Օքթայ Ռաֆաթ | ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

(20-րդ դարի Թուրք նորարար բանաստեղծ, 1914-1978)

Թարգմանիչ Էդուարդ Հախվերդյան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՆԱՆԸ
Շոր հագա ամպից
Կոշիկներ հողից
Խենթ էի ու սիրահար
Տերևածածկ ճանապարհները
Թողած ետևում
Դեպի քեզ եկա
Աշուն էր
Եվ Իսթամբուլը
Ծեր
Դեղին այն թռչունի ձայնը
Տարածվել էր ամենուրեք
Նստեցինք միջանցքում
Հենվեցինք թիկնակներին
Նստեցինք դեպի հին արևը
Լուսամուտի շրջանակում միայն մենք էինք
Նրանք ովքեր գալիս ու գնում էին
Միայն մենք էինք
Որ մայրամուտի հետ
Մերթ մրմնջում
Ու մերթ չէինք մրմնջում
Իմ լռությունը
Հղի էր քամու հառաչով
Երբ խոսում էի
Թափվում էին քո տերևները

ՀԱՑ ԵՎ ԱՍՏՂ
Հացը կողքիս
Եվ աստղերը հեռու հեռավոր
Հաց եմ ուտում
Միաժամանակ աստղերին նայելով
Այնպես եմ խորասուզվել մտքերի մեջ
Որ էլ չասած
Երբեմն սխալմամբ
Աստղ եմ ուտում
Հացի փոխարեն

ԱՐԵՎԸ ՋՐՈՒՄ

Արդյոք արևը ջրում
Կսկսի փայլատակել
Արդյոք ջրի սիրտը կտրոփի
Ծիծեռնակը կգա
Ինչպես սիրային նամակ
Հեռավոր սիրեցյալից
Մի ձեռքին բողբոջը նշենու
Իսկ մյուսում
Մի կտոր սեզ

ԳԻՇԵՐՆԵՐԸ

Դարձյալ գիշերները
Փակեցին մեր ճանապարհը
Եվ մենք նվաղեցինք երազանքներում
Մեզ լույսի մեջ տար
Մեզ պատմիր
Գինեվուն ծովերից
Դաշտերից ծովածուփ
Թող լույս ու պայծառությունից
Այն պատմությունը
Որ պատմում ես աչքերի համար
Անձրևի նման
Տեղա քաղաքի վրա
Ով ծերունի արեգակ
Ով Հոմերոս երկինքների

ՓՈՂՈՑՈՒՄ

Անձրևի պարանը
Սահում է ուսիս վրա
Հին մեռյալին քարշ եմ տալիս ինձ հետ
Այն փողոցով որ աչքի պես կատվի
Աչք է զառնում
Դուրս եմ սահում խոհերի աշխարհից
Բացում եմ ինչ-որ դուռ
Թվում է դուռն է իմ տան
Մի աչքով քնի մեջ
Մի աչքով արթուն
Գիշերը
Կարիճի նման իջնում է պատից

ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Երբ դու գալիս ես
Վերափոխվում եմ
Երջանիկ երկրի
Թռչունների երգերով լեցուն մի երկրի
Երբ դու գնում ես
Գլուխս օձիքիս մեջ է
Կորուստ տեսած
Մարդկանց նման

ՏՆԱԿԸ

Մենակ է
Մեն- մենակ
Ալեծուփ ծովի դիմաց ցորենի արտի
Ասես
Նետվել է գյուղի բարձունքից
Գլխածածկ հեռավոր տնակը
Երկշարք եղևնիներով

ԵՍ ԵՎ ԴՈՒ

Հազար սեր ու քնքշանքով
Հո արած մաքրել եմ քեզ
Քեզ փայլեցրել եմ
Ինչպե փարչերը պղնձյա
Մթության մեջ գիշերների
Այնպես որ այժմ
Քո կրծքի վրա շողշողում են
Ծովերն ու արևները
Եվ ամպերը
Անց են կենում
Քո ճակատի վրայով

Թողնել պատասխան

Your email address will not be published.