Նաիրա Հարությունյան | ՈՒ ԹՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ…

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

 

*** 

Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

 

***
Կամ շփոթմունքին է պատկանում հոգիս,
Կամ կարոտին աննինջ.
Նայած`
Կողքիս ես դու,
Թե հեռացել ես արդեն մի քիչ:

 

***
Ես միշտ
Մի քիչ ուշացած եմ գալիս
ժամադրավայր.
(Այդպես է կարգը):
Երանի ձեզ, ծառեր,
Որ միշտ այդտեղ եք
Եվ չեք կորցնում
Ոչ մի ակնթարթը
Նրա ներկայության:

 

***

Ես մի օր կգամ.
Լուռ կհայտնվեմ
Քո մենության մեջ
Ու… կհեռանամ:
Հետո… այլևս
Մենակ չենք լինի,
Կլինենք… հեռու…

 

***
Ես աններելիորեն ուշացա,
Ներիր:
Սպասումիդ մեծությունը
Չվիրավորելու համար
Ես նրա չափ շքեղ
Իմ լաբիրինթոսն էի կառուցում
Քեզ հասնելու համար:

 

***
Ու մտածեցի` գնացքի համար
Դժվար չի՞ լինի պոկվել իր տեղից,
Եթե աչքերս իմ պատուհանից
Որոնեն-գտնեն քո կերպարանքը
Հրաժեշտի այդ կառամատույցում:

 

***
Ասում ես` չկա ոչ մի ճանապարհ,
Որը չբերեր նույն այս փակուղուն:
Օ՜,  ի սեր աստծո,
Իմ ինչի՞ն են պետք
Աշխարհիս բոլոր ճանապարհները,
Երբ կողքիս ես դու:

 

***
Ինչ դժվար է ապրել,
Երբ քեզանից բացի
Դու քո առասպելն ես
Ապրեցընում նաև.
Ու ես քեզ չօգնեցի
Ավելի հեշտ ապրել,
Քանզի առասպելդ
Ինձ շատ էր հմայել:

 

***
Կարոտից հիվանդ մի ջութակ
Տնքում է իմ հոգում հիմա.
Ու տխուր, ու շատ է տխուր
Այդ խզված քնքշանքը նրա…

 

***
…ու մի օր հանկարծ դու սկսեցիր
պատմել մնացյալ աշխարհի մասին,
ու ես ամեն ինչ մեկեն հասկացա.
դու դնում էիր իմ ափերի մեջ
սփոփանքը այդ,
ինչպես գնալիս
նախաճաշն են միշտ թողնում սեղանին
այն մարդու համար,
ում մասին գիտեն,
որ նա այդպես էլ քաղցած կմնա,
բայց չի մոտենա
ու սառնարանը երբեք չի բացի:

 

***
Իրարից հեռացածների
մեր տարածությունը
մենք կահավորում ենք
աշխարհից հայթայթած
հնարավոր ընտիր իրողություններով`
փորձելով ապացուցել միմյանց
ազնվությունը մեր ճաշակի:
Իրարից հեռացածների
մեր դաժան մտերմության համար սակայն
մինչև անգամ իրար չխոստովանելու չափ
անխոստովանելիորեն անժխտելի է
ու չտեսնելու չափ պարզ
անկումը մեր թագավորության`
երբ տարածությանը մեր միջև եղած
այս աշխարհից էլի´ մի բան է հարկավոր…

 

***
Միևնույն մոխիրն ենք
Մենք հիմա.
Չէ որ ես այդ ինձնից
Խարույկն այն սարքեցի`
Քեզ այրելու համար:

 

***
Ես անուշադրություն էի կեղծում,
Նա` ուշադրություն.
Ահա և մեր ամբողջ պատմությունը:

 

***
Ես իմ կորուստի
Չնչինությունն եմ
Դառնորեն լալիս.
Ասա, Ժամանակ,
Դու ինձ կամոքե՞ս:

 

***
Գուցեև մենակ չեմ
Ես այս տիեզերքում.
Ես այստեղ եմ մենակ`
Իմ կողքինի կողքին:

 

***
Հարմարավետ ու տաք իմ սենյակում
հիշեցին ափերս
այրոցը ձյան.
Ու հասկացա հանկարծ,
թե ինչ է քո հանդեպ
իմ զգացածը:

 

Ամփոփումն արկածի
Սիրո մի հերթական
Հրավերի դիմաց
Ես նորից քոնն էի`
Գիշերը, երազում…

 

***
Հիմա, երբ դու չկաս,
Այս ապրել կոչվածը
Շարունակելու համար
Ինձ մնացել է
Մնացած ամբողջ աշխարհը միայն:
Ընդամենն այդքանով
Այս ապրել կոչվածը
Ես հիմա ինչպես շարունակեմ,
Ասա:

 

***
…մեկ էլ հասկացա,
որ դադարել եմ
հաշվել օրերը
առանց քեզ ապրած.
(այս մեկին կարծեմ
չէիր սպասում).
չէ՞ որ բոլորս
թաքուն հույս ունենք
հաջողել ապրել
առանց հատուցման:

 

***
Եվ քանի ճանապարհ
Ես դեռ պիտի բացեմ,
Որ մեկը վերջապես
Ինձ քեզ մոտ չբերի…

 

***
Ես չեմ բուժի իմ վերքը,
Թող այն չսպիանա.
Դա վերջին հիշատակն է
Նրանից մնացած…

 

***
                     Գ.-ին
Շունչս կտրվում է.
Ասել է թե, սիրտ իմ,
Շնչում ես դու նորից…

 

Ու դարձյալ
…Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

 

Թողնել պատասխան Գևորգ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի