Սիրանույշ Օհանյան | ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

Հրամայվեց, որ բռերով դատարկենք երկինքը, և մենք խոնարհվեցինք սովորականի պես։ Հրամանն անբեկանելի էր՝ ինչպես միշտ։ Ոչ ոք չհարցրեց, թե որտեղ պետք է ապրենք, երբ դատարկվի երկինքը։ Ոչ ոք չհարցրեց, թե որտեղ է անհրաժեշտ դատարկել երկինքը։ Ժամանակ նշանակվեց։ Մենք սկսեցինք բուռ-բուռ վերցնել երկինքն ու նետել հեռու։ Առաջին բուռ երկնքի անկումը իր հետևից թողեց կույր ակնախոռոչի դատարկություն։ Հետո կուրացավ ողջը, որ լցված էր երկնքով։ Դատարկեցինք երկինքն ու Երկրի բնակիչներին ցուցանեցինք անհատակ անդունդը, որում գլորվում էին՝ սքողված իրենց ու մեր երկնքով։ Անտուն մնացինք։

Հրամայվեց, որ նախկինի պես ապրենք այնտեղ, ուր երկինքն էր տարածվում։ Էլ չէինք կոչվի երկնային արարածներ։ Փորձեցինք բեկորներից մի փոքր ապրելատեղի կառուցել մեզ համար, սակայն ողջ անհրաժեշտ երկինքը բուռ-բուռ ցրել էինք աշխատելիս։ Անտուն մնացինք։

Հրամայվեց նոր երկինք գտնել։ Հասկացանք, որ Նա նույնպես անտուն է մնացել։ Ժամանակ տրվեց։ Փնտրում ենք։

Հրամայվեց փոխել բնակության վայրը։ Խեղճ մոլորակ։ Ինչ է անելու՝ զրկված երկնքից, երկնաբնակներից, Նրանից։

Թողնել պատասխան

Your email address will not be published.