

***
Միևնույն մոխիրն ենք
Մենք հիմա.
Չէ որ ես այդ ինձնից
Խարույկն այն սարքեցի`
Քեզ այրելու համար:

 

***
Ես անուշադրություն էի կեղծում,
Նա` ուշադրություն.
Ահա և մեր ամբողջ պատմությունը:

 

***
Ես իմ կորուստի
Չնչինությունն եմ
Դառնորեն լալիս.
Ասա, Ժամանակ,
Դու ինձ կամոքե՞ս:

 

***
Գուցեև մենակ չեմ
Ես այս տիեզերքում.
Ես այստեղ եմ մենակ`
Իմ կողքինի կողքին:

 

***
Հարմարավետ ու տաք իմ սենյակում
հիշեցին ափերս
այրոցը ձյան.
Ու հասկացա հանկարծ,
թե ինչ է քո հանդեպ
իմ զգացածը:

 

Ամփոփումն արկածի
Սիրո մի հերթական
Հրավերի դիմաց
Ես նորից քոնն էի`
Գիշերը, երազում…

 

***
Հիմա, երբ դու չկաս,
Այս ապրել կոչվածը
Շարունակելու համար
Ինձ մնացել է
Մնացած ամբողջ աշխարհը միայն:
Ընդամենն այդքանով
Այս ապրել կոչվածը
Ես հիմա ինչպես շարունակեմ,
Ասա:

 

***
…մեկ էլ հասկացա,
որ դադարել եմ
հաշվել օրերը
առանց քեզ ապրած.
(այս մեկին կարծեմ
չէիր սպասում).
չէ՞ որ բոլորս
թաքուն հույս ունենք
հաջողել ապրել
առանց հատուցման:

 

***
Եվ քանի ճանապարհ
Ես դեռ պիտի բացեմ,
Որ մեկը վերջապես
Ինձ քեզ մոտ չբերի…

 

***
Ես չեմ բուժի իմ վերքը,
Թող այն չսպիանա.
Դա վերջին հիշատակն է
Նրանից մնացած…

 

***
                     Գ.-ին
Շունչս կտրվում է.
Ասել է թե, սիրտ իմ,
Շնչում ես դու նորից…

 

Ու դարձյալ
…Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

 

8 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Իմաստային խորքով են գրված, գեղարվեստական պատկերումներով: Արդարև չոր են ու անզգացում. չունեն սիրո հույզը, կարոտի անդոհանքը, նվիրվածության ջերմությունը, կորուստի ցավը: Շարագրված է արձակունակ ոճով: Պիտի հասցնել բանաստեղծականության:

    • Նաիրա Հարությունյան on 14 Սեպտեմբերի, 2010 at 11:27 ե.
    • Պատասխանել

    Այն շարքը, որ Դուք պահանջում եք, պարոն Արամյան, ճշգրիտ ձևակերպումն է այն բոլոր բաղադրիչների, որոնք “հուզախռով” տեքստերը, որոնցով այսօր լի է գրական դաշտը, վերածում են “բանաստեղծականության” տխուր նմուշների, բայց որոնք բանաստեղծության հետ քիչ աղերսներ ունեն:

  2. Ինչո՞ւ անպայման ապավինել մակդիրներին, հենց այսպես էլ Նաիրայի պոեզիայում զգացվում է պարոն Արամյանի թվարկած բոլոր ապրումները, և ավելի խոր, քան՝ երբ դա «թելադրվում է» ընթերցողին գրական շատախոսությամբ:

  3. Պոեզիան խտացած զգացմունք է. զգացմունքը, երբ խտանում է, իմաստային խորք է ձեռք բերում և ԻՄԱՍՏ դառնում: Բոլորն էլ կարող են “սիրո հույզ, կարոտի անդոհանք, նվիրվածության ջերմություն” ապրել, սակայն քչերին է տրված ՄՇԱԿԵԼ իրենց գզացմունքները հոգու գաղտնարաններում ու փոխանցել դիմացինին: Բանաստեղծականությունը ընթերցողի ապրածն է ստեղծագործությունը կարդալուն զուգահեռ, ոչ թե գեղեցիկ բառերի շարանը, պարոն Արամյան:

  4. Բնավ էլ անզգացում չեն շարքի գրվածքները… Կարդում եմ ու հիշում, հիշում ու վերապրում, վերապրում ու մարսում, մարսում ու… հոգիս վեր է թռչում… Անպայման չեն գեղեցիկ ու բարձրագոչ խոսքեր, որպեսզի ասածը տեղ հասնի: Նաիրան կարողանում է առանց ավելորդ ` ներկայացնել ասելիքը, հուզել քեզ ու թափանցել հոգուդ տաքուկ, գուցեև թաքուն անկյունները:

  5. մտքեր են,,,բոլոր մտքերը չէ որ բանաստեղծություն են դառնում…դրան հասնելու համար տարածություն ու ժամանակա պետք բանաստեղծության հանդեպ..էս դեպքում եսիմ, սիրուն էր, բայց սիրունը չի որ լավնա,,,գեղեցկությունը կփրկի աշխարհը բայց բանաստեղծությունը ոչ

  6. Նաիրա Հարությունյանը հրաշալի բանաստեղծուհի է այսօր էս դաշտում ամենակարևոր ֆիգուրներից մեկը
    ցավոք Նաիրան ինքն իրեն գովազդել չգիտի և պետք էլ չէ
    իսկ ընթերցողն էլ որոշակիորեն պատրաստված պետք է լինի այլապես Նաիրան մեղավոր չէ որ իրեն չեն հասկանում

  7. «Ամենալուռ բառերն են, որ փոթորիկ են հարուցանում: Մտքերը, որ գալիս են աղավնու տոտիկներով, աշխարհն են կառավարում»:- Նաիրա Հարությունյանի պոեզիան այդպես է գալիս: Երանի ընթերցողին, ով պատրաստ է :ՃճՃ

Թողնել պատասխան լլ-ով :Ճ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի