Քիյանա Ռաշիդի | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Քիյանա Ռաշիդի

Քիյանա Ռաշիդի

Պարսկերենից թարգմանեց  Էդուարդ Հախվերդյանը

* * *
Մենակ որ լինում է
Շարունակում է իր մենությունը
Մենակ որ լինում է
Գեղեցկանում է
Այս կտավը ուսին է կրում
Այս կտավը ապրում է
Գեղեցկանում է
Գեղեցկանալով
Շարունակում է իր մենությունը

 

* * *
Ժպիտս հասունանում է
Մի եղանակ իջնում է դեմքիս
Լռում եմ
Մի եղանակ անցնում է
Մի եղանակ…
Ժպիտս
Միայն մի էջը օրացույցի
Ժպիտս
Միայն մի մասն է իմ դեմքի

 

* * *
Քեզ բացասում եմ
Քեզ թողություն եմ տալիս
Դու կարող ես
Տգեղ
Սիրուն
Համլետ
Դոն Կիշոտ
Դու կարող ես ինքդ քեզ համար լինել
Իմ քնքշությունն է որ չի սանձահարվում

 

* * *
Ոտքերը
Մի անցորդի նվիրեց
Ձեռքերը
Մի այլ անցորդի
Իրանը
Մի անցորդի
Գլուխը

Իր մի դեմքով
Անցնում է փողոցով

 

* * *
Քաղաքը ծնվում է մեծ խոսքերից
Գյուղը փոքր խոսքերից
Ես լռում եմ
Մոռանում եմ ծննդավայրս
Ինձ նետում եմ խճուղի
Մոռացվում են խոսքերը

 

* * *
Երազանքները գրոհել են թատրոն
Լույսը մարում եմ
Ու հեռանում եմ բեմից
Այս ներկայացման շարունակությունը
Կատարվում է աթոռների վրա

 

* * *
Քո երկինքը քեզ համար
Իմ երկինքը ինձ համար
Մենք երկուսս մի անգամ ենք ծնվում
Մի անգամ ենք մեռնում
Ես քո երազանքներն եմ հագնում
Դու գրկիր իմ մղձավանջները

 

* * *
Թռչունը
Կտցահարեց իր մենությունը
Մենությունը թռավ
Թռչունը
Միայն թռչուն մնաց
Թռչունի հետ
Մենակ մնաց

 

* * *
Մեռած մարդը մոռացվում է քաղաքում
Կենդանի մարդը մոռացվում է քաղաքում
Քաղաքը միայնակ
Կենդանի է մնում
Մեռնում է

Մարդը անցնում է փողոցի եզրով

 

* * *
Սանդուղքների վերջում
Ինչ-որ մեկը սպասում է քեզ
Ամեն օր
Այն պահից երբ սկսվում է օրը
Ամեն գիշեր
Այն պահից երբ գիշերը…
Օրը ինչ-որ մեկն է քեզ սպասող
Գիշերը ինչ-որ մեկն է…
Ժամանակը ինչ-որ մեկն է…

 

* * *
Այս հնամաշ ճամպրուկով
Չես կարող ամբողջ ծովը քեզ հետ տանել
Ծալիր հավերժական առագաստները
Դիր ճամպրուկիդ մեջ
Եվ ուղևորվիր երկնքի ճանապարհով
Մենակ գնա
Հիշողությունները սիրահարված են հողին

 

* * *
Քո կարմիր գլխարկը
Սազական էր կանաչ ստորոտներին
Փոքրիկ հեծյալ
Քո կարմիր կյանքը
Սազական էր անգույն ստորոտներին
Քո պատմությունը
Ոչ մայրս է լսել
Ոչ էլ մեծ հեծյալները
Քո պատմությունը միայն ես եմ լսել
Կարմիր համբույրներով
Իմ անգույն բերանով

 

* * *

Ինքն իր խամաճիկն էր
Անձայն ծիծաղում էր
Լալիս էր
Տիկնիկային թատրոնի տիկնիկը
Մի հավերժական ներկայացման մեջ
Ինքն իր խամաճիկն էր

Խաղում էր բոլոր չգրված դերերը
Ծիծաղից լաց
Լացից ծիծաղ

Տիկնիկային թատրոնի տիկնիկը
Որ կախված չէր ոչ մի թելից

 

* * *

Սուրբ էր
Եվ թերթ էր կարդում
Սուրբ էր
Եվ հարմար աշխատանք ուներ
Եվ քայլում էր
Սուրբ էր
Եվ ինքն իր մասին պատկերացում չուներ
Պատկերացում չուներ սրբի մասին
Թերթ էր կարդում
Հարմար աշխատանք ուներ
Քայլում էր
Հաց էր ուտում
Եվ սուրբ էր

1 comment

    • Սամվել Մարտիրոսյան on 27 Փետրվարի, 2013 at 4:06 ա.
    • Reply

    Անավարտ խոսքի շարունակական ներկայությունը մի տեսակ լարվածության դաշտ է ստեղծում հերոսուհու կերպարի շուրջը, նրա աշխարհը դարձնելով միայն իրենը, բայց միևնույն ժամանակ՝ ընթերցողինը: Չեմ կարող ասել, դա ու՞ժն է նրա, թե՝ թուլությունը, բայց երկու դեպքում էլ դա փոխառնչության բացառիկ կարգավիճակի մեջ է պահում զրուցակցին:

Թողնել պատասխան Սամվել Մարտիրոսյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.