Արտաշես Յավրյան | ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ

Արտաշես Յավրյան
Սասնա Դյուցազունք

(«Սասնա Ծռերի» չափածո մշակում)

Հատված «Առյուծաձև Մհեր» ենթապոեմից

Վաղ առավոտ գնաց Մհեր,
Հետը՝ կտրիճ ձիավորներ,
Տեսավ հրես քաշքի վերում
Մի գազան է հանգիստ ճեմում.
-Տղերք, կանչեց, էս ի՞նչ բան է…
Առյուծ, որ կա՝ էդ հսկան է…
-Ի՜նչ սիրուն է էս կենդանին,
Սրա վրա թուր չի բանի,
Զենքը նրա՝ ինքն է, իր ուժ,
Իսկ մենք ունենք և’ թուր, և’ գուրզ,
Անարդար է, տղերք, ասաց,
Որ սրա դեմ ելնեմ զինված.
Առեք պահեք իմ զենքն ու ձին,
Մենակ կերթամ դեմն առյուծի…
Հետի մարդկանց տվեց ի պահ
Իր տակի ձին, զենք ու զրահ,
Ինքը գոտին ձգեց ամուր,
Առաջ անցավ՝ լարված ու լուռ:
Առյուծ տեսավ մարդ է գալի՝
Վրա վազեց մռնչալի:
-Հացն ու գինին,
Տեր կենդանին,-
Կանչեց Մհեր,
Քշտեց թևեր,
Վրա հասավ էն գազանին,
Աջ ձեռ գցեց վերին ծնոտ,
Էնպես քաշեց, ճղեց միջից,
Արեց ուղիղ երկու ճղոտ՝
Մեկը դրեց ճամփի գլուխ,
Մեկը դրեց ճամփի տակին,
Զենք ու զրահ հագավ կանուխ,
Կապեց վրան Թուր Կեծակին,
Ձին խթանեց դեպի Սասուն,
Առյուծասիրտն էն դյուցազուն:
Մի հեծվոր էլ կտրիճներից Թռավ, ձայնեց քաղքի վերից.
-Ձեր աչքը լու՜յս,է՜յ սասունցիք,
Մհեր հաղթեց էն առյուծին,
Ձևեց միջից, արեց կիսան,
Էլ ահ չկա… բաց է ճամփան…
Եվ այդ օրից ջահել ու ծեր
Քաջին ասին՝Առյուծաձև:

 

Հատված «Փոքր Մհեր» ենթապոեմից

Եվ տարին մի հեղ՝ համբարձման գիշեր,
Երբ երկինք-գետին փարվում են իրար,
Լցնում ամեն սիրտ երազանք ու սեր,
Բացվում է կամաց էն Ագռավի Քար,
Մհերը հեծնում Քուռկիկ Ջալալին,
Ելնում կարոտով ու ման է գալիս.
Թե ոտք է գցում քար ու քարափի,
Պակսում է արգելքն իր դժվար ճամփի,
Թե ոտք է գցում դաշտ ու դուրանում,
Հողն է ոտքի տակ սաստիկ թուլանում…
Մի ախ է քաշում, ետ գալիս անձայն,
Դառն ափսոսանքով մտնում քարանձավ…
Ծորում է Քարից ուրբաթե ուրբաթ,
Քուռկիկ Ջալալու արցունքը կաթ-կաթ,
Խրխնջում է զիլ ու ձայնը նրա
Կարոտի կանչ է աշխարհի վրա,
Հույսի ղողանջ է աշխարհի վրա…

 

Ամբողջական տարբերակը կարդացեք այստեղ

Արտաշես Յավրյանին նվիրված կայքը

Թողնել պատասխան

Your email address will not be published.