Միքայել Աբաջյանց | ՃԵՐՄԱԿ ԱՇՏԱՐԱԿ

Անուրջներիս քաղաքի բաղձանքների գագաթը ճերմակ աշտարակն է: Նա շատ ավելի բարձր է շրջակայքի բոլոր շինություններից և երևում է քաղաքի ուզած կետից: Կանգնած է նա բետոնի, քարի և երկաթի, սլացիկ կամուրջների, մեքենաների և արտանետվող աղտոտ գազային հորձանքների մեջ՝ խոյանալով ժխորի և փոշու վրա, արտացոլվելով բոլոր պատուհանների ապակիներից: Զարմանալի ճերմակության քարից է շարված նա, և դրանից է, որ ուրվագծերը լղոզված են երևում քաղաքի գորշակապտավուն երկնքում: Նա, ասես լիալուսին լինի, որ հետզհետե տարրալուծվում է ցերեկվա օդում, գալիս է ժամը՝ առհասարակ անտեսանելի է դառնում, իսկ երեկոյին մոտ վեհաշուք ճերմակ ստվերը վերստին խոյանում է քաղաքի վրա, և երբ արդեն վառվում են առաջին կրակները, նա դարձյալ շլացնող է` հստակ գծագրված, սարսափելի:

Ո՞վ է նրան կերտել-կանգնեցրել, ո՞ր ժամանակներում, ո՞ւմ պատվին… ոչ ոք չի հիշում և չգիտե, որովհետև նա շատ ավելի հին է, քան ինքը՝ քաղաքը: Ոմանք պնդում են՝ մարգարեն, ուրիշները՝ իմաստուն կառավարիչն այն ժամանակների, երբ մարդկանց միջև հավասարությունն էր թագավորում: Բայց սա չէ կարևոր: Թեև նա երևում է ուզած պատուհանից և դռնից, բայց, ի զարմանս օտարների, նրան տանող ճանապարհը ոչ ոք չգիտե՝ մոռացել են ճանապարհը: Ոչ ոք չի ասի, թե որ հրապարակի կամ որ փողոցների ու պողոտաների որ խաչմերուկում է կանգնած նա: Ոչ ոք չգիտե, թե որ նրբանցքներով ու փողոցներով կարելի է հասնել նրան, ու թեև երբեմն թվում է, որ, ահա, ձեռքդ ձգես՝ կհասնի, սակայն ոչ ոք ոչ մի անգամ չի դիպել նրա ճերմակ քարին: Եվ քաղաքացիների մեջ պտտվում է այն հավատամքը, թե նրան դիպչողի ուզած ցանկությունն ի կատար կածվի:
Քանի-քանի անքուն գիշերներ եմ անցկացրել փոշոտ ձեղնահարկում, հեռադիտակը ձեռքիս՝ դիտելով նրա ճերմակ, դողդողացող ուրվապատկերը: Եվ հոգուս խորքում ամենավեհ պոեզիան խառնվում էր ստորագույն կրքերին, երբ նայում էի նրան: Ոչնչի կարիք չեմ ունեցել, ես հեռու էի աղքատությունից, բայց ինչ-որ թաքուն, մութ ցանկություններ ծվատում էին հոգիս: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ խնդրել նրանից, բայց ինքը՝ սեփական շիկացած երևակայության ուզած ցանկությունն ի կատար ածելու հնարավորությունը, այրում ու քրքրում էր ինձ: Հիասքանչ էր նա՝ գիշերվա կրակների ծովում կանգնած, շլացնող, ասես լուսավորված՝ անտեսանելի և հզոր լուսատուից, և մխրճվում էր նա մութ երկինք, ինչպես սուր կտուց: Նա փորձության կոչ էր իմ գիտակցության համար: Նա փորձության կոչ էր իմ մարդկային էությանը: Ամեն բան ոչնչություն էր նրա համեմատությամբ: Նրա սլացիկ ուրվագծերը, շարվածքի փոսորակները, քիվերի զարդանախշերը երևակայություն բորբոքող էին և անկրկնելի: Ինչ-որ մի հին աշխարհի այդ բեկորը հրաշքով խցկվել էր իմ ժամանակների կյանքը և իր մեջ այնքան սպառնալիք ու գայթակղություն էր թաքցնում, որ անտարբեր կարող էր մնալ միայն, թերևս, ոչպոետը: Ինչպե˜ս էի նախանձում այն սև թռչնին, որ ազատորեն ճախրում էր նրա շուրջը, անհայտանում և վերստին հայտնվում նրա հենքին, երբեմն էլ հանկարծ իջնում էր նրա տանիքի թեք նախշերին: Իսկ առավոտյան՝ անըմբռնելի, անհասանելի աշտարակը կրկին հալչում էր հստակվող օդում, և ինչպես մանկության կաթնային անուրջ՝ տարրալուծվում էր արեգակնային լույսի հորձանքներում և քաղաքային աղմուկի մեջ:
Եվ մի օր այլևս անկարող եղա դիմանալ: Ետճաշյա կուշտ խոնջենքի մեջ՝ գործի գցեցի շարժիչը և սլացա դեպի նա: Շուրջս թարթում էին երկրային գայթակղությունների նեոնային ցուցանակները, բայց ի˜նչ խամրած էին նրանք և մանր՝ աշտարակի համեմատությամբ: Նա հայտնվում էր մերթ աջից, մերթ ձախից, մերթ թվում էր՝ փողոցի ծայրում է. այն փողոցի, որով ընթանում էի, և որն անդրադարձնում էր փախչող բազմագույն ցոլքերը: Մի քանի անգամ անցնում էի նույն տեղով: Շրջադարձին հետևում էր շրջադարձը, իսկ անարձագանք աշտարակը նույնքան հեռու էր ու անհաս: Հարուստ ու շքեղ թաղամասերն իրենց տեղը զիջում էին աղքատ ու կեղտոտ արվարձաններին, նեղլիկ, անփույթ փողոցները փոխարինում էին խնամված, ուղիղ, լայն փողոցներին: Իմ թանկարժեք մեքենան այստեղ արդեն ուշադրություն էր գրավում, ու նաև աշտարակն էր այստեղից, չգիտես ինչու, առավել մոտ թվում: Վերջապես մտա քաղաքի ամենակեղտոտ ու գարշահոտ տարածքը: Մեքենան դժվարությամբ էր առաջ գնում ցածրիկ, կավաշեն տների միջով. մարդկանց անորոշ ստվերները դժկամորեն սեղմվում էին պատերին և, վերջապես, ճանապարհս արգելակեց ամենասովորական, երկրային քաղցը: Ի ամոթ ինձ, աշտարակի մասին մոռացա: Պարզապես ուտել էի ուզում: Ետ գնալը հեռու էր, և աշտարակն էլ կանգնած էր դիմացի տան ետևում, այդ պատճառով վճռեցի ուտել այստեղ և ապա շարունակել ճանապարհը: Տնակը, որի ետևում աշտարակն էր, դատելով ցուցանակից՝ հասարակ գարեջրատուն էր: Լուսամուտներում աղոտ լույս էր. այդ պատճառով դրսում ավելի մութ էր թվում: Ներս էր տանում փայտյա մի կեղտոտ դուռ, որի պողպատյա բռնակն անթիվ կեղտոտ ձեռքեր էր տեսել: Եվ ես թակեցի: Դուռն անմիջապես բացեց անլվա, սև պառավը՝ աչքերի սոված փայլով և մեծ, ծուռ քթով: Պահ անց պառավն ինձ արդեն չէր թվում այնքան պառավ ու կեղտոտ, իսկ այն, ինչը սկզբում կուզի տեղ ընդունեցի, ոչ այլ ինչ էր, եթե ոչ նրա մեջքին նստած մեծ ագռավ: Պառավը ծուռ, հասկացող ժպիտի մեջ ցույց տվեց իր պողպատյա ատամները և կանչեց մրից սևացած մատով: Նա աչքով արեց իր թիկունքին կանգնած ինչ-որ մեկին, ում այստեղից տեսնել չէի կարողանում, և մի կողմ քաշվեց՝ ներս թողնելով ինձ: Նա կաղ էր. թեք-թեք քայլերով չքվեց կարմրավուն ծխի մեջ, իսկ մեջքին նստած ագռավը յուրաքանչյուր քայլի հետ թափահարում էր վիթխարի թևերը: Տապակած մսի հոտ էր գալիս, փայտյա անսփռոց սեղանին տոմատի մածուկ կար թափված, իսկ սև ծառան, ում միանգամից չնկատեցի, նույնիսկ շնորհ չարեց մնացուկները հավաքելու: Ջանում էի չզարմանալ, բայց ծառայի տեսքն ինձ խոցել էր: Դա երկար թիկնոցով, մեծ, սև ուտիճ էր: Գլխին կնգուղ էր քաշել, որի տակից անդադար շարժվում էին բեղերը: Նա աշխատում էր դանդաղ շարժվել, բայց իմ յուրաքանչյուր բառը խթանում էր նրան: Ճիշտ է, նա ոչ մի անգամ չգցեց ո՛չ բաժակը, ո՛չ էլ ուրիշ սպասք: Չեմ հիշում՝ ինչ պատվիրեցի: Զզվանքը սեղմում էր կոկորդս, սակայն, այդուհանդերձ, ուտում էի, որ հագեցնեմ քաղցս: Հենց սկզբից գիտեի, որ այս ամենի համար վարձահատույց լինել չեմ կարողանալու, և երբ եկավ պահը, փորձեցի փող տալ: Բայց պառավը միայն ծիծաղեց՝ չար և անսպասելիորեն խռպոտ: Ագռավը նրա թիկունքում լայն թափահարեց թևերը: Իսկ ուտիճը՝ այրվածի պես վազվզեց սենյակով: Եվ պառավ-անդունդը բռնեց շլինքս ու քարշ տվեց, իսկ ես զգացի, որ նրա ձեռքն էլ պողպատյա է ու սառը:
Եվ ես մոռացա ճերմակ աշտարակը: Մոռացա: Սթափվեցի մրից սևացած պատերով ու առաստաղով կեղտոտ խոհանոցում: Ես կրակն էի վառ պահում մեծ, սև կաթսայի տակ, փայտ ջարդում, լվանում կեղտոտ սպասքը: Ուտիճն իր սև բեղերով ստուգում էր, թե որքան մաքուր եմ լվանում այն: Թուջե կոնքը տոմատի մածուկից կարմրում էր ու ճարպոտում, և այնտեղ լողում էին հազարավոր սև ճանճեր: Ժամանակ առ ժամանակ մեջքիս զգում էի ուտիճի բեղերի հպումը, որ նման էր մտրակի հարվածի: Նա խթանում էր ինձ: Կյանք-պառավը երբեմն գնում-գալիս էր շուրջս, երբեք ոչինչ չէր ասում, արհամարհական խնչում-թքում էր իմ կողմը, և նրա ծիծաղը միախառնվում էր ագռավի կռնչոցին, իսկ ագռավային աչքերի փայլը հիշեցնում էր ինչ-որ մի բան, ինչը, որքան էլ ջանում էի, չէի կարողանում հիշել: Անցնում էին տարիներ: Ժամանակ առ ժամանակ հոգուս դաժան կարոտ էր համակում, ես ձեռքս տանում էի մորուքիս և սարսափով նկատում, որ այն արդեն երկար է, խիտ ու կեղտոտ, որ կյանքը փախչում է: Կյանքն անցնում էր աննպատակ ու դատարկ, և միայն պառավի ծիծաղն էր պահպանում հոգուս չար կրակը: Գիշերում էինք միասին: Պառավը քնելու էր պառկում խոհանոցի անկյունում բլուրված չուլուփալասի վրա: Ուտիճի բեղերը կեսգիշերին մոտ աստիճանաբար դադարում էին շարժվելուց, պառավի խռմփոցն այդ ժամանակ հասնում էր իր գագաթնակետին, և միայն ագռավն էր լուսամուտով դուրս թռչում գիշերով: Որտեղ էր սավառնում՝ անհայտ էր…
Եվ դարձյալ ես տեսա, թե ինչպես եմ դուրս գալիս տնից: Քայլում էի արևային, պարզ օրվա միջով: Ճանապարհի երկայնքով ձգվող պատը սպիտակ էր: Եվ հոգիս թեթև էր ու պարզ: Թեթև, զարդանախշ դուռ կար այդ պատի մեջ: Արծաթյա զանգակ էր կախված նրա զարդակամարին: Դուռը փակ չէր: Հազարավոր ծաղիկների արբեցնող բույրը դիմավորեց ինձ այգում, նաև մի աղջիկ՝ սպիտակ, ղունղունող աղավնին ուսին: Նրա դեմքը նուրբ էր, մազերը՝ հարթ հավաքած, ծանր, կապտասև թարթիչները թաքցնում էին աչքերի խինդը: Իսկ նրա ետևում կանգնած էր մեծ, կանաչավուն ծղրիդը՝ ձյունասպիտակ թիկնոցով: Աղջիկը վերջապես ծիծաղեց և քաշեց ձեռքս՝ հրավիրելով տուն: Բոլորս ծիծաղում էինք, ծղրիդն ինչ-որ երգ էր երգում անդադար և հյուրասիրում էր ինձ ինչ-որ զարմանալիորեն համեղ կերակուրով, և ես ուտում էի՝ չհագենալով: Աղավնին շարունակ ղունղունում էր և զվարթ թևաբախում: Իսկ ես երջանիկ էի: Ու հանկարծ տեսա պատուհանից, որ ճերմակ աշտարակը կանգնած է հենց այգու մեջ՝ շուշաններով ու վարդերով շրջապատված: Ես դանդաղ վեր կացա ու գնացի նրա կողմը՝ ինչ-որ բանից անսպասելիորեն վախեցած: Ես դիպա ճերմակ քարին և չգիտեի՝ ինչ խնդրել նրանից: Չգիտեի…
Ինձ արթնացրեց պառավի հառաչը: Նրա ձեռքերն անհանգիստ ցնցվում էին, սև մազերը ցրված էին չուլուփալասի վրա, նա զառանցում էր: Չգիտեմ ինչու՝ ինձ թվաց, թե պառավը նույն զառանցանքն ունի, ինչ ես՝ քիչ առաջ: Ուտիճի բեղերը ջղացնցվում էին, ասես տենդի մեջ: Իսկ երբեք չփակվող աչքերի մեջ շարունակում էր թափառել կանաչավուն արտացոլանքը: Ագռավը սավառնում էր ինչ-որ տեղ: Դանդաղ հագնվեցի: Ափով ջուր վերցրի տակառից, շփեցի երեսիս, ականջս՝ պառավի զառանցանքին: Կամաց մոտեցա դռանը, որը տանում էր ներքին բակ, բացեցի և մեքենաների ծռմռված, ժանգոտ կմախքների ու կրծած ոսկորների կույտերի միջև տեսա իմ աշտարակը: Շունչս կտրվեց, ասես սառնամանիքից: Շլացնող, ասես սպիտակ կայծակ, փայլում էր նա, իսկ նրա շուրջը շարունակ սավառնում էր սև ագռավը, և ես գիտեի, թե ինչ եմ ուզելու նրանցից:

Թողնել պատասխան

Your email address will not be published.