Գիսանե Հովսեփյան | ՍՈՒՐԲԻ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ

Սուրբեր կամ «Աստծո ժողովուրդ», «Աստծո բանակ», «Հիսուս Քրիստոսի զինվորներ» անուններով են կոչվում եկեղեցու կողմից սուրբ ճանաչված, սուրբ հոգով մկրտված սրբակյաց անձինք: Հայ եկեղեցին իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տալիս Սուրբերին՝ որպես քրիստոնյա հավատքի առաջնորդների և օրինակելի հավատացյալների, ում աղոթքը միջնորդական-բարեխոսական նշանակություն ունի: Այն դեպքում, երբ այսօր էլ շատ ժողովուրդների ազգային հերոսները, իբրև Սուրբեր, մտնում են տվյալ ազգի եկեղեցական օրացույցի մեջ, հայ եկեղեցին 15-րդ դարից այսկողմ նոր Սուրբերի չի ճանաչել: Այսուհանդերձ, կա համաժողովրդական մի ընկալում, ըստ որի եկեղեցական օրացույցի մեջ չմուծված բազմաթիվ նվիրյալներ, որոնք հաճախ իրենց կյանքի գնով ու արյունով են սրբագործվել ազգային և քրիստոնյա հավատի հանդեպ, պաշտելի են ժողովրդի համար: Այսպիսիք են, օրինակ, Վրաստանի Ջավախք աշխարհում մեծագույն սիրո և ակնածանքի արժանացած Սուրբ Անտոն ճգնավորը, Սուրբ Հովսեփ ճգնակյացը, Սուրբ Ղունկիանոս երգիչ Կարնեցին…
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
…1830 թվականի մայիս ամիսն էր: Գեղջկական հարսանիք էր Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի գավառի Քյուլլի գյուղում: Գյուղն անհամար հարսանիքներ էր տեսել, բայց այս մեկը նման չէր նախորդներին: «Մայիսին դհոլ-զուռնայի ձայնը գալիք չարոց նշան է»,-ասում է ժողովուրդը, սակայն այս անգամ ժողովրդին լսող չկար…
Ավարտվել էր ռուս-թուրքական պատերազմը (1828-1829): 1829 թվի սեպտեմբերի 2-ի Ադրինապոլի պայմանագրով Օսմանյան Թուրքիային էին վերադարձվում Կովկասում ռուսների գրաված հողերի մի մասը, այս թվում՝ Կարինն ու Կարսը, որոնց զգալի քանակությամբ հայ բնակիչներ, ռուսների հաղթանակի հետ թուրքական լծից իրենց ազատագրման հույսը փայփայելով, պատերազմի ժամանակ օժանդակել էին ռուսներին: Հիմա ռուսները ետ էին քաշվելու՝ դաժան դատաստանի դեմ թողնելով ողջ թրքահայությանը: Անխուսափելի գաղթի տագնապը իր ալիքի տակ էր առել մեծ ու փոքրի: Ջահելներն ուզում էին ժամ առաջ ընտանիքավորվել՝ փախուստի ճամփին գոնե ամենաթանկագինը՝ սիրեցյալներին չկորցնելու մղումով…
Քյուլլի գյուղի նահապետ Գոմեցի Գևորգի հազարաշեն օդայի տանիքի տակ երկու հարսանյաց սեղան, երկու հարս, երկու փեսա էին: Փեսաները նահապետի զույգ եղբայր՝ Կրպո ու Դավո թոռներն էին: Հարսներից մեկը նույն գյուղացի մի աղջիկ էր, մյուսը՝ կարնեցի Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանի Համասփյուռ դուստրը: Մեծ տան տանիքի տակ կապած երկու հարսանյաց սեղաններից մեկի սեղաներեցն ու նորապսակ զույգի քավորը թուրք Ասլան բեգն էր, մյուսի սեղաներեցն ու քավորը՝ ռուսական բանակի կոզակներից մեկը: Նման ընտրությունն արվել էր նահապետի կամքին հակառակ: Նույն հոր ու մոր երկու որդիներից փոքրը՝ Դավոն, պատերազմական խառը իրադրության մեջ ռուսների կողմն էր բռնել: Մյուսը՝ Կրպոն մնացել էր թուրքական ղեկավարությանը հնազանդ: Նույն տանիքի տակ հարսանյաց Կլոր պարն ու դհոլ-զուռնայի ձայնը ռուսների ու թուրքերի հայացքներին խառնվում, տապ-տագնապի մեջ վառում էին նահապետ Գևորգի հոգին… Հարսանիքը փորձանք դարձավ Գևորգ նահապետի տան ու ողջ գյուղի գլխին, բայց իմ ասելիքն այդ չէ: Հարսանյաց հանդեսի մասնակիցն էր Քյուլլի գյուղում հաստատված կարսեցի Հովակիմի որդի վանական Հովսեփը, որը Լիբանանի Սուրբ Անտոնյաց վանքից փախել, բայց հոր նախատինքների տարափի տակ հարսանիքից մի քանի օր առաջ նորից գնացել էր վանք, որտեղից, սակայն, անմիջապես նորից ետ էր եկել՝ փախեփախի ասեկոսեներից ահառած: Դեռ իրենց տուն չմտած՝ Հովսեփը մտնում է հարսանյաց տուն՝ համոզվելու համար, որ տեղում են Գևորգ նահապետի գերդաստանի մեծ ու փոքր, սրանց մեջ՝ իր սիրած աղջիկը՝ նահապետի Թագուն թոռնուհին: Թագունին տեսնելով սիրտը տեղն ընկած Հովսեփը հարսանքավորների մեջ նկատում է Սուրբ Անտոնյաց վանքի նախկին սան կարնեցի Ղունկիանոսին՝ Դավոյի հարսի եղբորը, և հարսանյաց աղմուկից հեռու քաշվելով, դուրս է գալիս՝ նրա հետ զրույցի բռնված: Սրանց մոտեցող գլխակորույս Գևորգ նահապետն ասես երազի մեջ է լսում Հովսեփի խոսքերը.
— Տացու, Համաս հարսնուկիդ եղբայրն է՝ Ղունկիանոս անվոր… Կարդացած, լուսավոր այր է…
Հետո, երբ հարսանիքն ավարտվել էր այն բանով, որ Ասլան բեգը, վրեժի մոլուցքին տրված, իր գոտին էր գցել ռուսների կողմն անցած Դավոյի հարսանյաց առագաստի մահճին և իր արժանի պատիժն ստանալով նորահարսից, սպանվել, թաղվել էր գոմի սալքարերից մեկի տակ, հետո, երբ խոսք եղավ հարսանիքից հետո անհետ կորած Ղունկիանոսի մասին, Գևորգ նահապետն հիշեց, որ այն օրը Հովսեփն իրեն ասաց, թե Ղունկիանոսը որոշել է հեռանալ աշխարհիկ կյանքից, քաշվել Եգիպտոսի անապատների խորքերը, դեռ այնքանն էլ փսփսաց, թե այս որոշումը նա կայացրել է այն ժամանակ, երբ իր ծնողները կարնեցի մի աղջկա իր համար հարնացու էին ընտրել… Ու ծերունին ակամայից համեմատեց կարսեցի Հովակիմի որդուն՝ Հովսեփին, որն իր թոռնուհուն սիրահարված, փախել էր վանքից, և Ղունկիանոսին, որին ծնողներն ուզում էին ամուսնացնել, բայց նա անապատի մենությունը գերադասել էր մարմնական վայելքներից…
ԽԱՉԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
— Ինձի մնալ չկա, յեկյան ջան, ինձի մնալ չկա,-սնկրտալով քեռորդու հետ խոսում էր արզրումցի Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանը՝ ոսկեղենը հավաքելով մեծ տոպրակի մեծ,-ինձի մնալ չկա, իմ անունը սուլթանին սև ցուցակին մեծ գրած է… Ռուսներն որ Արզրումը առան, ես ալ խանութներս փակեցի, եկա տուն, թե՝ ինչ եղնելու է, տանս մեջ, ընտանիքիս հետ թող եղնի… Չար լեզուները ասքյարներուն հասուցին, ասոնք ալ՝ բեգերուն ու սուլթանին, թե՝ Աճեմ Հարություն աղան գիտեր ռուսներուն գալուն մասին, ադոր համար էր խանութները փակել, գնացել տուն… Ասոր գումարվեց անիկ ալ, որ ռուսաց ցարին նկարը տեսան տանս մեջ…
Պարկով ոսկեղենի վրա արծաթյա խաչով վարդարանը՝ որպես ինչքին պահապան գցելով, Աճեմ Հարություն աղան շնչահատ նստեց ջրհորի կողքի Ծակ քարին: Սիրտը ջուր ուզեց: Դույլը կախեց, ջրհորից ջուր հանեց, խմեց ու դարձավ տան կահ-կարասին սայլերի վրա բարձող ծառայի կողմը.
— Ասի ջրհորն ալ բարձեք սայլերեն մեկին վրա… Ասի Ծակ քարն ալ… Վեվ գիտե, ուր պիտի հասնինք, ուր պիտի ափ դուրս գանք… Ադ նոր տեղում ես որ ծարվնամ, սիրտս որ ջուր ուզե, ես ուրտի՞ց պիտի ջուր խմեմ, ադ նոր տեղում ես որ դարդոտիմ, ո՞ւր պիտի նստիմ, սիրտ քաշեմ… Ասի Ծակ քարը… Ասիկ ապուպապոտ քար է… Աս քարն ալ, չմոռնաք, բարձեք սայլերեն մեկին վրա…
Խղճահարված ծառան լուռ նայեց աղային: Քիչ հետո, երբ ոսկեղենով պարկը, արծաթե խաչով վարդարանի հովանավորությանն հանձնած, գցել էին ջրհորի մեջ, ջրհորը քարերով լցրել, երբ տան եղածից առաջին անհրաժեշտ իրերը բարձել էին սայլերին, ծառան հայտարարեց, որ պիտի շարժվեն՝ ընդհանուր գաղթերամից ետ չմնալու համար: Աճեմ Հարություն աղան գլխիկոր դուրս եկավ: Նրան հետևեցին կինը՝ Սրմա խաթունն ու քեռորդին, որն այսուհետև տիրություն պիտի աներ մորեղբոր տանն ու ունեցվածքին, քանի որ որոշել էր մնալ, չգաղթել:
— Յեկյան ջան, տեղ հասանք թե չէ, հնարով մ’ խաբար մ’ կուղարկեմ, թե՝ ասինչ-ասինչ տեղն ենք, ասի Ծակ քարին վրա կգրես, որ մինուճար մանչս՝ Ղունկիանոսս թե հանկարծ գա, իմանա մեր տեղը, գա մեզի…
ԱՌԱՆՑ ԳՐԻ ՄՆԱՑԱԾ ԾԱԿ ՔԱՐԸ
Կարնո Մեծ գաղթից տասը տարի էր անցել: Ջավախք եկած գաղթականներն արդեն տնավորվել էին: Քյուլլի գյուղի նահապետ Գևորգի ռուսաց կողմն անցած Դավո թոռը, որը քյուլլեցիների մեծ մասի հետ Ջավախքում բնակություն էր հաստատել Հեշտիա անունով գյուղում, գաղթից հետո էլի մի քանի անգամ անցավ Կարնո կողմերը, այնտեղից գաղթականների նոր խմբեր բերեց Ջավախք, ինչ է, թե՝ շատվոր լինեն: Վերջին անգամ, սակայն, նրան սպանեցին Հասան Ղալայի մոտ: Ժողովրդի մի մասն ասում էր՝ թուրքերն էին սպանել՝ Ասլան բեգի վրեժն առնելու համար, մյուս մասն էլ, թե՝ հայերի արած գործն է, թե՝ հերիք եղավ, բոլ եղավ, քանդեցիր Էրգիրը, տարար, ավերեցի՜ր… Այսպես թե այնպես, Դավոն Էրգրում սպանվում, Էրգրում էլ թաղվում է՝ նոր բնակավայրում թողած իր գրկանոց Պետրոս որդուն ու կնոջը՝ կարնեցի Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանի Համասփյուռ աղջկան: Գաղթական քյուլլեցիները շիվարել-մնացել էին՝ Դավո տղա, դու որ այնտեղ պիտի թաղվեիր, էլ մեզ ինչո՞ւ զատեցիր մեր նախնյաց գերեզմաններից… Համասփյուռի ծնողներն, այդպես էլ հայտնի չեղավ, ուր գնացին, ուր ափ ելան և ըստ երևույթին ոչ էլ կարողացան իրենց նոր բնակավայրի մասին լուր ուղարկել Կարինում մնացած իրենց քեռորդուն՝ Ծակ քարին գրելու համար, քանի որ տարիներ անց հարազատներին փնտրող սրանց որդին՝ Ղունկիանոսը, ծննդավայրում ոչինչ չկարողացավ իմանալ յուրայինների մասին…
«ՄԱՐՄՆԻՍ ՑԱՎԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՀՈԳՈՒՍ…»
Ղունկիանոս Կարնեցին ծնվել է Պատմական Հայաստանի Կարին քաղաքում, 18-րդ դարի վերջին: Նրա հայրը՝ Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանը, առևտական գործերով էր զբաղված և խանութներ ուներ Կարինում: Մայրը՝ Սրմա խաթունը, ազնիվ ու բարեհամբույր մի կին, շրջապատում Շաքար խաթուն անունով է ճանաչվել: Նախնական կրթությունը Ղունկիանոսը ստացել է Պարսկաստանում, որից հետո ծնողները նրան ուղարկել են Լիբանանի Սուրբ Անտոնյաց վանք՝ ուսման մեջ կատարելագործվելու համար: Ըստ ավանդության՝ վանքից հետո Ղունկիանոսն ընդդիմացել է ծնողների՝ իրեն ամուսնացնելու առաջարկին, ավելին, իբր փախել է նշանդրեքի արարողությունից և երկար ժամանակ լուր չի տվել իր մասին: Պահպանվում են կենսագրական վկայություններ, որ առժամանակ Ղունկիանոսը մեկուսացել է անապատում՝ ճգնավորական կյանք վարելով: Մինչ այս նա իր քույրերից Համասփյուռի հարսանիքի առիթով եղել է Խնուսի գավառի Քյուլլի գյուղում, որտեղ վերջին անգամ հանդիպել է իր հարազատներին և Սուրբ Անտոնյաց վանքի սան Հովսեփին՝ կարսեցի Հովակիմի որդուն, որն այդ օրերին փախել էր վանքից՝ մոտալուտ գաղթի ժամանակ սիրած աղջկան կորցնելու վախից…
Ըստ կենսագրական վկայության՝ Եգիպտոսում Ղունկիանոսը գտնում է իր մյուս քրոջ ամուսնուն՝ Պետրոս աղային, որը մեծ հեղինակություն էր վայելում եգիպտական բարձրադիր մարմիններում: Պետրոս աղայի միջնորդությամբ Ղունկիանոսն աշխատանքի է հրավիրվում պալատ և դառնում է եգիպտական Իբրահիմ փաշայի պալատական թարգմանիչը, խորհրդատուն և գրագիրը: Քաղաքական խառը պայմաններում Ղունկիանոսը շուտով կորցնում է իր դիրքը և անցնում է Հալեպ /Սիրիա/, այստեղից՝ Ղրիմ, որտեղից, տեղի հայերին միացած, գիր է հղում ռուսաց ցարին՝ հայերին օգնության հասնելու աղերսով: Ղրիմից նա անցնում է Թբիլիսի /Վրաստան/ և իմանալով, որ կարնեցի իր հայրենակիցները Ջավախք են գաղթել, գալիս է նրանց հետքերով: Երկար դեգերումներից հետո Ղունկիանոսը բնակություն է հաստատում Ախալքալաքիի շրջանի Վարևան գյուղում, զբաղվում է մանուկների դաստիարակությամբ: Իր մահկանացուն նա կնքել է 1841 թվին և թաղվել է Վարևանում:
Ղունկիանոս Կարնեցուց մեզ են հասել աշուղական արվեստի կարգով բանավոր պահպանված հայերեն, թուրքերեն, արաբերեն մի շարք բանաստեղծություններ և արևելյան բանաստեղծական չափերով տաղերի գողտրիկ մի ժողովածու: Հոգու և մարմնի հավերժական պայքարում զուլալված զգացմունքների արտահայտությունն է Ղունկիանոս Կարնեցու տաղարանը՝ գրված Կարնո, Շիրակի խոսվածքներով և բարբառի համադրությամբ: Գրական այս ժառանգությունն իր ժամանակին գրավել է Սուրբ Ղազար կղզու հայ մշակույթի երախտավորների ուշադրությունը: 1883 թվին «Բազմավեպում» տաղերգուի մասին մի հոդված է տպվում: Տասը տարի անց Մխիթարյան միաբանությունը հրատարակում է «Քերդուածք Ղունկիանոս երգչի Կարնեցւոյ» խորագրով ժողովածուն: 1994 թվին աշխատասիրությամբ վիրահայ գրող, բանաստեղծ Նազարեթ Կիրակոսյանի և բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանի լույս է տեսնում հիշված գրքի վերահրատարակությունը, որին նպաստում է նաև Վրաստանի Ախալքալաքիի շրջանի Տուրցխ գյուղի ժողովրդապետ հայր Անդրե վարդապետ Յանիցկին: Այս նյութի մեջ նպատակ չունենալով ծավալվել Ղունկիանոս Կարնեցու ստեղծագործության բանաստեղծական արժանիքների մասին՝ նշենք միայն, որ տաղերգուի ստեղծագործությունից ռուսերեն թարգմանված երեք բանաստեղծություն տեղ են գտել 1916 թվին Մոսկվայի Հայկական կոմիտեի նախաձեռնությամբ Վալերի Բրյուսովի հրատարակած «Հայաստանի պոեզիան հին ժամանակներից մինչև մեր օրերը» գրքում:
ՀԵՇՏԻԱ ՉՀԱՍԱԾ ՂՈՒՆԿԻԱՆՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՐԱՌՎԱԾ ՀԵՇՏԻԱՑԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ
— Բալիս ըսիմ, ես իմ մեծերուց իմ լսի, իմ մեծերն՝ յուրանց մեծերուց, որ էդ Ղունկիանոսն սուրբ է եղի, սո՜ւրբ, որ էնուր խոսքն շատ զորավոր է եղի, որ էնի հիվանդ, զառամյալ ծերունուն ոտքի է կանգնեցուցի, որ կիսամեռ մատղաշ մանուկին սըպու-սաղ յուր մոր գիրկն է դարձուցի… Ըսիմ բալիս՝ էնի ուրտից դոր գիտցեր է, որ յուր Համասփյուռ քուրիկն՝ Քյուլլվա նահապետի Դավո թոռան հարսն, փախեփախի հետն Հեշտիա է բնակռի: Հարազատին գտնելու հույսով՝ էնի ճամփա է ընկի դեպի Հեշիտա: Սել մ’ է հանդիպի ճամփուն, հարցուցեր է՝ վերա՞ն կերթաք, ըսած ին՝ Հեշտիա, «ես ալ Հեշտիա կուզեմ գալ, քիչիկ մ’ սպասեք, շորերս առնեմ, գամ, իրար հետ երթանք»,-ըսեր է Ղունկիանոսն սելավորներուն ու իշտապ-իշտապ դարձեր է յուր ինչքն բերելու: Էնի որ կերթա յուր ջլերու հավարին, սելավորներն «հա՛յ» կէնին եզներուն, կքշին, կիգան՝ առանց սպասելու: Ղունկիանոսն կիգա, հեռվե՜ն կտեսնա Հեշտիա երթացող սելն ու երկա՜ր-երկար կկանգնի, կիրիշկե էնուր ետևեն… Էդ սելի վրեն եղած հեշտիացիներն յոթ սերունդ է պատասխան-ջուղաբ կիտան սրբին չսպասելու համար: Յոթ սերունդ է, լաո՜, յոթ սերունդ էնունց տոհմերու մեջն ջահել-ջիվան հիվանդ կա… Մեղք չեղնի հոգուս, ի սեր Աստծո, յանի էն սրբին չսպասելուց է էդ պատիժ-պատուհասն էդ տոհմերու գլխուն…
ՎԱՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ՄԱՏՈՒՌԸ
Վրաստանի Ջավախք աշխարհի Ախալքալաքի քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում վրացի, հայ և հույն բնակիչներով Վարևան գյուղը: Գյուղամիջում հիվանդներին ապաքինող զորությամբ սրբազան մի շիրիմ կա, որի վրա հավատացյալ ժողովուրդը մատուռ է կառուցել, և որն հայտնի է Սուրբ Ղունկիանոս անունով: Այստեղ հանգչում է Ղունկիանոս Կարնեցու աճյունը: Դար ու կեսից ավելի է, Սուրբ Ղունկիանոս հասցնող ճամփան մոտալուտ ապաքինման հավատով հազարավոր հավատացյալների է բերել Վարևան: Այսօր էլ ժողովրդի մեջ սրբազան անթեղ կրակի պես վառ է այն հավատը, որ եթե հիվանդը հպվի Սուրբ Ղունկիանոսի գերեզմանին, իսկույն կառողջանա: Իսկ «որտեղի՞ց է Ղունկիանոսին սրբի զորությունը» հարցը պատասխանի փոխարեն գաղտնիքը չվերծանելու խորին խորհրդով մի ժպիտ է թողնում հավատացյալների դեմքին, որը մատուռի քարերին հալվող մոմերի պես հալվում, խառնվում է առ բարեխոս Սուրբ Ղունկիանոս աղոթքներին:

Վրաստան

(Նյութի պատմական, գրական, գեղարվեստական տվյալները վերցված են Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպից, Ղուկիանոս երգիչ Կարնեցու «Ղունկիանոսի ընծան» գրքից (հրատարակիչ՝ Նազարեթ Կիրակոսյան) «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից):

Թողնել պատասխան

Your email address will not be published.