Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Սայաթ-Նովային
 Լուսաստղը ջրերի մեջ

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, կարծես ծովի չափ ցավ ունեմ,
Կարծես լողալ չիմացողի, խեղդվողի համբավ ունեմ:

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, ծովի նման ծարավ եմ ես,
Արևմուտքից մինչ արևելք, ու հյուսիսից հարավ եմ ես:

Այն օրվանից, ինչ ծով ունեմ, ես ամեն ինչ ունեմ կյանքում,
Բայց ինչ գտնում եմ ես ծովում, պետք չի գալիս ինձ ցամաքում…

 

 

Մտորումներ հայրական տան պատերի տակ

Մի ողջ կյանք կա իմ առջևում,
Ու մի ողջ կյանք՝ թիկունքիս,
Ոչ սկիզբն է ինձ երևում,
Ոչ էլ վերջը այդ կյանքի:

Եվ պատճառներ կան անհամար,
Որ նրանք կան, ու ես կամ,
Ու նրանցից մեկի համար,
Ես կարևոր եմ անգամ:

Մի մեծ կյանք կա իմ առջևում,
Ու մի մեծ կյանք՝ թիկունքիս,
Ու ոչնչից չի երևում,
Շա՞տ է արդյոք դա, թե՝ քիչ…

 

Սլավիկ Չիլոյանի հիշատակին

Չիլոն ասաց,-գլխիկո՛ր…
Ասաց,-բեռ կա իմ ուսին:
Ասաց,-գիշերն եմ ես քո,
Որ կուրացել եմ լույսից:

Չիլոն ասաց,-չխաբվե՛ս,
Իր տեղն ունի ամեն ոք,
Թե պոետ ես դու ինձ պես,
Ինձ նման մերկ ես, ցավոք:

Չիլոն ասաց,-գլխիկո՛ր…
Ասաց,-բեռ կա իմ ուսին:
Ասաց,-գիշերն եմ ես քո,
Որ կուրացել եմ լույսից:

 

Արևածաղկի դաշտերը Շիրակում

Ես կյանքս արևին կտամ,
Թող լինի առավոտը, թող,
Թող լինի ոսկեգույն ու թանկ,
Եվ լինեն սրսուռ ու ցող:

Ես կյանքս արևին կտամ,
Բայց մի դող, ծնկներումս մի դող,
Ինձ հուշում է, որ իրենց բեռան տակ
Ծռվելու են ցողունները հերթով:

Իսկ կյանքս՝ արևի՛ն կտամ,
Կավարտվեմ, բայց թե ի՞նչ ավարտով,
-Թող ապրեն ծաղիկները, թող,
-Թող ապրեն թռչունները, թող:

 

Ամռան չվերջացող օր

Մոտ եկա ջրին, վարդի հոտ առա,
Վարդի հոտ առա, թև ու ոտ առա:

Մոտ եկա քարին, վարդի հոտ առա,
Վարդի հոտ առա, թև ու ոտ առա:

Մոտ եկա լուսնին, վարդի հոտ առա,
Գիշերը մութ է, ո՞վ ինձ կտեսնի:

Ո՞վ ինձ կտեսնի, ո՞վ ինձ կհասնի,
Ո՞վ կհավատա վարդին ու լուսնին…

 

Խնձորներ բաժանող աղջիկը

Այդ ժպիտը տեսնես ու՞մ կմնա,
Երբ աղջիկը սեր կունենա:
Այդ ժպիտը տեսնես ու՞մ կմնա,
Երբ անցորդն էլ սեր կունենա:

Այդ ժպիտը տեսնես ու՞մ կմնա,
Երբ խնձորն ափի մեջ մեծանա,
Երբ խնձորն ափի մեջ մեծանա,
Ու փոքրիկ աղջկան մոռանա…

 

Վլադիմիր Վիսոցկուն
Երգիչն ու իր հուշարձանը

Խռպոտում է, դավաճանում ձայնս՝ ինձ,
Մի օր, հաստատ, խզվելու է վերջապես,
Ու կծնվի մի բառ, որ չեմ ասի ես,
Եվ այդ բառը դուք կիմանաք ուրիշից:

Բայց ինձ՝ խռպոտ ձայնիս համար են սիրել,
Եվ իմ կոպիտ խոսքերը միշտ առանձին,
Հմայքներ են նրանց կյանքին նվիրել,
Հմայքներ են նրանց կյանքին նվիրել:

Եվ ով կգա փափուկ ձայնով խոսելու,
Նա առաջին իսկ օրվանից կիմանա,
Թե՝ իրենից ինչեր են դեռ ուզելու,
Թե՝ իրենից ինչեր են դեռ ուզելու…

Խռպոտում է, դավաճանում ձայնս՝ ինձ,
Մի օր, հաստատ, խզվելու է վերջապես,
Ու կծնվի մի բառ, որ չեմ ասի ես,
Եվ այդ բառը դուք կիմանաք ուրիշից:

 

Հավերժական սերը, պատահական կանայք եվ հաշմանդամը

Իզուր ես նայում ինձ այդպես,
Իմ կողքից անցնում են օրական,
Հազար-հազարը քեզ պես,
Նայվածքով, թե՝ մի օր կգամ:

Իզուր են աչքերը քո տաք,
Փորձում իմ սառույցը շարժել,
Թե՝ մենք քեզ երազներ կտանք,
Նրանցից, որ թանկ արժեն:

…Քիչ հետո մեկ ուրիշը կանցնի,
Որ նորից խոստանա ամեն ինչ,
Ու շքեղ իր մարմինը հանձնի,
Ուժեղի՛ն, ուժեղի՛ն ամենից:

Իզուր, իզուր ես մտածում,
Որ ինձ հետ կարելի է և այդպես,
Ինձանից չունես դու պրծում,
Եթե կարոտել եմ ես քեզ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.