Գիթի Խոշդել | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

GKH11

Պարսկերենից թարգմանեց  Էդուարդ Հախվերդյանը

Որ որ նայես աստղ է ծլում

Եթե ձեռքերս տաքացնի,
Շապիկիդ արևը
Ամեն մի բառը թռչուն կլինի`
Ճախրանքում:

Ես մինչև ո՞ր բարձրությունը կթռչեմ,
Քեզանից բացի ոչ ոք չգիտի…

Լռությունները միահյուսում եմ,
Ինչպես ուռկանը ձկնորսության,
Սակայն տարածքով ծովի:

Երկրից մինչև երկիր,
Լուսնից մինչև լուսին,
Արեգակից մինչև արեգակ,
Ուր որ նայես աստղ է ծլում
Եվ բոլոր անձրևները
Դառնում են մարգարիտներ:

Փակում եմ աչքերս ու ճամփորդում եմ
Դեպի քո կամքը,
Դեպի այն մարմինը, որ հյուսել եմ
Շուրջը այս մարմնի,
Եվ հարձակվում եմ դեպի բջիջները ճակատագրիս,
Թերևս ինքս իմ մեջ տարալուծվեմ…

 

Ինձ ուսուցանիր
տոկունությունը համբերության

Բոլոր անհամբեր թմբուկները
Հարվածում են երակներիս պատերին,
Եվ բոլոր զանգերը
Ղողանջում են սրտիս մեջ,
Միթե՞ դու էլ իմ լռությանն ես խաբվում,
Ասես քո ժամանակը
Տարբերվում է իմ ժամանակից:
Ինձ ուսուցանիր տոկունությունը համբերության,
Չլինի հանկարծ այլոց ներկայությամբ
Քղանցքդ բռնեմ
Կամ կառչեմ քո ժպիտից:

 

Միակ մեղքս հայելուն նայելն էր

Միակ մեղքս հայելուն նայելն էր
Եվ անեանալը քո մեջ,
Երբ ինձ էիր նայում…
Միակ մեղքս բացելն էր լուսամուտի
Եվ հրավիրելը քո մազերի բույրին,
Որ տարածվի իմ մենության այգու մեջ:

 

Մահից չեմ սարսափում

Ժամանակը, ինչպես վայրի մանուշակներ,
Ծլարձակեց քո մատների արանքում:

Ինձ քաղում ես այգուց…
Մահից չեմ սարսափում,
Մի օրվա կյանքը
Քո ծաղկամանում
Բավական է ինձ…

 

Դու ամենաբարձր շատրվանն էիր

Իմ քայլերը փոքր էին,
Իսկ քո աշխարհը` մեծ:
Իմ ուրախությունը կտեղավորվեր
Մի թռչունի սրտի մեջ,
Սակայն դու անէանում էիր`
Անծայրածիր տիեզերքում…
Մատներս շոշափում էին
Նուրբ ցողունը ծաղիկների,
Սակայն դու
Ամենաբարձր շատրվանն էիր,
Եվ ամենավերին կաթիլներդ
Կորցնում էի երկնքում:
Երբեմն գլուխս ընկնում էր ծնկներիդ
Այն պահին, երբ
Սուզվում էի փերիների հեքիաթներում:

 

Սիրտս դողում է քո վեհատեսությամբ

Ինչպես երեխա ժամանակ
Գրքերի արանքում
Չորացնում էի թիթեռնիկներին,
Քո աստվածային կամքը նույնպես
Դնում եմ այս գրքի մեջ…

Սիրտս նույնպես
Ձմերուկի պես ձեռքս եմ առնում
Եվ քո դիմաց ծնկի եմ գալիս,
Սիրտս դողում է քո վեհատեսությամբ
Եվ լուռ մրմունջով ասում է.
— Գիտեմ իմ գտած ամենաթանկ գոհարը
Քո կամքն է
Քեզ հետ պայման եմ կնքում,
Այս գաղտնիքը նույնպես
Հենց այս գրքի արանքում պահել…

 

Այն օրվա հիշողությամբ
երբ նկարում էիր երկրագունդը

Տեսանք մեղրաճանճերին`
Քո քաղցր խոսքը
Իրենց փեթակները տանող:
Եթե ծաղկեն խորհրդանիշները,
Քեզ համար կկառուցեմ
Փիրուզագույն մի գմբեթ,
Այն օրվա հիշողությամբ,
Երբ նկարում էիր երկրագունդը,
Իսկ ես քեզ էի տալիս ներկերը

 

* * *

Բոցը ելավ,
Եվ մթությունը այրվեց…
Լույսից հարցրի անունդ,
Ցույց տվեց արտը…
Եվ տեսա
Գետնից ամեն մի հյուլե վերցնելով`
Արև է դառնում
Եվ ամեն քայլքդ մի նոր բանաստեղծություն`
Կակաչների կրծքին:

 

* * *

Նա վերադառնում է,
Որպեսզի իր նոր անունը ճահճին ասի,
Եվ նստած իր սայլում
Հանգիստ անցնի արևի ներքո…

Նա գյուղ կգա այս գիշեր,
Կնայի լուսնին,
Կնստի իր գերեզմանին
Եվ ինձ կտեսնի…
Ես հենց այն նունուՖարն եմ,
Որ տարիներ առաջ
Ծաղկել էի
Նրա լուսամուտի տակ…

 

 

* * *

Ինչու՞ այստեղ գարուն չի գալիս,
Եվ ոչ մի մասրենի
Չի նստում իմ վարսերին:

Մի ձայն ասում է.
— Դու գերեզմանատանը
ՆՆջել ես քարի տակ,
Ուրեմն փակիր աչքերդ
Եվ տնավորվիր
Քո բաժին լռության մեջ:

Հարցնում եմ, եթե արթնանամ
Արդյոք այս քարը մի կողմ կքաշես,
Որպեսզի քո գյուղում, կրկին անգամ,
Նստեմ քո դիմաց…

Ձեռքերը վերցնում են քարը.
Մի քար սրտիցս,
Մի քար ճակատիցս,
Մի քար ճակատագրիցս…

 

* * *

Կոկոսենու ճյուղերը
Երևում են լուսամուտի ետևում
Եվ այլևս ոչ մի թաշկինակ
Չի սրբում ճակատս…

Երեկ գիշեր
Հազարավոր թռչուն տեսա երազում,
Թռչունը, որ վանդակում էր,
Ես էի:

 

* * *

Հեքիաթներդ
Պատմում էի գետին,
Հազար սիրտ
Քիչ էր
Գիշերվա մաշկը շոյելու համար…

Այգաբացին հաց էի թխում,
Մայրամուտին
Երկնի բանաստեղծությունները
Գրում էի կոկոսի տերևի վրա,
Թերևս մենությունս լեփլեցուն դառնա…

 

* * *

Փոքրիկ մի նավակ
Նավարկում է մեծ ջրերում,
Ձեռքին մի կտոր հաց…
Նավավարը գիտի կխորտակվի,
Չի ծածանում առագաստները,
Երգում է.
— Նոյը իմ նավապետն է,
Դեպի քեզ եմ գալիս,
Ո~վ սիրո բարձր բազուկներ…

1 comment

  1. Հրաշք բանաստեղծություններ են, պարզ ու գեղեցիկ բանաստեղծության մեջ հանկարծակի հնչող խորիմաստ փիլիսոփայական մտքերով, տողեր կան, որ ուղղակի կախարդում են:
    Հարգանքներով
    Ակսել

Թողնել պատասխան Ակսել Վարդանյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.