Երանուհի Ղանդիլյան | ՇՏԱՊԻՐ ՍԻՐԵԼ…

Ապագան լինելով ամեն ինչ` ընկալվում է որպես ոչինչ,
իսկ անցյալը լինելով ոչինչ` ընկալվում է որպես ամեն ինչ:
ԼԵՄ

Նոյեմբերյան ցուրտ և մառախլապատ երեկո էր: Անձրևի
կաթիլները միալար և տաղտկալի թմբկահարում էին խանութների ապակիները: Հագուստի սրահի լույսերը բոլոր հնարավոր և անհնար գույներով շողշողալով` փորձում էին գրավել հատուկենտ անցորդների ուշադրությունը: Այդ վոլֆրամե թելիկները բոլորովին գլխի չէին ընկնում, որ աշխատանքային օրն արդեն վերջացել է, և որ իրենք լոկ ժամանակավոր հմայիլներ են: Նստարանի տակ, դեղնակարմիր տերևների կույտի վրա կծկվել էր փողոցային մի շուն և անտարբեր հայացքը հառած մի կետի` անշարժացել էր, նրա համար միևնույնն էր, թե ուր են շտապում անցորդները, և ընդհանրապես ինչու է պտտվում երկրագունդը:
Տեսնես ո՞վ է առաջինը մտածել, որ շուրջօրյա աշխատեն սուպերմարկետները, իսկ ո՞վ է աշխատում գիշերային հերթափոխում…
Շուրջօրյա սուպերմարկետ մտավ մի աղջիկ: Միջահասակ էր, մոխրագույն անձրևանոցի մեջ փաթաթված և սև կաշվե ճտքակոշիկներով: Շագանակագույն մազերը անկանոն հավաքված էին ծոծրակին…
Ռոմանտիկ թափթփվածություն…
Աղջիկը գեղեցիկ չէր, սակայն նրա մեջ կար մի բան, որ առաջին իսկ հայացքից գրավում էր դիմացինին` սև, խոշոր հայի աչքեր, փոքր ինչ խիստ արտահայտությամբ, բալի գույնի շուրթեր,
և փոքր ինչ վեր ցցված քթիկ: Աղջիկը կլիներ մոտ 25-28 տարեկան: Ներս մտավ և քայլերն ուղղեց սուպերմարկետի բաժիններից մեկը:
-Կարո՞ղ եմ ձեզ օգնել, — մոտեցավ նրան վաճառողուհին:
-Ա… Այո, ինձ երկու մետր լվացքի պարան է հարկավոր, — պատասխանեց նա:
-Եկեք այս կողմ խնդրեմ, տնտեսական ապրանքներն այս բաժնում են:
Վաճառողուհին նրան ուղեկցեց համապատասխան բաժինը, ցուցանակի վրա գրված էր` «Տնտեսական Ապրանքներ», աղջկան օգնեց ընտրել պարանը և ուղեկցեց մինչև դրամարկղ:
Աղջիկը, վերցնելով դրամի մանրը և պարանը, շտապեց դուրս գալ:
Խոնավ երեկոն անմիջապես կլանեց նրան:
Աղջիկը արագ-արագ քայլերով կտրեց անցավ փողոցը, թեքվեց ձախ և շարունակեց ճանապարհը նեղ ու մութ նրբանցքով, որի չսալահատակված մայթերին գոյացած ջրափոսերը սև խոռոչների նման կլանում էին ամեն ինչ:
Մի մեքենա շատ մեծ արագությամբ սլացավ` ցեխաջուր շպրտելով աղջկա վրա: Փողոցի անկյունում հավաքված էին մի խումբ տղաներ և աննպատակ ծխում էին: Նրանցից մեկը հայացքով ուղեկցեց աղջկան ու սիգարետի արանքից նետեց. «Բա ասում են ասֆալտին ծաղիկներ չե˜ն աճում»: Աղջիկն անտարբեր շարունակեց ճանապարհը, ևս մի քանի մետր գնաց , թեքվեց աջ, բարձրահարկ շենքի շքամուտքով՝ ներս մտավ, նստեց վերելակ և սեղմեց 3 կոճակը, որը, սակայն, նշանակում էր 6-րդ հարկ: Վերջին անգամ, երբ վերանորոգում էին վերելակը, վարպետները հակառակ էին ամրացրել 3 և 6 կոճակները: Սկզբում դա շատ զայրացրեց շենքի բնակիչներին, քանի որ շփոթում էին հարկերը, հատկապես տարեցները, սակայն հայը շուտ է ընտելանում ամեն ինչին, և միայն մի քանի օր պահանջվեց բնակիչներից` հիշելու համար, որ 3-ը 6-ն է, իսկ հետո դա պարզապես զվարճացնում էր նրանց:
Աղջիկը, համապատասխան հարկում դուրս գալով, նյարդային շաժումներով պայուսակում սկսեց փնտրել բանալին: Հարևան տնից լսվում էր հեռուստացույցի ձայնը. հարևանը ֆուտբոլի մոլի երկրպագու էր, և այնքան էր բարձրացնում ձայնը, որ հարևանները ևս ստիպված հետևում էին խաղին:
Վերջապես, գտնելով բանալին, շտապով բացեց դուռը և ներս մտավ, նույնիսկ չնկատեց, որ բանալին մոռացավ դռան վրա: Հանեց անձրևանոցը, նետեց հենց մուտքի մոտ դրված աթոռակին:
Մտավ ննջասենյակ, միացրեց համակարգիչը: Հետո հանեց ճտքակոշիկները, նետեց դռան տակ:
Սենյակում կատարյալ խառնաշփոթ էր` հագուստները նետված էին մահճակալին, պահարանի վրա, հատակին դեղահաբեր էին թափված: Աղջիկը բարձի տակից վերցրեց կարմիր վանդականախշ շալը և փաթաթվելով` կծկվեց բազմոցի անկյունում, ծնկներին առավ համակարգիչը, ստուգեց էլ-փոստը:
Արդեն մեկ ամիս էր, ինչ նա աշխատանքի համար դիմել էր մի կազմակերպության, սակայն պատասխան դեռ չէր ստացել: Կրկին ոչ մի նամակ:
Նա գոյություն չունի, նա լոկ ատոմների և մոլեկուլների չհամակարգված մի խումբ է, որտեղ ֆիզիկայի ոչ մի օրենք չի գործում, և այդ խումբը քաոսային, աննպատակ թափառում է օդում:
Աղջիկը հատակին դրեց համակարգիչը, վերցրեց սեղանին դրված գինու շիշը, մի քանի կում խմեց, ետ գցեց գլուխը և փակեց աչքերը:
-Գո¯լ,- լսվեց հարևան բնակարանից: ՙԻնչ լավ է, որ գոնե մեկը կարողանում է լիարժեք ուրախանալ՚,- մտածեց ինքն իրեն:
Գինու շիշը դրեց գորգին, ապա կռացավ, ապակե սեղանից վերցրեց լուսանկարները:
Մի նկարում նա նստած էր հոր ուսերին, չնայած արդեն 16 տարեկան էր, իսկ մայրը վախենալով, որ հանկարծ չընկնի, փաթաթվել էր աղջկա ոտքերին, որոնք կախվել էին ամուսնու ուսերից:
Կատարյալ երջանկություն էր բուրում այդ նկարից:
Իսկ այս մեկը իրենց ամառանոցի վերանորոգման օրն էին նկարվել: Բոլորը ներկոտված էին, չնայած որ վարպետներից բացի ոչ ոք գործ չէր անում, ավելի շատ խանգարում էին: Այդ օրն էր, որ Արմանը գրկեց իրեն, ուժով նստեցրեց ներկի դույլի մեջ, և որպեսզի չփախչի, ինքն էլ նստեց վրան, ու մատները թաթախելով կապույտ ներկի մեջ` նկարեց դեմքին ու ծիծաղելով անընդհատ կրկնում էր. «Գիտես հեշտ ե՞ս պրծնելու ձեռքիցս»: Այդ ժամանակ մայրը ծածուկ լուսանկարել էր:
Այդ նկարի մասին ուշ իմացան և բավականին ծիծաղեցին:
…Հանկարծ գինու շիշը ուժգին հարվածեց հայելուն և կտոր-կտոր թափվեց ցած, փշրելով սենյակի լռությունը: Աղջիկն ընկավ բազմոցին ու սկսեց լաց լինել: Արցունքները խեղդում էին նրան…
— Ախր ինչու՞, ինչու՞ այսպես դասավորվեց իր կյանքը: Ինքն անզոր է ու էլ ոչինչ չի կարող փոխել:
Սենյակի լռությունը խախտեց հեռախոսազանգը…
— Արա՞մ, ի՞նչ եղար ախպեր, բոլորը քեզ են սպասում, հեսա մեքենաները կշարժվեն, էն խեղճ աղջիկն էլ մտածումա` փոշմանել ես ու փախել ես,- բղավեց էր մի տղա լսափողի մյուս ծայրից, և գոհ իր կատակից` սկսեց ծիծաղել, իսկ լսափողի մեջ լսվում էին ուրախ երաժշտության հնչյուններ:
— Ալո,- մի կերպ արտասանեց աղջիկը:
— Քուր ջան, Արամի հեռախոսը չի՞,- նորից բղավեց տղան:
— Ոչ, սա Արամի հեռախոսը չի, դուք սխալվել եք,- պատասխանեց աղջիկը:
— Կներեք, քուրիկ ջան, մեր ընկերոջ հարսանիքն ենք նշում, մի քիչ խմել եմ ու երևի սխալ եմ հավաքել համարը:
— Ոչինչ,- ասաց աղջիկը:
— Դուք լաց եք լինու՞մ: Էս ազիզ օրով ոչ ոք չպիտի լաց լինի, ասեք ձեր հասցեն գամ ինքս ձեզ բերեմ հարսանիքի տեղը:
Աղջիկն արցունքների միջից ժպտաց ու ցած դրեց լսափողը:
…Հիշեց, թե ինչպես իրենք ծանոթացան Արմանի հետ:
Ծանոթացել էին պատահաբար` ինտերնետով: Տղան, տեսնելով աղջկա խենթացնող ժպիտով նկարը, հաճոյախոսել էր, հենց այնպես, առանց որևիցէ հետին մտքի, պարզապես այդպես էր ուզում ու վերջ:
Ընդհանրապես շատ են ծանոթության համար ստեղծված բառերը` ՙԿարելի՞ է ձեզ ուղեկցել՚ կամ «Ներեցեք, չէի՞ք ասի, թե ժամը քանիսն է» կամ «Ես վաղուց է, ինչ ձեզ հետևում եմ, կարելի՞ է ծանոթանալ» և այլն:
Բայց տղան գրեց.
— Voi siete unica.
— Ի՞նչ է նշանակում «voi siete unica»,- հարցրեց աղջիկը:
— Նշանակում է «դուք եզակի եք»:
…Եվ սկսվեց նամակագրությունը: Խոսում էին ամեն ինչից` գրականություն, սպորտ, երաժշտություն, քաղաքականություն, յուրաքանչյուրը պատմում էր իր նախասիրությունների մասին…և այսպես երեք ամիս: Երեք ամիս առանց իրար տեսնելու խոսում էին, հետաքրքրվում միմյանց առօրյայով, գրում էին, թե ինչպես են անցկացրել հերթական օրը: Այս ամենը հարազատ դարձրեց նրանց, ընտելացրեց իրար:
Նրանք դարձան վիրտուալ ընտանիք, և, ինչպես գրել է Էքզյուպերին. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»:
Աղջիկը ժպտաց:
Ոչինչ չասող ժպիտ էր: Լոկ բիոլոգիական երևույթ:
Սենյակում կիսախավար էր և ցուրտ, իսկ պատշգամբի ջրհորդանին միալար կաթկթացող անձրևը միտք էլ չուներ դադարելու:
Խոնավ լռություն:
Աղջիկն ավելի կծկվեց վանդականախշ շալի մեջ և գլուխը ետ գցեց բազմոցի թիկնակին: Հայացքը հառեց առաստաղին ու նորից ընկղմվեց հիշողությունների գիրկը:
Մի օր, երբ հերթական անգամ զրուցում էին ինտերնետում, տղան գրեց.
— Գնա՞նք պաղպաղակ ուտելու:
— Կարծում ես ժամանա±կն է,- գրեց ինքը:
— Դե˜, եթե ինչ որ բան այն չլինի, կասես` գիտե՞ս լրիվ մոռացել էի, շատ կարևոր ու անհետաձգելի գործ ունեմ, պիտի գնամ, ու այսքանով խնդիրը կլուծվի:
-Դե, այդ դեպքում համաձայն եմ,- գրեց ինքը:
Ու հանդիպեցին…հանդիպեցին մետրոյի կայարանում:
Դրսում թեթև անձրև էր մաղում: Նրանք միասին քայլեցին և նստեցին մոտակա սրճարանում, զգացին, որ ինչ որ մի ձգող բան կա երկուսի մեջ էլ: Ասում են, առաջին հանդիպմանը յուրաքանչյուրը ձգտում է իրեն ցուցադրել հնարավորիս լավ տեսանկյունից, երկրորդի ժամանակ փորձում են ուսումնասիրել զույգին, և միայն երրորդ հանդիպմանն են կապվածություն զգում, բայց այս դեպքում ամեն ինչ այլ էր:
Անցնում էին օրեր…ու կարոտում էին իրար: Քայլում էին կողք-կողքի, ու կարոտում էին:
Դա սեր էր:
Ու անսահման կիրք:
— Գոոոոոոոոոոոոոո՜լ,- լսվեց հարևանի տանից:
Անձրևը չէր դադարում:
Կիսախավարը սանտիմետր առ սանտիմետր կլանում էր սենյակի առարկաները:
Աղջիկը հիշեց, թե ինչպես մի անգամ, ամառային մի շոգ օր, երբ քայլում էին փողոցով, հանկարծակի հորդառատ անձրև սկսվեց, և պատսպարվեցին փողոցի ծառի տակ: Անձրևը գնալով ուժեղանում էր:
Տղան բռնեց աղջկա ձեռքն ու վազեցին դիմացի վարսավիրանոց, այնքան զվարճալի էր, բոլորը նրանց խենթի տեղ դրեցին:
Նրանք գտել էին սիրո այն իդեալական տարբերակը, երբ մեկը մյուսին ոչինչ պարտական չէ, բայց և պատասխանատվություն են կրում միմյանց համար:
Միասին այցելում էին կինոթատրոններ, թատերական ներկայացումներ, համերգներ: Իսկ մի անգամ, երբ գնացել էին “The beautyfid project” խմբի համերգին, երգերից մեկում կար մի այսպիսի տող` “I found a way to let her go”: Արմանը թեքվեց դեպի իրեն ու ականջին շշնջաց.
Ես երբեք չեմ թողնի որ դու գնաս: Ես ուզում եմ ամեն առավոտ արթնանալ և տեսնել քեզ, տեսնել, թե ինչպես ես ժպտում քնիդ մեջ: Ես քեզ անսահման շատ եմ սիրում:
Նրանք, լինելով բացարձակապես տարբեր մարդիկ, իդեալական կերպով լրացնում էին միմյանց:
Աղջիկը խմելու սաստիկ ցանկություն ունեցավ: Փնտրեց գինու շիշը, բայց և նույն պահին հիշեց, որ այն փշրված է:
Անիծյալ,- քրթմնջաց ու փաթաթվելով վանդականախշ շալի մեջ` գնաց խոհանոց, բացեց սառնարանի դուռը: Ներսում միայն մի կտոր պանիր էր, ձիթապտղի կիսադատարկ մետաղյա տուփ, սունկ: Զզվանքով շրխկացրեց սառնարանի դուռը և գնաց դեպի պահարանը: Այնտեղ` դարակում, դրված էր շոկոլադե սալիկների մի տուփ: Վերցրեց տուփը, եկավ, նորից նստեց բազմոցին ու մի կտոր կծեց, ձեռքն առավ հեռակառավարման վահանակը և միացրեց հետուստացույցը: Լուրերով հայտնում էին, որ ժայթքել է Իսլանդիայի հրաբուխը: Մի կողմ նետեց հեռակառավարման վահանակը: Հայացքով սկսեց ինչ-որ բան փնտրել սենյակում:
Գտավ:
Ոտքերը քստքստացնելով և շալը ետևից քարշ տալով` գնաց դեպի դուռը: Վերցրեց պայուսակն և
սկսեց նյարդային շարժումներով ինչ որ բան փնտրել:
Գտավ:

Օրագիրն էր: Կապույտ կազմով, տեղ-տեղ մաշված:

Բացեց առաջին իսկ պատահած էջը և սկսեց կարդալ.
«… 15.01.09, ժամը`17:12
Արմանը զանգեց: Ասաց , որ քրոջ նվիրած դրամապանակն է կորցրել, այսինքն, առավորտյան արթնացել է, տեսել չկա, ու բարկացած` իմ նվիրած դրամապանակը նետել է աղբաման` նկարս էլ մեջը: Այդ պահին ուղղակի նողկանք ապրեցի:
Ատում եմ …»

Նորից հիշեց, թե որքան վիճեցին այդ ժամանակ:
«14.02.2009
Սուրբ Վալենտինի օրն է:
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառն ընդառաջի տոնը:
Արմանն անակնկալ էր պատրաստել ինձ համար: Երբ ուզում էի տուն մտնել, դուռը ներսից բացեց` ծաղիկների մի հսկա փունջ ձեռքին:
Իմ սիրած ծաղիկները:
Շատ եմ սիրում նրան :»

«…12.04.09
Այսօր կիրակի է, Սուրբ Զատիկն է:
Այս օրը մենք միշտ նշում ենք ընտանիքով:
Սիրում եմ ընտանեկան տոները:
Սիրում եմ մեր ընտանիքը:
Շուտով նորը կունենամ: Ի՛մը` ես, Արմանը:»

Հարևանի տանը լռել էին ձայները:
-Ուրեմն ֆուտբոլը վերջացել է, — մտածեց աղջիկն ու ժպտաց: Սենյակը գրեթե ամբողջությամբ մթնել էր, բայց նա համառորեն չէր միացնում էլեկտրական լամպը: Կարդում էր համակարգչի էկրանի
լույսով:
«…28.07.09
Նոր օր:
Ի՞նչ կբերի իր հետ:
Շատ եմ մտածում, թե ինչ եմ ուզում կյանքից: Ինչո՞ւ եմ ծնվել: Ո՞րն է իմ առաքելությունը այս կյանքում: Անընդհատ մի հիմար միտք է պտտվում գլխումս: Երանի պատերազմ լիներ, և ես մասնակցեի: Այն ժամանակ կգիտակցեի, որ մի կարևոր բան եմ արել կյանքում:
Երևի ծերանում եմ…
Արմանի հետ սկսել ենք շատ վիճել: Արդեն չեմ հասկանում` սիրո՞ւմ ենք իրար, թե՞ պարզապես ընտելացել ենք»:

Հեռուստացույցով գովազդում էին «հրաշք» քերիչներ:
Աղջիկը հիշեց, թե ինչպես էր Արմանն իրեն կակաչներ նվիրում…իր սիրած կակաչները: Կարոտեց:
Շատ ուժգին կարոտեց:
Ցավ զգալու աստիճան կարոտեց:
Ու նորից խմելու սաստիկ ցանկություն առաջացավ: Հիշեց, որ դարակում մեկ շիշ գարեջուր կար:
Գնաց, վերցրեց, սեղանի եզրին դրեց և ուժգին հարվածով բացեց այն: Նորից եկավ, վերցրեց
համակարգիչը և սկսեց աչքի անցկացնել նամակները. Դրանք երկուսն էին: Ոմն Ալեքսեյ գրել էր.
-Բարև, գեղեցկության աստվածուհի:
Աղջիկը համակարգիչը դրեց ծնկներին, քմծիծաղեց և սեղմեց “delete” կոճակը:
Մի կում արեց գարեջրից. տաք էր, զզվանքով դրեց մի կողմ:
Հեռուստացույցով գեղեցկության ինչ-որ տխմար մրցույթ էր` “Miss Supermodel”: Թու՛հ:
Հիմարություն:
Նամակ ստացավ:
— Հաստատ աշխատանքի վայրից է,- մտածեց:
Բայց ոչ, նորից այն Ալեքսեյն էր.
-Չե՞ք ուզում խոսել:
-Ո́չ,- քրթմնջաց աղջիկը, և կրկին սեղմեց “delete”:
-Իսկ միգուցե՞ ես հիմա ձեր կարիքն ունեմ,- համառում էր Ալեքսեյը:
-Համոզվա́ծ եղեք, հաստատ ո́չ իմ,- գրեց Աննան, և մի կողմ դրեց համակարգիչը:
Անձրևն ուժեղացավ: Քամին արյունոտ աչքերն ագահությամբ չռել էր մերկ ծառերի ճյուղերին:
Դրանք անօգնական ճոճվում էին:
-Մայրի՜կ, կարո՞ղ ես ասել, թե ինչու ես էլ ձեզ հետ չեկա,- շշնջաց ու ինքն իր ձայնից սարսափած`լռեց:
Նորից վերցրեց համակարգիչը: Այս անգամ Ալեքսեյը գրել էր.
-Դուք կարծում եք, որ գեղեցիկ եք, ուրեմն աշխարհը ձեր ոտքերի տակ է, դուք` երկոտանի
տիկնիկներդ, ի՞նչ եք հասկանում կյանքից: Ձեզ թվում է, որ ամեն ինչ գիտեք, որ եթե կարողանում եք համակարգիչով նամակներ ուղարկել և օգտվել “flash”-ից ուրեմն ամեն ինչ գիտեք:
-Հիմարություն եք ասում,- բարկացած գրեց Աննան:
-Ինչո՞ւ: Իսկ եթե ձեր այդ “flash”-ով հայտնվեիք մ.թ.ա.` մեր նախնիների մոտ, և ձեզ մոտ լինեին աշխարհի մշակութային գանձերը` Մոցարտ, Բախ, Բեթհովեն և այլ մեծերի երաժշտությունները, լինեին Դա Վինչիի, Վան Գոգի, Մոնեի և այլ մեծերի կտավների թվայնացված նկարները, լինեին համաշխարհային կինոյի գանձերից, լիներ “penicelin” -ի ֆորմուլան, ապա դուք` անուղեղ տիկնիկների դասին պատկանող գեղեցկուհի, կկարողանայի՞ք նորից համակարգիչ ստեղծել` այդ ամենը ցուցադրելու համար: Դուք միայն կլռեիք, և չէիք կարողանա բացատրել, որ ձեր ձեռքում բռնած այդ պլաստմասսայի կտորը իր մեջ կարևոր ինֆորմացիա ունի: Ավելի ճիշտ` ոչ ոք չէր հասկանա, թե դուք ինչ եք ասում, քանի որ դուք չէիք կարողանա ապացուցել ձեր ասածները:
Նյարդային շարժումով ուղղվեց: Պատասխանեց.
-Իսկ դու́ք ինչ գիտեք այդ ամենի մասին: Դուք իմ գիտելիքների մասին ի՞նչ գիտեք, որ այդպես վստահ «գովաբանում» եք: Լավ, ենթադրենք, թե դուք այդ ամենը գիտեք: Իսկ կարո՞ղ էիք հասկացնել նրանց, որ իրենք բաղկացած են քվարկներից և էլեկտրոններից: Ի՞նչ եք կարծում, նրանք ձեզ ինչի՞ տեղ կդնեին: Միանշանակ ճիշտ եք: Հիմարի՛:
Պատասխանը չուշացավ.
-Ես կիսով չափ հայ եմ: Եվ անկեղծ ասած` ամաչում եմ դրա համար, քանի որ հայերին
պակասում են «Էթիկայի կանոները»: Նրանք ինքնասիրահարված են, սիրում են միայն, երբ իրենց գովաբանում են: Մենք, Մեր մշակույթը, Մեր ազգային արժեքները:
Բացարձակ չէր սպասում երեկոյի այսպիսի ընթացքի: Պատասխանեց.
-Ասում եք` հայերը զուրկ են էթիկայի կանոններից: Իսկ դուք տեղյա՞կ եք: Դուք խոսում եք հայուհու հետ, և գրում, որ ամաչում եք ձեր հայ լինելուց: Ճիշտ եք, ես ել եմ մեկ-մեկ
հիասթափվում իմ հայ լինելուց, երբ ձեզ նման “հայի” եմ հանդիպում:
Համակարգչի անկյունում բացվեց «չաթի» պատուհանը.
Ալեքսեյ -Իսկ ես ինձ հայ չեմ համարում: Արյունը դեռ ոչինչ չի որոշում:
Աննա- Ավելի վատ ձեզ համար: Ինձ թվում է, որ ձեր կյանքում ինչ-որ բան պակաս է, դուք ինչ-որ բանի կարիք ունեք, դրա համար էլ չարացած եք աշխարհի վրա,- Աննային թվաց, թե խոսում է իր ներքին ԵՍ-ի հետ:
Ալեքսեյ — Իսկ դուք աշխատում ե՞ք:
Աննա- Այո:
Ալեքսեյ- Գիտակցո՞ւմ եք ձեր աշխատանքի կարևորությունը: Ինչի՞ համար եք աշխատում:
Աննա — Իսկ դո՞ւք ինչ եք կարծում:
Ալեքսեյ — Կարծում եմ, որ դու աշխատում ես ինքդ քեզ համար, որպեսզի ձանձրույթից չմեռնես:
Աննա — Ոնց ուզում ես, այնպես էլ մտածիր, դա քո իրավունքն է, ես չեմ պատրաստվում արդարանալ: Բայց եթե աշխատեի միայն չձանձրանալու համար, ապա ավելի բարձր վարձատրվող աշխատանք կփնտրեի:
…Այդ տղան խոստովանահոր դեր էր կատարելու իր համար. «Ամենասարսափելի բանը, ինքդ քեզ ստելն է», մտածեց Աննան:
Ալեքսեյ —Դե ուրեմն ինչու՞:
Աննա —Որպեսզի սովորեցնեմ հոսանքին հանձնված չգնալ, այլ մտածել:
Միշտ պետք է փնտրել հոսանքին հակառակ ճանապարհ:
Ալեքսեյ- Իրո՞ք, դու մտածում և հո՞գ ես տանում:
Աննա- Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս ապրել` զգացմունքներով, թե՞ ուղեղով:
Ալեքսեյ — Ընդհանրապես ուղեղով, բայց ուղեղը չպետք է ղեկավարի զգացմունքները: Դրանք երկու տարբեր բևեռներ են, որոնք միշտ ձգտում են իրար: Մարդիկ չեն գիտակցում իրենց գործի, աշխատանքի կարևորությունը: Նրանք պարզապես աշխատում են, որպեսզի ապրեն: Նրանք թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանք աշխատում են իրենց համար, իրենց սեփական շահերի համար և դրա համար էլ մարդիկ ինձ թվում են խեղճ ու ճղճիմ արարածներ:
Աննա — Դու սիրու՞մ ես այն, ինչ անում ես:
Ալեքսեյ — Եթե հացթուխը գոնե մեկ վայրկյան գիտակցի, որ նրա աշխատանքը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, և այդ աշխատանքից են կախված շատ մարդկային կյանքեր, ապա նա կսկսի այլ կերպ աշխատել, ավելի սրտացավ կլինի: Այո, ես սիրում եմ իմ աշխատանքը, չնայած այն բանին, որ այն դժվարագույն աշխատանքներից մեկն է, բայց ես պե՛տք է անեմ:
Աննա- Եթե դու այդքան ատում ես մարդկանց, ապա ինչո՞ւ ես մտահոգվում, թե ինչպիսի հաց կթխի հացթուխը, ինչպիսի շենքեր կկառուցեն շինարարները կամ ինչպես քահանան կմատուցի պատարագը: Քո կարծիքով ահաբեկիչները իրենց աշխատանքը սիրո՞վ են անում: Եթե այդպես է, ուրեմն ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է սիրով մարդ սպանել կամ երեխաներին տանջամահ անել: Նրանք սրտի ցավո՞վ էին անում իրենց աշխատանքը:
Ալեքսեյ- Այդ ամենը իր հիմքերն ունի: Այդ ամենը արմատներ ունի: Եթե ծառի ճյուղերը չորանում են, ուրեմն արմատներն են վնասված: Ամեն ինչ այս կյանքում շղթայական ռեակցիայի նման է: Սարից իջնող ձնահյուսքը մի փոքրիկ կտորից սկսվում է, մեծանալով դառնում հսկա ձնակույտ` իր տակ ծածկելով ամեն ինչ:
Աննա — Դու պարզապես երազող ես: Հնարավոր չէ փոխել աշխարհը: Արդեն վաղուց ամեն ինչ այնպես չէ, ինչպիսին որ կուզեինք այն լիներ: Բայց մենք` երկոտանի և խղճուկ արարածներս ենք այն դարձրել այսպիսին: Մարդ արարածը վաղուց արդեն պատասխանատվություն չի կրում իր արաքների համար:
Ալեքսեյ- Ես մասնագիտությամբ օդաչու-փորձարկող եմ: Մթերք ու դեղորայք եմ տանում աշխարհի աղքատ և աղետներից տուժած պետություններ` Իրաք, Աֆղանստան, Աֆրիկա, Գազայի հատված, Կոսովո, Մալազիա, Հնդկաստան, Պակիստան, Թաիթիի որոշ հատվածներ:
Աննա- Ես մանկուց երազել եմ տիեզերագնաց դառնալ: Շունչս կտրվում էր միայն այն մտքից, որ Երկիր մոլորակը կարող ես տեղավորել ափիդ մեջ:
Ալեքսեյ —Երբ ես բարձրանում եմ օդաչուների խցիկ, մի քանի վայրկյան կանգնում եմ դռների մոտ, նայում եմ ցած` միգուցե էլ չվերադառնամ, միգուցե էլ չտեսնեմ հողը…բայց…
Աննա- Հետաքրքիր է:
Ալեքսեյ- Դա իմ աշխատանքն է: Չնայած որ 50-50 է իմ վերադարձի հավանականությունը: Կա́մ կվերադառնամ երկիր, կա՛մ ինչ-որ մի հեռու տեղ կգտնեն դիս ավերակների տակից, կամ էլ անհայտ կորածների ցուցակում կհայտնվեմ:
Աննա- Այո: Իսկապես դա հնարավոր է: Բայց չէ՞ որ դու հավատ ունես: Հավատ, որ կվերադառնաս երկիր, և այդ քո հավատը ոչ ոք չի կարող խլել քեզանից:
Ալեքսեյ- Բայց չէ՞ որ մարդիկ սպասում են Աֆղանստանում, Թաիթիում…չէ՞ որ նրանք սննդի կարիք ունեն, մի կտոր հաց, ջուր: Նրանք կամակոր չեն: Չեն պահանջում, որ հինգաստղանի հյուրանոցային սնունդ լինի, կաթով, մեղրով և վարդի թերթիկներով լի լոգարաններ: Նրանք իրենց սեփական խոհարարին չեն ման ածում իրենց հետ մի պարզ պատճառով` այդ մարդիկ ընտրության հնարավորություն չունեն: Միայն հաց և լավագույն դեպքում` մաքուր ջուր: Այնտեղի երեխաներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է շոկոլադը, իսկ մարդիկ շոկոլադե տներ, նավեր ու արձաններ են պատրաստում, ցուցադրում: Այնտեղի երեխաները նամակ չեն գրում Ձմեռ պապիկին և խնդրում ինքնաթիռ կամ համակարգիչ: Նրանք իրենք են պատրաստում այն խաղալիքները, և գիտե՞ս ինչից` պայթյունից հետո դիակների հետ այս ու այն կողմ շպրտված փայտի և երկաթի կտորներից:
Չունեմ ես հավատ: Ինձ մոտ այլ բան է, անբացատրելի:
Աննա- Սպասում են: Այո՛, սպասում են: Եվ ամենաահավորը, երբ քո սպասումները չեն արդարանում: Բայց դու տարօրինակ մարդ ես, գիտե՞ս:
Ալեքսեյ- Իսկ ինչու՞ եմ տարօրինակ:
Աննա- Հետաքրքիր ես մտածում, ոչ ստանդարտ: Ու բացի այդ դեռ ոչ ոք ինձ «անուղեղ տիկնիկ» չէր ասել:
Ալեքսեյ- Նեղացե՞լ ես: Հետո ի՞նչ: Չէ՞ որ ճշմարտությունը միշտ էլ աչք է ծակում: Ու, բացի այդ, ես բոլորին եմ այդպիսին համարում, չէ՞ որ դու չգիտես, թե ինչ արժի կյանքը:
Աննա- Գիտե՞ս ինչ, շատ քիչ մարդիկ կան այս կյանքում, ում ասածները իրոք ինձ ցավ են պատճառում, իսկ դու դրանց թվին չես պատկանում: Հաստատ: Ես նեղանում եմ միայն նրանցից, ում իսկապես սիրում եմ: Լավ, ենթադրենք աղջիկները անուղեղ տիկնիկներ են, և որքան էլ դժվար լինի խոստովանելը, որոշ դեպքերում համաձայն եմ:
Ալեքսեյ- Մի՞թե անուղեղ տիկնիկներ չեն նրանք, ովքեր պարզապես մոդայիկ երևալու համար դիմում են պլաստիկ վիրահատության և մեծացնում առանց այդ էլ օդապարիկի նմանվող իրենց կուրծքը, մինչդեռ այդ ժամանակ հազարավոր երեխաներ մահանում են վիրահատության գումար չունենալու պատճառով:
Աննա- Իսկ ի՞նչ կասես տղաների մասին:
Ալեքսեյ- Տղաների մասին ավելի լավ է ես լռեմ:
Աննա- Իսկ հենց քո մասի՞ն:
Ալեքսեյ- Իմ մասին ի՞նչ: Իմ մասին հո ե՞ս չեմ բարձրաձայնի: Իմ մասին ավելի լավ է դու ասա:
Աննա- Իրո՞ք: Ասե՞մ: Չե՞ս նեղանա:
Ալեքսեյ- Ոչ: չեմ նեղանա:
Աննա- Ինչ-որ բանի կարիք ունես: Մի կիսատ բան կա քո կյանքում: Չարացած ես աշխարհի դեմ կամ` ինչ-որ մեկի: Քեզ սպանում է քո անզոր լինելու գիտակցումը:
Ալեքսեյ- Այո՛: Ունե՛մ: Մարդկայնություն եմ ուզում մարդկանցից: Ուզում եմ, որ հասկանան, թե ինչ արժի Կյանքը, որ ամեն մեկը հասկանա իր գոյության իմաստը:
Աննա- Ախր ինքդ էլ ես գիտակցում, որ անհնարինն ես ուզում: Մարդ արարածի ամենադժվար առաքելությունը մարդ մնալն է: Կյանքը միայն հազարավոր դոլլարներ արժողությամբ շքեղ մեքենաներով ու հեռախոսներով ու այլ ԷԺԱՆԱԳԻՆ ապրանքներով չի սահմանափակվում: Մտքերն են սահմանափակ:
Ալեքսեյ- Դուք սիրո՞ւմ եք անառակներին: Ես նրանց շատ եմ սիրում: Հեչ որ չէ` աշխարհի ամենահին մասնագիտությունն է, որն այնքան ընդհանուր բաներ ունի քաղաքականության, լրագրողների, դերասանների հետ: Չէ՞ որ և՛ այնտեղ և՛ այնտեղ կարելի է լինել ինչպես արարող, այնպես էլ արարվող, կարելի է հեռարձակել էժանագին սուտ և դա բնական համարել:
Իհարկե, շատ հեշտ է ասել, որ կամա թե ակամա այս գործի մեջ ներքաշված կանայք հիմար և անսկզբունք արարածներ են: Բայց չէ՞ որ նրանք ոչ միայն բավարարում են ինչ-որ մեկին, այլ համաձայնեք, որ եթե չլինեին մարմնավաճառուհիները, ապա ինչ-որ մեկը կխելագարվեր միայնությունից, լքված և անպետք լինելու մտքից, վախից և շատ այլ բարդույթներից: Եվ առանց իսկ մեկ կաթիլ հեգնանքի ասեմ, որ այդ կանանցից շատերը բախտի բերումով ստիպված են իրականացնել տղամարդկանց խղճուկ ցանկությունները: Նրանք ավելի ազնիվ և բարոյական են, քան դրանք պատվիրող տղամարդիկ, որոնց մեջ այնքան կեղտ և ցինիզմ կա:
Եվ ինչ կարելի է ասել աշխարհի պես հին այս մասնագիտության մասին:
Ոչինչ:
Գրեթե ոչինչ:
Այսինքն` բացարձակ ոչինչ: Միայն կարելի է ձեռքերը թափահարել:
Աննա- Ինչպես գրել է Պողոս առաքյալը «Մարդու կյանքն այս երկրի վրա նման է պատերազմի: Եվ այդ պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ այս խավարի աշխարհակալների և երկնքի տակ գտնվող շատ զորությունների»: Մարդուն երկու ունակություն է հատուկ` իմացական միտքն ու ազատ կամքը, որոնցո́վ է նա մարդ: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Համաձայն եմ, այդ կանանցից շատերը պարզապես զոհ են իրենց մասնագիտությանը: Եվ այստեղ նորից խոսում է մարդկային ուղեղի սահմանափակ և բնազդածին լինելը: Մարդկանց մեծ մասը դեռ շարժվում է բնազդով` ինչպես նախամարդը: Ուրեմն` մարդը բարոյական առաքինությա́մբ պետք է տարբերվի կենդանուց: Եվ այսպիսով, նորից հանգում ենք շղթայական ռեակցիայի մտքին` պահանջարկն է ծնում ապրանքը: Երբ մարդը դադարի առաջնորդվել անասնական բնազդով, այն ժամանակ կմնան միայն այդ մասնագիտության իսկական նվիրյալները:
Ալեքսեյ- Իսկ ի՞նչ կասեք 13-14 տարեկան այն աղջիկների մասին, ովքեր ընտանիք են պահում դրանով: Մի՞թե սա ռազմի դաշտ չէ : Մի՞թե սա իրական պատերազմ չէ:
Իսկ երբևէ մտածե՞լ եք, ինչ կլիներ, եթե կանգնեցնեին «անհայտ անառակի» հուշարձանը: Չէ՞ որ կա «անհայտ զինվորի» հուշարձան:
Աննա- Հիմար համեմատություն էր: «Անհայտ զինվորը» գիտի, թե ինչի համար է զոհվում: Նա պաշտպանում է իր հայրենիքը, հողը, պատմությունը, ընտանիքը վերջապես:
Ալեքսեյ- Իսկ ինչո՞ւ է քեզ թվում, որ նրանք չեն պաշտպանում իրենց հայրենիքը, ընտանիքը: Փող են աշխատում պետության հարկերը վճարելու համար, եղավ որ պաշտպանում են իրենց հայրենիքը: Փող են աշխատում, որպեսզի իրենց ընտանիքը սովից չմահանա, երբ այդ հաստավիզ պատվիրատուները իրենց «Դանայան տակառի» նմանվող ստամոքսը լցնում են իրենք էլ չգիտեն թե ինչ խորտիկներով: Իհարկե կան այդ երեխաների մեջ և այնպիսիները, ովքեր երազում են սպիտակ ձիով ասպետի մասին, ով իրենց ձեռքից բռնած կտանի կախարդական դղյակը` հեռու այդ սարսափելի իրականությունից:
Աննա- Միևնույնն է: Միշտ էլ ելք կա: Պատին անընդհատ գլխով հարվածելու փոխարեն կարելի է շրջանցել կամ ցատկել այդ պատի վրայով: Ի վերջո, կարելի է փորել և անցնել այդ պատի տակով, գրողը տանի:
Ալեքսեյ- «Անհայտ անառակի» հուշարձան: Անցնողները կհարցնեն.
-Իսկ ի՞նչ հուշարձան է սա:
-«Անհայտ անառակի»:
-Ահայտ անառակի հուշարձա՞ն: Իսկ ինչի՞ համար:
-Հեչ: Հենց ենպես: Սիրուն աչքերի համար…
Աննա- Դու երբևէ իրոք սիրե՞լ ես:
Ալեքսեյ- Այո:
Աննա- Իսկ գիտե՞ս, թե ինչ ասել է սեր: Դուք` տղաներդ, գիտակցո՞ւմ եք այդ բառի ողջ ծանրությունը: Ձեզ չի հետաքրքրում կնոջ ներաշխարհը: Գիտե՞ս թե ինչու եք ձեզ լավ զգում անառակների հետ, որովհետև դուք նրանց համար պատասխանատվություն չեք կրում: Դուք չեք ընտելացրել նրանց, իսկ նրանք էլ ձեզ չեն ընտելացել:
Ալեքսեյ- Դու դա ինձ ես ասու՞մ:
Աննա- Ինչ է, նեղանու՞մ ես: Ես քեզ չեմ ճանաչում: Դու ինքդ մտածի, այդպիսի՞ն ես, թե ոչ:
Ալեքսեյ- Ոչ: Ես ինձ վրա չեմ վերցնում: Ինձ վրա առանց այդ էլ շատ մեծ պատասխանատվություն կա: Շնորհակալ եմ:

Աննան անջատեց համակարգիչը և դրեց մի կողմ: Բազմոցի վրայից վերցրեց շոկոլադե սալիկը, մի փոքր կծեց և ավելի կծկվեց վանդականախշ շալի մեջ: Սենյակում ցուրտ էր: Դռան մոտ դրված պայուսակից լսվեց բջջայինի ձայնը:
-Տեսնես ո՞վ է,- մտածեց, բայց ծուլացավ տեղից վեր կենալ:
Երևում էր, որ զանգահարողը շուտ հանձնվողներից չէր. զանգը համառորեն չէր դադարում: «Միևնույն է, չեմ պատասխանի», մտածեց աղջիկն ու նորից ձեռքն առավ օրագիրը: Սկսեց աննպատակ թերթել: Կողքից նայողին կթվար, թե նորաձևության ինչ-որ ամսագիր է ձեռքին:
«…12.04.09
Լրացավ մեր հանդիպման 10-րդ ամիսը: Արմանի հետ քայլելով բարձրացանք
Հաղթանակի զբոսայգի:
Շատ եմ սիրում նրան:
Նստեցինք սատանայի անիվը. ամենավերևում թվում է, թե քաղաքը ափիդ մեջ է: Արման համբուրեց ինձ ու ասաց, «Ես քեզ սիրում եմ. երբեք քեզ մենակ չեմ թողնի»:
Շատ եմ սիրում նրան:
Ժամ առ ժամ ավելի շատ:»

Աղջկա դեմքին ժպիտ հայտնվեց: Խոժոռված հոնքերը հեռացան իրարից: Աչքերում թախիծ կար: Թվում էր, թե նա փորձում է հասկանալ կամ վերապրել այն, ինչ կարդացել է: Մի քանի րոպե անշարժ դիրքով նստած ժպտում էր: Փողոցով արագ սլացող ավտոմեքենայի ազդանշանի ձայնը վերադարձրեց նրան իրականություն: Նորից թերթեց օրագիրը:
«…03.08.2009
Այսօր վերջնականապես վիճեցինք: Բաժանվեցինք:
Սարսափելի է:
Ուզում եմ մեռնել:»
«…08.08.2009
Այսօր Արմանը եկավ տուն` իմ սիրելի ծաղիկներով: 6 օր չէի տեսել: սաստիկ կարոտել էի: Ուզում էի ամուր-ամուր գրկել. չգրկեցի:
Հիմարություն:
Հիմար մեծամտություն:
Հիմար բարդույթներ:
Խոսեցինք:
Շատ ծանր էր: Երևի փորձենք ինչ որ կերպ փրկել այս հիմար դրությունը…»
Լսվեց բացվող-փակվող վերելակի ձայնը:
«…10.10.2009
Իմ ծննդյան օրն է: Չեմ սիրում այս օրը: Զանգահարեցի Արմանին և առաջարկեցի միասին անցկացնել, միայն երկուսով, բայց ասաց, որ զբաղված է, կարևոր գործեր ունի: Սակայն տուն վերադառնալիս պատահաբար տեսա նրան: Մի աղջկա հետ ջերմ զրուցելով զբոսնում էին: Փաստորեն, իրոք շատ անհետաձգելի գործ էր: Աստված իմ, ինչ հիմարն եմ ես:»
«14.02.2010
Այսօր Սուրբ Վալենտինի օրն է:
Դռան դիմաց ծաղիկների հսկայական փունջ էր դրված և մի երկտող` “it’s so hard to live without love” (շատ դժվար է ապրել առանց սիրո):
Սիրտս այնքան արագ սկսեց զարկել, որ թվաց թե կպայթի:
Կարծեցի Արմանն է:
Ո՛չ, նա չէր:
Ծաղիկները նետեցի աղբաման:»
«03.01.2009
Տեսա նրան:
Նույն աղջկա հետ, սրճարանում նստած զրուցում էին:
Սիրտս մեկ վայրկյանում հասավ կոկորդիս ու կանգ առավ:
Զարմանում եմ, թե ինչպես կենդանի մնացի:»

Աղջիկը մի կողմ նետեց օրագիրը և նորից միացրեց համակարգիչը: Նրա լարված դեմքից երևում էր, որ ինչ-որ բան է փնտրում: Կարծես թե գտավ, դեմքին ժպիտ հիշեցնող ինչ-որ բան առաջացավ:
Գտել էր այն էլեկտրոնային նամակը, որ այդպես էլ չէր համարձակվել ուղարկել:
……………………………………
Date:03.08.2010
To: Αrman ……..
From: Anna……..
Subject: ………..
Լրացավ բաժանման մեկ տարին…
Շատ երկար եմ մտածել, աjսքանից հետո արժեր ինչ որ բան անել թե ոչ, և հանգեցի առաջին տարբերակին…գրել…վերջին անգամ…հավատա վերջին…
Այս մեկ տարվա ընթացքում շատ դեպքեր եղան: Կարծես թե ժամանակից ու տարածությունից դուրս էի` օր, ժամ, տարի…ինձ համար միևնույնն էր…
Գիտես, մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս. «Իրո՞ք մեր հեքիաթը եղել է»…
Չգիտեմ, իրոք այսպիսի՞ վախճան պիտի ունենար մեր պատմությունը` բուռն, կրքոտ, խենթ, մաքուր:
Հիշում եմ, թե ապագայի ինչ պլաններ էինք կազմում, ուզում էինք միասին գնալ Կանադա կամ Եվրոպա սովորելու, նույնիսկ մտածում էինք երեխաների մասին…հիշո՞ւմ ես, կատակում էինք, թե ով պիտի մեր թոռնիկներին տանի այգի զբոսանքի` Աննա տատի՞կը, թե՞ Արման պապիկը…ժպտու՞մ ես, ե́ս էլ…
Երևի հիմա մտածում ես թե ինչ հիմար բաներ է գրել այս աղջիկը (իսկ մի ժամանակ ասում էիր իմ աղջիկը) …ու գիտես ինձ համար միևնույն է թե ինչ կմտածես…արդեն միևնույնն է…
Գրու́մ եմ, որովհետև այլ կերպ չէի կարող:
Գրու́մ եմ, որովհետև այսպես եմ ճիշտ գտնում:
Գրում եմ հերթական անգամ…ու վերջին անգամ…
Պատին անընդհատ գլխով հարվածել չես կարող:
Երկուսս էլ հարվածում էինք նույն պատին, բայց հակառակ կողմերից:
Մի բան հաստատ է, պատի վրա ճաքեր էին հայտնվել: Չգիտեմ դու ինչպես, բայց իմ գլուխն արդեն արյունոտ է:
Հանկարծ չմտածես, թե գրում եմ, որ քո մեջ անցյալն արթնացնեմ: Բնավ: Դա իմ ոճը չի: Ինչպես նաև այն դեպքը, հիշու՞մ ես, երբ բաժանումից երկու ամիս անց ուզում էի գալ ձեր տուն, հեռախոսով բղավեցիր (այնպես, որ երթուղային տաքսու ուղևորները լսեցին). «Հանկարծ մեր տուն չգաս»: Հավանաբար նորից շատ կաևոր գործ ունեիր:
Մի՞թե հնարավոր չի պարզապես կարոտել…
Բավական է խաղանք…խոստովանում եմ, երկուսս էլ լավ ենք խաղում մեր դերը…բռավո…մեր վերջին հանդիպման ժամանակ էլ դու կրկին խաղում էիր…ախր քիչ թե շատ քեզ ճանաչում եմ…Դու նույն Արմանն էիր` խելացի, նվիրված, ազնիվ, բայց չվստահող, համարձակ, անմիջական, բայց կասկածամիտ….Մի խոսքով դու իմ Արմանն էիր, բայց խաղում էիր…թե ինչ էիր ուզում դրանով ցույց տալ, չհասկացա…ավելի ճիշտ լավ էլ հասկացել էի…որ թքած ունես….
Բավական է…
Կարծես փողոցի մեջտեղում կարմիր լույսի տակ կանգնած լինենք:
Ո́չ հետ, ո́չ առաջ:
Մտածում էի, թե պետք է հստակ որոշենք, թե ինչ ենք ուզում, դեպի ուր ենք շարժվում, վերջապես, գրողը տանի, այլ կերպ հնարավոր չի…Բայց զգում եմ, որ ոչինչ էլ չկա որոշելու…դու արդեն որոշել ես…Քո իրավունքն է:
Չկա մի օր, որ մեր մասին չմտածեմ…Կարոտում եմ…սարսափելի…նույնիսկ ցավ պատճառելու աստիճան…երևի ինձ խենթի տեղ դնես, բայց նույնիսկ իմ սպիտակ հողաթափերն եմ կարոտել…
Հոգնել եմ…սարսափելի հոգնել ոմ…
Դու մի լավ խոսք ունես` ռեզինից չեմ:
Ես էլ…ինչքան էլ որ զարմանալի լինի…շատ ձգվեցի, նույնիսկ ֆիզիկայի օրենքներին դեմ գնալով, բայց այլևսլ տեղ չկա…
Հավատա չկա…
Փողոցում քայլելիս միշտ հայացքով քեզ եմ փնտրում, թվում է, թե ուր որ է պիտի գաս ու ձեռքս բռնես: Նույնիսկ քո հոտն եմ զգում ամենուր: Գիտե՞ս ինչ հիշեցի, երբ մի անգամ, ձեր տան հայելու առաջ կանգնած էինք, ու դու փաթաթվեցիր ինձ ու ասացիր. «Ան, տես ինչ լավն ենք»:
Չգիտեմ, թե այս նամակը կարդալուց հետո ինչ կանես` կպատասխանե՞ս-չե՞ս պատասխանի, կբարկանաս-կկարոտես, կամ միգուցե քթիդ տակ կքմծիծաղես, կսեղմես “delete” ու ընկերուհուդ հետ կգնաս սուրճ խմելու…
Սա ուղարկելուց առաջ քո նամակներն էի կարդում. «Հիգշաբթի ու ընհդանրապես իմ պլանները դու ես», «Երբեք չմոռանաս, որ քեզ կատաստրոֆիկ շատ եմ սիրում», «Դու իմ օդն ես, պետք ես, որ ապրեմ»…
Իրո՞ք այսպիսի բան եղել է…
Այս բաժաման պատճառը երևի այն է, որ երկուսս էլ չափից շատ համառ ենք, ու երկուսս էլ չափից շատ էինք իրավացի մեր տեսակետներում…
Ասում էի զգում եմ, որ բաժանվելու ենք, բայց դու չհասկացար, որ ես ուղղակի վախենում էի քեզ ու մեր հեքիաթը կորցնելուց, և մահու չափ ուզում էի, որ դու հակառակն ապացուցեիր, ու ասեիր, որ երբեք այդպիսի բան թույլ չես տա…
Բայց եղավ…
Երևի ես էի շատ ուժեղ հավատում այդ հիմար մտքին…կամ էլ դու լավ չպնդեցիր հակառակը…
Գիտե՞ս աշխարհի ամենասարսափելի բառը որն է “Однолюб” (միասեր)… նույնիսկ ավելի սարսափելի է, քան հենց ՍԱՐՍԱՓ բառը…ես հիմա իմ բոլոր զգայարաններով զգում եմ այդ բառի ողջ ծանրությունը…
Չեմ ուզում քեզ համար ԱՅԼԸՆՏՐԱՆՔ լինել, ու չեմ ուզում որ մեկ ուրիշն էլ ինձ համար լինի այլընտրանք…
P.S. Չեմ ափսոսում իմ արած և ոչ մի քայլի համար:

Մի կողմ նետեց համակարգիչը: Նորից խմելու ուժեղ ցանկություն առաջացավ: Նայեց շուրջը, հավանաբար փնտրում էր գինու շիշը: Բայց երբ հայացքը կանգ առավ պատի տակ, տեսավ, որ կարմիր գինին լճացել էր հատակին թափված հայելու բեկորների մեջ: Եվ նա նյարդային շարժումներով նորից վերցրեց հատակին դրված գարեջրի շիշը: Այս անգամ այնքան էլ տաք չթվաց, հավասարվել էր սենյակի ջերմաստիճանին:
Հեռուստացույցով առավոտյան ցուցադրվող հազարավոր սերիալներից մեկի կրկնությունն էր.
-Տատիկ, ես որոշում եմ կայացրել: Ես կմոռանամ Լառային, նա ինձ չի սիրում:
-Այդպես մի́ խոսիր Կասիանո́, տղա́ս: Միգուցե ամեն ինչ դեռ կորած չէ:
-Ո́չ տատիկ: Իսկական կիրքը չի սպասում: Եթե նա չի այրվում ինձ տեսնելու ցանկությունից և անընդհատ խուսափում է ինձ հետ հանդիպեուց, նշանակում է նա ինձ չի սիրում….
-Հիմար ֆիլմ է,- շիշը բերանից չիջեցնելով քրթմնջաց աղջիկը, բայց և այնպես չփոխեց ալիքը,- իսկական կիրքը չի սպասում,- նորից կրկնեց ինքն իրեն:
Կեսգիշերն անց էր: Նա ևս մեկ կում արեց գարեջրից, ձեռքով սրբեց բերանը և վեր կացավ: Մի կողմ նետեց վանդականախշ շալը, բայց նորից վերցրեց ու ամուր փաթաթվեց: Երևում էր, որ թանկ էր նրա համար:
-Մայրիկ, կարոտել եմ քեզ, ինչու՞ ինձ մենակ թողեցիք, ես քո օգնության կարիքն ունեմ:
Տաք արցունքները հոսեցին` այրելով այտերը: Նա համբուրեց շալը, և կտրուկ գնաց դեպի դռան մոտ դրված պայուսակը:
Շարժումները կտրուկ էին: Հաստատակամություն էր զգացվում:
Չի նահանջի:
Չի վախենա:
Շտապով հանեց պարանը, վերցնելով աթոռն ու վերադարձավ դեպի սենյակի կենտրոն: Աթոռը դրեց ջահի տակ, մի կերպ ճոճվելով բարձրացավ վրան և ամրացրեց պարանը: Ստուգեց: Այո́, ամուր էր:
Օղակն անցկացրեց վիզը: Չգիտես ինչու` հիշեց Ալեքսեյին. «Ուզում եմ, որ մարդիկ գիտակցեն իրենց կյանքի իմաստը, առաքելությունը, արժեքը»
-Ոչ, ես չե´մ կարող շրջանցել այս պատը, այն եզր չունի:
-Ոչ, ես չե´մ կարող ցատկել այս պատի վրայով, այն դեպի երկինք է ձգվում:
-Ոչ, ես չե´մ կարող փորել այս պատի տակ, հիմքն անսահման խորն է:
Նորից զանգեց բջջայինը, իսկ պայուսակը դռան մոտ էր: Աղջիկը քայլ արեց իջնելու, բայց նորից միտքը փոխեց, և մնաց տեղում կանգնած: Ճոճվում էր: Հավանաբար խմիչքն էր ազդել:
-Տեսնես ո՞վ է այս ուշ ժամին,- ինքն իրեն ասաց աղջիկը:
-Չափազանց անիմաստ է այստեղ: Միգուցե ԱՅՆՏԵՂ հետաքրքիր լինի:
Ոտքով հրեց աթոռը: Այն շրխկոցով ընկավ հատակին:
Պարանն ամուր գրկեց պարանոցը:
Շոյեց անհամբեր:
Ձգեց նյարդային:
Համբուրեց ցավագին:
Այդ պահին նա ոչինչ չէր մտածում:
Նորից լսվեց բացվող և փակվող վերելակի ձայնը: Վերելակը կանգ առավ հենց վեցերորդ հարկում: Կարծես երազի մեջից Աննան լսեց, թե ինչպես են թակում իր տան դուռը: Այնուհետև լսվեց բանալու ձայնը:
-Աննա՞: Բանալին մոռացել էիր դռան վրա: Բացի այդ երկու անգամ զանգահարեցի չպատասխանեցիր: Ինչու՞ չես վերցնում հեռախոսը, — Տղան շփոթված կանգնել էր միջանցքում, չիմանալով ինչպես վարվել: Նա մի քայլ էլ արեց, բայց քիչ մնաց ընկներ: Կատարյալ մթություն էր:
-Աննա՛, ես եկել եմ: Ես այստեղ եմ,- տղան վառեց լույսը, բանալիները դրեց միջանցքի պահարանի վրա:
-Հավանաբար, լոգարանում է,- ինքն իրեն խոսեց տղան: Նայեց ձեռքի կակաչների փնջին ու ժպտաց,- նրա սիրած ծաղիկներն են: Իսկ տղայի կանգնած տեղում ցեխաջրի լճակ էր առաջացել: -Շատ կզարմանա` ինձ այստեղ տեսնելով: Չի սպասում: Հաստատ,- գոհ իր արարքից նա առաջացավ դեպի հյուրասենյակ, պատի վրա փնտրեց, գտավ սենյակի անջատիչը: Վառեց:
Աննա՜̃, — սարսափած բղավեց Արմանը: Կակաչների փունջն ընկավ ձեռքից և խառնվեց անկյունում թափված գինու լճակին:
Չափազանց ո՞ւշ չէր սիրելու համար…
Չափազանց ուշ էր ներելո՛ւ համար…

14 comments

Skip to comment form

    • Alla Sargsyan on 5 Փետրվարի, 2011 at 1:43 ե.
    • Reply

    Շատ պատկերավոր նկարագրություններ էին, և հաճելի պատմություն էր: Մեծ հաճույքով կարդացի ու ափսոսացի, որ շուտ ընդհատվեց: Սպասում եմ շարունակությանը:
    P.S. Ինձ սրտամոտ ոճ էր:

  1. Ես ամեն վայրկյան հպարտանում եմ, որ ՔԵԶ նման քույր ունեմ… ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ…

    • Abelyan Lilit on 6 Փետրվարի, 2011 at 5:34 ե.
    • Reply

    shat @ntir er Eran jan, indz ayd axjik@ mi qich qqez er hishecnum

    • Lilit Abelyan on 6 Փետրվարի, 2011 at 5:37 ե.
    • Reply

    shat lavn er Eran jan, uxaki @ntir, es motavorapes karox em gushakel sharunakutjuny, gites!

    • Tatevik Ghandilyan on 26 Փետրվարի, 2011 at 11:48 ա.
    • Reply

    Գիտես ամեն անգամ կարդալուց արցունքներ են հայտնվում…….. բայց երբեք չափազանց ուշ չէ ներելո՛ւ, սիրելու համար…

    • Հրայր Կարապետյան on 3 Մարտի, 2011 at 2:23 ե.
    • Reply

    Պատմությունը զարգացվել ու ներկայացվել է հետաքրքրական ոճով: Նյութն ու արտահայտված մտքերը գրավում և զբաղեցնում են ըներցողի ուշադրությունը, բայց վերջաբանը թվում է մասամբ անսպասելի և անհավանական:

    • G.G. on 31 Մարտի, 2011 at 11:55 ա.
    • Reply

    Shat uxix ev chisht datoxutyunner, analitic mtacoxutyun, fizikayi orenkneri ogtagorcum@ kyank@ nkaragrelic, gexecik hayeren, temayi lav @ntrutyun….!!!!!
    Es spasum em ……..

    • G.G. on 31 Մարտի, 2011 at 12:25 ե.
    • Reply

    Im karcikov Annan piti apri, Annan vorin du nkaragrel es piti apri.Vochinch, na tox chneri Armanin, bayc na piti apri….Txanerin pat@jelu hamar Annayin petk che zohel. Txamardkanc petk e haxtel…

    • Y. G. on 3 Ապրիլի, 2011 at 11:50 ա.
    • Reply

    Hargeli G. G.
    Shnorhakal em ankexc karciqi hamar… 🙂

    • Lilit on 27 Նոյեմբերի, 2011 at 12:44 ե.
    • Reply

    Պատմությունը շատ լավն էր, հուզիչ, շատ եմ սիրում իրականության մասին գրելը և կարդալը, եթե Աննան ապրեր, շատ լավ կլիներ, բայց կարդալիս նույնը չէինք զգա, նույն հուզմունքը, նույն հաճելի անհանգստությունը, երբ սկսում ես ապրել հերոսի ապրումներով…Շնորհակալություն գեղեցիկ գործի համար…

    • Երանուհի Ղանդլիյան on 27 Նոյեմբերի, 2011 at 7:42 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ անկեղծ և ջերմ խոսեքրի համար:

      • S on 28 Սեպտեմբերի, 2014 at 10:43 ե.
      • Reply

      արդեն չգիտեմ որերորդ անգամն եմ կարդում, հետաքրքիր էր նաև Ալեքսեյ-Աննա երկխոսությունը, հաղթել կարելի է նաև տղամարդկանց, կարելի է նաև ինքդ քեզ, ամեն ինչ ընտրության մեջ է…իսկ Աննան ՙռոմանտիկ թափթփվածությամբ՚, ՙկատաստրոֆիկ՛ գեղեցիկ ու համարձակ հերոսուհի է (երևի հեղինակը վերջաբանի իմաստը թողել է ընթերցողի յուրովի ընկալմանը )

    • maqsim on 28 Սեպտեմբերի, 2014 at 11:10 ե.
    • Reply

    արդեն չեմ էլ հիշում որերորդ անգամ է կարդում, հետաքրքիր է նաև Ալեքսեյ-Աննա երկխոսությունը՝ բովանդակալից, կարելի է հաղթել տղամարդկանց, կարել է նաև ինքդ քեզ, ամբողջ հարցը ընտրության մեջ է, իսկ Աննան իրոք ՛ռոմանտիկ թափթփվածութմաբ, ՙկատաստրոֆիկ՛ գեղեցիկ ու համարձակ աղջիկ է..(հեղինակը երևի վերջաբանի ընկալումը թողել է ընթերցողին, որով այն էլ ավելի հետաքրքիր է դարձել)

    • Դավիթ on 12 Փետրվարի, 2015 at 2:56 ե.
    • Reply

    Պատահաբար կարդացի այս պատմվածքը, անչափ հուզիչ, անկեղծ և ուսուցողական է: Շատ շնորհակալություն հեղինակին:

Թողնել պատասխան Abelyan Lilit-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.