Փուրիա Սուրի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փուրիա Սուրի

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Գրախառն
Նստել ես
Վերանայում ես գծերը վերնաշապիկիս
Որ կողմից էլ գնում հասնում ես ինձ
Նստել եմ
Կողքդ չէ
Դիմացդ
Չեմ նայում քեզ:
Փողոցում որ մեծացած լինես
Պատկերդ որ ձեռքից ձեռք փոխանցած լինեն ցուցափեղկերը գունազարդ
Անտեղյակ չես մնա դեպքերից կարմիր ու սպիտակ
Գնում ես
Նստում ես քաղաքի հրապարակների արձանների դեմդիմաց ու հառում ես հայացքդ
Ագռավները գալիս են
Ամպերը գալիս են
Ավտոմեքենաները անցնում են
Մարդիկ անցնում են
Մնում ես հառած
Արդեն անգիր գիտես տան առաստաղը
Նայում ես աչքերիս
Քրտինքի կաթիլները գլորվում են ճակատիցս:
Ինչ-որ օրեր խորհում եմ որ շատ հանգստանալը պայծառամիտ մասնագիտություն է
Թերթում եմ օրաթերթերը
Շրջափակման հայտարարություն տարաբախտ երիտասարդ տոհմի մեծը
Աճուրդի հայտարարություն այսինչ ընկերություն այնինչ նախարարություն
Հայտարարությունների կազմակերպություն կապ հաստատեք մեզ հետ
Չեմ նայում քեզ
Քունը տիրել է աչքերիդ
Աչքերդ որ արթուն չլինեն կորցնում եմ հետքը մտքերիդ
Չեմ նայում քեզ- քիչ է մնացել մինչև առավոտ-
Քայլում եմ սենյակում:

Բույրդ
Պետք է տուն վերադառնամ
Սակայն բույրդ
Բաց չի թողնում օձիքը վերնաշապիկիս

Նաստալգիա
Ծիծաղեցիր և ծիծաղեցի
Թերթվեց ճակատագիրը
Դու գնացիր և ես մնացի
Պատկերը աղճատվեց
Ես մնացի ու ծիծաղեցի
Ես մնացի ու ծիծաղեցի
Ես մնացի ու ծիծաղեցի

Ենթարկվածություն
Ստրկություն է ապաքինումը այս ենթարկվածի
Լուռ են ինչ-որ գիշերային սիրայիններ
Որ շշմած ու մերկ
Թախծոտ ու համբերատար
Ցավագար են ինչ-որ եկվորների գաղտնիքով
Ապավինում են մի կնոջ երակներին որ դանդաղ
Հայտնվում է դռան շեմին
Ես հոգնել եմ ծառի ազնվությունից որ գարնանը կանաչ է մշտապես
Եվ աշնանը դեղին
Կարմիր ծառ եմ ուզում որ արևի երգը
Արևածագի ու փախչի
Այս գիշեր անխարդախ այս լճակում հյուրընկալն եմ արևի
Եվ դիտորդը նրա վերջին շնչի պղպջակների
Այս գիշեր ապաքինում եմ ստեղծել այս ենթարկվածության ստրկությանը որ
Վաղը ոչ ոք
Չհիշի

Եթե իմ տունը…
Եթե իմ տունը գաս
Փողոցի տագնապը դռան ետևում թողնելով
Գորգի ծաղիկներին ազատիր երկնուղեշ փայտից
Եվ արծաթափայլ բարդիների կողքը
Այն ճոճանակում որի վրա մանուկը անհամբերություն չի ցուցաբերել այսօրվա համար
Ինձ շոյիր
Ինձ շոյիր և վաղը հանձնիր քամուն

Լող
Երեխա ժամանակ էլ վախենում էի ջրից
Քառոտանին քաշում են
Հիմա թփրտում եմ

Բույսը որ ես եմ
Լուսամուտների տկարությունը
Թափահարում են քո ձեռքերը
Ես քեզ պատկանող տանն եմ
Բուսական կյանք ունեի
Ջրցանի սեղմումով և քո ձեռքերով
Իմաստ ուներ վաղը

Ազատություն
Մի թռչուն կա իմ մեջ
Որ ուզում է ու չի երգում
Գավում գինի կա
Որ թափվում է ու չեմ խմում
Քեզ եմ գրում որ եղել ես մշտապես
Ու քեզ երբեք չեմ ունեցել

Անհայտ զինվորը
Առավոտ շուտ դուրս ես նետվում տնից
Ձեռքերդ բուրում են մանուշակներ
Անցնում ես փողոցներով և
Ձայնակցում ես քամուն
Լուսամուտ առ լուսամուտ քեզ հետևում եմ
Գլուխդ թեքում ես աննշան ձայնից
Ծիծեռնակն է որ երգում է
Եվ դու խոնավ ասֆալտի վրա
Քայլերդ…
Քայլ առ քայլ քեզ հետևում եմ
Սոսենիների շարանը
գրկում և
Արտասվում ես
Լռության մեջ հեկհեկում ես
Ուս առ ուս քեզ հետևում եմ
Հեղաշրջումը ազատություն չի բերում (կրկնում ես)
Եթե ամբողջ աշխարհից ծառ ու տերևից
Այն տերևները որ թափվում են…
Մեկը պետք է սկսի երգել ու միաձուլվի արևին
(Կրկնում ես ազատությունը)
Կրկնում առ կրկնում քեզ հետևում եմ
Աչքերդ հառում ես ինձ
Նշանի տակ եմ վերցնուն աչքերդ
Գիսավոր աստղ ես դառնում
Արևային ակնոց եմ դնում
Անհետանում եմ ամբոխի մեջ

Լուսամուտի ողբերգությունը
Լուսամուտը բառ է բանտարկված, պատերի միջև գերի մնացած,
Այնքան վաղուց է խեղճ պատի կրծքին, որ դարձել է լուռ, լուռ ու մենակյաց,
Ճաքճքել է մաշկը նրա, ապակիները անմաքուր են ու աղտոտված,
Մի անձրևիր, անաստված ամպ, որ չտեսնի, թե որքան է ծեր ու թորշոմած,
Լուսամուտը մունջ ասել էր պատին, որ պիտի դառնա մեր ու երկնքի միակ միջնորդը,
Եվ այն օրվանից, երկար տարիներ, ամուր փակված է ու նվաստացած,
Լուսամուտը ասել էր պատին. թեկուզ մի անգամ, բաց թող հեռանամ
Եվ ի պատասխան ծիծաղացել էր. ասելով նրան` դրա համար ես միմյան գերված:

Հրապարակը ականի
Այս ողջ տարածքը չեզոքացվել է, էլ ական չունի,
Բավ է գովերգում, այս հեգ խոսքերը էլ գովեստ չունի,
Այսինքը մեկը այս ականներով անցել է, անշուշտ,
Շարքային զինվոր, որ ոտքին արդեն էլ սապոգ չունի,
Այսինքն Աստված, թերևս, գուցե, մարդուն մոռացել
Ներքև նայելու ոչ մի ցանկություն էլ հավես չունի,
Թերթաթափ եղավ ու հողին ընկավ, ավաղ, զինվորը,
Սա ծանր ցավ է, ինչ էլ որ անենք էլ դարման չունի:
՞՞՞
Մի մութ կեսգիշեր, սև ամպը նստեց իմ խեղճ ուսերին,
Եվ լցվեց հանկարծ ձյան սառը շնչից իմ գիրկը լռին,
Ու գլորվեցին ու ցած թափվեցին հազար թաց տերև,
Ու հազար կտոր եղավ այդ գիշեր, շորս մետաքսից,
Ինչպե՞ս դատարկվեց հիշողությունս հավք ու թռչունից,
Ինչպե՞ս մոռացա այդքան ճնճղուկ, ծաղիկ ու ծիծաղ,
Միթե ի՞նչ երգեց այն սև ագռավը իմ ականջի մեջ,
Դեռ ցնցվում է, դողում է ահով, ամեն սյուքի հետ
Ամբողջ անտառը, լուռ ու ահալի, իմ հազի ձայնից,
Եվ ահասարսուռ սուրում է քամին դատարկ բներում,
Եվ ահասարսուռ սուրում է քամին դատարկ իմ գրկում:
՞՞՞
Խավար Գիշերում, ալեծուփ ծովից,երբ տուն ես դառնում,
Ուսերիդ վրա մանրահատիկն է ավազից մնում,
Մենումիայնակ դեպի ափամերձ նավակդ ես քաշում,
Հետո այն տխուր, հպարտ կեցվածքով, որ քեզ է սազում,
Դատարկ ուռկանդ` յուրահատկորեն, ուսիդ ես գցում,
Եվ լուռ գիշերը հենց այս պատկերով քեզնով է գժվում,
Եվ քո հետքերով մենակ լուսինը ճամփա է ընկնում,
Եվ քո խրճիթի ցածր տանիքին քեզ է սպասում:
Երբ մոտ անտառն էլ քո մազերի պես խռովահույզ է
Քամին բաղձանքով ուսերիդ վրա իր ձեռքն է դնում,
Հետո այդ ծովն է, որ թափվում է ցած քո թաց զգեստից,
Կաթիլ առ կաթիլ քո տան հատակի գորգ ու կարպետին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.