Սաթ Ռշտունի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սաթ Ռշտունի

Սաթ Ռշտունի

1. մամ

բոլոր աղջիկները չվում են,մամ.
պապան ասում էր .
« աղջիկներն ուրիշ երամից են»…
հիմա ես էլ…
ես էլ եմ չվում,
ու բաժանման երեկոն
դողացող շուրթերիդ պես
սեղմվում է,
դու ժպտում ես.
վախենում ես կարոտին չդիմանալ,
բայց դու`
դու իմ ուժեղ ու մեծ աղջիկն ես,
մա´մ,
ու բոլոր բաժակաները
քո համբերության համար դատարկ են,
ու բոլոր բաժակները
քո դիմանալու չափ
բերնեբերան…
դու վնգստացող ճամփեքին
մի կտոր հաց ես շպրտում,
ու հավատում,
որ մի օր
ուրախ հաչոցով
ինձ տուն կբերեն,
դու էլի կգրկես իմ փարթամ գլուխը,
քո աման-չամանից
ու լվացքից
էլի իմ հոտը կգա…

ավազի հատիկների հետ սողում են վերջին
վայրկյանները…
ես էլի չվում եմ հեռու- հեռու.
աղջիկներն ուրիշ երամից են,
մա՛մ:

 

2. -Պա´պ- շարքից
պա´պ

ամեն անգամ հայր նկարելիս
բեղերդ եմ հիշում,պա´պ,
ավազի մեջ գծում եմ քեզ,
ձեռքերով ոտնահետքերդ չափում,
դու երբեք չես հեռացել մեզնից,
բայց միշտ վերադարձել ես,պա´պ,
ու շեմիդ դհոլ-զուռնայով
միջակետ ենք դրել.
որովհետև,
որովհետև դու ուրիշ ես,պա´պ.
քեզ վերջակետելը մեղք է,
բազամակետելը`անհնար…

պա´պ

դու երբեք հայր չեղար ինձ համար,
ու երբեք հայր չունեցա ես,պա´պ,
դու եղար իմ հավատարիմը,
իմ ամենսիարածը` ձի,
ես քո չոր ուսերից տեսա բոլորին,
պա´պ,
ու բոլորը ինձ տեսան
քո չոր ուսերին,
դու շատ հոգնել ես,
մաշկդ աղի է միշտ,պա´պ,
ու թաց են մազերդ

 

3. սպանդարամետ

խաչից կախված
գլխիվայր ճոճվում եմ` երկինքը հաշվելով,
արյունը կաթում է ուղեղիս.
(զգուշացրել էր մայրս):
ես տեսնում եմ բոլոր
վառվող տաբատները
ու սպասում նոր նահատակության.
սպանդարամետ, ես քո կինն եմ
ու անիծում եմ մարդկանց,
որ երբևէ հորինել են քեզ:
ես քո խիղճն եմ,
ու դանակի նման խրված եմ մնալու
կոկորդումդ,
մինչև չհատես տրամագիծը մոլորակի
ու խոցի պես չնետվես դուրս.
թող երկրի ծակոտիները սկսեն շնչել,
սպանդարամետ.
դու գարշելի ու չար ես,
բայց ես քո կինն եմ
ու երդվում եմ կգամ քեզ հետ
այրվող մորուքդ փառաբանելով,
դու էլի աստված ես:
ես գլխիվայր խաչից կախ
երկինքն եմ հաշվում, սեր իմ,
ու խաղում եմ կրակներիդ հետ,
դրանցից ծաղիկ եմ սարքում,
ջուր ու մարդ,
իսկ դու վառիր,
վառիր հետագիծը մեր…

*Սպանդարամետ.- Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ:

 

4. քուր

մամայի փորի մեջ քեզ էի նկարում,
քու´ր,
ծնունդիս բոլոր օրերին տեսնում
մեծ օդը բերանումդ պահած,
որ մի երկու մոմ էլ դու հասցնես փչել.
իմ տորթերը քո աչքին միշտ
ավելի լավն էին,
մեծ ու գունավոր:
Դու մորս արգանդից ծնված իմ դուստրն էիր`
պորտալարիցս կախված փոքրիկ խալի պես,
որի բարուրը գրկելիս`ինձ մեծ էի զգում:
քո մեծանալու ընթացքում
ես էլ հասցրի մեծացնել քեզ,
մի քիչ մամա մեծանալ,
մի քիչ բժիշկ
ու մի քիչ դասատու:
դու իմ ժամանակն էիր`
իմ գունավոր ժամանակը,
որ փաթաթեցի ծաղկավոր անձեռոցիկի մեջ
ու դրեցի մեր ծղոտե զարդատուփում.
դու իմ պահեստային մանկությունն ես…

 

5. ես

ես կին եմ `
արքա ու երկաթ…
դիմափոշին նստել է
հայելուս աչքերին.
ես կույր եմ,
առավոտներն ու գիշերներն ինձ համար
նույն նախշերն ունեն`
վանդակավոր,
սենյակումս ճզմված լիմոնի
դառը կեղևահոտ կա.
դու դեռ քնած ես,
ես պարտված աշոտ եմ`
կին ու երկաթ

 

6. * * *

Մորուքով տղամարդիկ հերթով կպոկեն թերթերդ,
ու դու մանկության կաշվի տակ
կզգաս թաց պարանոցդ,
որ թաց չի լինի ինչպես
կնոջ ոտքերը մայրանալուց առաջ
կամ դստերդ ափերը`
մկրտությունից հետո,
քո մեջ կթպրտան կարմիր կաթիլները,
ու տղամարդիկ
կզգան փշաքաղված մարմինդ,
կտեսնեն ու կանցնեն
վրայովդ,
կտրորեն փշերդ ու կպատռեն
կաշիներդ բոլոր.
դու նրանց աչքին կին ես
ու ոչ մայր,
դուստր կամ քույր…
տղամարդիկ կպաշտեն ծնկներդ միայն,
որոնց վրա,
կթուլանան,կլացեն ու կբավարարվեն`
սուտ-բարեպաշտ մորուքները
մահճակալիդ տակ նետելով:

 

7. ստվերներ

իմ մանկության չափ
ցուրտ ու մութ
ու իմ մանկության պես ուրախ
կճոճվի ժամանակը
ու կվազվզի ստվեր-նապաստակների պես
պատերի վրայով,
ես կլացեմ ինչ որ երկու պատի
իննսուն անկյան տակ,
ու կգռմռան տիկնիկների
սոված ստամոքսները:
սուրճի հատիկի պես մանր
ու սուրճի հոտի պես զրնգուն
առավոտները կշրջանցեն գիշերներին,
ափսեները`լիքը ափսեներին,
կփոխվեն ժամանակները,
բայց ես էլի կմրսեմ ու սոված կլինեմ
պատերին վազվզող
հորս մատների պես:

 

8. ես սովորական կին եմ…

ես սովորական կին եմ…
գունավոր տղամարդիկ սողում էին շուրջս,
բայց ես թունավոր էի.
երբեք չդավաճանեցի թագս,
որ փշալարի պես
խճճվել էր մազերիս մեջ
ու քերծում,
ու քամում էր ճակատս…

ես սովորական կին եմ…
բայց սովորեցի լինել ռազմիկ,
սովորեցի քայլել առանց կոշիկների
ու սեփական մաշկով տրորել
ֆսսացող եղեգները.
պիտի ոտնահետքերովս
ճանապարհ ցույց տայի քեզ,
կի´ն մարդ:

ես սովորական կին եմ…
թագս կոկորդումս պահած
պիտի գլխատվեմ,
բայց գլուխս փշրիր
տղամա´րդ իմ,
որ սենտիմենտալ թշնամուդ
հավաքածուն
քո կանանց գլուխներով չշատանա:

Ես Փառանձեմն եմ,
բայց ժայռերից
թափվող մանր կանանց պես
երջանիկ չեղա…

2 comments

  1. Satenik Rshtunun der en glkhic em havanel. Mer ojtvac
    u eritasard banasteghcuhineric e. Spaselikner shat kan.

    • khanum on 20 Օգոստոսի, 2013 at 10:51 ե.
    • Reply

    Shat gexecik stexcagorcutyunner, arajin banstexcutyune shat huzich er.

Թողնել պատասխան Garush Haryants-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.