Սոնա Սերոբյան | ՎԵՐԱԴԱՐՁ

-Որքա՜ն գեղեցիկ է այս երկինքը` պարզ, կապույտ, որ կարծես ձուլվում է աչքերիս ու դառնում իմ անսահմանությունը,-ասաց Աննան ու չքնաղ, լուրթ աչքերը հառեց վեր: Բելլան հիացմունքով էր նայում Ռուսիայից վերադարձած իր ընկերուհուն. նրան մի պահ թվաց, որ, իրոք, երկնի կապույտը ցած է իջել ու տարածվել Աննայի աչքերում:
-Դե լա՜վ, էլի սկսեցիր,-վերադառնալով իրականությանը` նշեց նա,- լավ կլինի` պատմես, թե այս ամիսների ընթացքում ինչով ես զբաղվել, քանի երիտասարդի սիրտ ես կոտրել և, ընդհանրապես, ինչու հետ եկար:
-Բե՛լլ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես դու ես պատկերացնում:
-Նկարներդ նայելիս այդ տպավորությունը չստացա. իսկը քո տեղն էր: Իզուր հետ եկար. ի՞նչ կա այս հետամնաց ու աղքատ երկրում: Եթե ես լինեի քո փոխարեն, երբեք չէի վերադառնա: Համ էլ այնտեղ հայեր շատ կան, չէ՞:
-Հետո ի՞նչ…
-Կամուսնանայիր ու երջանիկ կապրեիր հայրենակիցներիդ մեջ:
-Ի՞նչ. քեզ թվում է` նրանց կարելի՞ է հայրենակիցներ համարել:Ինչո՞վ, այլասերված նկարագրո՞վ: Գիտե՞ս, նրանցից շատերը ժամանակի ընթացքում դարձել են նախանձ, ցուցամոլ ու շահամոլ: Նրանք մոռացել են, թե ինչ ասել է ազնվություն, համեստություն, և, ամենացավալին, կորցրել են իրենց ազգային պատկանելությունն ու արժանապատվությունը:
-Գոնե անհոգ ու երջանիկ կլինեիր:
-Չէ՛, դու երևի ինձ ծաղրում ես:
— Լա՛վ, արի վերջ տանք, թե չէ շարունակ կվիճենք այս թեմայի շուրջ,- ասաց Բելլան:
-Իսկ դու պատմիր` ինչով ես զբաղվել այս ընթացքում:
Բելլան սկսեց պատմել իր հետ պատահած մի շարք դիպվածների մասին: Բայց Աննան, ընկած մտքերի մեջ, նրան չէր լսում:
-Պատկերացնու՞մ ես` ինձ թողեցին մենակ, ու ստիպված էի ծանր ճամպրուկները բարձրացնել ավտոբուս:
-Պատկերացնում եմ, այն էլ ոնց,- սթափվելով պատասխանեց Աննան:- Քեզ չե՞մ պատմել, թե ինչպես հասա Ռուսաստան:
-Չէ, չես պատմել:
-Մեկնողը ես էի. այդ ուղևորությունն առանց արկածների պարզապես հնարավոր չէր: Ինչ ասես, որ չեղավ:
-Ես նույնիսկ կզարմանայի,եթե ամեն բան հարթ ընթացած լիներ,-ծիծաղելով ասաց Բելլան:
-Ամեն ինչ սկսվեց, երբ Զվարթնոցում հայտարարեցին իմ չվերթի ուշացման մասին: Ուղիղ չվերթ չէր. նախ պետք է Մոսկվա հասնեի, ապա անմիջապես Իրկուտսկ մեկնող ինքնաթիռը նստեի: Մերոնք խուճապի էին մատնվել, իսկ ես լուռ հետևում էի օդանավակայանի անցուդարձին` անգամ չկասկածելով, որ հենց այդ ուշացման պատճառով ստիպված եմ լինելու ծանր ճամպրուկս ամբողջ ուղևորության ընթացքում հետս քարշ տալ:
-Վա՜յ, Անու՛լ ջան, ո՜նց եմ քեզ սիրում,-բարձր ծիծաղելով՝ բացականչեց Բելլան,- դու երբեք չես փոխվի: Ամեն ինչ կտայի, միայն թե քեզ այդ պահին տեսնեի:
-Գիտե՞ս ինչն էր հետաքրքիր. միշտ չեմ սիրել ռուսներին անչափ սառը և անտարբեր լինելու համար: Բայց երբ Մոսկվայում էի, հենց ռուսներն ինձ օգնեցին, նույնիսկ առանց խնդրելու,, մինչդեռ հայերից օգնություն խնդրելով՝ արժանացա լոկ արհամարհանքի:
-Գիտեմ, ասում են` նման դեպքերում ոմանք նույնիսկ հայերեն չեն խոսում, որ իրենց հետ գործ չունենաս:
-Բախտս բերեց. հենց Իրկուտսկ մեկնող ինքնաթիռում մի ռուս կնոջ հետ ծանոթացա: Երբ ինքնաթիռը ձնաբքի պատճառով ստիպված Նովոսիբիրսկում վայրէջք կատարեց, որտեղ մնացինք մոտ տասը ժամ, հնարավորություն ունեցանք ավելի լավ ճանաչել իրար: Այդ փոքրամարմին ու հասարակ արտաքինով կինը յոգայի ուսուցիչ էր: Կարծես ընդհանուր շատ բան ունեինք. խոսեցինք գյուղական կյանքից, կրոնից, մշակույթից: Ի դեպ, նա ինձ պատմեց իր ուսանողական տարիներին Հայաստան կատարած ուղևորության մասին:
-Ծանոթությունների հարցում բախտդ միշտ բերում է:
-Մի խոսքով, դժվար, բայց և հետաքրքիր ուղևորություն էր: Իհարկե, հիմա միայն ծիծաղելի հիշողություններ են մնացել: Լա՛վ, դա մի կողմ դնենք: Վաղը մեկնում ես, հա՞,- տխուր հարցրեց Աննան, երբ արդեն պիտի բաժանվեին:
— Մեկնում եմ: Չգիտեմ որքան ժամանակով: Կվերադառնամ, եթե գործերս վատ լինեն:
-Ես քեզ շատ կկարոտեմ:
-Ես էլ:
Աննան հրաժեշտի պահին գրկեց Բելլային ու զգաց, որ կոկորդը սեղմվում է :
«Նա էլ է գնում »,- մտածեց ու տխուր հայացքով նայեց հեռացող Բելլայի հետևից:
Աննան շատ էր կարոտել Երևանը: Քայլում էր մարդաշատ ու հարազատ մայթերով ու հիշում Անգարսկի սառը, խորթ ու գրեթե դատարկ փողոցները:
Քայլելուն համընթաց՝ ինչ-որ տարօրինակ մի զգացում նրան հանգիստ չէր տալիս: Նրան թվում էր, թե շուրջը շատ բան է փոխվել: Բայց հանկարծ գյուտ արածի պես խորհեց. «Այդ ե՛ս եմ փոխվել, ոչ թե Երևանը»,- և կարծես ինքն իր ասածին չհավատալով` կանգ առավ: Ինքը չէր ուզում մեկնել. համոզված էր, որ ծնողները կհասկանան իր ապրումները: Ո՜չ. պատճառաբանել, թե չի սիրում այդ երկիրը և չի ուզում մեկնել Հայաստանից, անիմաստ էր. «Մերոնք կծիծաղեին ինձ վրա ու լուրջ չէին վերաբերվի: Ընտանիքս երբեք էլ ուշադրություն չի դարձրել իմ հայրենասիրական զգացումներին,- ափսոսանքով մտածեց Աննան,- հնարավորության դեպքում, հայրս, որ համարյա քսան տարի Ռուսաստանում է աշխատել, կգերադասեր՝ այնտեղ ապրեինք, թեպետ պատճառը մեզ ամեն ինչով ապահովելու ցանկությունն էր, իսկ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ»: Աննան տխուր հառաչեց ու շարունակեց քայլել:
Հաջորդ օրն առավոտյան Աննան և մայրը պատշգամբում սրճում էին:Այնքան գեղեցիկ էր այդ առավոտը. դյութող ջինջ երկինքը, արևի պայծառ ու բարի շողերը, որոնք ասես համոզում էին ծաղիկներին քնից արթնանալ: Այգին լի էր զանազան մրգերով: Անգամ ամենափոքր տերևին նայելով՝ Աննան կյանքով ու ջերմությամբ էր լցվում: Նա հիացած, անհագուրդ նայում էր շուրջը, ասես ուզում էր հիշողության մեջ հավերժ պահել այդ առավոտի ամեն մի մանրուքը:
Նա մտովի պատկերացրեց Անգարսկի մռայլ ու ցուրտ առավոտներից մեկը , երբ ինքը, կանգնած պատուհանի առջև ու խորասուզված մտքերի մեջ, դիտում էր դրսի անհրապույր, սպիտակ գորշությունը:
-Այսօր շատ լուռ ես, ի՞նչ է պատահել,- հարցրեց նրան քեռակինը, որն աննկատ սենյակ էր մտել:
-Չէ՛, ոչի՛նչ, պարզապես մտածում եմ,- պատասխանեց Աննան` հայացքը պատուհանի միապաղաղ տեսարանից չկտրելով:
-Ինչի՞ մասին:
-Հիշու՞մ ես` որքան խորթ ու դժվար էր ինձ համար այստեղ առաջին օրերին:
-Իսկ հիմա ի՞նչն է փոխվել:
-Չգիտեմ…
-Դե շատ ես խորանում, կուզե՞ս միասին խանութներով անցնենք,-առաջարկեց նրան քեռակինը` համոզված լինելով, որ նա չի հրաժարվի:
-Իհարկե՛, միայն թե ինձ կարգի բերեմ,- ուրախ-ուրախ պատասխանեց Աննան:
Անտրամադիր օրերին միշտ էլ այդպես էին անում. հերթով անցնում էին խանութներով ու փորձում, ինչ սրտներն ուզեր: Հետո լի պայուսակներով ու բարձր տրամադրությամբ վերադառնում էին տուն:
Որքան էլ որ Աննան չցանկանար ընդունել, շատ հարցերում բնիկները հայերից կիրթ ու առաջադեմ էին, նախանձելու չափ ազատ ու առանց բարդույթների: Երբեմն նա էլ տրվում էր գայթակղությանը, սակայն մի բան կար, որ խանգարում էր լիովին ազատ լինել ու նրանց նմանվել: Ներսում խռովության մեծ ալիք էր բարձրանում, հիասթափություն էր ապրում, հետո հանդարտվում: Շատ հաճախ տեսնելով այդ շքեղ ու անհոգ կյանքը՝ չարությամբ էր լցվում նրանց ու խղճահարությամբ` համերկրացիների նկատմամբ: Որքան հեշտ և դժվար էր այնտեղ ապրելը: Նա մոռացել էր իր բոլոր խնդիրների, նպատակների ու սկզբունքների մասին: Ամեն ինչ կարծես հենց այդպես էլ եղել էր ու լինելու էր:
-Անու՛լ,սուրճդ սառեց,- նրա մտքերն ընդհատեց մայրը:
-Մա՛մ, գիտես` որոշել էի մնալ և աշխատել այնտեղ:
Մայրը զարմացած նայեց նրան:
-Չէ՛, բայց մտածի՛ր, թե ինչ լավ կլիներ: Ես կարող էի դպրոցում աշխատել: Այնտեղ եռակի ավել են գնահատում ուսուցչուհու աշխատանքը:
-Բա ինչու՞ վերադարձար:
-Կորցնելուց հետո ես միայն հասկանում ու գնահատում քո ունեցածը: Չե՛մ ուզում լոկ հիշողությամբ ապրել, ուզում եմ տեսնել, մարմնիս բոլոր բջիջներով զգալ ու ըմբոշխնել բոլոր առավոտները, ինչպես այս մեկը…Սկսեցի հասկանալ, որ իմ տեղն այստեղ է: Այստեղ` իմ հայրենիքում, ես ուժեղ եմ, ազատ, ես ես եմ:
-Շա՛տ ես խոսում,- նրան ընդհատեց մայրը,-լրիվ տարվել ես հայրենասիրությամբ: Կյանքն այլ բան է: Դու չես կարող տասնութ տարեկան խենթ ու անպատասխանատու դեռահասի նման քեզ պահել:
-Մա՛մ, սրանք պարզապես խոսքեր չեն: Սիրտս այնքան է ուզում՝ բոլորս մեկտեղ լինենք, որ մեզ բաժանեն սանտիմետրերը, միլիմետրերը, այլ ոչ հազարավոր կիլոմետրերը: Ինչու՞ մենք չենք կարողանում բավարարվել մեր հայրենիքով ու թափառում ենք աշխարհով մեկ: Թվում է` փոքրիկ Հայաստանը ուժ չունի մի տեղ համախմբել բոլորին: Դեմ չեմ, ամեն մարդ ինքն է տերն իր ճակատագրի, բայց ինչ-որ բան անելուց առաջ ուզում եմ լավ կշռադատել, թե արդյո՞ք դա այն է, ինչ ուզում եմ: Մա՛մ, մի՞թե համաձայն չես, որ մարդ երջանիկ է, երբ տանն է՝ իր հարազատ հարկի տակ… Մեր տունը մեր հայրենի հողն է, որ իր մեջ կրում է մեր անցյալն ու ներկան: Իսկ առանց անցյալի ու ներկայի՝ ապագա չկա: Մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին: Ամեն մարդ ինքն է ոչ միայն իր ճակատագրի տերը, այլև կերտողը…
-Էդ տրամաբանությամբ ոչ մի տեղ չես հասնի:
-Մա՛մ,- Աննան քիչ նյարդայնացած նայեց մորը, բայց իսկույն հանդարտվեց,- գիտեմ, որ մտահոգվում ես, ուզում ես մյուս բոլոր աղջիկների պես ես էլ ամուսնանամ, ընտանիք կազմեմ, երջանիկ լինեմ: Բայց հասկացի՛ր, չեմ ուզում ամուսնանալ պարզապես ամուսանած լինելու համար: Իմ սրտում դեռ ոչ ոք չկա: Գիտեմ, այնտեղ ավելի մեծ էր դրա հնարավորությունը…
-Եվ չի էլ լինի, եթե այսպես շարունակես: Ամեն ինչի մասին մտածում ես, բացի դրանից:
— Ավելի կարևոր հարցեր կան:
-Ի՞նչ հարցեր: Անձնական երջանկությունից ավելի կարևոր ի՞նչ կարող է լինել: Լավ է, որ հայրենասեր ես, բայց անձնազոհություն անել պետք չէ:
-Դու չափազանցնում ես: Մի՞թե կարելի է երաշխավորել երջանկությունը՝ օտար ափեր մեկնելով կամ ամուսնությամբ: Քի՞չ աղջիկներ են դժբախտանում՝ հեռանալով հայրենիքից…
-Հասկացի՛ր, մենակ մնալով՝ ոչինչ չես կարող անել:
-Ես հո չեմ պատրաստվում ողջ կյանքս մենակ մնալ, բայց ուզում եմ համոզվել, որ գտածս սրտիս ուզածն է: Իսկ հայրենիքի նկատմամբ սերը քեզնից եմ ժառանգել…
Մայրը լռեց ու նայեց նրան գորովանքով:
-Ժամը քանի՞սն է,-հանկարծ հիշեց Աննան::
-Երևի արդեն ինը: Ինչու՞:
-Մեկ ժամից հարցազրույցի եմ, կուշանամ, եթե չարագացնեմ:
-Էլի՞ հարցազրույցի:
-Դե՛, գիտե՛ս…,-Աննան խորամանկ ժպիտով նայեց մորը ու վազեց ներս պատրաստվելու…

Թողնել պատասխան

Your email address will not be published.