Դինո Բուցատի | ԱՎԵԼՈՐԴ ՀՈՐԴՈՐՆԵՐ

DB12
իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կուզենայի, որ դու գայիր ձմեռային մի իրիկուն, ու երկուսով, ապակիների ետևում իրար սեղմված, նայելով մութ ու ցուրտ փողոցների միայնությանը` հիշեինք հեքիաթների ձմեռները, ուր ապրում էինք միասին առանց դա իմանալու: Արդարև, նույն կախարդված ծառուղիներով մենք անցանք, ես ու դու, երկչոտ քայլերով, միասին գնացինք գայլերով լի անտառների միջով, ու նույն ոգիներն էին մեզ լրտեսում`մամռակալած աշտարակների վրայից, ուր ագռավներն էին թևածում: Այդտեղից, , երկուսս էլ նայեցինք խորհրդավոր կյանքին, որը մեզ էր սպասում: Այնտեղ, մեր մեջ առաջին անգամ բաբախեցին խենթ ու քնքուշ ցանկություններ:
«Հիշու՞մ ես», կասենք մեկմեկու` քնքշորեն իրար սեղմվելով, տաք սենյակում, ու դու ինձ կժպտաս վստահությամբ, մինչդեռ դրսում, քամուց չարագույժ կճռռան թիթեղները: Բայց դու,- հիմա հիշում եմ,- չգիտես հին հեքիաթներ անանուն թագավորների, մարդակերների և կախարդական պարտեզների մասին: Երբեք առևանգված չես լինի ու չես անցնի կախարդական ծառերի տակով, որոնք խոսում են մարդկային լեզվով, երբեք չես թակի անմարդաբնակ դղյակի դուռը, ոչ էլ կքայլես գիշերվա մեջ` դեպի հեռավոր լույսը, ոչ էլ քնի մեջ կընկնես Արևելքի աստղի ներքո, տարուբերվելով սուրբ նավակի մեջ: Ապակիների ետևում, գիշերային ձմեռվա մեջ, հավանաբար մենք լուռ կմնանք, ես` կորսվելով մեռած հեքիաթներում, դու` ինձ անծանոթ ուրիշ սփոփանքներում: Ես կհարցեմ.”Հիշու՞մ ես” , բայց դու չես հիշի ամենևին:
Կուզենայի քեզ հետ զբոսնել գարնանային մի օր, գորշագույն երկնքով ու նախորդ տարվա մի քանի հին տերևներով, որ քշվում են քամուց ճանապարհների վրա, ծայրամասի թաղերում, և օրը լիներ կիրակի: Այդպիսի վայրերում հաճախ են ծնվում մելամաղձոտ ու վեհ մտածմունքներ: Այդ պահերին օդը լցվում է բանաստեղծականությամբ, որն իրար է միացնում սիրող սրտերը: Նաև ծնվում են հույսեր, որոնք հնարավոր չէ արտահայտել, երբ նայում ես տներից անդին անծայր հորիզոններին, սուրացող գնացքներին, հյուսիսի ամպերին: Պարզապես իրարու ձեռք կբռնենք ու կգնանք թեթև քայլերով, ասելով անիմաստ, անհեթեթ ու թանկագին բաներ:

Մինչև որ կվառվեն լապտերներն ու տգեղ շենքերից կելնեն դուրս քաղաքի սոսկալի պատմությունները, արկածները, հոգեպարար սիրավեպերը: Ու այդժամ մենք կլռենք` դարձյալ իրարու ձեռք բռնած, քանզի հոգիները կխոսեն առանց բառերի: Բայց դու,- հիմա հիշում եմ,- երբեք ինձ չես ասի անիմաստ բաներ, անհեթեթ ու թանկագին: Եվ ուրեմն, չես կարողանա սիրել այդ կիրակիները, որոնց մասին ասում եմ, ոչ էլ հոգիդ կարող է խոսել իմի հետ լռության մեջ, ու չես տեսնի ճիշտ ժամանակին քաղաքի կախարդանքը, ոչ էլ հույսերը, որոնք իջնում են հյուսիսից: Դու նախընտրում ես լույսեր, ամբոխ, մարդկանց, որոնք քեզ են նայում, փողոցներ, ուր, ասում են, կարող է բախտդ բերել: Դու տարբեր ես ինձնից ու եթե այդ օրը գայիր զբոսնելու ինձ հետ, պիտի գանգատվեիր, որ հոգնում ես, միայն դա և ուրիշ ոչինչ:
Կուզենայի նաև ամառային մի օր գնալ քեզ հետ մենակյաց մի հովիտ, անընդհատ ծիծաղել ամենահասարակ բաների վրա, հետազոտել անտառների, սպիտակ ճանապարհների, լքված տների գաղտնիքները: Կանգ առնել փայտե կամրջի վրա` նայելու անցնող ջրին, լսելու հեռագրասյուների այդ երկար պատմությունը, որը գալիս է աշխարհ մի ծայրից և գնում ով գիտե թե ուր: Ու պոկել մարգագետնի ծաղիկները, և այնտեղ, խոտի վրա պառկած, արևի լռության մեջ, նայել երկնքի վիհերին, անցնող ճերմակ ամպերին և լեռների գագաթներին: Դու պիտի ասեիր. “Ի՜նչ գեղեցիկ է”: Ուրիշ ոչ մի բան չէիր ասի, քանզի մենք երջանիկ կլինեինք, քանզի մեր մարմինները դեն կնետեին տարիների բեռը, ու մեր հոգիները կդալարեին վերստին:
Բայց դու,- հիմա, երբ մտածում եմ այդ մասին,- պիտի նայեիր քո շուրջը, վախենամ` առանց հասկանալու, ու պիտի կանգ առնեիր մտահոգ` տնտղելու գուլպադ, ինձնից մի սիգարետ պիտի խնդրեիր` անհամբեր ետ դառնալու: Ու չպիտի ասեիր.”Ի՜նչ գեղեցիկ է”, այլ ուրիշ խղճուկ բաներ կասեիր, որոնք կարևորություն չունեն ինձ համար: Քանզի, ցավոք, դու այդպես ես ստեղծված: Ու ոչ էլ երջանիկ կլինեինք, թեկուզ մի վայրկյանով:

Նաև կուզենայի,- թող ասեմ դա,- կուզենայի, որ իրար թևանցուկ` կտրեինք-անցնեինք քաղաքի մեծ ճանապարհները` նոյեմբերյան մի մթնշաղով, երբ երկինքը մաքուր բյուրեղի է նմանվում, երբ կյանքի տեսիլները սլանում են գմբեթների վերևով ու իջնելով`դիպչում սևավուն մարդկանց` փողոցների փոսերի մեջ, որ արդեն լցված են անհանգստությամբ: Երբ երանելի ժամանակների հիշողություններն ու նոր նախանշանները անցնում են երկրի վրայով` իրենց ետևից թողնելով ինչ-որ երաժշտություն: Մանուկների մաքրամաքուր գոռոզությամբ մենք կնայենք ուրիշ մարդկանց դեմքերին, որ հազարներով կանցնեն մեր կողքով, գետի պես: Առանց դա իմանալու` մենք ուրախության լույսեր կճառագենք, և բոլորը ստիպված կլինեն նայել մեզ, ոչ թե նախանձով կամ անբարյացակամությամբ, այլ մի փոքր ժպտալով, բարության զգացումով, երեկոյի շնորհիվ, որը չեզոքացնում է մարդու թուլությունները:
Բայց դու,- ես լավ հասկանում եմ դա,- նայելու փոխարեն բյուրեղյա երկնքին ու երևութական սյունաշարին, որն առաջացել է մայր մտնող արևի շողերից, կուզենայիր կանգ առնել` նայելու ցուցափեղկերը, ոսկիները, հաստությունները, մետաքսները, այդ բոլոր սին բաները: Եվ ուրեմն, չես նկատի տեսիլները, ոչ էլ նախազգացումները, որ անցնում են, ոչ էլ պիտի զգաս, ինձ նման, որ քեզ եզակի մի բախտ է վիճակված: Չես լսի այդ երաժշտությունը, ոչ էլ կհասկանաս, թե ինչու են մարդիկ մեզ նայում բարի աչքերով: Դու կմտածես քո թշվառ վաղվա մասին, ու չես նկատի ոսկե արձանները սայրաձողերի վրա, որ անօգուտ՝ վեր կհանեն իրենց սրերը արևի վերջին շողերի ներքո: Ու ես կմնամ մենակ:
Անօգուտ է: Գուցե այս բոլորը հիմարություններ են, և դու` ավելի լավն ես ինձնից, որ կյանքից այդքան շատ բաներ չես սպասում: Գուցե իրավացի ես դու, և անիմաստ կլիներ փորձելը: Բայց գոնե, այո, գոնե կտեսնեի քեզ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, որևէ կերպ կլինենք միասին ու կգտնենք ուրախություն: Կարևոր չէ` ցերեկով, թե գիշերով, ամռանը թե աշնանը, անծանոթ մի երկրում, անշուք մի տան մեջ, մի անհրապույր պանդոկում: Ինձ բավական կլինի, որ լինես կողքիս: Ես ուշադրություն չեմ դարձնի,- խոստանում եմ քեզ,-տանիքի առեղծվածային ճռռոցներին, ոչ էլ կնայեմ ամպերին, ականջ չեմ դնի երաժշտություններին ու քամուն: Կհրաժարվեմ այդ անօգուտ բաներից, որոնք սիրում եմ սակայն: Համբերություն կդրսևորեմ, եթե չհասկանաս, թե ինչ եմ քեզ ասում, եթե խոսես ինձ համար օտար բաների մասին, եթե գանգատվես, թե զգեստդ հնացել է, թե էլի փող չկա:
Չեն լինի այդ, այսպես կոչված` բանաստեղծականությունը, հույսերը, որ երկուսինս են, ու թախիծը, որը սիրո մշտական ուղեկիցն է: Բայց հո կլինես կողքիս: Ու մեզ կհաջողվի, այ կտեսնես, լինել բավական երջանիկ, գոհանալով շատ պարզ բաներով, լինելով լոկ տղամարդ ու կին միասին, ինչպես որ է աշխարհի ամեն մի անկյունում:
Բայց դու,-,մտածում եմ,- հիմա չափազանց հեռու ես, հարյուրավոր կիլոմետրերով, որոնք դժվար է հաղթահարելը: Դու մի քաղաքում ես, որն ինձ անծանոթ է, և ուրիշ տղամարդիկ են քո կողքին, որոնց հավանաբար ժպտում ես, ինչպես որ ինձ էիր ժպտում մի ժամանակ: Ու քիչ ժամանակ պետք եղավ, որպեսզի մոռանայիր ինձ: Հավանաբար, այլևս քեզ չի հաջողվում հիշել իմ անունը: Այսուհետև ես գտնվում եմ քեզնից դուրս, անտարբերակելի` անթիվ ստվերների միջև: Եվ սակայն, կարողանում եմ մտածել միայն քո մասին, և ինձ դուր է գալիս ասել քեզ այս բաները:

1 comment

    • shakeh on 15 Փետրվարի, 2013 at 1:38 ե.
    • Reply

    սքանչելի է-
    Շնորհակալ եմ, Գառնիկ Մելքոնեան, լաւ թարգմանութիւնների համար.

Թողնել պատասխան

Your email address will not be published.