«

»

Սեպ 14 2010

Տպել Գրառում

Գոհար Գալստյան | ԲԱՆԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ “ՋՐՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ” ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

ՋՐԱՊՏՈՒՅՏ

Պատմի՛ր ինձ աղոթող շուշանների մասին՝
Ջրի վրա ծնված, ջրի վրա մեռնող,
Գուշակների հեգնած անանց սիրո մասին
Պատմի՛ր ու վերծանիր, իբրեւ նրբին մեկնող…
Ասա, ինչպե՛ս սիրեց շուշանը ջրատունկ
Լեռան շնչից ծնված խելառ քամուն,
Քամուն, որ կակաչներ բեկեց, հետո բեկբեկ
Ալիք դարձավ ջրածաղկի սրտում…
Պատմիր շուշանների պաղ շուրթերի շնչի
Շրշյունների մասին՝ խորտակումից առաջ,
Խոսի՛ր, ու մոգական քո ձայնը թող հնչի
Գրկիդ ջրապտույտ շուշաններին առած…

ԲԱՑԱՌԵԼՈՒ՝ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ…

Եվ աղմուկներից՝ նահանջող օրվա,
Գիշերը՝ կամաց ամփոփվող առէջ,-
Հոգիներն են մեր մերձենում՝ լրման,
Երգոց երգի պես թերթված էջ առ էջ…
Մեր անունների վանկերը՝ ուրի՜շ,
Հիմա գաղտնակի իմաստ են առել,
Քեզ՝ իմ սողոմո՛ն, քո խափշիկուհին
Հայուհու անվամբ՝ թանկ չէ՞ առավել…
Դու՝ այրըդ զորեղ, քո բազուկը հաղթ,
Վարսերըս գրկած քնքշանալ գիտես,-
Քո շուքն ինձ՝ վրա՛ն, քո անունն ինձ՝ բա՛խտ,
Մնացյալն՝ ունայն – ունայնության պես…

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
Ա.
Հայտնվեց, որպես փոթորկի պահին
Ծովն է ցամաքի սահմանը գալիս…
Հայացքը՝ պղտոր, հոգին տենդավառ.
Լեզուն նման էր խորտակվող նավի…
Ու ամեն խոսքին՝ հուժկու մի ալիք
Պատրաստ էր նորից կլանել նրան…
“Ես եկա – տեսա՝ նույնն ես, սիրելիս,
Գնում եմ … եւ դու տխո՜ւր ես այնքան…”
Բ.
Մեզնից թալանվածն՝ օրերի միջով,
Երբ հուշով նորից դեպի մեզ դառնա,
Շուրթից շուրթ անցած ամեն բառ ու տող
Պատումից պատում անջի՛նջ կմնա,-
Մինչդեռ՝ հերքելով հմայքը պահի,
Պահով հաստատված հրաշքը ներկա՝
Կապրենք միջանցիկ քամիների մեջ՝
Բախտի բացուխուփ դռներից առկախ…
Գ.
Ամեն գիշեր, երբ կմարեն ջահերը տաք
Ու կծալվեն մարմինները վերմակի տակ,
Ամեն գիշեր, երբ ձայները օտարոտի
Կգալարվեն քամու թեւին՝ հեռու-մոտիկ,
Ամեն գիշեր, երբ կհանգչես բարձի վրա
Կամ աղոթքից հետո կասես վերջին “մեղա՜ն”,
Ես քո անվան սյունը կելնեմ ամեն գիշեր՝
Կախաղանիս պարանն օղած – ամեն գիշեր…
Դ.
Դու, որ մենության օրերից հառնել
Մակընթացության ալիքով հսկա՝
Հեքիաթասացի հաշիվը խառնել՝
Երրորդ խնձորն ինձ բերել ես ընծա,
Դու, որ երկնքի խորհուրդը պաշտել՝
Մի նոր հեքիաթի թելեր ես հյուսում,-
Մի տես, թե քա՜նի կորուստ ենք հաշվել.
Հեքիա՞թ է կյանքը, թե՞… խաչելություն…

ՊՈԵՏԻ ՄԱՀԸ

Դու հեռացար…
Մի լույս մարեց գիշերվա մեջ,
Ու մի գրիչ տողի վրա մնաց պառկած,
Դու հեռացար փութով, հանկարծ…
Քո քաղաքի կտուրներից
Մի շեկ կատու ցատկեց թեթեւ
Ու լայնաբաց ջրհորդանից
Կախեց ներքեւ իր պոչը կեռ…
Շուրջդ գիշեր, շուրջդ խավար,
Դու մութի մեջ լույսի պատառ,
Ու կտուրի այն մեծ կատուն
Պոչով քո տեղն էր դեռ մատնում.
Լուսամուտիդ փեղկի մեջ բաց,
Մի ուրվագիծ՝ պարագծված,
Ու մի չերգված խուլ մեղեդի.
“Այստե՜ղ եմ… բայց… ճախրեմ պիտի”…
***
Երբ կամուրջները
Աղոթքն ընդհատող ափերի նման
Բացվում են անցնող նավերի դիմաց,
Երբ նավերը սուր,
Հատելով արդեն կորը կամրջի,
Հեռանում են դեռ՝ հետքից թողնելով
Փրփուրի փոշի,-
Երբ կամուրջները
Բացված են արդեն երկնքի առաջ
Ու շչակները հեռու նավերի
Ողջույններ չեն, այլ ողբ են ու հառաչ,-
Ես տագնապում եմ
Ու ամեն անգամ թախծում եմ այսպես,-
Որ եթե հանկարծ
Տեղում քարանան այդ թեւերը մեծ,
Ի՜նչ կարոտանքով հետո կձգտեն
Գրավել նորից տեղերը իրենց…

ՀՐԱԲՈՒԽ

Իմ կարոտը վերելք էր լեռան,
Քո զենքերը՝ սողանք,
Իմ հավատը ընդերքն էր նրա,
Քո ժպիտը՝ սողանցք…
Հորիզոնը հեռու էր՝ ցածում
Ու մնում էր անտես,
Լեռը՝ մեծ սերերի հատուցում,
Հալածված երկու կես։
Իմ կարոտը հասել էր լանջին,
Եվ գագաթն էր մոտիկ,
Մի սլաք, մի դրոշ առաջին.
Աննվաճ մի գոտի…
Իմ կարոտն՝ անդրոշ մի զինվոր,
Մի ըմբոստ լեռնական,
Լեռան սիրտը կնիք է բոսոր,
Ու հորդում է լավան…

ԱՆՉԱՓԵԼԻՆ

Շատ բառի խորքում այդքան շատ չկա,
Շա՜տ են կարոտում ձեռքերըս ձեռքիդ,
Որբեր են երկու, երկու լուռ վկա՝
Դուրս ձգված կյանքի ճաղաճեղքերից…
Շատ բառը ինքնին ի՜նչ է, չգիտեմ,
Բայց զարկը սրտիս շատ էր անտեղի,
Երբ ձեռքերս էի մերկացնում քո դեմ
Ձեռնոցի թավշե բանտափեղկերից…
Շատը չեմ ուզում, շատը շա՜տ է քիչ,
Շատին չեմ եղել ոչ տե՛ր, ոչ գերի՛,
Բայց երբ տենչում ես՝ գոնե, գոնե քի՜չ,
Շա՜տ-շատ է թվում բեռը մեղքերի…

ՉԱՐ ԵՐԱԶ

Պատը գլխիվեր բարձրացա քեզ հետ,
Լարախաղացի չարուխը հագա,
Հնազանդեցրի դողդոջ ոտ ու ձեռք,
Մազեղեն լարը կիսով չափ անցա,
Թեքվեցի՝ տեսա կքվել ես պատին,
Իջնում ես արդեն,- բայց՝ “ինչո՞ւ ասա”.-
Հարցը՝ շուրթերիս, հողը՝ ճակատիս,-
Էս ի՜նչ երազ էր, եւ ինչո՞ւ տեսա…

ՔԱՆԴՎԱԾ ՏՈՒՆԸՍ

Մի շառաչուն ապտակ դեմքիդ իջներ
Ու ծաղրի խաղ թվար ողջը անցած
Կոպերըդ արցունքած, շուրթըդ ծարավ լիներ,
Արթնանայիր քո տան կտուրի տակ…
Խաղողի վազը գար՝ փեղկից քո ներս մտներ,
Վրան՝ մրջյունների մի շիրայոտ բանակ,
Հասած ողկույզների տեղը մատներ,
Եվ աշխարհում լիներ ծաղկուն մի բակ…
Քեզ փաթաթվեր քամին, փեշերըդ փախցներ,
Քեզ թեւանցուկ տաներ հրապարակ…
Աշխարհը հարազատ,- ճանաչելի լիներ,
Ու կորուստներ չլինեին անժամանակ…

Ո՛Չ ՄԻԱՅՆ ՌՈՒԱՆՈՒՄ…

“…Հայտարարե՛ք հարյուրամյա պատերազմ,
Օռլեանի դուստրը մահից չի խորշում…”,
Մղձավանջըդ՝ ահազարհուր, վատերա՜զ,
Քո հավատն են հերձում ժայռի մի խորշում…
Մեծադիր է մթին շուքը օտարի.
“Կախարդուհի՜…”,- հնչում է ձայնը ծանոթ.
– Մատնությո՜ւն է, քեզ մատնելու են հրի,-
Վսվսում են չղջիկները շնչիդ մոտ…
Ձեռքիդ մոմե մագաղաթ է՝ բացված էջ,
Զենքի նման՝ ընդդեմ նզովք ու նետի,
Ո՜վ է մարում հոգու կրակը անշեջ՝
Խարխափելով հեծնում փախչող առնետին…
Քո աղոթքը՝ տապանակված ձեռագիր,
Հաղորդություն պիտի դեռ տաս, ընդունես…
Զուր է բոցն ու կիզարանը՝ կրկնակի,
Թե քո ներսում հնոց կրակը ունես…
Հազարամյա՜, հազարամյա՜ պատերազմ.
“Կուռքըդ՝ ֆետի՛շ… Հերետիկո՛ս… Կախարդ կի՛ն…”
Մեկը քո մեջ ճանաչել էր հին երազ
Ու իր սիրտն էր ջանում մատնել կրակին…

***
Խավարի դիմաց լույս էր բաժանում,
Հետո արեւի լույսն էլ վերջացավ…
Գիշերվա մասին հեքիաթ չէր պատմում,-
Իր հազարումեկ գիշերը անցավ…
Հետո խավարը կատարախտ թվաց…
( Աչքերը փառից ո՜նց էր մաքրելու)…
Հետո սենյակի օդը կիսով չափ
Դատարկվեց, իսկ դու… որբացար նորից…
Հետո խավարի տեղը մեծացավ,
Ու պատերն իրար տվեցին երդում՝
Լուսամուտների բաժինը խլել,
Հսկել քեզ արթուն…
Հետո կապարե անձրեւը տեղաց,
Հետո ոսկրի դող, կրճտող ատամ,
Քառասուն օրվա քառասուն մեղադ՝
Պատասխան տվեց,- առավ պատասխան…
Հետո քեզ ծանոթ մի շող ճառագեց,
Մի լուսադիմակ իջավ երեսիդ,-
Քո հրեշտակին Տերը չառարկեց,
Թողություն տվեց Տերը՝ երկուսիդ…
Հետո ամառ ու լուսաբաց եղավ,
Զմրուխտ աշխարհներ լուսամուտներով…
………………………………………
Դու մնա ու տես՝ հետո ինչ եղավ…
Գնամ… Կպատմես, երբ քեզ գամ մթնով…

ՀԵԳՆԻ՜Ր ԳՈՒՇԱԿՆԵՐԻՆ

Օդում կախարդող ձայնն է գուշակի.
“Թախիծը մի օր դուռըդ կթակի,
Խուլ կձեւանաս, չե՛ս գա ընդառաջ՝
Բանալու ճեղքից կհոսի առաջ…
Կգա, կփարվի աչքերիդ տամուկ,
Քեզ կընտելացնի զգույշ, անաղմուկ,
Կուզես թոթափել, դիմադրել նրան,
Ապարդյուն ջանքիդ՝ իբրեւ պատասխան
Կհնչի ձայնը, նույն խոսքերը այս…”։
(Մաշված ձայների՞զ, հեգնությո՜ւն, թե՞ ֆարս).
Օդում կախարդող ձա՞յնն է գուշակի,
Ու թախի՞ծն է նույն,- ունկերըդ փակի՛ր,
Փակիր ու լսիր ներքին մեղեդին.
“Քո կողքին եմ ես”.- լսիր ձայնը իմ…

ՌԵՔՎԻԵՄ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ

Պատի ետեւում մեկը մահացավ,
Մի զույգ գալարվեց նույն պատի կողքին…
Երկար գիշեր էր՝ եկավ ու անցավ…
Սերն էր… անխոստում… փրկեց դժոխքից…
Պատի ետեւում նա, ով մահացավ՝
Աստըծո առաջ կանգնեց այդ գիշեր,
Ու պատից բացի ոչ ոք չիմացավ
Անունը սիրո… որ հետո հիշեր…
Պատի վերեւում Երկինք ու Աստված,
Պատի տակ՝ մեռնող-հառնող անկողին…
Ապրեիր՝ ինչը այստեղ էր տրված,
Հետո՛ կանգնեիր մեռնողի կողքին…

ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Միմոսի նման դեմքըս նկարեմ,
Վեր կենամ՝ գնամ… Մուտքերը բաց են,
Բայց ես կամովին գնում եմ ելքին.-
Քեզ, հրաշքի պես, խոստում չտված՝
Հայտնըվեմ այնժամ,
Երբ ներդաշնակվել կամենա հոգիդ՝
Հոգուդ տեսիլքին…
Միմոսի նման՝ քթիցըս ներքեւ
Ժպիտ նկարեմ… Ցատկեմ պարանին
Սահմանագծի, հող-երկնք խաղամ,
Ժամանակների պատնեշը հատեմ՝
Մի վերջին ճիգով,
Քթիցըս վերեւ թախիծըս առնեմ՝
Երկինք համբառնամ…

ՋՐՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ…

Ընկղմվիր… Սուզվիր…
Օվկիանոսի մութ ջրերի տակով,
Խորունկ ժայռերի անձավների թեք հարկերի միջով
Պտույտ առ պտույտ
Հասիր ջրերի ոգու ռունգերին՝
Շարժելով նրա հոտառությունը քո հանդարտ շնչով,-
Օվկիանոսի լայն, մեծ շնչառության չափը կրելով՝
Աբողջը լրիր… Ընկղմվիր դանդաղ…
Ձայնը խլության
Ծովային անհունչ արարածների
Ականջների մեջ անշշուկ թողած՝ լցվելով իջիր,
Մնալով լռին խորտակումների,
Անփակ կոպերի փառակալումի ու ժայռացումի
Անտրտունջ վկան… Ընկղմվիր անբառ…
Հոսանք առ հոսանք՝
Ջրահեղձների համրության միջով՝
Հաղթահարելով ծանր ջրերի բեռը քունքերիդ…
Ու քեզ կալանող օդի ռետինե խողովակների
Երակը պարփակ պատռելով՝ հոսի՛ր,-
Զարկելու հույսը արդեն կորցրած
Քո երակների պայթյունով ներքին՝
Արյամբ խառնվիր անհույզ ջրերի սեւ երակներին…
Խորտակվիր… Գնա՜…
Գույներ կալանող խավարի խորքում՝
Անդունդի խլված արձագանքի մեջ եղիր աննշան…
Անխռով, անճիգ, անվրդով… Սուզվիր…
Հետքից թողնելով մոռացումի պես անհասցե մի բան…
Պատառիկ՝ ամբողջ…
Ու վեր խոյացող մեծ պղպջակի թափանցիկ սրտում
Ամփոփված շնչիդ մղումով վերջին
Լույսը քո հոգու բաց թող… Դու իջիր…
Կաթնագույն, թարթող պարույրի հետքից
Տեսնելով արդեն քեզնից հեռացող
Բացահայտումի գունագեղ շղթան…
Լուծվիր ջրերի բաղադրությանը,-
Քո հիշողության անհայտ տարածքում
Վերջին բջիջով ցամաքը հիշիր… Ժայռ եղիր…
Նաեւ… օվկիանոս մնա…
Ծավալվիր… Բացվիր…
Օդի անհանդերձ պարածածկույթում անմղում, անջանք
Ծածանվիր… Ճախրիր…
Ժայռերից հեռու, ջրերից վերեւ՝ անհայտ ծիրերով՝
Պտույտ առ պտույտ, միջանցք առ միջանցք
Ճանաչիր… Լցվիր…
Կոկոնվիր անհայտ տիեզերքների մոր արգանդի մեջ.
Ժամանակների բաց օվկիանոսում
Պատրաստվիր ծեսի… Անխոստում ծեսի՝
Ծնունդ առ ծնունդ… Անուն առ անուն…
Արարչի առաջ…

Share Button

1 կարծիք

  1. Արամ Արամյան

    Գոհար Գալստյանի բանաստեղծությունների այս փունջը արտացոլում է հեղինակի մտածողության ու արտահայտության բարձր գեղարվեստականությունը, ոճի ու լեզվամտածողության կոփվածությունը, որ ինքնուրույն մտապատկերներով է երանգավորված, և նվաճում է գրական ստեղծագործության արժանիք:

Պատասխանել Արամ Արամյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>