Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյան
Ավարտել է Գորիսի Ակսել Բալունցի անվան դպրոց-վարժարանը: 2001-06-ին սովորել է Գորիսի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Բանասիրական կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանում (2008-10): Աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը:

Թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, www.amsagir.am էլեկտրոնային թերթին:

Բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», Տաթև համալսարանի, «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», Հայաստանի գրողների միության հրատարակած «Գրեթերթ» և այլ թերթերում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:

2006թ. տպագրվել է «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծությունները ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», իսկ 2013-ին` «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիաներում: