«

»

Մար 23 2013

Տպել Գրառում

Լիլիթ Հակոբյան | ԻՆՉՊԵՍ ՔԵԶ ԿՈՐՑՐԵՑԻ՝ ԳՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Լիլիթ Հակոբյան

Լիլիթ Հակոբյան

… Դու դարձյալ չեկար արցունքներս սրբելու: Այսօր նորից գլուխս դրեցի բարձին և արցունքներս աչքերիցս գլորվեցին: Ես միայն քնելիս եմ լալիս քեզ համար, որովհետև այսպես ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ ես այնքան եմ ուզում, որ դու գաս ու սրբես արցունքներս, այդ միայն դու կարող ես, բայց դու չես գալիս:

Մի օր դասընկերուհիս ինձ հյուր էր եկել, բայց որքա՜ն սկսեցի նրան ատել… Պատմում էր, որ իր հայրն ամեն օր իրեն զանգում է և առանց իր ձայնը լսելու չի քնում. էլ չեմ ուզում տեսնել ու լսել նրան: Դու մի անհանգստացիր, ես չասացի, որ դու ինձ մոռացել ես, ես նրան արժանի հակահարված տվեցի, ասելով, որ դու էլ ես զանգում, օրը մի քանի անգամ: Նրան ճանապարհելուց հետո նորից արցունքներս աչքերիցս գլորվեցին, իսկ դու չեկար արցունքներս սրբելու…

Մի օր էլ խանութի ճանապարհին ինձ մեր փողոցի չար կախարդները սկսեցին հարցուփորձ անել. թեման նորից դու էիր, հազիվ էի արցունքներս զսպում, բայց այդպես էլ չդիմացա: “Ասում են հերդ անհայտ կորածա, ճիշտա՞…”: Ուզում էի ամբողջ ձայնով գոռալ` չէ, բայց ձայնս չհերիքեց, ու արտասվելով փախա, ինչպես երբեք ոչնչից չէի փախել: Դու նորից չեկար արցունքներս սրբելու:

Ամենուր քեզ եմ փնտրում: Գիտե՞ս, մի քանի տեղ արդեն քեզ գտել եմ… Մեր տանը քո տետրերն եմ գտել. ինչ տգեղ ձեռագիր ունես, պա’պ, բայց ինչ կարոտով եմ ամեն անգամ նայում քո ձեռագրին` մտածելով, որ երբևէ դու դիպչել ես այդ տետրին, ինձ նման աշակերտ ես եղել, նստել ես նույն սեղանի մոտ, որի մոտ հիմա ես եմ դասերս սովորում: Պա’պ, երևի գիտես, որ էս սեղանն անհարմար է, մի քիչ ճոճվում է, կամ գուցե նոր է սկսել ճոճվել: Մի նկար էլ եմ գտել, նկարում դու սեղանի մոտ գրավոր ես անում. ես էլ եմ գրիչս քեզ նման բռնում: Ամեն անգամ գրելիս մտածում եմ, որ հիմա կմտնես ու ինձ կգրկես, ես էլ քեզ օրագիրս ցույց կտամ ու կասեմ, որ խոսքիս տերն եմ եղել ու լավ եմ սովորել… Բայց դու չէիր գալիս, իսկ արցունքներս այտերիս չորանում էին:

Ես քեզ աղոտ եմ հիշում, ինչպես կհիշեի անծանոթ մեկին, ում մեկ անգամ եմ տեսել, բայց շատ եմ սիրում: Ասում են, որ ես քեզ եմ նման, իսկ ես ուզում եմ քեզ հիշել ու չեմ կարողանում: Քո հետ կապված հուշեր գրեթե չունեմ, բայց շատ ու շատ երազներ ունեմ, միշտ գալիս ես երազիս. ճիշտ այնպիսին, ինչպիսին քեզ մեր հրաժեշտի օրը տեսա, բայց տարիներ են անցել, ու երևի փոխվել ես, բայց ես քեզ այդպիսին եմ սիրում, նախկին տեսքով, որովհետև այն ժամանակ քեզ համար այսքան արցունք չէի թափել: Իսկ դու դեռ չես գալիս արցունքներս սրբելու:

Անընդհատ մտածում եմ, որ հայրս կողքիս չի, պետք է զգույշ լինել: Լա’վ, ինչքան այսպես զգույշ, հոգնել եմ արդեն: Իսկ դու չես գալիս, որ ինձ պաշտպանես:

Օրը հաջորդում է գիշերվան, ու մեզ նորից մի ահռելի տարածություն է բաժանում, իսկ մեր միջև ընկած ժամանակը իմ կյանքից էր գնում և ոչ քո… Ների’ր…

Քո մասին անընդհատ հարցնում եմ մամայից, իսկ նա միայն լավն է պատմում, ու ես ավելի եմ ցավում, որ քեզ չեմ ճանաչում: Ընկերներս միշտ պատմում են իրենց հայրերի մասին, իսկ ես լռում եմ: Դասարանի մատյանում քո աշխատանքի սյունակն անփոփոխ է` արտագնա աշխատանք… Եվ այսպես տասը տարի: Տասը… երևի այնքան էլ շատ չէ: Արդեն ծիծաղելի կլինի, եթե ասեմ, որ քեզ առաջվա պես սպասում էի: Միևնույն է, ռեալիստներն ինձ չեն հավատա…

 

… Այլևս ուշ էր, բայց դու վերադարձար անսպասելի…

Հիմա անընդհատ ինձ հարցնում եմ. դո՞ւ էիր արդյոք: Ես քեզ իմ երևակայությունում բոլորովին այլ կերպ էի ուրվագծել, իսկ դու այնքան ուրիշ ես հիմա: Երևի իմ հայրը, իմ երազների հայրը կորել էր օտար ափերում, և նա, ով վերադարձել էր այսօր, նրա ուղղարկած մարդն էր, ով եկել էր մեզ մխիթարելու ու մեղքերը քավելու: Բայց ես նրան չներեցի…

Դու ոչինչ էիր դարձել, իսկ ես չէի կարողանում ինձ ստիպել, որ քեզ առաջվա պես սիրեմ: Ես քեզ խղճում էի, բայց գիտեմ, որ դա քիչ էր: Խիղճս տանջում էր, ուզում էի օգնել, որ գտնես քեզ, բայց չէր ստացվում, որովհետև ես էլ չէի կարողանում գտնել իմ հորը այն կերպարում, որը վերադարձել էր տասը տարվա բացակայությունից հետո: Ես երևի մեղավոր եմ քո առաջ, որ այդպես էլ չկարողացա քեզ օգնել…

Դու հարբում էիր` չմտածելով, որ խմածդ օղու ամեն կաթիլն ինձ դանդաղ սպանում է, դու լալիս էիր` չկասկածելով, որ արցունքիդ ամեն կաթիլն ինձ անխնա խեղդում է, դու բղավում էիր ` չհասկանալով, որ լսողությունս արդեն հոգնել է`  նախ տասը տարվա քո լռությունից, իսկ հիմա արդեն խոցող ձայնիցդ, որ մինչ օրս էլ ականջներումս է` «Կներե՛ս…

Բայց ես քեզ չներեցի… Դու այլևս չէիր մտածում, իսկ ես մտածելով՝ գժվել էի, ոչինչ չէիր ասում, իսկ ես չասելուց հոգնել էի, դու ինձ խփում էիր, բայց էլ ցավ չէի զգում, սիրտս բավական ցավել էր արդեն, էլ տեղ չէիր թողել նոր ցավի համար: Գիտեմ` հետո զղջում էիր, բայց չներեցի…: Չհասցրեցի…

 

…Առավոտյան էլի շուտ ես վեր կացել, գիտեմ` չես քնել, սենյակիցդ լսում եմ շնչառությունդ ու շունչս պահած սպասում, որ նորից կբղավես ու կհարվածես պատին, որքան եմ վախենում ես քո ձայնից, այն ձայնից, որ տասը տարի շարունակ երազում էի լսել, թեկուզ լսափողից, բայց այդպես էլ չլսեցի: Իսկ հիմա եկել ես, ու ես սարսափում եմ քո ձայնից: Ուզում եմ մանկության օրերի նման թաքնվել մահճակալիս տակ ու այնտեղ լուսացնել: Բայց մեծ եմ արդեն, արդեն չպետք է թաքնվեմ, պետք է ընդառաջ գնամ: Իսկ առավոտյան նախընտրում եմ սուտ քուն մտնել մինչև դպրոց գնալու ժամը, որ ստիպված չլինեմ բախվել քո հայացքին, որն ինձ միայն սարսափ է ներշնչում, այն հայացքը, որ ես միշտ տեսնում էի երազումս, բայց այժմ այն այլ է: Այսպես փախչում եմ քեզանից, բայց, ախր, որքա՜ն էի քեզ սպասել, ինչի համար այդպես էլ քեզ չներեցի…

 

…Հիմա դու մեզ հետ ես, բայց շա՜տ հեռու, ավելի հեռու քան՝ էիր, մինչ վերադարձդ: Այդ հեռավորությունն ինձ դանդաղ սպանում է: Չգիտեմ` երբևէ նորից կսկեմ ապրել, թե ոչ: Իսկ եթե, ոչ, ապա ուզում եմ մեռնել հենց հիմա ու պիտի մեռնեի, որովհոտև հետո պետք է ավելի ուժգին թափով մեռնեի ու այդպես ապրեի` կես ողջ, կես մեռած… Հետոն չուշացավ… Ես շուտով մեռա…

Դու ինձ հրաժեշտի համբույր տվեցիր, ես ենթագիտացորեն զգացի, որ դա քո վերջին համբույրն է, զգացի և սարսափեցի, բայց ինչպես միշտ քնած ձևացա, չարթնացա`  ասելու, որ քեզ ներում եմ: Դու գնացիր ու փակեցիր դուռը, ես բացեցի աչքերս ու տեսա, թե ինչպես է դանդաղ փակվում դուռը քո հետևից, որն այլևս երբեք չէր բացվելու: Ատում եմ այդ դուռը, որ վերջնականապես բաժանեց մեզ: Իսկ դու առանց ետ նայելու գնացիր ու չուզեցիր լսել, որ քեզ ներում եմ…

Տարիներ են անցել այն օրից, երբ դու հեռացար ընդմիշտ, գնացիր այնտեղ, որտեղից այլևս չեն վերադառնում…

Իսկ ես քեզանից հետո ապրում եմ այսպես`  կես ողջ, կես մեռած: Դու արդեն չկաս, իսկ ես նորից սպասում եմ քեզ, սպասում եմ, որ գաս, և ասեմ, որ ներում եմ քեզ…

Էլ չես գա, երևի ես էլ չապրեմ, քանզի այս կյանքն այլևս իմը չէ, որովհետև ես չկարողացա պահպանել քոնը, քո թանկ կյանքը, որն այդպես էլ ինձ չնվիրեցիր:

Հիմա ուշ է այլևս, բայց ես քեզ ներում եմ…

Լիլիթ, 2009 թ.

 

Share Button

3 կարծիք

  1. Նանե Մանուկյան

    Լիլ ջան դու ուղղակի հրաշք ես…………………

  2. Lena

    Սա իրական պատմություն է?

    1. Լիլիթ

      Գրվել է իրական պատմության հիման վրա:

Պատասխանել Նանե Մանուկյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>